maxresdefault

Խուճա՞պ, չէ՛, չենք լսել

Բարև բոլոր ինքնամեկուսացվածներին, ինքնակրթվողներին, բան չանողներին, հիստերիայի մեջ ընկածներին․․․

Robert B. Weide-ը կարծես 2020-ի ռեժիսորը լինի: Ամեն ինչ սկսվեց հունվարի երկուսից, երբ բոլորը խոսում էին 3-րդ համաշխարհայինից, հետո Սիրիա-Ռուսաստան-Թուրքիա եռյակը սկսեց մեծ ուշադրություն գրավել, դե իսկ հիմա` կորոնավիրուսը, թագավարակը, նոր կորոնան կամ էլ ինչպես ուզում եք ասեք: Հետաքրքիրը գիտե՞ք որն է. խուճապը տևում է մի քանի օր, դրանից հետո հարմարվում ենք իրավիճակին ու վերջ: Ասվածիս վառ օրինակը. երբ արտակարգ իրավիճակ հայտարարվեց, միանգամից սկսվեց համազգային առևտուրը, խուճապ էր ու անորոշություն, բայց հիմա արդեն մեզ համար ամեն ինչ կարծես ուրիշ ձև է, չնայած նրան, որ նույն վտանգը հիմա էլ կա: Ոչ մի տարօրինակ բան էլ չկա` մեր հոգեբանությունն է այդպիսին:

Հետաքրքիր հիպոթեզ է առաջ քաշել ամերիկացի տնտեսագետ Հայմեն Մինսկին (Hyman Minsky). կայունությունը սնում է անկայունություն, անկայունությունը` կայունություն: Հիպոթեզը վերաբերում է ֆինանսական աշխարհին: Այն մեծ ճանաչում ստացավ 2008-ի համաշխարհային ճգնաժամից հետո: Հիպոթեզը շատ նման է «դժվարին ժամանակները ստեղծում են ուժեղ մարդկանց, ուժեղ մարդիկ` լավ ժամանակներ, լավ ժամանակները` թույլ մարդկանց, իսկ վերջիններս` դժվարին ժամանակներ» ասացվածքին: Հիմա մեզ թվում է, որ ամեն ինչ լավ կլինի (հակառակը մտածել խորհուրդ չեմ էլ տալիս), բայց իրականում մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնած: Ես վստահ եմ, որ հիմա ապրում ենք մի այնպիսի պատմական պահ, որի մասին ապագայում կգրվեն բազմաթիվ գրքեր, դպրոցներում, համալսարաններում հատուկ կուսումնասիրեն այս շրջանը, ինչպես օրինակ` 1930-ականների «մեծ ճգնաժամը»:

Հա, մի երկու բան էլ սպասվող ճգնաժամից: Եթե 2008-ինը ֆինանսական/բանկային ճգնաժամ էր, իսկ այդ ոլորտի ֆունկցիան կարելի է համարել տնտեսությանը «էլեկտրականությամբ ապահովելը», ապա 2020-ը իր մեջ ներառում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև իրական տնտեսությունը: Հիմա շատ տարածված է տանից աշխատելը, բայց գիտե՞ք, որ 2019-ին ամբողջ աշխարհում կազմակերպությունների 44 տոկոսն իր աշխատողներին հեռահար աշխատանքով ապահովելու հնարավորություն չունի կամ ընդհանրապես արգելում է: Միևնույն ժամանակ ԵՄ աշխատողների 5 տոկոսը մշտապես հեռահար է աշխատում:

Նախքան համաճարակը ԱՄՆ-ն ու Չինաստանը ագրեսիվ առևտրային պատերազմ էին վարում, դրան հաջորդեց պայմանական «հրադադարը», որը, սակայն, բավականին փխրուն էր, Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը` նավթային պատերազմ, իսկ արևելքում վիճակը կրկին թեժացել էր: Իսկ հիմա աշխարհի «արտադրողը»` Չինաստանը և «սպառողը»` ԱՄՆ-ն գտնվում են համաճարակի կիզակետում, ինչպես նաև մնացած խոշոր խաղացողները` նույնպես: Այսպիսով, համաշխարհային ճգնաժամ, որն իր մասշտաբներով կլինի անհամեմատելի մեծ,  չսպասելը չափից շատ լավատեսական կլինի…

Հ. Գ. Ինքնակրթվողներ ու ոչ միայն, եթե հետաքրքրեց, ապա կարող եք «The guardian»-ի «Today in Focus» ենթաբաժնում նմանատիպ թեմաներով փոդքասթներ լսել (ես էլ եմ նոր սկսել) :