Aspram Parsadanyan

Սահմանին մենք ենք

21-րդ դարում յուրաքանչյուր ազգ ու ժողովուրդ ձգտում է խաղաղության, սակայն միշտ չէ, որ կառավարությունը պատրաստ է լսել ժողովրդի ձայնը: Նույնիսկ այսօր, երբ ազգերը փորձում են հրաժարվել պատերազմներից, և վեճերն ու հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով, վայրի ու անգութ թշնամին շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, անկուշտ ու անհագ կառավարությունը խլում է թե՛ իր, թե՛ մեր` խաղաղ բնակիչների կյանքը: Որդեկորույս մայրը նույն մայրն է՝ անկախ ազգությունից. որբ մնացած մանչուկի ցավը ազգություն չի ճանաչում: Յուրաքանչյուր ոք ձգտում է խաղաղության, սակայն հայ ժողովրդին բախտ չի վիճակվել խաղաղ ապրել իր փոքրիկ հողակտորի վրա: Ինչպե՞ս կարող ենք հարևանի հետ խոսել ժողովրդավարության մասին, երբ դեռ նրա երակներում անհագ գիշատչի արյունն է հոսում: Ինչպե՞ս փոխել մարդկանց կարծիքը, թե խաղաղության տանող միակ ճանապարհը պատերազմն է, եթե նրանց մեջ  խոսում է  պապերից ժառանգած վրեժը: Ինչպե՞ս հավատալ խաղաղությանը, երբ ամեն առավոտ արթնանում ես կրակոցի ձայնից, այլ ոչ աքաղաղի, երբ ամեն գիշեր անուշ հեքիաթին փոխարինում են ահազդու ձայները: Ինչպե՞ս երազել բարեկամության մասին, երբ բարեկամդ զոհն է դառնում մահաբեր արկի…

Յուրաքանչյուր ձայն հոգուդ մեջ արթնացնում է թե՛ հայրենասիրություն, թե՛ վաղաժամ մահվան վախ: Այդուհանդերձ, անընկճելի և ամենակարող հայ ենք, որի վերացումը ծրագրված էր հարյուրամյակներ առաջ, սակայն այսօր կամ ես, կաս դու. դա փաստն է այն բանի, որ կրկին ու կրկին ծրագիրը տապալված է: Միայն պետք է հասկանալ, որ հայրենիքը սկսվում է սահմանից: Հանգիստ եղեք, սիրելինե՛րս, չէ՞ որ սահմանին մենք ենք:

seryoja arakelyan

Սարվորները

Գնացինք սար` Վարդավառի: Երևի բոլորը մտածում են` ի՞նչ կապ ունի, թե որտեղ են նշում Վարդավառը՝ կարևորը նշենք: Բայց ասեմ, որ միջավայրը նույնպես մեծ նշանակություն ունի: Միշտ քննարկման թեմա է եղել գյուղի ու քաղաքի միջև տարբերությունը, թե որտեղ է ավելի հաճելի ժամանակը անցնում: Բնականաբար պարզ է, որ գյուղում ավելի հաճելի է անցնում ժամանակը, որովհետև չկա աղմուկ և անտանելի շոգ: Բայց ասեմ, որ գյուղից ավելի հաճելի վայր կա, որը կոչվում է սար: Այստեղ չկա թեկուզ այդ չնչին տրանսպորտը, որը գյուղերում է: Չկա էլեկտրականություն, ինտերնետ և անգամ կապ` հեռախոսով խոսելու համար: Այդ իսկ պատճառով սար գնալուց մի քանի օր առաջ, բարեկամներին կամ ծանոթներին տեղեկացնում են, որ չզանգահարեն և չանհանգստանան, սարում ենք լինելու: Միակ տեղեկատվական աղբյուրը դա ռադիոն է, որը պարտադիր իր է յուրաքանչյուր սարվորի տնակում: Փոխարենը կա թռչունների գեղեցիկ ձայներ, մաքուր օդ և երեկոյան լռության մեջ լսվող քամու և ծառերի բախման աղմուկ: Ճիշտ է, գյուղից 35կմ հեռավորության վրա է գտնվում, անցնում ենք երկա~ր ճանապարհ,բայց արժե՝ իսկապես, որ արժե: 

emma qosakyan

Աղմկեք իմ սրտում ու հոգում…

Երեկ քայլում էի փողոցով, ու հանկարծ ականջիս հասավ քիչ հեռու կանգնած զրուցակիցների խոսակցությունից մի մաս. «Մարդկությունը օր-օրի փոխվում է, օր-օրի փչանում»,- կրկնում էր տարեց մի մարդ:

Անկեղծ ասած, երբեք չէի մտածել այս ու նմանատիպ հարցերի շուրջ: Հատկապես վերջերս միակ մտահոգությունս բուհ ընդունվելն էր: Եկա տուն շատ տպավորված իմ լսածով: Ու մտածում եմ, փաստորեն օր-օրի դեպի բացասականն է քայլում այն մարդկությունը, որի մի մասն եմ նաև ես: Բայց, չէ, չհամաձայնեցի լսածիս հետ: Թեև կան թերի կողմեր, բայց լույսն ու էներգիան ավելի շատ է: Սակայն մի սև գիծ կա, որ չեմ կարող չնկատել: Մարդիկ դարձել են «աղմկոտ», դարձել են շատախոս: Նրանք հաճախ խոսում են դատարկ բաների մասին: Անվերջ կրկնում են. «Ես ունեմ, ես կտամ, ես կգամ, ես քեզ հետ եմ, ես, ես, ես…»:

Ասում են, բայց հաճախ չեն նկատում, որ ինչքան էլ գոռան, տանը սյուն է հարկավոր: Սյունն ինքն իրեն չի կառուցվեու, պետք է իրենք կառուցեն: Մարդիկ մոռացել են, որ պետք է շատ գործել ու քիչ խոսել: Պետք չէ անվերջ կրկնել, թե ես լավ երգիչ եմ, ավելի լավ է` երգել ու ցույց տալ: Պետք չէ անվերջ կրկնել, թե քեզ հարգում եմ` պետք է ցույց տալ:

Ու այսպես, այս «պետք է»-ների շարքը, թվում է, անվերջ է: Նրանք թող աղմկեն իրենց քայլերով, պահվածքով, վարքագծով մեր սրտում ու հոգում: Այնպես աղմկեն հոգում, որ ոգևորությունից չքնենք ողջ գիշեր, այլ ոչ թե հոգնությունից, մենակ ու լքված զգալուց: Եվ ոչ թե մտածենք, թե առավոտյան ինչպես ենք մեր խնդիրը լուծելու, այլ նյարդայնացած մտածելու, թե վաղն էլի նույն խոսքերն ենք լսելու, գլխացավ առաջացնող կրկնությունները:

Ես անցորդ տարեց մարդու հետ մեկ է, չեմ ուզում համաձայնվել, որովհետև չեմ ուզում դառնալ այդպիսին: Պարզապես պետք է մեզնից սկսենք, ոչ թե պահանջենք: Պարզապես պետք է հայտնվել ճիշտ պահին ճիշտ վայրում ու աղմկել բարձր, շատ բարձր` մեր ջերմությամբ, հոգատարությամբ, դիմացինի հանդեպ սիրով, դրական էներգիայով` մինչև դիմացինի սրտի ամենանուրբ թելերը…

Լուռ աղմկենք:

Aspram Parsadanyan

Կոնչոլ

Հայաստանի ամեն տարածք  յուրօրինակ բառ ու բան  ունի: Մեր գյուղն էլ` Տավուշի մարզի Բերդավան գյուղը,  աչքի է ընկնում իր յուրահատկություններով, բարբառով և համեղ կերակուրներով: Իհարկե, երիտասարդները փորձում են  քիչ օգտվել դրանցից, բայց ես պաշտում եմ մեր ուտեստները: Շատ եմ սիրում այն օրերը, երբ տատս ինձ կտրում է գրքից, համակարգչից ու կանչում.

-Բալե՜ս, հըլա արի, բան եմ ասըմ:

Եվ երբ կանչում է, ուրեմն կա՛մ հին օրերից  մի պատմություն է պատմելու, կա՛մ բառ  է հիշել, և պնդելու է,  որ գրի առնեմ իմ բառարանում: Հաճախ էլ մեր «հին»  ու համեղ ուտեստներից է  պատրաստում և ուզում է, որ առաջինը ես փորձեմ:

Դեմ չեք, չէ՞,  որ մի փոքր պատմեմ իմ ու տատիս բառարանի մասին:

Այն մի հաստ տետր է՝ անհրապույր տեսքով, պոկված ու մի կերպ իրար սոսնձված էջերով: Դրա մեջ զինվորների պես շարված են մեր բարբառի գանձերը, և իհարկե, բառերի բացատրությունները: Երբ նոր էի սկսել գրել տետրի առաջին էջերը, ոչ ոք լուրջ չվերաբերվեց  իմ նախաձեռնությանը: Բայց հետո  բոլոր ծանոթներս ձեռնամուխ եղան այդ գործին: Նույնիսկ ուսուցիչները, հաճախ ընդհատում  էին դասն ու  նոր բառ թելադրում, որ գրի առնեմ:

Տանը տատս էր ձայն տալիս.

-Գրի՛, ումուդ-հույս:

Դասընկերոջիցս հաղորդագրություն էի ստանում.

-Գրի՛,  ղարով- կույր:

Քույրս էր  զանգում,  և առանց բարևի, առանց որպիսությունս հարցնելու  հրամայում.

-Գրի` ղրալլուխ-ականակիր, կենդու-մենակ:

Ինձ թվում էր՝շուտով կգժվեմ: Տետրն ու գրիչը ձեռքիցս վայր չէի դնում: Հետո «բառարանի» մեջ իրենց տեղը  զբաղեցրին անեծքներն ու օրհնանքները:

Ես, իհարկե, չգժվեցի: Խոնարհ ծառայի պես գրի առա բոլորի ասածներն, ու տետրս լցվեց բազում բառերով ու  արտահայտություններով:

Հա՜, քիչ էր մնում մոռանայի ամենակարևոր պատմությունը:

Օրս կրկին սկսվեց տատիս ձայնով:

-Լա վի կացի, աղջիկն էդքան քնիլ չի:

Արթնացա: ժամը ութն  էր:

-Ու՜ֆ, էկա՜, էկա՜:

-Արի՛, կոնչոլ ենք սարքըմ:

Այ, դա ուրիշ, դա սփոփեց ինձ ու արդարացրեց տատիս:

-Բարի լույս, տա՛տ:

-Սոխը կլպե, սոխեռած արա:

Ու սկսվեց կոնչոլի արարողությունը, որը շատ պարզ բաղադրատոմս ունի`  չոր հաց (գրեթե հնացած), հավկիթ,  սոխ, կանաչի և, անպայման, ախորժակ:

Պատրաստում ենք, ու տատս ընթացքում պատմում է, որ ուտելիքը հորինել են սարերում ապրող մեր գյուղի տարեցները: Երբ ուտելու բան չի եղել, հացն էլ սկսել է բորբոսնել, կանայք հորինել են այս ուտեստը: Այդպես, տարիներն անցել են, իսկ էժան ու որակով բաղադրատոմսը պահպանվել ու հասել է մեզ:

Դե, ինչ, կոնչոլը պատրաստեցի, հիմա կփորձենք, ու տատս, որպես փորձագետ՝ կգնահատի պատրաստածս: Բույրն ինձ դուր եկավ: Տատս էլ հավանեց`ուտելով առաջին գդալը:

Մյուս անգամ էլ  «դումբրակ» կպատրաստեմ` ավելուկի փշեջուր, «ծանդիլ», « փթռուկ»: Տատս էլ կհամտեսի ու կգնահատի:  Լավ… Գնացի: Կոնչոլը հովանում է:

Բարի ախորժակ բոլորիս:

davit avagyan

Անսպասելի նվեր

Ուռա~, հազիվ վերջացավ խոտի սեզոնը, և ես կկարողանամ հանգստանալ և վայելել ամառային արձակուրդս:

Հինգշաբթի օր էր: Այդ օրը ընկերոջս ծննդյան օրն էր: Նա շատ էր սիրում կենդանիներ պահել: Ես նույնպես հրավիրված էի նրա ծնունդին, բայց չգիտեի՝ ի՞նչ գնեմ նրա համար: Այդ օրը ես գնացի խոտ հավաքելու, իսկ ընկերներս գնալու էին ծնունդին: Ես շտապում էի շուտ ավարտել խոտ հավաքելը, որպեսզի գնամ ընկերոջս ծնունդին, բայց հանկարծ մի թփի մոտից մի փոքր նապաստակ փախավ: Ես վազեցի նրա հետևից, բայց չէի կարողանում նրան բռնել: Նա փոքր էր, բայց շատ արագ էր վազում: Բոլորը ինձ ու նապաստակին էին նայում և ծիծաղում: Ի վերջո ես այնքան վազեցի, որ նապաստակը հոգնեց և կանգնեց: Ես գնացի ու բռնեցի նրան. բոլորը զարմացել էին: Երբ մենք տուն վերադարձանք, ես նապաստակին նվիրեցի ընկերոջս որպես ծննդյան նվեր:

davit alexanyan

Գաղտնի աշխատասենյակը

Իմ նյութերի աշխուժությունը նաև կախված է իմ գտնվելու վայրից: Ես դեռ ոչ մի անգամ տանը նյութ չեմ գրել: Ես չեմ սիրում, երբ գրելուց ինձ խանգարում են: Ուրեմն սկսեմ պատմել իմ նյութերի ծագման մասին: Եթե հիշում եք, ես ապրում եմ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում: Ամեն առավոտ ժամը 6:30-ին մեր խոզերը տանում եմ արածեցնելու: Վերցնում եմ տետրս և գրիչս ինձ հետ: Բարձրանում եմ տան հետևում գտնվող լեռան գագաթը և սկսում նյութս շարադրել: Նստում եմ կոճղերից մեկի վրա և ժամերով մտածում նյութիս շուրջը: Մաքուր օդին, չնայած մի քիչ մրսելով, կարողանում եմ շարադրել մտքերս: Մեկ-մեկ ընկնում եմ երազանքների գիրկը և մոռանում նյութի մասին: Մեկ-մեկ էլ վազվզում եմ խոզերի հետևից: Դե, խողերը չեն հասկանում, որ ես ստեղծագործում եմ:

Մի անգամ էլ, անձրևոտ եղանակ էր, և ես չկարողացա նյութ գրել, սակայն հուսախաբ չեղա: Նստեցի կոճղին և սկսեցի մտածել, թե ինչի մասին եմ նյութս գրելու, ինչպես եմ սկսելու, ինչպես` վերջացնելու: Միայն այս մի դեպքն էր, որ մտածածս թղթին հանձնեցի տանը:

Ես սիրում եմ մենակ մնալ և մտածել: Մենակության մեջ ավելի լավ եմ կարողանում մտածել, և դա է պատճառը, որ նյութերս լավ են ստացվում:

Իսկ գաղտնի աշխատասենյակը դա տան հետևում գտնվող լեռան գագաթն է:

Սա էլ հիմա այնտեղ եմ գրում` վաղ առավոտյան մեր խոզերն արածեցնելիս:

seryoja arakelyan

Անսպասելի հաղթանակ

Մայիս ամիսն էր: Հիվանդացել էի և երկու օր դպրոց չէի գնալու: Մայրիկիս խնդրեցի, որ զանգի դասղեկին և տեղյակ պահի իմ բացակայության համար: Դասղեկի հետ զրուցելու ժամանակ դասղեկս նշեց, որ դպրոցին հանձնարարություն կա տրված` մասնակցել «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում կամ ապագան մեր պատկերացումներով» մրցույթին: Դասղեկս կատակելով ասաց. «Մինչև չնկարի, չի կարող բացակայել»: Ճիշտ է, դժվարությամբ, բայց նկարեցի: Նկարեցի հեռախոս, որի միջից մարդու գլուխ էր  դուրս եկել, նկարն անվանեցի «Skype-ը 2030 թվականին»: Նկարն ավարտելուց հետո տատիկիս խնդրեցի, որ առավոտյան մեր հարևանի տղայի՝ Դավիթի հետ ուղարկի դպրոց: Անցավ գրեթե մեկ ամիս, մրցույթի մասին մոռացել էի արդեն, երբ զանգ եկավ: Դպրոցի տնօրենն էր` ընկեր Աղաջանյանը: Բարևեց և շնորհավորեց ինձ: Ճիշտն ասած, զարմացած հարցրեցի. ինչի՞ համար, ընկեր Աղաջանյան: Նա ասաց, որ նկարս տեղ է զբաղեցրել և պետք է վաղը գնալ Երևան` մրցանակը ստանալու: Շատ ուրախացա, կարելի է ասել ողջ գիշեր չքնեցի` անհամբեր սպասելով, թե երբ է լուսանալու: Դպրոցում երկու ժամ դաս անելուց հետո անմիջապես գնացինք Երևան: Գնացինք, ներկա էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանը անձամբ իր ձեռքով էր հանձնում առաջին տեղի մրցանակները: Մի քանի գյուղի մրցանակ հանձնելուց հետո հնչեց նաև մեր գյուղի անունը՝ Բաղանիս, շնորհավորում եմ առաջին տեղ: Չգիտեմ, թե հետս ինչ կատարվեց: Ինձ թվաց երազի մեջ եմ, բայց ինձ չկորցրեցի, մոտեցա և վերցրեցի մրցանակս: Նվերը համակարգիչ էր, իսկ տնօրենին` ծաղկեփունջ և շնորհակալագիր: Մրցանակը դպրոցին էր պատկանում, և ես շատ հպարտ եմ, որ Տավուշի մարզում առաջին տեղը զբաղեցնելով, կարողացա դպրոցի համար ինչ-որ մի լավ գործ անել:

karen andreasyan

Կոթեցու կյանքը

Բարև ձեզ: Ես Կարենն եմ: Ապրում եմ սահմանապահ Կոթի գյուղում: Այստեղ բոլոր մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով: Ոմանք՝ այգում են աշխատում, ոմանք՝ իրենց անասունների համար խոտ են հավաքում: Անցյալ տարվա ամռանը, երբ գյուղացիները իրենց անասունների համար խոտ էին հավաքում՝ հակառակորդը սկսեց խոշոր զինատեսակներից կրակ բացել անմեղ բնակչության վրա: Բարեբախտաբար ոչ ոք չտուժեց, բայց կրակից խոտի դեզերը այրվեցին: Այրվեցին բնակիչների ցորենի, գարու արտերը, բայց՝ մեր ծառայող զինվորները և խաղաղ բնակիչները անտեսելով հակառակորդի սադրիչ գործողությունները, մարեցին կրակը: Թշնամու կրակի տակ բնակչությունը իր գործերով է զբաղվում, քանի որ այդ կրակոցները սովորական են դարձել:

Այսպիսին է սահմանապահ կոթեցու աշխատանքը և կյանքը:

davit alexanyan

Իմ չսիրած, բայց հաճելի դասաժամը` հասարակագիտություն

Այս դասաժամին մենք ուսուցչուհու հետ զրուցում ենք օրենսդրության, մարդու իրավունքների և այլ հարցերի շուրջ: Իմ չսիրած դասաժամն է: Հիմա կհարցնեք, թե ինչո՞ւ: Որովհետև ես չեմ հասկանում այս առարկայի իմաստը, չեմ հասկանում, թե ի՞նչ է մեզ սովորեցնում: Այս առարկան, իմ կարծիքով, երեխաներին տանում է ավելի շատ քաղաքականության դաշտի կողմը: Հաճելի է, որ դասի քննարկման ժամանակ կատակներ ենք անում: Ինձ հետ պատահեց այս դեպքը: Ուսուցչուհին դասը բացատրելու համար

որպես օրինակ ինձ բերեց և ասաց.

-Դավի՛թ, եթե դու ՀՀ քաղաքացի ես ու…

Անմիջապես միջամտեցի և ասացի.

-Քաղաքացի չէ, գեղացի։

Եվ բոլորը սկսեցին ծիծաղել

Ես ժամանակ առ ժամանակ չեմ սովորում հասարակագիտության դասերը: Մի անգամ հասարակագիտության ժամը վերջին ժամն էր, և ես հոգնած գլուխս դրել էի պայուսակիս և քնել: Մի 2-3 րոպե էր անցել, և հանկարծ մեկը հրեց: Ես կարծում էի, թե տղաներից է, և ասացի.

-Ա՜ դե, տղե՛ք, թողեք քնեմ էլի:

Եվ գլուխս նորից դրեցի պայուսակիս վրա: Այս անգամ մի փոքր ուժեղ հարված եղավ: Ես վեր կացա, շրջվեցի և … Ուսուցչուհին էր: Ներողություն խնդրեցի և նստեցի:

Էս մի ժամն էլ սենց անցավ:

anahit israyelyan

Բացատրական բառարան, նրանց համար, ովքեր կայցելեն Տավուշ

Մեր` Տավուշի մարզի Ջուջևան գյուղի  բարբառը, շատ սիրուն ու հետաքրքիր բառեր ունի, կան այնպիսի բառեր, որ գրական լեզվով ոչ մի կերպ չի ստացվում բացատրել նրանց ամբողջ իմաստը: Արդեն բավական երկար ժամանակ է, որ ես բարբառային բառեր եմ հավաքում ու 17.am-ում հոդվածներ կարդալիս վերջերս հանդիպեցի բարբառների վերաբերյալ մի հոդված ու որոշեցի ես էլ մեր բարբառից մի քանի բառեր գրել իրենց բացատրություններով.

ղոչաղ-աշխատասեր

բուրքու-տոթ

ղայիմ-ամուր

ղու ըլել-ճամփա ընկնել

բեդռանգ-գունաթափ

ճլերք-ծույլ

մուխաննաթ-անկայուն

օքմի-մարդ

դդարգուն-դիվադադար անել

վեր թափել-քայքայվել

դոնգալամիշ անել-զզվեցնել

օղբաթ-զուլում

դալուտոլի-անկայուն…