annaTumanyan

Էլ էն վախտվա ծմեռը չի՜…

Ձմեռ։ Ըստ իս, ամենայուրահատուկ ու նուրբ եղանակներից մեկը։ Ամբողջը պատված է փայլփլուն ձյան ծածկույթով, պաղ օդ, սառը, միաժամանակ թարմացնող քամի ու ես, որ քայլում էր փողոցով ու հանկարծ.

-Օֆ է՜, էլետ էս ծմեռը եկավ, զահլես էլա քընմ, է: Էս վե՞նց դենք անիլ, էդքան ծախս անիլ կլի՞, քե մատաղ։

-Էլ ասիլ մի, աստծուբեդիլք դի անիլ։

-Թե` մթամ էդ ո՞ւր են էդ Նոր տարին ստեղծել։ Իմ անասունին չեմ կարըմ սկի կերով ապահովեմ, դե յե՛ ու օրական հյուր դիմավորի, սեղան քցի, հըվաքի, բա տհե կլի՞։

-Հոգհան ենք ըլըմ…

-Ախիր, էն վախտվա ծմեռը չի, է՜, վեր մի երկու մանդարին, կանֆետով բավարարվենք, հմիկվա րեխեքն ինչ ասես` ուզըմ են:

-Դուզ ես ասմ, էլ են վախտվանը չի՜…

Ու այսպես հոգոց հանելով` երկու ծեր կին զրուցում էին ճանապարհին, իսկ ես լսում ու մտածում էի, թե ինչպես են ատում ձմեռը, եթե այն ունի այնքան գեղեցիկ դրսևորումներ՝ սկսած պատուհանին ձմռան կողմից նկարված նախշերից։ Ի՞նչն է փոխվել. միգուցե մեծանալուն զուգընթաց հոգսե՞րն են ավելացել, թե՞ էլ չեն հավատում Ձմեռ պապի գոյությանը… Միլիոնավոր անպատասխան հարցերի մասին մտորելով` հասա տուն.

-Տատ, տյուք՝ մեծերդ, խի՞ չեք սիրըմ ծմեռը։

-Է՜հ, էն վախտվա ծմեռը չի, է՜…

Բայց ինչպիսի՞ն էր էն ժամանակվա ձմեռը… Հանելուկային է։

annaTumanyan

Իմ ուղեկիցը

-Դըմփ, դըմփ, դըմփ…

Ու այսպես ամեն բացվող առավոտ, երբ ես դուրս էի գալիս տնից, լսելով այս ոտնաձայները՝ իսկույն պաշտպանված էի ինձ զգում։
Մի տարի կլինի։ Դեռ նոր էր սկսվել ուսումնական տարին, սև ու սպիտակ հագուստներ, զանազան պայուսակներ, ճիչեր, երգեր, նույնիսկ՝ տխուր դեմքեր։ Մի սովորական օր ութն անց քառասուն ես դուրս եկա տնից։ Միանգամից ականջակալներս դրեցի ու պատրաստվում էի արդեն միացնել երաժշտությունը, բայց լսվեց.

-Դըմփ, դըմփ, դըմփ…

Վախից քարացա։ Թեթևակի շրջվեցի, տեսա մի մեծ շան. ամբողջովին շագանակագույն, խոշոր ականջներով, սև աչքերով։ Նա արագ քայլերով մոտենում էր ինձ։ Սիրտս քիչ էր մնում կանգ առներ։ Ի դեպ, ես սարսափելի վախենում եմ շներից, մանավանդ՝ փողոցի։ Շատ էի հեռացել տնից, այլևս ճար չկար. պետք է կա՛մ շարժվեի, կամ էլ… Սկսեցի դանդաղ քայլել՝ ցույց տալով իբրև ոչինչ չի եղել։ Քայլերի ձայնը կամաց մոտենում էր։ Ինչքան շատանում էին դմփդմփոցները, այնքան սիրտս տակնուվրա էր լինում։ Շատ չերկարացնեմ։ Մի քանի վայրկյան անց մոտեցավ ու սկսեց հավասար քայլել. ո՛չ մի դիպչել, հաչալ ու նմանատիպ ավելորդություններ։ Երկյուղս քիչ թե շատ նվազեց։ Քայլում էի հանդարտ, բայց չէի ուզում երաժշտությունը միացնել, որովհետև իմ ֆանտազիան գերզարգացած մակարդակի վրա է։

-Ամեն ինչ հնարավոր է։ Միայն թե ցույց չտամ լարվածությունը։ Նա կզգա դա։

Անընդհատ կրկնում էի մտքումս, ու անգամ չնկատեցի, թե ինչպես հասա փողոցի ծայրը։ Ժամանակն էր ճանապարհն անցնելու։ Անսպասելիորեն շունն առաջս ընկավ և իսկույն կանգնեց փողոցի մեջտեղը։ Չհասկանալով կատարվածը՝ արագ անցա կողքով ու տեսա, որ գալիս է։ Մտորելուց հետո հասկացա, ու գրպանիցս մի կտոր շոկոլադ գտա, տվեցի իրեն։ Մտա դպրոց։

Ու այսպես ամեն առավոտ կրկնվում էր, մինչ եկավ ամառը. ամռանը հազվադեպ էի տեսնում նրան։

Ես այս տարի փոխադրվեցի ավագ դպրոցի 10-րդ դասարան. նոր ճանապարհ, նոր դպրոց, նոր շրջապատ, ուսուցիչներ։ Գրեթե մոռացել էի շան մասին, երբ հոկտեմբերյան առավոտներից մեկին տնից դուրս գալուն պես տեսա նրան։

-Ինչքա՜ն է մեծացել։

Իսկապես նա այնքան ծերացել էր, ու քայլերն էլ շատ դանդաղ էին և փոքր։ Այդ օրվանից հետո մեկ-երկու անգամ եմ տեսել, ոչ ավելի։

Մտածում եմ՝ մի՞թե որևէ անծանոթ նման քայլի կգնար ինձ համար ամեն առավոտ՝ վտանգի տակ դնելով կյանքը։

Հաճախ միայնակ մնացած մարդկանցից ոմանք էլ ուզում են բարություն անել, թեկուզ՝ անծանոթին։ Մեր օրերում նման մարդկանց կարիքը շա՜տ է զգացվում։

Hayk Qalantaryan

Ես խառնվում եմ հասարակությանը

Ես ուսանող եմ՝ մեկը այն ուսանողներից, որոնք ամեն օր մտնում են համալսարան ու նոր գիտելիքներով հարստանում, բայց այնպիսի մեկը, որը դասերից հետո չի վազում տուն` մի բաժակ սուրճով օրը շարունակելու և երիտասարդական եռանդը ձեռքից բաց թողնելու, այլ գիտության քաղցրությունը զգալուց հետո մխրճվում է հասարակության մեջ, դառնում հասարակության ոչ թե մի մասնիկը, այլ ինքնին հասարակությունը, իսկ մխրճման արագությունը մղում է դառնալու շարժիչը հասարակության:

Մարդկային կյանքը նման է անդադար կրկնվող իրադարձությունների մի շղթայի, որ հաճախ տրտում և անհետաքրքիր է դարձնում ներկան: Ակամա մենք հետ ենք նայում մեր անցած օրերին և հանկարծ նկատում, որ հիշողության մեջ պահպանվել են առանձին դրվագներ. որևէ տոն, ուրախության յուրահատուկ պահ, գուցե որևէ տխուր հիշողություն, որոնք ճանկռում են մեր հոգին… Հասկանալով, թե քանի-քանի օրեր, իրար ձուլվելով և վերածվելով միապաղաղ զանգվածի, դուրս են մղվել մեր հիշողությունից, և որքա՜ն ժամանակ ենք կորցրել մենք, որքա՜ն հնարավորություններ` մեր և մեր դիմացինի կյանքը առավել գունեղ դարձնելու, ես գիտակցեցի, որ ժամանակն է գործել: Գործել հանուն ընդհանրական գործի:
Որքան էլ զարմանալի է, այս միտքը այցելեց ինձ 13-14 տարեկան հասակում: Այդ ժամանակ ես չգիտեի՝ ինչ ասել է կամավորություն, ինչ հնարավորություններ ու առավելություններ է տալիս այն, մինչդեռ այժմ շռայլորեն կիրառում եմ այն ամեն հնարավոր պահի: Արդարև ես հիմա էլ չեմ ընկալում այդ բառերի իմաստը: Ըստ իս, այն ամենը, ինչ մենք համարում ենք բարեգործություն, իրականում մարդկայնություն է շրջապատի նկատմամբ, կարեկից վերաբերմունք դրսևորելու պարզագույն միջոց:
Փոքր տարիքում գյուղի երեխաներս իրար էինք օգնում անշահախնդրորեն. մենք պաշտպանում էինք մեզնից թույլին, բարեկարգում դպրոցը, մեր բակը, օգնում ճերմակ մազերով ու երկար հյուսքերով տատիկներին և ալևոր ծերունիներին` վար ու ցան անել մի քանի խնձորի կամ կոնֆետների դիմաց: Եվ պատճառը այդ ամենի ամենևին էլ ուտելիքները չէին, այլ տատիկների ու պապիկների ջերմ ու պայծառ ժպիտը, իրենց քաղցր խոսքն ու լոկ մի համբույրը մեր պարզ ճակատին: Մենք չէինք անվանում դա բարեգործություն, և դա մեզ ոչ ոք չէր սովորեցրել, և երևի թե մեր ճիշտ քայլերն էլ սկսվեցին այդտեղից, երբ մեր արարքները դիտարկեցինք որպես պարտք, ոչ թե բարեգործություն:
Երբ ավելի մեծացա, հասկացա, որ կան մարդկանց օգնելու բազմաթիվ արդյունավետ միջոցներ, և անդամագրվեցի բազմաթիվ կազմակերպությունների և կամավորական ծրագրերի, իսկ հիմա կյանքս առանց այդ ծրագրերի դժվար է պատկերացնել: Նպատակն էլ մեկն էր. օրը գեթ մեկ անգամ տեսնել մի շնորհակալ ժպիտ, մի թախծից ազատված աչք, մի նոր ձևավորված անհատ: Օրերս ավելի ու ավելի գունավորվեցին: Ես զգացի, որ ապրում եմ ոչ միայն ինձ համար, և կյանքս էլ այլևս միայն ինձ չի պատկանում: Եվ հենց այս փորձառություններն էին, որոնք եղան նպաստող խթաններից մեկը մասնագիտական աճի, գիտական գործունեության և նոր ձեռքբերումների:
Ես խառնվում եմ հասարակությանը, բայց չեմ փորձում երբևէ խառնել հասարակությունը:
Ես պարզապես մեկն եմ, կամ էլ` մեկնումեկը:

annaTumanyan

Աբգարյանների հարսը

Մայրական կողմի տատս՝ Անահիտը, պատմում էր, թե ինչպես է հարս եկել Աբգարյանների տուն, ու ինչ հետաքրքիր դեպքեր են եղել։

-Դե՜, Աննա ջան, կյալիցս մի երկու օր յեդը մի կծոտան հավ հարձակվել էր վրես ու վետներս ծվրտորել, էդ ա ահագին վախտ տհե կցա։

-Տատ, էլ պատմի, մի տեսակ հետաքրքիր տյառավ։

-Բա պատմե՜մ։ Ուրեմն ես ու կիսուրս՝ մեր Անիկ տատը, փռնըմ հաց ենք թխըմ, մթուշ շուռ կյամ տենամ պատրոնս՝ Ռուբեն պապն ու քու պապը, վերցակ են մորթըմ, ահագին վախտ յեդը, վեր յեկա կուխնի, տեհա էդ հավը մաքրել են, լվացել, հմի էլ ճաշ են էփըմ։ Մնացի ըրմացած։ Իմ հերական տանը տղամարդը ճաշ էփած չէր, էդ թըվըմ` հերս։ Հըմի վեր մին-մին քու պապին ասըմ եմ շուլուղով՝ ճաշ էփի, ասըմ ա, թե վախտն անց ա կացել։

-Տա՜տ, բա ծիծաղիլի դեպքեր լել չի՞։

-Գիդըմ չեմ՝ ծիծաղիլի ա՜, թե լաց ըլիլի՜, նախդի մհետ խայտառակ եմ լել նոր յեկածս վախը։

-Էդ ի՞նչ ա լել, վեր։

-Ջահիլ վախտերս միամիտ-միամիտ խոսալ ունի։ Մեր հըրևան Շաքար պապը, հիվանդ մարդ էր, մի օր վեր կցավ յեկավ տուն, իրեք լիտրանոց դեղձի սոկը մհետըմ խմեց, հատիկներիցը հետ կերավ ու բրախեց քնաց։ Մացանք մհել, վեր էտ քշեր վատացել ա։ Աննա ջան, քու տատն էլ միամիտ ու զո՜լ միամիտ, ասեց. «Մի՜ լյավ էլ էդ սոկը մըչև վերջ խմեց, նոր քնաց…»։

Բարև, թուղթ

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Հա, գիտեմ, մի քիչ տարօրինակ է հնչում, բայց դե ինձ բաժին է ընկել աշխատել թղթերի հետ: Ինչո՞ւ հենց «բարև, թուղթ»՝ հիմա կասեմ:

Մարդիկ տարբեր են, չէ,՞ իսկ եթե տարբեր են, ապա տարբեր են նաև իրենց մտածելակերպը, պլաններն ապագա կյանքի, մասնագիտական աշխատանքը և այլն: Ես էլ դե իմ հերթին եմ տարբերվում, ինչպես նաև երևի իմ դրած վերնագրով: Ուզում եմ մի պահ կտրվել իմ գերծանրաբեռնված գրաֆիկական դիզայն մասնագիտության ծանր գրաֆիկից և մի քիչ կիսվել ու զրուցել: Հա, գիշերվա ժամը չորսին քսան է պակաս, բայց համ հավես ունեմ գրելու, համ քունս է ճիշտ պահին փախել, համ էլ այսօր շորերս դասավորելուց ծալեցի նաև իմ շատ սիրելի 17.am-ի շապիկը: Որ ճիշտը ասեմ, ուզում էի հագնել, բայց նայեցի ցրտից քրտնած ապակիներին ու էլի դրեցի տեղը` ասելով. «Լավ, չեմ հագնի, բայց կգրեմ էսօր կայքի համար, վերջ ի վերջո հենց էնպես չի այն իմ պահարանում»:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Հիմա ես գրում եմ, այդ ամենին գումարած տանը միայնակ եմ, անդորր է, ու հենց սա էլ պետք է ինձ: Դասերս ավարտված են, հեռուստացույցի անձայն էկրանն է խաղում ու վերջ: Հա, մի քիչ սառնարանի ձայնն է խանգարում, բայց ոչինչ, էսքան դրականի մեջ մի հատ էլ բացասական թող լինի: Հիմա ես գրում եմ սպիտակ մի տարածքում. ամբողջ սեղանը թղթերի մեջ կորած է, կպչուն ժապավենները կենտրոնում են ու համակարգիչը: Հա, վայ, մոռացա, մեկ էլ 24 գույնի մարկերներ թափված բազմոցին, և ինչպես միշտ, կանաչը գետնին, որը այդքան շատ չի օգտագործվում: Մոտ մեկ ամիս է` քնում և արթնանում եմ թղթերի մեջ: Բերում ես հյուրասենյակ թղթերը, և արդեն նկատվում են ընկերներիս տխուր դեմքերը: Չէ, չէ, սխալ մի հասկացեք, իրենց չեմ խնդրում, որ օգնեն, այլ ասում եմ. «Ազատեք տարածքը, գալիս ենք»: Ու տան միակ բազմոցին նստում եմ ես ու հիսուն սանտիմետր լայնությամբ և յոթանասուն սանտիմետր երկարությամբ գծագրական տախտակը իր անբաժան նույն չափսի հինգ թղթերի հետ միասին:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

-Բարի գիշեր, Սերոժ, մենք գնացինք:
-Բարի:
-Չե՞ս քնում:
-Չէ, գործի կեսն եմ արել, դեռ երկու հատ հիսուն-յոթանասուն կա:
-Լույսը անջատեմ, էլի, քնում ենք:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Ու այդպես ամբողջ գիշեր հյուրասենյակի լույսը վառած գծել-ջնջել, ուրախանալ և հիասթափվել՝ չորս միլիմետր սխալ է գծվել: Դե արի ու նորից գծի: Լավ, տեսողության անկումը ու հոգնածությունը մի կողմ: Ես դրանց վրա գումար եմ ծախսում, չէ՞. գնում եմ  թուղթ, որի արժեքը չորս հարյուր դրամ է, ու բնականաբար, ոչ մեկ հատ: Քանի դեռ ուսանող ես, վստահ չես, որ չես փչացնի և չես վազի խանութ: Երանի չէ՞ր թղթերով պրծնեի: Չխոսեմ ներկերի մասին: Երբ գնացել եմ տասերկու հազար դրամով գնել քսանչորս գույն, լավ իմանալով, որ այն օրիգինալ ներկերը չեն՝ գնելով ամենաէժանը,  օգտագործում եմ, էսպես ասած, շունչս պահած, որպեսզի շուտ չվերջանան: Կապ չունի, որ չեմ աշխատում, բայց գիտակցում եմ, որ ծնողներիս համար էլ հեշտ չի ապահովել ինձ այդ նյութերով: Հիմա կասեք` մեծ տղա է, ինչո՞ւ չի աշխատում: Համաձայն եմ ձեզ հետ: Տասինը տարեկան եմ, դեռ չեմ աշխատում: Բայց ոչ թե նրա համար, որ չեմ ուզում, այլ այն պատճառով, որ գիշերվա չորսից մինչև առավոտվա ինը գրաֆիկով աշխատանք չկա: Կան երեկոյան ժամերից: Իսկ երեկոյան ես գծում եմ: Գիտեմ նաև, որ եթե աշխատեցի, չեմ կարող նորմալ մասնագետ դառնալ, իսկ հետո էլ մասնագիտական աշխատանքի ժամանակ իմ արդարացումները չեն փրկի, երբ ասեմ` էս բանը չգիտեմ, որովհետև աշխատում էի: Առանց աշխատելու էլ քնում եմ երեք ու կես ժամ, բա որ աշխատեմ, էդ ժամանակ ի՞նչ անեմ, չքնե՞մ: Էդպես կլինի՞: Ինձ ասում եմ` ոչինչ, կիսել եմ արդեն, մնաց երկու կուրս: Սա էլ կավարտեմ ու արդեն կաշխատեմ իմ գործով ու սիրելով: Բայց միևնույնն է, ինքդ քեզ հույս տալուց հետո բախվում ես այն փաստին, որ աշխատանք է պետք: Աշխատանք է պետք թղթերից ու ներկերից բացի ուրիշ ծախսերի և այսքան ժամանակ ինձ համար երազանքի նման մի բան դարձած լուսանկարչական ապարատ առնելու համար, մանավանդ, երբ շուտով դրա պահանջը կզգացվի համալսարանում լուսանկարչական դասընթացին: Երրորդ կուրսից արդեն կանցնենք համակարգչային դիզայն, և կազատվեմ ներկերից ու թղթերից: Իսկ այդ գումարն էլ, որը ծախսում էի թղթերիս վրա՝ կհավաքեմ և կգնեմ լուսանկարչական ապարատը:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Դե ինչ, սա է իմ առօրյան. համալսարան, կանգառ, կանգառում նստած ինձ տարօրինակ հայացքով նայող մարդիկ, ովքեր միշտ զարմանում են իմ ձեռքի մեծ սև լայնամասշտաբ պայուսակից, որը արտաքինից նման է զենքի պատյանի, բայց իր մեջ անմեղ գծագրեր են, վառ գույներ: Իսկ սառած ձեռքս, որը գրպանումս է, այդ ձեռքիցս էլ կախված է տոպրակ, որի մեջ են քառասուն հատ A4 թղթեր: Չգիտեմ` ինչ եմ գրել, որովհետև արդեն համարյա ժամը հինգն է, ու կարծես երազում լինեմ, էնքան հոգնած եմ:
Ինչ անեմ, քնե՞մ, թե արդեն արթնանալու ժամանակն է: Եթե քնեմ, անտանելի է լինելու արթնանալը երեք ժամ հետո, իսկ եթե չքնեմ` վաղը դասին անկախ ինձնից կքնեմ: Մի խոսքով, արդեն գերհոգնածությունից կարծես զառանցում եմ:
Հավաքեմ այս թղթերը և գնամ սենյակ քնելու: Ահ, մոռացել էի. այս նույն իրավիճակը նաև սենյակումս է: Անկողին, որի վրա ծածկոցը չի երևում սպիտակ թղթերի պատճառով և պահարան, որի վրա են տարատեսակ ներկանյութեր: Մի խոսքով, ես էլի կարթնանամ իմ թղթաշատ սենյակում, և շորերիս տակ կլինեն էսքիզների ճմռթած թղթեր և այն մեծ տոպրակը, որը պայթում է իր մեջ եղած թղթերի քանակից: Առավոտյան ձայն կտամ ինձ հետ բնակարանը վարձակալող ընկերներիս. «Բարի լույս, տղերք», ովքեր հյուրասենյակում են: Բայց մինչ իրենց տեսնելը աչքովս են ընկնում պահարանի գլխին դրված թղթերը, որոնք անհնար է առաջինը չնկատել: Թվում է` քեզ են նայում, իսկ բարևդ էլ կարծես ուղղված է առաջինը հենց իրենց՝ թղթերին:
Դե ուրեմն` բարև, թուղթ…

Էկոդպրոց

Լուսանկարը` Մերի Մուրադյանի

Լուսանկարը` Մերի Մուրադյանի

Սովորական աշխատաքային օր էր, ամեն մեկը իր գործին՝ երեխաները դասի, մեծահասակները` աշխատանքի, ամեն ինչ ընթանում էր իր հունով մինչ այն պահը, երբ դասարան մտան երկու անծանոթ աղջիկ: Մի պահ խառնաշփոթ տիրեց, բայց ամեն ինչ ընկավ իր տեղը, երբ այդ աղջիկները հայտնեցին, որ մոտակա երեք օրերին  դասարանի աշակերտների մի մասը մասնակցելու է «Էկոդպրոց» ծրագրին: Աշակերտներն այդքան էլ լավ չհասկացան, թե ինչի մասին են խոսում այդ երկու աղջիկները, բայց մեծ ուրախությամբ ընդունեցին լուրը: Նրանք 13-14 տարեկան երեխաներ էին, կային նաև 15-16 տարեկաններ:

Իսկ այդ երկու աղջիկները ես և քույրս էինք: Կազմակերպել էինք բնապահպանական դպրոց, քանի որ քաջ տեղյակ էինք մեր շրջապատի բնապահպանական խնդիրներին, և այն ամենը, ինչը մեզ հուզում էր, կարող էինք փոխանցել նաև երեխաներին: Սա լավագույն տարբերակը կլիներ նրանց բնապահպանական մշակույթով փոխանցելու:
Առաջին օրը նրանք մեծ հետաքրքրությամբ լսում էին այն, ինչ հաղորդում էինք իրենց, խոսնակներ էինք հրավիրել հատուկ երեխաների համար: Սա մեծ բավականություն էր պարգևում բոլորիս՝ ես տեսնում էի նրանց հետաքրքրված աչքերը, տեսնում էի` ինչքան ուրախ են, որ մասնակցում են ծրագրին:

Օրվա ընթացքում խաղեր էինք խաղում, հետաքրքիր փաստեր սովորում թե՛ բնության, թե՛ աղբի մասին: Անկեղծ ասած, ինձ համար ամենահետաքրքիր և սպասված պահը կարծիքները կարդալու պահն էր: Նրանք ամեն օր դասընթացի վերջում կարծիքներ էին գրում այդ օրվա մասին: Իսկ այ, երեխանների համար ոգևորիչ էին մրցույթները: Հաճելի էր տեսնել, թե ինչպես են պայքարում իրենց հաղթանակի համար, սակայն միևնույն ժամանակ, օգնում ընկերոջը:

Լուսանկարը` Մերի Մուրադյանի

Լուսանկարը` Մերի Մուրադյանի

Երկրորդ օրը գնացինք աղբահավաքության: Սկզբից խոսեցինք աղբի մասին, հետո խմբերի բաժանվեցինք և գնացինք աղբահավաքության, բավականին հագեցած օր ունեցանք: Վերջում քայլարշավ կազմակերպեցինք, հետո նորից մրցույթ:
Եկավ երրորդ օրը, այսպես ասած, հրաժեշտի օրը: Ընդհանուր քննարկում արեցինք, զրուցեցինք, խաղեր խաղացինք և հրաժեշտ տվեցինք երեխաններին:
Հաճելի զգացողություն է, որ դու կարողացար այդ երեք օրվա ընթացքում երեխաներին փոխանցել կարևոր գիտելիքներ, անմոռանալի պահեր (դե, ասում եմ անմոռանալի, որովհետև սա նրանց առաջին ծրագիրն էր, որին երբևէ մասնակցել էին):

Լուսանկարը` Մերի Մուրադյանի

Լուսանկարը` Մերի Մուրադյանի

Ուրախ եմ, որ կարողացանք մեր փոքր ներդրումն ունենալ նրանց կրթության մեջ: Եվ այս ամենը ևս մեկ անգամ համոզեց մեզ, որ ծրագիրը դարձնենք շարունակական և ընդգրկենք մեծ թվով մասնակիցների:

Բարև Բաղանիս

Բարև, Տավուշ։ Անցնում ես թունելը, ու ոսկեզօծ աշուն։ Դիլիջան, անտառ և մառախլապատ եղանակ։ Մինչ հայրենի գյուղ Բաղանիս հասնելս զմայլվում եմ Տավուշով: Երբ գյուղ հասնելուն մոտ մեկ կիլոմետր է մնում, ուզում եմ վճարել տաքսու գումարը և այդ մեկ կիլոմետրը վազելով ու նկարելով անցնել։ Այս անգամ գիշերը հասա գյուղ։ Չէի ուզում շտապել, որովհետև մութ էր։ Իսկ այ առավոտը՝ ֆոտո անելու։ Ճիշտ է, քիչ են ֆոտոները, բայց դա էլ բավական է զգալու համար, թե ինչ է ոսկե բնությունը։ Հաճելի է նման ֆոտոներ անելը և նաև շատ թանկ՝ կարծես կյանքի գնով նկարած։

Այո, այո, ճիշտ հասկացաք՝ ինձանից ձախ 800 մետր հեռավորության վրա են գտնվում ադրբեջանական դիրքերը։

«Փրկության խարիսխը՝ կրթություն, լուսավորություն և հավատարմություն ազգային արմատներին»

Լուսանկարը՝ Աշոտ Գասպարյանի

Լուսանկարը՝ Աշոտ Գասպարյանի

Հարցազրույց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի հետ

-Պարոն Խաչատրյան, սկսելով ամենասկզբից՝ անդրադառնանք Ձեր մանկության երազանքներին. ի՞նչ էիք երազում դառնալ և ինչո՞ւ, այնուամենայնիվ, ընտրեցիք լեզվաբանի մասնագիտությունը:

-Յուրաքանչյուր ոք մանկության (և պատանեկության) տարիներին ապրում է որոշակի երազանքներով, որոնք ձևավորում են առնում մանկական անաղարտ հոգիներում, մինչև կբախվեն իրականության պատնեշներին։

Չորրորդ դասարանի դասագրքերից մեկում պատկերված էր Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համալիրը. մանկական հոգու թռիչքներով երազում էի բարձրագույն կրթություն ստանալ այնտեղ (եթե, իհարկե, հասկանում էի բարձրագույն ուսում հասկացության իմաստը)։ Ժամանակի ընթացքում՝ դպրոցն ավարտելուն զուգընթաց, պատրաստվում էի ուսումս շարունակել ԵՊՀ պատմության ֆակուլտետում. պատմության ոլորտին տիրապետում էի գերազանց կերպով։ Քննությունների ժամանակ պարզվեց, որ ընդունվելու հնարավորությունը հարցականի տակ է՝ պատմությունից ստացած ցածր գնահատականի պատճառով։ Հայոց լեզվի և գրականության քննության ժամանակ ընդունող դասախոսները, բարձր գնահատելով իմ պատասխանը, ներկայացրին առարկայական հանձնաժողովի նախագահին՝ Սերգեյ Գալստյանին՝ գերազանց գնահատելու համար։ Նախագահն իմ պատասխանները գնահատեց բարձրագույն նիշով և ասաց, որ չընդունվելու դեպքում հաջորդ տարին դիմեմ բանասիրական ֆակուլտետ։

Եվ եղավ այնպես, ինչպես նախատեսված էր։ Հաջորդ տարին ես հայտնվեցի բանասիրականում։ Գրված էր։

-Մարդիկ հաճախ իրենց կյանքի համար ունենում են մի քանի հնարավոր տարբերակներ, որոնցից մեկն է իրականանում միայն (կամ նույնիսկ ոչ մեկը), իսկ Ձեզ համար կա՞ մի երկրորդ այդպիսի տարբերակ՝ եթե ոչ լեզվաբան, ապա՞:

-Այս հարցադրումը կապվում է առաջինի հետ։ Կյանքում նախընտրած բոլոր տարբերակները կապվում են բարձրագույն կրթություն ստանալու հետ։ Ես հաստատորեն որոշել էի պատմաբան դառնալ. թերևս բնատուր հիշողության շնորհիվ անգիր գիտեի հայոց պատմության, Ռուսաստանի (այն ժամանակվա՝ ԽՍՀՄ) և համաշխարհային պատմության առանցքային դեպքերն ու դրանց տարեթվերը, պատմական դեմքերին՝ իրենց ժամանակաշրջաններով, մշակույթի գործիչներին՝ իրենց ստեղծագործություններով. հիանում էի Հին Հռոմի, Հին Հունաստանի, Հին Եգիպտոսի, Հին Հնդկաստանի հերոսական անցյալով, իմ սիրած հերոսներն էին Հաննիբալը, Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Սպարտակը, Լեոնիդասը, Զրադաշտը, Գաուտամա Սիդհարթան (Բուդդան), հետագայում՝ Սուվորովը, Նապոլեոն Բոնապարտը և շատ ու շատ ուրիշներ։ Ես հիացած էի Ֆրանսուա Ժան Շամպոլեոնի սխրանքով, որը կարողացավ վերծանել եգիպտական գաղափարագրերը, Անտոնիո Գաուդիի տաճարակերտման մտքի թռիչքով, Միքելանջելոյի և Ռոդենի քանդակներով, Բորոբոդուրի տաճարական համալիրով և Փարիզի Աստվածամոր տաճարի ներդաշնակ ճարտարապետական լուծումներով…

Ինձ բախտ չվիճակվեց խորանալ համաշխարհային պատմության գաղտնիքների մեջ, սակայն չեմ դժգոհում. բանասիրական կրթությունն էլ հեռու չէ պատմությունից, մանավանդ, որ դրանք շատ հարթություններում խաչաձևվում են, միմյանց լրացնում, միմյանց օգնում։ Պատմաբանը պետք է նաև բանասեր լինի, ինչպես նաև բանասերը՝ պատմաբան։ Այնպես որ, պատմությունից իմ ունեցած գիտելիքներն օգնում են լեզվաբանական մի շարք խնդիրների լուծմանը՝ մասնավորապես հայերենի և այլ լեզուների ցեղակցության, լեզվական ընդհանրությունների, լեզվական տիպաբանության և հարակից այլ հարցեր քննելու դիտանկյունից։ Ձեր հարցին կպատասխանեմ. եթե ոչ պատմաբան, ապա՝ լեզվաբան։

-Լեզվաբանության մեջ ի՞նչ թեմաներ եք ուսումնասիրում:

-Լեզվաբանությունն անսպառ դաշտ է հետազոտողի համար։ Ինձ հետաքրքրում են այդ դաշտի որոշ վեկտորական ուղղություններ, ինչպիսին են լեզվաբանական ուսմունքների պատմությունը՝ տարժամանակյա և համաժամանակյա կտրվածքներով, լեզվաբանական նորագույն ուղղությունները, հունալատինական փոխառությունները, հայագիտության ոլորտում՝ հայոց լեզվի պատմությունը, հին հայերենի՝ գրաբարի ուսումնասիրությունը, բառարանագրությունը, կաղապարավորման տեսությունը և հարակից այլ հարցեր։

Պետք է խոստովանեմ (անհամեստության թող չթվա), որ այդ բոլոր ուղղությունների վերաբերյալ հրատարակել եմ մենագրություններ և դասագրքեր (գրաբարի բառարաններից մեկը 2016 թ․-ին տպագրվել է Վենետիկում՝ Մխիթարյան Միաբանության ֆինանսական աջակցությամբ և հովանավորությամբ)։

-Ի՞նչ խնդիրների է առնչվում հայերենն այսօր, և ինչպիսի՞ տեղաշարժեր կան հայ լեզվաբանության բնագավառում:

-Հայերենն այսօր առնչվում է անտարբերության խնդիրներին։ Հայերենը ենթարկվում է այլալեզու ազդեցությունների և, այսպես ասած, լեզվական ագրեսիայի. առայժմ որևէ կառույց կամ կազմակերպություն չի կարողանում լուծել լեզվի անաղարտության և պահպանության հրատապ խնդիրները։ Մյուս կողմից՝ հայերենը կարիք ունի նոր մեթոդաբանությամբ խորազնին ուսումնասիրության՝ անշուշտ ներկայի և անցյալի փորձը անվերապահորեն հաշվի առնելով։ Մինչդեռ մեզանում լեզվաբանական միտքը խիստ սահմանափակված է մանրաթեմայնությամբ, առանց լրջագույն խնդիրների ուսումնասիրության, առանց միջազգային ասպարեզ դուրս գալու գիտական պատրաստվածության։ Առանց հին ու նոր օտար լեզուների իմացության հնարավոր չէ լեզվաբանական առանցքային հարցեր ուսումնասիրել։

-Արդյո՞ք տեղեկատվական տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում բանասիրությունը մրցունակ մասնագիտություն է, և որքանո՞վ է երիտասարդությունը հետաքրքրված դրանով:

-Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ տեղեկատվական տեխնոլոգիաները խարսխվում են լեզվի և լեզուների իմացության վրա, որ մեքենական թարգմանությունը պահանջում է լեզվի (լեզուների) և լեզվաբանության (համակարգչային լեզվաբանության, տեքստի լեզվաբանության, հաղորդակցական լեզվաբանության) իմացություն, ապա ակնհայտ է դառնում բանասիրության մրցունակության և պահանջվածության կարևորությունը։ Այլ հարց է, թե շրջանավարտները կամ մասնագետները որքանով են բավարարում տեղեկատվական տեխնոլոգիաները կառավարելու պահանջները։

Այս հարցերում երիտասարդության հետաքրքրվածության աստիճանը պայմանավորված է նրանց իմացության մակարդակով և այն հանգամանքով, թե նրանք որքանով են պատկերացնում իրենց ապագան տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտում։

-Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անել, որ երիտասարդների և երեխաների շրջանում մեծանա հետաքրքրությունը մայրենիի նկատմամբ:

-Երիտասարդության շրջանում մայրենիի նկատմամբ հետաքրքրություն արթնացնելու շատ տարբերակներ կան։ Հարցն այն է, թե երիտասարդության ո՛ր շերտը նկատի ունենք. աշակերտների՞ն, ուսանողների՞ն, թե՞ մեկ այլ շերտի։

Կարծում եմ՝ հետաքրքրություն արթնացնելը պայմանավորված է երկու հանգամանքով՝ մասնագետի պատրաստվածության մակարդակով և սովորողների հետաքրքրվածության աստիճանով։ Եթե դրանք միմյանց ներդաշնակում են, կարելի է արդյունք ակնկալել, այլապես սայլը տեղից չի շարժվի։ Չկա պատրաստի դեղատոմս, որ բոլորին բավարարի։ Եթե գործ ունենք աշակերտների հետ, պետք է նրանց մղել կարդալու հայոց պատմության, հայ եկեղեցու, հայ մշակույթի, արտերկրի հայագիտական կենտրոնների վերաբերյալ գրականություն, ցույց տալ հայերենի և ցեղակից (քույր) լեզուների առնչությունները՝ բառային մակարդակով, նրանց հանձնարարել ինքնուրույն գտնելու լեզվական առնչությունները ներկայացնող օրինակներ և նմանօրինակ այլ հանձնարարականներ տալ։

Ուսանողների պարագայում ավելի հեշտ և համոզիչ մեթոդներ կարելի է գործադրել։ Հետաքրքրություն առաջացնել հին հայերենի նկատմամբ, բացատրել, որ այդ լեզվով թարգմանվել է Սուրբ Գիրքը, որ մեր պատմիչները ստեղծագործել են այդ լեզվով, որ այդ լեզուն ուսումնասիրում են աշխարհի հայագիտական նշանավոր կենտրոններում, որ այդ լեզվի ուսումնասիրության վեհ գործին էին նվիրվել Մխիթարյան միաբանները՝ մեզանից ուղիղ երեք հարյուր տարի առաջ և առայսօր շարունակում են այդ հայրենանվեր առաքելությունը… Պետք է գրաբարի և աշխարհաբարի քերականական կառուցվածքների համեմատական ուսումնասիրություն կատարել և հանձնարարել նրանց նույնատիպ աշխատանքներ՝ իբրև քննության առարկա ունենալով լեզվական համատիպ որևէ իրողություն և այլն։ Բուհական համակարգում այս հարցերի ուսումնասիրությունը հենց այդ նպատակին է ծառայում և, կարծում եմ, որոշակի արդյունք տալիս է։

-Կխնդրեի նշել Ձեր գիտական հրապարակումները, և արդյո՞ք երբևէ փորձել եք Ձեր ուժերը գեղարվեստական ստեղծագործության ոլորտում:

-Իմ գիտական հրապարակումներն ընդգրկում են քսան գիրք (դպրոցական և բուհական դասագրքեր, բառարաններ, մենագրություններ), որոնք վերաբերում են հին հայերենին, գրաբարի բառարանագրությանը, ընդհանուր լեզվաբանությանը, հայերենի բառակազմական և ձևաբանական կաղապարներին, խոսքիմասային տարարժեքությանը, բառակապակցական իմաստաբանությանը, գրաբարի և միջին հայերենի դարձվածային միավորներին և այլ հարցերի։ Հրատարակել եմ շուրջ 150 գիտամեթոդական հոդվածներ՝ նվիրված հայոց լեզվի տարաբնույթ հարցերի ուսումնասիրությանը՝ լեզվի դասավանդման խնդիրներին, ժամանակակից լեզվաբանական ուղղություններին, Աստվածաշնչի լեզվի պատկերավորման համակարգին, Աստվածաշնչի բառային կազմի քննությանը և այլն։ Արտասահմանյան հոդվածներում արծարծել են գրաբարի և գերմաներենի, գրաբարի և լատիներենի քերականական կառուցվածքների տիպաբանական ընդհանրությունների հարցեր, հնդեվրոպական լեզուների քերականական համանունության ընդհանուր խնդիրներ (հայերենի լեզվական նյութի հիման վրա) և այլն։ Ամբողջովին նվիրված լինելով լեզվաբանական հարցերի ուսումնասիրությանը՝ իմ մտքով չի անցել ուժերս փորձել գեղարվեստական ստեղծագործությունների ոլորտում, թերևս, կարծում եմ, կարելի է քայլ անել. հիմա բոլորն են քայլ անում։ Երբ վերջերս խմբագրում էի Արթուր Ադամովի «Պիեսներ» ժողովածուն՝ ֆրանսերենից Սաթենիկ Խաչատրյանի թարգմանությամբ, զգացի, որ որքան լեզվաբան եմ, գուցե նույնքան էլ՝ գրող կամ գրականագետ, և գրական ճաշակի զգացողություն ունեմ՝ Ա.Ադամովի լեզուն փոքր-ինչ հայացնելու առումով։ Արժե մտածել այդ մասին։ Լուիս Քերոլը կարծեմ մաթեմատիկոս է եղել, թեև աշխարհին հայնի է որպես գրող՝ «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքով։

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը, և ինչո՞ւ:

-Բնականաբար բազմաթիվ գրքեր եմ կարդացել՝ սկսած դպրոցական նստարանից։ Այդ առումով շատ դժվար է ասել, թե ո՛րն է իմ ամենասիրելի գիրքը։ Դրանք շատ-շատ են, սակայն գիրք կա, որ պատանեկության տարիներից ինձ ուղեկցում է, և ինչքան գրքեր էլ կարդացել եմ, միևնույն է, այն մնացել է թերևս իմ ամենասիրելի գիրքը կամ գրքերից մեկը։ Դա Ռաֆայել Սաբատինիի «Նավապետ Բլադի ոդիսականը» գիրքն է։ Ինչո՞ւ է այդ գիրքը շուրջ կես դար ինձ ուղեկցում։ Նախ ասեմ, որ այն արկածային վեպ է, որի սյուժետային հենքը շատ ներդաշնակ է պատանեկան տարիքի ցանկացած մեկի հոգեկան աշխարհի հետ։ Ինձ վրա մեծ տպավորություն է գործել վեպի գլխավոր հերոսի՝ Նավապետ Բլադի կերպարը, որ ուժեղ, աննկուն և նպատակասլաց բնավորություն ունի։ Իբրև անգլիական ինքնակալության դեմ խռովարար՝ երիտասարդ բժիշկն աքսորվում է Կարիբյան ծովի կղզիներից մեկը։ Նա, գրեթե ստրուկի կարգավիճակով, միանում է կղզու մյուս աքսորյալներին և, ի դժբախտություն իրեն, սիրահարվում է կղզու նահանգապետի դստերը՝ Արաբելլա Բիշոպին։ Դեպքերի զարգացումը հանգեցնում է նրան, որ աքսորյալ բժիշկը իր համախոհների հետ գրավում է կղզու վրա հարձակված ծովահենական նավը, ինքն էլ դառնում է հռչակավոր ծովահեն՝ ի սարսափ Կարիբյան ծովն ակոսող նավերի։ Նավապետ Բլադն իր հրամանատարական նավն անվանակոչում է Արաբելլայի անունով, նվաճում է իր նախկին աքսորավայր կղզին, ի վերջո հասնում է նույն կղզու նահանգապետի աստիճանին և ամուսնանում Արաբելլայի հետ։ Անշուշտ, դրանից հետո ես բազմաթիվ գրքեր եմ կարդացել, սակայն Ռ.Սաբատինիի վեպը մնացել է իմ հոգևոր աշխարհում որպես ամենասիրելի և անմոռանալի ստեղծագործություն։

-Ըստ Ձեզ, արդյո՞ք մտավորականը պետք է զբաղվի միայն իր նեղ մասնագիտական ոլորտով, թե՞ քաղաքացի լինելը պարտադիր է:

-Մտավորականը, ինչպիսի մասնագիտություն էլ ունենա, չի կարող լիարժեք մարդ համարվել, եթե չի ապրում ժամանակի հոգսերով, ազգային խնդիրներով, եթե չի ըմբռնում ժամանակի քաղաքական իրավիճակը, չի կողմնորոշվում գլոբալ խնդիրների ու մարտահրավերների խաչմերուկներում։ Նա պարտավոր է իր տեսակետն ու կարծիքը հայտնել հանրային ԶԼՄ-ներով, հանդես գալ առաջարկություններով և ուղիներ ցույց տալ խնդրահարույց իրավիճակներում։ Մտավորականը չպետք է պարփակվի իր հոգևոր դաշտում. այդ դեպքում նա կհայտնվի հոգևոր վակուումում, և նրան անօդ տարածությունից դուրս բերել չի կարող նույնիսկ իր մասնագիտական հզոր պատրաստվածությունը։ Դեռևս դպրոցական նստարանից հիշում եմ Ալ. Նեկրասովի խոսքերը. «Նախ՝ քաղաքացի, ապա՝ պոետ»։ Այնպես որ, մասնագետ լինելուց առաջ, նախ պետք է քաղաքացի լինել։

-Ինչպե՞ս եք վերաբերվում կրոնի (հավատքի, Աստծո, աշխարհաստեղծման) գաղափարին:

-Բոլոր գերհզոր կրոնները, մասնավորապես՝ զրադաշտականությունը, բուդդայականությունը, քրիստոնեությունը, մահմեդականությունը, հինդուիզմը և այլն, կոչված են մարդ արարածին մաքրագործելու, նրան զերծ պահելու երկրային ախտերից, կոչված են նրան լուսավորելու և, ի վերջո, Գերագույն ոգուն մերձեցնելուն։ Բոլոր կրոններն այս գերագույն գաղափարը մատուցում են յուրովի։ Զրադաշտը, Բուդդան, Քրիստոսը, Մուհամմեդը, Կրիշնան, Վիշնուն, Շիվան և այլ աստվածությունները, տիրանալով երկնային ոլորտներին, զբաղված են երկրային արարածների ճակատագրերը տնօրինելով։ Այս առաքելությունը գերազանց էին կատարում հին հունահռոմեական դիցարանի աստվածությունները՝ հզորագույն Զևսի գլխավորությամբ։ Կրոնները կամ կրոնական ուսմունքները կոչված էին մարդկանց պահելու բարոյականության դաշտի սահմաններում. դա բացարձակ արժեք է, և աստվածությունների երկրային սպասավորները կոչված էին տարածելու իրենց երկնային տերերի (ԳԵՐԱԳՈՒՅՆ ՈԳԻՆԵՐԻ) պատվիրանները։

Ես դրականորեն եմ վերաբերվում կրոնի գաղափարին, որ ներառում է հավատքի գաղափարը։ Կարծեմ Հեգելն է ասել. «Առանց կրոնի (հավատքի) մարդ արարածը կա՛մ գազան է, կա՛մ աստված»։ Հետևաբար, մեզանից ոչ ոք չի ցանկանա գազան կամ աստված դառնալ։

Մեր սերունդը մեծացել և սնվել է աստվածամերժության, ասել է թե՝ աթեիզմի գաղափարներով։ Երբ Ռուսաստանում խավարամոլ ամբոխը սպանեց Ռոմանովների արքայատոհմի վերջին մոհիկանին և երկնքից վտարեց Աստծուն ու նրա հրեշտակներին, երկրի վրա տիրեցին չարի ուրվականները։ Ժամանակը մաքրագործեց երկնային ոլորտները, որոնք պղծվել էին մարդու ձեռքով, մաքրագործեց, և կապույտ մշուշից անդին երևաց… Աստծո կերպարը… Մենք հավատում ենք Աստծուն։ Ամերիկյան թղթադրամի (դոլարի) վրա գրված է ամերիկացիների հավատքի բանաձևը. In God we trust։

Կարծում եմ, հավատքը պետք է անջատել աշխարհաստեղծման գաղափարից։ Եթե աշխարհ ասելով՝ նկատի ունենք Երկիր մոլորակը, որ համայն տիեզերքի կառուցվածքային բաղադրիչներից մեկն է, պետք է խոստովանել, որ այստեղ Աստծո մատը խառը չէ. կոսմոգենիան ֆիզիկական նյութի պահպանման և փոխակերպման հետևանք է։ Աստծո գոյը տիեզերքում ներդաշնակություն է ապահովում, որի կենսատու շողերը ջերմացնում են Երկիր մոլորակը…

-Որո՞նք են Ձեզ համար ամենագնահատելի մարդկային արժանիքները:

-Մարդ արարածի հոգեկերտվածքի խճանկարում կան և՛ դրական, և՛ բացասական գծեր։ Բացասական գծերը միշտ էլ անախորժություն և տհաճություն են պատճառում դիմացինին։ Մարդուն գնահատում են դրական արժանիքների համատեքստում։ Կարծում եմ, դրական արժանիքները մարդու բարոյական նկարագրի անբաժան մասն են կազմում, որոնք հիմնականում ժառանգական գենային հատկանիշներ են՝ ինչ-որ տեղ այն կրող անհատից անկախ։

Ինձ համար մարդու ամենագնահատելի արժանիքներից են կրթական բարձր մակարդակը, ազնվությունն ու հավատարմությունը, բարոյական առաքինությունը և այլն։

Կիրթ անհատի համար մտքի հորիզոնը լայնարձակ է. ինչքան մարդ բարձրանում է, այնքան հեռուն է տեսնում։ Այստեղ արժե հիշել, թե ո՛րն է Խաչատուր Աբովյանի մեծությունը. այն դեպքում, երբ գրեթե բոլոր բանաստեղծներն ու գրողները ստեղծագործում էին՝ հայացքները Արարատի գագաթին հառած, Խ.Աբովյանն աշխարհին նայում էր Արարատի գագաթից՝ հայացքն ուղղած անծայրածիր հորիզոններին։ Եվ այդ հորիզոնի մեջ նա տեսավ հայ ժողովրդի փրկության խարիսխը՝ կրթություն, լուսավորություն և հավատարմություն ազգային արմատներին…

Մարդուն բնութագրող կարևորագույն հատկանիշներից է առաքինությունը։ Առաքինի մարդը զերծ է մնում դարի ախտերից, նրան խորթ են նենգությունն ու բանսարկությունը. առաքինի մարդը բարոյականության տիպար է, օրինակ՝ բոլորի համար։

Առաքինության դասական օրինակը տալիս է աստվածաշնչյան Ղովտը, որ պատրաստ էր իր դուստրերին զոհաբերել հանուն Սոդոմ և Գոմոր քաղաքների բնակիչների փրկության։ Սակայն այդ քաղաքներն այնքան էին թաղվել անբարոյականության ճահիճը, որ Աստված չընդունեց Ղովտի զոհաբերությունը և կործանեց մեղքերի մեջ թաթախված քաղաքները…

Մինչդեռ Ղովտի դուստրերը չարաշահեցին հոր առաքինությունը…

Մարդու բնավորության մեջ ազնվությունը գերագույն արժեք է. լինել ճշմարտախոս և անաչառ, մտքերն արտահայտել համարձակորեն և չկասկածել ճշմարտության հաղթանակի հարցում։ Լատինական թևավոր խոսքը հնչում է դարերի խորքից. Amicus Plato, sed magis amica veritas (Պլատոնն ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի եմ սիրում):

1700թ. Ջ. Բրունոն խարույկ բարձրացավ այն բանի համար, որ հավատարիմ մնաց իր գաղափարին, իր դավանած սկզբունքներին. նա չդրժեց իր գիտական կրեդոն, իր կյանքով հատուցեց իր գիտական սխրանքի համար և ժամանակի ու տարածության մեջ մնաց Արեգակնային համակարգի բացահայտման ռահվիրան այն դեպքում, երբ Գալիլեո Գալիլեյը, վախենալով ինկվիզիցիայի սպառնալիքներից, հրաժարվեց իր ուսմունքից՝ փրկելով սեփական կյանքը։

Պատմությունը հիշում է թե՛ Ջ. Բրունոյին, և թե՛ Գ. Գալիլեյին…

Իմ հավատարիմ ընկերը

Լինում են պահեր, երբ դու ցանկանում ես առանձնանալ մարդկային շրջապատից, մի գողտրիկ անկյուն գտնել և միայնակ մնալ քո մտքերի հետ: Ես սովորաբար այդպես էի անում մինչ այն պահը, երբ իմ կյանքում շրջադարձ կատարվեց: Կատարվեց իմ ամենաբաղձալի երազանքներից մեկը, գուցե ոմանք սա կհամարեն անհեթեթ մի բան: Հայրս, որը անակնկալներ պատրաստելու մեծ վարպետ է, հենց ինքն էր այդ ամենի իրականացման հեղինակը: Մի օր նա ինձ նամակ ուղարկեց, որտեղ պարզապես մի նկար էր, իսկ նկարում մի ոսկեգույն կնճռոտ շուն: Ես էլ պարզապես մտածեցի, որ նա պատահաբար տեսել և նկարել է այդ շանը, իմանալով, որ ես շներ շատ եմ սիրում։

Մի քանի շաբաթ էր անցել, և նա պետք է արտերկրից ժամաներ Հայաստան։ Սրտատրոփ սպասում էի նրան, քանի որ շատ էի կարոտել: Ես իջա ներքև, որպեսզի օգնեմ իրերը բարձրացնել: Նա ասաց, որ մեքենայում էլի իրեր կան: Երբ ես բացեցի մեքենայի դուռը, նույն կնճռոտ շնիկը ցատկեց դուրս և սկսեց լիզել տաբատս, հետո գրկեց ինձ: Ես ուղղակի այնքան էի շփոթված, որ չգիտեի՝ այդ պահին լացել, թե ուրախանալ: Իմ կյանքում ամենասպասված պահերից մեկն էր երևի: Այդ օրվանից ես ամբողջ օրս անց եմ կացնում նրա հետ: Հա, մեկ էլ մոռացա ասել իմ հավատարիմ ընկերոջ անունը, նա Շեգգին է: Ես սկսեցի ավելի հետաքրքրվել նրա ցեղատեսակով: Նա շարփեյ ցեղատեսակի շուն է, բաց շագանակագույն մորթով, աչքերը նույնպես բաց գույնի են, ու շատ ծալքեր ունի։ Չինական ցեղատեսակի շներ են, ժամանակին եղել են որսորդական շներ: Ես ունեմ շատ խելացի շուն, չնայած նրան, որ հայրս նրան ռուսերենով էր վարժանքներ սովորեցրել, ես սկսեցի նրա հետ շփվել նաև հայերենով, չէ՞ որ նա արդեն Հայաստանում է ապրում: Նա հիմնականում ուտում և քնում է, որովհետև դեռ յոթ ամսեկան է: Բայց ես մեծ ուշադրությամբ հետևում եմ նրա ամեն մի շարժմանը: Երբ ես մոտենում եմ նրան, նա ուրախ սպասում է, թե երբ պետք է իրեն սիրեմ: Ես սիրում եմ նրա բարի հայացքը: Նա այնքան փափուկ մորթի ունի ու այնքան տաքուկ է: Մենք ամեն առավոտ և ամեն երեկո միասին գնում ենք զբոսանքի: Մեկ-մեկ նա այնքան արագ է քայլում, որ հազիվ եմ հասցնում իր հետևից։ Շեգգին շատ է սիրում փոքր երեխաներին: Մի օր տարա նրան ֆուտբոլի դաշտ, որ երեխաների հետ խաղա, և արդյունքում նույնիսկ ինքն էր գնդակի հետևից վազում ու փոխանցումներ անում:

Նա նաև սիրում է ճամփորդել: Մենք ընտանիքով ամռանը շատ ենք այցելում Հայաստանի տեսարժան վայրեր: Ամռանը մենք գնացինք նախ Սևանավանք: Շեգգին նույնպես բարձրացավ մեզ հետ այդ վանքը տեսնելու: Շատ զբոսաշրջիկներ կային այդտեղ, և բոլորը մոտենում և հարցնում էին ինձ՝ արդյոք կարելի՞ է նրա հետ նկարվել: Բնականաբար, ես մեծ հաճույքով բոլորին նկարում էի Շեգգիի հետ: Հետո գնացինք Գառնու հեթանոսական տաճար: Այստեղ նրա հետ նույնպես այնքան շատ մարդ նկարվեց, որ ես մի պահ մտածեցի՝ կարո՞ղ է Շեգգին հոլիվուդյան աստղ է: Նա իմ ամենասիրելի, անփոխարինելի ընկերներից է, որը միշտ հավատարիմ կմնա, ես նրան շատ-շատ եմ սիրում:

Ինչևէ, ես դեռ շատ բաներ կպատմեմ Շեգգիի արկածներից: