Meri Muradyan

Արդեն մեկ տարի 17.am-ի հետ

2016 թվականի մարտի չորսից ութը հասարակ օրեր չէին իմ և ինձ նման տասնյակ երեխաների համար: Դրանք 17.am-ի կողմից կազմակերպած դասընթացի օրերն էին: Հաճելի և անմոռանալի օրեր էին: Մեկ տարվա ընթացքում 17.am-ի շնորհիվ այնքան բան ավելացավ իմ կյանքում, որոնցից ամենակարևորը նոր ընկերներն էին։ Նրանց հետ այնքան եմ կապվել, որ կարծես մանկուց իրար հետ ենք եղել:
Օգոստոս ամսին մասնակցում էի Կողբի Գեղարվեստի դպրոցի կողմից կազմակերպած պլեներին: Անընդհատ մտածում էի՝ արդյո՞ք կմասնակցեմ Մեդիա ճամբարին, թե ոչ, որովհետև առաջին ճամբարի մասնակցելու հայտը չէի տեսել, իսկ երկրորդ ճամբարին մասնակցելու մասին դեռ տեղեկություն չկար: Մի օր, երբ երեխաներով նստած զրուցում էինք, Դավիթը, ով նույնպես 17.am-ի թղթակից է, և մասնակցում էր պլեներին, եկավ և ասաց, որ օգոստոսի տասներկուսից տասնութը մասնակցելու ենք մեդիա ճամբարին: Ուրախությունս կրկնապատկվեց, երբ իմացա, որ պլեներին մասնակցող երեխաներից մի քանիսն էլ են մասնակցելու մեդիա ճամբարին, որը տեղի է ունենալու Դիլիջանում:
Մեդիա ճամբարում անցկացրած յոթ օրերն անմոռանալի էին. նոր ընկերական շրջապատ, նոր գիտելիքներ, հանդիպումներ տարբեր բնագավառների մասնագետների հետ:
Այս մեկ տարվա ընթացքում, շփվելով հասարակության տարբեր խավերի հետ, հասկացա, որ մեր գյուղերում կան մարդիկ, ովքեր ծանր պայմաններում ապրելով, չեն կորցնում իրենց լավատեսությունը կյանքի նկատմամբ: Ճամբարի ընթացքում մեր գնացած ֆոտոարշավների ժամանակ Սեմյոնովկա գյուղում հանդիպեցի շատ այդպիսի մարդկանց։
Ճամբարից վերադարձա և շարունակեցի թղթակցել:
Շնորհակալ եմ 17.am-ին։

Կոթի. վերջապես արևը տաքացնում է

serine harutyunyan

Բաց մի թող, որ չգնա

Երբևէ պատկերացրե՞լ ես քո կյանքն առանց քեզ համար թանկ մարդու, կամ ուղղակի նրանից հեռու: Դե, հա: Մի քիչ դժվար է: Կամ, մտածե՞լ ես, այ, այդ թանկ մարդիկ ովքեր են: Ինչպե՞ս հայտնվեցին քո կյանքում: Ինչո՞ւ են քեզ համար դարձել թանկ, դարձել կարևոր: Իսկ այդ թանկ մարդկանց մասին մտածելիս մտածե՞լ ես, թե դու իրենց համար ինչքան կարևոր ես, կամ ընդհանրապես, կարևո՞ր ես, թե՞ չէ: Երևի քեզ համար էլ թանկ մարդիկ մի քանի խմբի են բաժանվում, չէ՞: Կան, չէ՞, մարդիկ, ովքեր չգիտես էլ ինչու, քեզ համար շատ թանկ են, ու դու սիրում ես նրանց, որովհետև սիրում ես: Սիրում ես, ու վերջ: Ու երևի կլինեն մարդիկ, առանց ում դու ուղղակի քեզ չես պատկերացնում, քեզ կիսատ ու միայնակ ես զգում: Ու կան մարդիկ, ովքեր միշտ-միշտ քո մտքում են, ովքեր քո սրտում են, քո աղոթքներում: Ովքեր միշտ քո կողքին են անկախ նրանից՝ հեռու են, թե մոտ: Ու երևի մեկին, կամ մի քանիսին էլ բախտը մի քանի անգամ է ժպտացել, երևի… Նրանք այդ բոլոր խմբերում էլ տեղ ունեն, մեկում՝ քիչ, մեկում՝ շատ, մյուսում՝ ավելի շատ: Բայց երևի մարդ ինչ-որ երկար, երբեմն էլ փորձություններով լի ճանապարհ պիտի անցնի, ու հետո դառնա կարևոր մեկը: Մի օր էլ հանկարծ հասկանում ես, որ այդ մարդը քո մի մասնիկն է, հասկանում ես, որ անգամ քո ամենաանկեղծ ժպիտներն են այդ մարդու համար: Ու մի օր երևի կհիշես ամեն ինչ, ամենասկզբից… Ինքդ քեզ վրա կծիծաղես ասածդ առաջին խոսքերի համար, կհասկանաս, թե ինչպես սառն ու անտարբեր խոսքերը դարձան ամենաջերմը, կհիշես՝ ինչպես ծանոթացաք, ինչպես մտերմացաք, ու կհասկանաս, թե ինչպես առանց այդ կարևորի երևի անգամ չկարողանաս էլ ապրել, կամ գուցե ապրես, բայց ապրածդ կյանքը անգույնից էլ ավելի անգույն լինի: Երևի առանց այդ թանկի այն կարմիրը, կապույտը, դեղինն ու մյուս բոլոր վառ գույները կկորչեն կյանքիցդ, կամ ուղղակի կթաքնվեն սևի ու մոխրագույնի հետևում, երբեմն էլ քեզ կնայեն ու կծիծաղեն վրադ: 

Հըը՜մմ, երևի շատ փիլիսոփայեցի: Եկեք ուղղակի կարևորենք մեր կարևորին, ամուր-ամուր բռնենք նրան ու բաց չթողնենք, պահենք մեզ մոտ: Ու եկեք սիրենք մեր կարևորին, սիրենք ամբողջ հոգով, սիրենք առանց կասկածների ու վերապահումների: Սիրենք անշահախնդիր, առանց ակնկալիքի: Ու եկեք ասենք մեր կարևորին, որ իրեն շատ ենք սիրում ու հիմարի պես չմտածենք, թե նա դրա մասին գիտի:Դե, հենց հիմա, առանց վայրկյան կորցնելու մոտեցիր, կամ զանգիր, կամ գրիր նրան, ասա, որ շա՜տ-շա՜տ ես սիրում…

Հա, ու եթե բախտդ բերել է, ու դու նրան գրկելու հնարավորություն էլ ունես, գնա, խեղդելու աստիճան ամուր գրկիր ու էլ բաց մի թող, որ չգնա: Հա՜-հա՜, բաց մի թող, թե չէ՝ կգնա: Բաց մի թող, որ չգնա…

davit avagyan

Ծովահեն և ֆուտբոլիստ

Ինչպես բոլորը, այնպես էլ ես, ունեցել եմ մանկության շատ երազանքներ: Բայց ես ունեի մի երազանք, որը ավելի շատ էի ցանկանում, որ կատարվի: Հնարավոր է` ասածս արտասովոր թվա, բայց ես միշտ ցանկացել եմ ծովահեն դառնալ: Ինձ դուր էր գալիս ծովը, դուր էր գալիս ծովային արկածները, կախարդական վայրերը: Երևի բոլորն էլ տեսած կլինեն «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմը: Այդ ֆիլմի պատճառով ես շատ էի սիրում ծովահեններին, մանավանդ Ջեք Ճնճղուկին:

Բացի ֆիլմից կարդացել եմ նաև Էմիլիո Սալգարիի «Սև Ծովահենը», որտեղ Սև ծովահենը երդվեց բնաջնջել «բարեկամ-թշնամու» տոհմը, բայց սիրահարվելով թշնամու դստերը, մոլորության մեջ է ընկնում: Ու սերը հաղթում է ատելությանը, և նա չի սպանում այդ աղջկան:

Խորհուրդ կտամ անպայման նայել ու կարդալ թե ֆիլմը, թե գիրքը:

Ինձ թվում է՝ հարց կառաջանա, թե ինչու այս նյութի վերնագիրը դրեցի «Ծովահեն և ֆուտբոլիստ», չնայած որ դրանք իրար հետ կապ չունեն: Եթե միայն ծովահենի մասին գրեի նյութս, շատ կարճ կլիներ, դրա համար որոշեցի մի փոքր էլ ֆուտբոլի մասին գրել:
Ֆուտբոլիստ դառնալը նույնպես իմ երազանքներից է եղել: Իմ սիրած թիմը Բարսելոնան է: ՊՍԺ – Բարսելոնա (4-0) արտագնա խաղից հետո բոլորը ծաղրում էին Բարսելոնային, հատկապես Ռեալի երկրպագուները: Բայց մենք հավատում էինք, որ հաջորդ խաղում Բարսելոնան կկարողանա հաշվի մեջ առաջ անցնել, չնայած որ համարյա թե հույս չկար: Ես վստահ էի, որ նա կկարողանա կոտրել փարիզյան գրանդի դիմակայությունը և անցնել հաջորդ փուլ… Այդպես էլ եղավ: Գրեթե հույս չկար, բայց կատալոնական ակումբի սաները վերջին 8 րոպեում կարողացան 3 անպատասխան գնդակ ուղարկել ֆրանսիացիների դարպասը և դրանով իսկ ապահովել Չեմպիոնների Լիգայի ¼ եզրափակչի ուղեգիրը: Կատալոնական ակումբի սաներին և երկրպագուներին այս հաղթանակը ամենից շատ հարկավոր էր նրա համար, որ «փակվի շատերի բերանները»:

Ես նաև միասին եմ գրել այս երկու թեմաները, որովհետև երկուսն էլ պայքարելու ձգտում ունեին և կարողացան իրենց նպատակին հասնել: Ես հասկացա, որ եթե ուզում ես նպատակիդ հասնել, պետք է անպայման պայքարես:

maya harutyunyan

Անցած ձմեռ

Անցավ նաև այս ձմեռը` մեկը այն ցրտաշունչ ձմեռներից, որոնք իրենց հետ բերում են լավ հուշեր: Բայց այս մեկը, չգիտեմ՝ ինչու, ավելի լավ հուշեր բերեց: Այս ձմեռն ամեն ինչով տարբերվում էր մյուսներից: Տարբերվում էր իր գեղեցկությամբ, որով պատվել էր իմ Կոթի գյուղը: Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ խաղալու ընթացքում ձյունը դիպչում էր մեզնից մեկի երեսին, սկսում էր լացել: Այս ձմեռ ամեն ինչ ուրիշ էր, ամեն բան փոխվել էր, նաև՝ խաղի ձևը: Գուցե արդեն մեծ ենք, դրա համար էլ խաղալու ժամանակ ամեն մի չնչին բանից չենք լացում: Այս տարի ձյունն էլ էր համեմատաբար ավելի շատ եկել, այնքան շատ, որ ամբողջ դպրոցի բակը պատված էր ձյունով: 

Ճիշտ է, շատ էինք նկատողություններ ստանում, բայց դա ոչ մի նշանակություն չուներ, միևնույնն է, ամեն դասամիջոցի դուրս էինք գալիս խաղալու: Երբեմն այնպես էինք տարվում խաղով, որ նույնիսկ զանգի ձայնը չէինք լսում: Մի անգամ դպրոցի պահակը որոշել էր, որ ոչ մեկիս չպետք է դուրս թողնի: Իսկ մենք երեխաներով ուրիշ բան մտածեցինք. դե, եթե մի բան ենք դնում մտքներիս, պետք է անպայման անենք: Որոշեցինք մյուս մուտքով դուրս գալ: Դե, բնականաբար, իրագործեցինք մեր «հանճարեղ» միտքը: Զանգը հնչեց և բոլորս գնացինք դպրոցի մուտքի մոտ, հիմա էլ չէին թողնում, որ ներս մտնենք: Մեզ էլ առիթ էր պետք դասից փախչելու և խաղը շարունակելու համար:
Սիրում եմ եղանակների անփոփոխ, բայց փոփոխական կրկնությունը:

Օրացույցները չէ, որ բերում են գարունը

«…Օրացույցները չեն, որոնք բերում են գարունը, ոչ էլ աքաղաղները՝ լուսաբացը: Հաճախ օրացույցային ամենաստույգ ձմռանն ավելի մոտ կարելի է զգալ գարնան ներկայությունը, քան երբ գարուն է…»

Գուրգեն Մահարի, «Ծաղկած փշալարեր»

Seroj araqelyan

Պատուհանիցը մը քիչ դեսը նստե

Այս անգամ շատ չեմ օգտագործի գրական բառեր: Չեմ օգտագործի, որովհետև այս ամենը չեմ կարող գրական հայերենով ներկայացնել: Ուզում եմ պատմել, թե ինչ է կատարվում իմ միջավայրում, երբ կրակում են իմ Բաղանիս գյուղի վրա: Լսվում են կրակոցներ տարբեր զենքերից: Ըհընց, «դեշեկա» էր. անգամ կանայք են տարբերում զենքերը, որովհետև կրակոցները դարձել են սովորական մի բան, որը սահմանամերձ գյուղերից անպակաս է: Եթե չեն նշում զենքի անունը, ասում են. «Էս են գեշ անտերներից ա, սրանց տվածը Աստծու զուլում ա»: Տարբերում են, որովհետև շատ դեպքեր են եղել, երբ կեսգիշերից հետո անսպասելիորեն կրակել են՝ չիմանալով, թե ինչին կարող են կպչել այդ շիկացած փամփուշտները: Դա դժվար է մոռանալ. դժվար է մոռանալ անքուն գիշերները կամ նկուղներում լուսաբաց դիմավորելը:

Ուզում եմ համեմատել քաղաքի երեխաների առօրյան, մեր՝ սահմանամերձ գյուղում բնակվող երեխաներիս առօրյայի հետ:

-Մամ ջան, ես իջնում եմ բակ՝ խաղալու:
-Հա, գնա, բալես, զգույշ՝ չընկնես:

-Մամ ջեն, ես գընըմ եմ դաշտը՝ րեխանց հետ ֆուտբոլ խաղ անող, մը քիչ յեդը կգամ: 
-Բալես, էն էնա տենըմ ես՝ լարված իրավիճակ ա, տանը քու հըմար նստե, բանի չես էլի ման գալի էս գեշ վախտը, կամ որ տենըմ ես՝ կրակըմ են, ճամփեն չընգնես՝ գաս, կկենաս մը քիչ դըդարե, նոր գաս:

-Պապա, չես մոռացել, չէ՞, երեկոյան ծնունդի ենք գնալու:

-Պապ, քանի օրը ցերեգ ա, բերեք շուտ գնանք ծննդի՝ գանք, թե չէ, որ քշերը գնացինք, վտանգավոր ա, էլի, յեդ գալիս ավտոյի ֆառերի լսի վրա կարող ա կրակեն: Օրը ցերեգով գնանք, ըրանքիցը հանենք գանք:

-Բալես, պարապմունքից ուշանում ես, շուտ արա, քանի չես ուշացել:

-Բալես, սօր պարապմունքդ բրախե, դպրոցըմն էիր, կրակեցին, սիրտս գնաց, աչքիս աղաքը դու եկար: Քանի հատ էլ գեղի վերևովը պժժալով գնաց: Սօր ոչ մի պարապմունք, կարալ չես ասես՝ որ պահին ինչ կըլի: Լա կացի, թե վիճակը լըվնացավ, հեգուց կգնաս:

Եվ երբ գալիս է քնելու ժամանակը.

-Բարի գիշեր, ես գնացի քնելու: Ականջակալներս պատուհանին են, չէ՞, մի քիչ երգ լսեմ ու քնեմ:

-Ես գնացի քնեմ, բարի քշեր Ձեզ: 
-Բարի քշեր, տղա ջեն, թե բարի ըլի, բի սօր շորերով պառկե, որ կրակեն, հանկարծ հագնվելու վրա ժամանակ չկորցնես: Հա, մին էլ մոռացա, կռավաթդ պատուհանիցը դեսն ենք բերել՝ դբա պատը, պոստերը երևըմ ա քու սենյակիցը, դրա հըմար: Մըչևը տենունք սրա վերջը ինչ տի ըլիլ:

Այսպիսին է առօրյա կյանքը կրակոցների ժամանակ սահմանամերձ գյուղերում, բայց դա չի նշանակում, որ մարդիկ դադարում են ապրել գյուղում, ու տա Աստված, որ սա վերջին նյութս լինի կրակոցների վերաբերյալ, կամ մյուս անգամ գրեմ արդեն ազատագրված դիրքերի մասին:

davit aleqsanyan

Տղեք, էկեք ճամփեն անց կենանք

Ժամը 7:30-ի սահմաններն էր: Հեռախոսիս զանգ եկավ: Վերցրեցի` տեսնեմ ընկերս ա՝ Արմանը:

-Ալո, հա, ի՞նչ կա, Արմ:

-Ամոն էր զանգել. իրանց տուն ա կանչըմ, գալի՞ս ես:

-Հա, ոնց չեմ գալի: Ո՞ւր ես՝ տեղդ ասա:

-Արի խաչմերուկ:

-Լավ, հինգ րոպեից ըտի եմ:

Հեռախոսը անջատեցի ու գնացի: Եղբայրս՝ Էրոն ու Արմանը ինձ էին սպասում: Իրար հանդիպեցինք խաչմերուկում: Խաչմերուկի մասին ես ձեզ էլի եմ պատմել, Բաղանիսի նշանավոր խաչմերուկը, որտեղից երկու ճանապարհ է բաժանվում՝ մեկը թշնամու դիրքերից երևում է, մյուսը՝ համեմատաբար անվտանգ: Գնում էինք մեր մյուս ընկերոջ՝ Արմենենց տուն: Որոշ ժամանակ անց, երբ արդեն քայլում էինք ճանապարհով, սկսեցին կրակել: Հետ շրջվեցինք ու նայում էինք: Կրակոցներն սկսեցին ուժեղանալ, սակայն գյուղի վրա չէր, այլ դիրքից դիրք: Ես ասացի.

-Տղեք, էկեք ճամփեն անց կենանք:

Ճանապարհի մյուս կողմը չէր երևում դիրքերից: Արմանն ասաց.

-Դուզ ես ասըմ, էկեք անց կենանք:

Ճանապարհի միջնամասում էինք ու…

-Ֆըզզզզզզզզ…

Ադրբեջանական դիրքերից արձակված գնդակներից մեկը անցավ իմ և Արմանի գլխավերևով: Բախտներս բերեց, որ բարձր էր ընթանում: Արագ թաքնվեցինք տներից մեկի մոտ: Կրակը դադարեց: Շարունակեցինք ճանապարհը, ու մեկ էլ ավելի ուժեղ կրակահերթ սկսեց, բայց այդ ժամանակ արդեն հասել էինք ընկերոջս տուն ու շունչներս էինք տեղը բերում:

Լավ էր, ոչ մեկիս բան չեղավ: Ասել Արմանի.

-Մատաղ ունինք անելու:

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Կողբի գլխավոր ճանապարհը լուսավորվելու է

2 կմ երկարությամբ Կողբ գյուղի գլխավոր ճանապարհը մինչև անտառ կլուսավորվի: Երկու կիլոմետր երկարությամբ նորացվում է համայնքի փողոցային լուսավորության ցանցը: Աշխատանքներն իրականացնում է Կողբի գյուղապետարանը` ՄԱԿ-ի և USAID-ի ֆինանսավորմամբ: Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանից տեղեկացանք, որ նախկինում լուսավորություն եղել է, սակայն տարիների ընթացքում հնացել և մասնատվել են գծերը: Այժմ օգտագործվում են նորագույն տեխնոլոգիաներ և հոսանքի ծախսը երեք անգամ ավելի քիչ կլինի, քան երբևէ եղել է: 

Հրաժեշտ ձմռանը

Ժամանակից շուտ սկսված ձմեռը կարծես իր ավարտին է հասնում։ Հետհայացք այդ ցուրտ ու միևնույն ժամանակ լուսավոր օրերին՝ ֆոտոշարքի տեսքով։ Բարի վայելում։