


Մեկ է` չեմ մոռացել
Նախ և առաջ ուզում եմ շնորհավորել բոլորի Նոր տարին՝ 2017 թվականը, մաղթելով ամենալավն ու բարին, նաև նյութս կարդացողին: Այս նյութս 2017-ի առաջին նյութն է: Հուսով եմ, այս տարի ավելի լավ կգրեմ և ավելի հաճելի կլինի ընթերցողին: Բայց մինչ նյութս գրելը, ես պետք է վերցնեմ համակարգիչը քեռուցս: Այո, այո, մի զարմացեք, քեռուցս: Ես համակարգիչ չունեմ: Մինչ իրենք Ռուսաստանում էին, համակարգիչը իմ տրամադրության տակ էր, և գիշերները ես մեծ հաճույքով տրամադրում էի նյութ հավաքելուն և ուղարկում 17.am-ին և հետևում տեղադրված նյութերին: Բայց հիմա մի բան պակասել է, չեմ ասում ընդհանրապես թողել եմ, բայց ես էլ եմ զգում, որ ուշ-ուշ եմ նյութ գրում: Չմտածեք ալարում եմ, ոչ: Ուղղակի ոչ միշտ է հարմարվում վերցնել ուրիշի համակարգիչը, քանի որ ինձնից բացի նույնպես օգտագործող կա: Բայց ես հեռախոսով կամ պլանշետով չեմ դադարում հետևել 17.am-ի զարգացումներին ու նորանոր ավելի կատարելագործված նյութերին ու ֆոտոշարքերին:
Համաձայն եմ ուշ-ուշ եք կարդում նյութս, բայց դա չի նշանակում, որ մոռացել եմ ձեզ: Մեկ է, չեմ մոռացել մեր համատեղ կատարած աշխատանքները: Այդ իսկ պատճառով թղթի վրա գրի եմ առնում և սպասում հարմար պահի, որ համակարգչը վերցնեմ: Հաճախակի չեմ ուղարկում, բայց ուղարկելիս մի քանի հատ եմ ուղարկում: Էստեղ են ասել. «Լավ է ուշ, քան երբեք»: Դե ինչ ասեմ, մնում է սպասեմ, որ էլի գնան Ռուսաստան, որպեսզի համակարգիչը վերցնեմ և անցնեմ իմ հին ռեժիմին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորի 2017 թվականը և մաղթում նորանոր հաջողություններ:

Մի հետաձգեք
Ինչ լավ է, որ հայերն ունեն Նոր Տարին նշելու սովորությունը: Ցավոք, շատերը չեն նույնացնում Ամանորը Սուրբ Ծննդյան հետ, բայց կարևորն այն է, որ նշում են:
Մարդիկ շատ հույսեր են կապում գալիք տարվա հետ, ամփոփում են նախորդ տարին, հիշում իրենց հաջողությունները, սխալերը կամ պարզապես լավ օրերը և փորձում են հաջորդ տարվա հունվարի մեկից փոխվել դեպի լավը, նոր նպատակներ են դնում իրենց առաջ, սկսում են ավելի շատ շփվել հարազատների հետ: Այս ամենը շատ լավ է:
Մեր թաղամասում կան անապահով և բազմազավակ ընտանիքներ: Մի քնաի օր առաջ նկատեցի, որ այդ ընտանիքներից մեկը տանածառ է դրել և պատրաստվում է Ամանորին: Շատ ուրախացա: Ամանորի շնորհիվ նրանք նույնպես կսկսեն ապրել նոր հույսերով ու երազանքներով:
Մի պահ պատկերացրեք հայերը չունենային Ամանորը նշելու սովորությունը: Ինչ անհետաքրքիր կլիներ, չէ՞, ամեն ինչ:
Բայց միայն Ամանորը կամ Ծննդյան օրերը չեն, որ պետք է ստիպեն նոր հույսերով ու նպատակներով ապրել:
Շատ եմ լսել, երբ մարդիկ ասում են, թե օրինակ` հենց Նոր Տարին գա, սկսելու են առողջ ապրելակերպ վարել և նման շատ ու շատ բաներ: Ես էլ տարիներ առաջ մի օր որոշեցի, որ հունվարի մեկից սկսելու եմ մայրիկիս օգնել տան հետ կապված գործերում: Բայց մայրիկս ինձ ոչ մի կերպ չկարողացավ համոզել, որ մի քանի օր շուտ սկսեմ օգնել իրեն: Մի քանի օր ձանձրացա տանը անգործությունից և հունվարի մեկից սկսեցի օգնել մայրիկիս: Սա սխալ է: Եթե ցանկանում եք փոխվել կամ միջոցներ ձեռնարկել Ձեր նպատակներին հասնելու համար, ապա մի հետաձգեք կամ մի նշանակեք հատուկ օր դրանք ի կատար ածելու համար, այլ դա արեք հենց հիմա, հենց այս վայրկյանին:

Ավարտվեց հեքիաթս
Էլի Նոր տարի, էլի տոնածառ, փուչիկներ, նվերներ, երգ, պար, ուրախություն ու լիքը հիշողություններ… Բայց մի վայրկյան, Ձմեռ պապիկին նամակ գրելու մասին մոռացա ասել… Չնայած, ես արդեն վաղուց Ձմեռ պապիկին նամակ չեմ գրում. երևի արդեն մեծ եմ դրա համար:
Հիշում եմ, ոնց էի փոքր ժամանակ հավատում Ձմեռ պապիկին…. Հիշում եմ, ոնց էի խնդրում, որ եթե հանկարծ տասներկուսից շուտ քնեմ, հենց Ձմեռ պապիկը գա, անպայման արթնացնեն ինձ:
Ամեն տարի հունվարի մեկին մեր տանը կռիվ էր. արթնանում էի, վազելով մոտենում տոնածառին, նվերս գտնում, ուրախանում, բայց հետո հանկարծ հիշում, որ ես խնդրել էի արթնացնել ինձ: Ինքս ինձ վրա էլ էի բարկանում, որ էլի Ձմեռ պապիկին բաց թողի ձեռքիցս, ու նրան տեսնելու համար ստիպված եմ մի տարի էլ սպասել… Ո՜նց էի բարկանում, ո՜նց էի կռվում ինքս ինձ հետ, ծնողներիս հետ… Ասում էի, լավ էդքան դժվա՞ր էր ինձ էլ արթնացնեիք, ես էլ տեսնեի Ձմեռ պապին, գոնե նվերներիս համար շնորհակալություն հայտնեի: Նեղանում էի, բոլորից դժգոհ նստում տոնածառի կողքին: Անգամ Ձմեռ պապիկից էի նեղանում, որ համարձակվել է առանց ինձ հետ հանդիպելու հետ գնալ… Բա ո՞նց կլիներ, Ձմեռ պապիկը արհամարհեց ինձ… Չեմ էլ հիշում, քանի տարի եմ հավատացել Ձմեռ պապիկին, քանի անգամ նամակ գրել, կռվել ու նեղացել: Հիշում եմ, երբ արդեն հույսս կտրել էի, որ որևէ մեկն ինձ կարթնացնի Ձմեռ պապիկին տեսնելու համար, նստում էի դռան առաջ ու ոչ մի տեղ չէի գնում: Ասում էի, դե, հիմա էլ հո էդ Ձմեռ պապը գլխիս վրայով չի՞ անցնելու, որ հասնի տոնածառին, ոնց էլ չլինի` կարթնանամ: Է՜, ինչ լավ օրեր էին, ինչ անմեղ ցանկություններ: Կուզեի էլի փոքր լինել, էլի հավատալ Ձմեռ պապիկին, էլի նամակ գրել նրան, ու գրածս նամակի մոտ ժամերով պահակ կանգնել, որ նամակս վերցնելու պահին Ձմեռ պապիկին տեսնեմ: Կուզեի էլի հավատալ, որ Ձմեռ պապիկը նամակը վերցնելիս անտեսանելի է դառնում, որ Նոր տարուց շաբաթներ առաջ լուռ անցնում է պատուհանների կողքով, որ չարություն անող երեխաների համար նվերներ չբերի…
Հետո… Մեծացա, ու պարզվեց այն, ինչ պարզվեց… Բացահայտվեց այդ քաղցր սուտն, ու կարծես շատ բան անգույն ու միօրինակ դարձավ… Արդեն էլ նամակ չէի գրում, ասում էի` ինքս ինձ խաբե՞մ, թե՞ ձեզ, կասեմ ինչ եմ ուզում, դուք էլ կառնեք, էլի, էլ ի՞նչ նամակ…
Մի քիչ էլ մեծացա, ու հասկացա, որ ես մի Ձմեռ պապիկ ունեմ, որ ոչ ոք չի կարող ունենալ… Հասկացա, որ իմ Ձմեռ պապիկը աշխարհի ամենաբարի ու ամենալավ Ձմեռ պապիկն է, որ ինքը իմ Ձմեռ պապիկն է ու էլ ոչ մեկինը… Իմ Ձմեռ պապիկը ամեն տարի, տասներկուսից մի քանի րոպե անց մի փոքրիկ պարկ ձեռքին մեր տուն էր գալիս: Ամեն տարի, առանց բացառության: Իմ Ձմեռ պապիկն անտեսանելի չէր ու ոչ էլ երբևէ առանց ինձ տեսնելու հետ էր գնում: Դուռը թակում էր, վազում էի բացում: Ինչքա՜ն էի ուրախանում, կարծես աշխարհն իմը լիներ… Գրկում էի Ձմեռ պապիկիս, համբուրում, հետո ուրախ-ուրախ վերցնում պարկը, հանում մրգերը, կոնֆետները: Հետո էլի Ձմեռ պապիկիս գրկում, համբուրում, շնորհակալություն հայտնում: Այդ հեքիաթն էլ ավարտվեց, ավարտվեց 2 տարի առաջ: Ձմեռ պապիկս գնաց, գնաց` ինձ մենակ թողնելով… Հիմա էլ նոր տարուն ինձ հյուր չի գալիս, էլ մեր տան դուռը չի թակում ու ինձ կոնֆետներ ու մրգեր չի բերում: Ավարտվեց հեքիաթս, այդ մի լույսս էլ մարեց, մարեց, երբ մարեց Ձմեռ պապիկիս աչքերի լույսը… Հորեղբայրս, իմ Ձմեռ պապիկը, ում ես անսահման շատ եմ սիրում, էլ ինձ հյուր չի գալիս… Երևի երբեք էլ չհամակերպվեմ այն փաստի հետ, որ իմ Ձմեռ պապիկն էլ մեր տան դուռը չի թակի, որ ես էլ երբեք նրա բերած մանդարինները չեմ մաքրի ու իրեն հյուրասիրի, որ նրա բերած կոնֆետների փոխարեն ուրիշները չեմ լցնի պարկի մեջ ու տամ իրեն…
Հեքիաթս ավարտվեց, Ձմեռ պապիկս էլ չի գալիս, էլ մեր տան դուռը չի թակում, էլ ինձ մրգեր ու կոնֆետներ չի բերում… Ավարտվեց հեքիաթս…

Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է
Ասում են` ես զարմանալի մարդ եմ։ Մի տարվա ընթացքում երեք անգամ փոխեցի որոշումս` մասնագիտության ընտրության հարցում։ Սկզբում ցանկանում էի ընտրել Ամերիկյան համալսարանի «Անգլերեն և հաղորդակցություն» բաժինը։ Հետո (մոտ վեց ամիս անց) մասնակցեցի մի բիզնես սեմինարի, որից հետո որոշեցի ընտրել «Բիզնես» բաժինը, բայց մինչ այդ դեպքը, բիզնեսը ինձ համար «անհասանելի» ոլորտ էի համարում։ Իսկ հիմա՝ հինգ ամիս անց, մտածում եմ սովորել ծրագրավորում։
Ամբողջ կյանքում ատել եմ ծրագրավորումը։ Դեռ մեկ շաբաթ առաջ էլ ատում էի այն։
Ինչքան էլ որ չեմ սիրել ծրագրավորումը, միշտ էլ հարգել եմ ծրագրավորողներին և ծրագրավորում սովորողներին։ Նրանք ոչ միայն ապագայում կունենան բարձր վարձատրվող աշխատանք, այլ նաև մեծապես կօգնեն Հայաստանին։ Հայաստանը կարիք ունի շատ և լավ ծրագրավորողների։
Մինչև ընդունելության համար նախատեսված դիմումի հանձնման ժամկետը ունեմ երեք ամիս։ Քիչ չէ։ Կհասնեմ ներբեռնել ծրագիր՝ կոդեր գրելու համար, ինչպես նաև ձեռք կբերեմ մի լավ գիրք և կփորձեմ պարզել. արդյոք արժե՞ ծրագրավորում ընտրել, թե՞ ոչ։ Ում պատմում եմ այս մտքի մասին, բոլորն ասում են, որ խուսափեմ այսպիսի կտրուկ որոշումներ կայացնելուց, քանի որ երկար ժամանակ որոշված էր, որ բիզնես եմ սովորելու, այդպես էլ անեմ։ Բայց ինչո՞ւ ոչ։ Ի՞նչ պարտադիր է սովորեմ այն, ինչի մասին ավելի երկար եմ մտածել։ Շատ մարդիկ կան, ովքեր դեռ մանկուց որոշում են իրենց մասնագիտությունը, կամ գուցե իրենց ծնողներն են որոշած լինում, ինչը շատ հաճախ է լինում, և ընտրում են հենց այդ մասնագիտությունը։ Այդպիսով նրանք չեն նկատում տարիների ընթացքում իրենց շրջապատում ի հայտ եկող փոփոխությունները։ Չեն նկատում, որ որոշ մասնագիտություններ ժամանակի ընթացքում ավելի պահանջված են դառնում։
Կարծում եմ՝ պետք չէ խուսափել կտրուկ որոշումներ կայացնելուց կամ ինչ-որ փոփոխության հետ առերեսվելուց։ Պետք չէ կառչել անցյալում ունեցած որոշումներից կամ մտքերից։ Չէ ՞ որ մենք ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ենք զարգանում և բացահայտում նոր հետաքրքրություններ:
Ես շնորհակալ եմ ինձնից, որ ցածր ստացա անգլերենի քննությունս և չդիմեցի համալսարան։ Այլապես սովորելու էի «Անգլերեն և հաղորդակցություն» բաժնում ու, հավանաբար, հետո չէի էլ մտածելու այլ բաժին ընտրելու մասին։ Այս ամիսների ընթացքում ես, երկար ժամանակ մենակ մնալով իմ մտքերի հետ, շատ բան հասկացա ու բացահայտեցի։ Հասկացա, թե ինչ եմ ուզում իրականում, և թե ինչն է ինձ հետաքրքրում։
Ես շատ եմ հետաքրքրված բիզնեսով։ Հնարավորության դեպքում անպայման հիմնելու եմ իմ սեփական բիզնեսը, երբ էլ որ դա լինի։ Եթե անգամ ծրագրավորում սովորեմ, երբեք չեմ մոռանա ուսումնասիրել բիզնեսի գաղտնիքները։ Ամերիկյան համալսարանում հնարավորություն եմ ունենալու ծրագրավորմանը զուգահեռ ուսումնասիրել նաև բիզնես։
Եթե երեք ամսվա ընթացքում հասկանամ, որ այնուամենայնիվ ծրագրավորումը իմը չէ, ապա կսովորեմ բիզնես, բայց բակալավրիատի տարիներին չեմ դադարի ուսումնասիրել ծրագրավորումը։ Եվ հնարավոր է մագիստրատուրայում սովորեմ ծրագրավորում։ Ինչպես ասել է Մարկ Ցուկերբերգը. «Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է։ Մի աշխարհում, որը փոխվում է իսկապես արագ, միակ ստրատեգիան, որը երաշխավորում է ձախողում, ռիսկի չդիմելն է»։

Ես էլ եմ ուզում խոսել Նոր տարուց, բայց…
Ես էլ եմ ուզում խոսել Նոր տարուց, բայց ոչ այն մասին, թե ինչպես են նշում այն մեզ մոտ: Ուզում եմ խոսել դրանից բխող հետևանքների մասին: Դե, ինչպես գիտեք, փոքր երեխաները սիրում են պայթուցիկներ պայթեցնել այս տոնի ժամանակ: Սակայն դրանից շատ մարդիկ վախենում են: Չէ, չէ, սխալ եք հասկանում. ոչ թե այդ փոքր բաներից, այլ կարծում են` թշնամին է կրակ բացել գյուղի վրա:
Երբ ես տանն եմ լինում, մեկ-մեկ նկատում եմ, թե ինչպես է մայրս ամեն պայթուցիկի ձայնից վեր թռչում: Դե, իհարկե, այս ամենը վերջին մի քանի տարիներին է առաջացել, որովհետև մի քանի տարի առաջ չկար և ոչ մի կրակոց մեր` Բաղանիս գյուղի վրա:
Մի անգամ հիշում եմ, ես էլ էի պայթուցիկ պայթեցրել, և հարևանը, կարծելով, թե կրակում են, անհանգստացած զանգահարել էր մայրիկին ճշտելու` կրակո՞ց էր, թե՞ ոչ: Մայրս հանգստացրեց, ասելով, որ Դավիթն է եղել:
Էս էլ մենք` մեր սահմանի հետ:

Լռության ժամ
Երևի շատ տներում գոյություն ունի «լռության ժամ» կոչվածը: Չէ՛, չէ՛, դա հաց ուտելու ժամը չէ, և ոչ էլ գիշերվա այն ժամը, երբ բոլորը քնած են: Լռության ժամն ավելի հաճախ այն տներում է պատահում, որտեղ տատիկներ կան: Եթե տատիկ, ուրեմն՝ հեռուստասերիալ… Հիմա հասկացա՞ք, թե ինչ նկատի ունեի լռության ժամ ասելով…
Եթե տանը տատիկ կա, ուրեմն հեռուստասերիալի սկսվելուն պես բոլոր բերանները պարտավոր են փակվել, բոլոր գործերը պարտավոր են սպասել, բոլոր հանդիպումները՝ հետաձգվել… Այսինքն՝ բոլորը՝ մեծից փոքր, ստիպված են ձկան պես լուռ նստել…
Սիրում եմ, երբ ինչ-որ տատիկ հեռուստասերիալ է նայում, իսկ ես ուղղակի դրա ականատեսն եմ լինում: Տատիկների սերիալ նայելը կարծես մի հատուկ արարողակարգ լինի, միշտ նույնը, նույն հերթականությամբ՝
1. նստել հեռուստացույցի առաջ գովազդով նշված ժամից մի քիչ շուտ,
2. ինչ-որ մեկից խնդրել հեռակառավարման վահանակը,
3. բարձրացնել հեռուստացույցի ձայնը ինչքան հնարավոր է,
4. սպասել ֆիլմի սկսվելուն…
Վերը նշված երրորդ կետը՝ ձայնը մինչև վերջ բարձրացնելը պարտադիր նախապայման է, եթե անգամ տատիկը ի վիճակի է ավելի ցածր ձայնով էլ լսել: Դեռ դա ոչինչ, ամենահետաքրքիր պահերը սկսվում են ֆիլմի սկսվելուն պես… Քար լռություն, միայն դերասանների ձայն, ու, ու ինձ թվում է սերիալ նայող տատիկի ձայնի մասին նշելն անգամ ավելորդ է… Այս արարողակարգին գոնե մի անգամ ականատես եղածներից շատերը կարող են հաստատել այն, որ ամբողջ ֆիլմի ընթացքում տատիկի ձայնն ավելի շատ է լսվում, քան բոլոր դերասանների ձայները միասին վերցրած: Սպորտային մեկնաբանի նման, տատիկները կարող են անվերջ խոսել ամբողջ ֆիլմի ընթացքում, շարունակ բարձրաձայնել իրենց անմեղ մեկնաբանությունները: Սիրում եմ, երբ սկսում են գովել դերասանին, հաճախ էլ՝ անիծել… Սիրում եմ, երբ հեռուստացույցի դիմաց նստած տատիկը անմեղորեն հուշում է դերասանին, թե ինչ պետք է անի… Սիրում եմ, տատիկների այդ անմեղ մեկնաբանությունները…
Շա՜տ կուզեի, որ տատիկս ողջ լիներ… Շա՜տ կուզեի ենթարկվել տատիկիս կողմից մշակված այդ հատուկ կանոնակարգին…
Արձակուրդներ են

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Յուղն ու բրինձը
Այս պատմությունը կատարվել է շատ տարիներ առաջ և ցույց է տալիս, թե ինչ կարող է անել սուտը: Այս պատմությունը պատմել է տատիկս:
Երբ պապիկս երկու տարեկան է եղել, նրա հայրը գնացել է Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու և չի վերադարձել: Երեք երեխաների հոգսը մնացել է նրանց մոր՝ Կեկել տատի վրա: Նա միշտ կարևոր գործեր անելիս տեղյակ էր պահում եղբորը: Բայց մի անգամ երկու տղամարդ են գալիս և ասում, որ եթե գումար տա իրենց, ապա նրանք կգնան և յուղ ու բրինձ կբերեն: Այս անգամ չգիտեմ՝ ինչու, մեր Կեկել տատը չի հարցնում իր եղբորը, հանում ու մեծ գումար է տալիս նրանց:
Ամբողջ գիշեր տանջվում է, քանի որ եղբորը չէր հարցրել և մտածում է, որ եթե առավոտյան գնա եղբոր մոտ, արդեն շատ ուշ կլինի: Վեր է կենում, գիշերվա ժամը երեքին, քնած երեխաներին թողնելով մեծ աղջկա հույսին, գնում է այդ տղամարդկանց մոտ և ասում, որ hետ վերադարձնեն իր գումարը: Տղամարդիկ սկսում են համոզել, որ անպայման մի քանի օրից կբերեն յուղն ու բրինձը, բայց Կեկել տատը երկու ոտքը դնում է մեկ կոշիկի մեջ և հետ պահանջում գումարը՝ ասելով, որ երբ կլինի եղն ու բրինձը, այն ժամանակ էլ կտա գումարը: Վերցնում է գումարը և գալիս տուն:
Անցնում է որոշ ժամանակ, նրանք հետ չեն վերադառնում: Իմանալով այս պատմությունը՝ մարդիկ հասկանում են, որ այդ «բարեկենդանները» իրականում խաբեբաներ են եղել: Օգտվելով մարդկանց միամտությունից և ծանր կացությունից՝ վերցրել են գումարը և գնացել: Նրանք խաբել էին տասնյակ ընտանիքների, բայց ի տարբերություն Կեկել տատի, նրանք շատ ուշ են հասկացել, թե իրականում ինչ էր կատարվել: Այդ երկու տղամարդիկ մինչև հիմա գնացել են յուղ ու բրինձ բերելու:
Ինչպես Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը, այնպես էլ մյուս հեքիաթները գրվում են իրական պատմությունների հիման վրա: Եվ եթե չենք ուզում դառնալ հեքիաթի հերոսներից մեկը, պիտի դասեր քաղենք մեզ հասած պատմություններից:
Էլենը
Երևի լսած կլինեք Կողբ գյուղի մասին: Եթե լսել եք, լսած կլինեք նաև Կողբի նկարչական պլեներների մասին՝ երբ ամեն տարի ամռանը՝ հուլիսի կեսերից մինչև օգոստոսի վերջին օրերը գեղարվեստի դպրոցի սաները գնում են Կողբ և հանգստանալու, և նկարչական գիտելիքները հմտեցնելու:
Արդեն երեք տարի է, ինչ մասնակցում եմ այդ պլեներներին: Պլեների ժամանակ ունենում ենք հյուրեր տարբեր մարզերից, նաև տարբեր երկրներից: Մոտ երկու տարի առաջ մեր հյուրերն էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները: Ինձ հատկացված էր 8 օր պլեներում: Առաջին օրը առաջնայինը տեղավորվելն էր ու ծանոթանալը: Անցել էր երևի մեկ ժամ, մեկ էլ ուսուցիչներից մեկը խնդրեց, որ բացենք դարպասները, հյուրերը գալիս են: Հյուրերին դիմավորեցինք, օր-օրի ավելի էինք մտերմանում գիշերային խարույկի շուրջը վարած զրույցներով: Անցավ մեկ շաբաթ, մեր հյուրերը գնացին, և նրանց փոխարինելու եկան կրթահամալիրի ուրիշ սաներ: Ես ծանոթացա Էլենի՝ Էլեն Ավանեսյանի հետ: Ծանոթանալուց հետո կես ժամ էր անցել, բայց այնպիսի տպավորություն էր, թե զրուցում եմ իմ վաղեմի համախոհ ծանոթի հետ: Երևի պատճառը արվեստն էր, հատկապես նույն ճյուղը: Էլենին հարցրեցի, թե ինչքան ժամանակ է, ինչ զբաղվում է նկարչությամբ, նա ասաց` երկու տարի: Իսկ այդ ժամանակ լրանում էր նկարչությամբ զբաղվելու իմ չորրորդ տարին: Նա հաճախել էր ավելի քիչ: Եվ երբ տեսա Էլենի գործերը, զարմացա, թե երկու տարվա մեջ ինչպես կարելի է այդպես առաջ գնալ:
Առավոտյան լրանում էր ճամբարում գտնվելու իմ օրերը, և ես պետք է գնայի տուն, բայց չէի ուզում: Դժվար է հեռանալ, երբ հանդիպում ես քո համախոհներին ու անգամ մեկ օրը չլրացած, ստիպված ես հեռանալ:
Ըստ պայմանավորվածության մեր մեքենան գալու էր կեսօրին: Նախաճաշը վերջացավ, ու մոտակայքում սկսվեց լսվել թղթին քսվող մատիտների ձայնը: Երբ հեռվից մեքենայի ձայն էր գալիս, տխրում էինք, կարծելով, թե մեր մեքենան է: Երբ համոզվում էինք, որ մեր մեքենան չէ, ուրախանում էինք: Բայց ինչպես որ պայմանավորվել էինք, մեքենան եկավ, ու ասացին, որ կես ժամից շարժվելու ենք, կես ժամ ժամանակ ունենք երեխաներին հրաժեշտ տալու: Դժվար էր Էլենին ցտեսություն ասել, որովհետև այդ մեկ օրվա մեջ ես շատ էի մտերմացել նրա հետ: Էլենին ցտեսություն մաղթեցի ու նստեցի մեքենան: Երբ եկա տուն, որոշ ժամանակ անց հիշեցի, որ մոռացել եմ իրենից իր ֆեյսբուքյան էջը իմանալ: Փնտրեցի-փնտրեցի, չգտա, անունը համ ռուսերեն որոնեցի, համ հայերեն, համ անգլերեն, բայց չգտա: Անցավ մեկ ամիս, էլ հույս չունեի, որ կգտնեմ, բայց պատահաբար տեսա, որ մեր խմբի աղջիկներից մեկը հավանել էր Էլեն Ավանեսյան անունով մի աղջկա լուսանկար: Մի քանի րոպե նկարին նայելուց հետո տեսա, որ Էլենն է: Շունչս պահած բացեցի Էլենի էջը ու ընկերանալու խնդրանք ուղարկեցի: Խնդրանքս ընդունվեց, ու մենք արդեն 2 տարի է, ինչ ֆեյսբուքով շփվում ենք: Ճիշտ է, մենք մի քանի ժամ ենք շփվել, բայց այնպիսի հաճելի տպավորություն եմ ստացել, որ երբեք այդ ծանոթությունը չեմ մոռանա:
Ես Էլենին համարում եմ լավ ընկեր, լավ մարդ և լավ նկարչուհի, ում գործերը ինձ համար օրինակելի են: Ես շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ Էլենին, ու թեկուզ համացանցով, բայց կարողանում ենք կապ պաշտպանել մի քանի ժամվա շփումից հետո:
Մոռացա նշել, որ էլենը սիրում է նաև գրել: Հույս ունեմ, որ էլի բախտ կվիճակվի հանդիպել Էլենին ու շարունակել մեր կիսատ մնացած զրույցը: