shushan stepanyan portret

Հայ երիտասարդ

Վերջերս Սիսիանում ձևավորվեց «Հայ Երիտասարդ» սոցիալական-հասարակական կազմակերպությունը՝ շնորհիվ սիսիանցի մի քանի ակտիվ ու պայքարող երիտասարդների: Ես որոշեցի մի քիչ զրուցել կազմակերպության նախագահ Հայկ Նավասարդյանի հետ, ու ավելի հստակ դարձնել բոլորի պատկերացումները իրենց գործի վերաբերյալ:

-Ինչպե՞ս ծնվեց «Հայ Երիտասարդ» սոցիալական-հասարակական կազմակերպությունը ստեղծելու գաղափարը:

-Նման միտք դեռ վաղուց կար, ու շատ ինքնաբուխ էր ծագել: Հետո, երբ մեծ մտահոգություն կար Սիսիանի բժշկական կենտրոնի լուծարման հետ կապված, որպես անհատներ սկսեցինք պայքարել հիվանդանոցի լուծարման դեմ: Այդ ընթացքում Հայաստանում արդեն ազատ խոսքի, ազատ ապրելու ու անվախ պայքարելու ժամանակաշրջան սկսվեց, մենք էլ որոշեցինք մեր ասելիքը գործ դարձնել: Ցույցերի ընթացքում ընկերներս, որոնց հետ հիմնեցինք մեր կազմակերպությունը, ինձ հետ միասին ամեն օր պայքարի են դուրս եկել, ու հենց այդ ընթացքում ամենքիս գլխում մի միտք էր՝ Սիսիանում ստեղծել մի կառույց, որը լիովին հասարակական կլինի ու միտված հասարակությանը հուզող հարցերի լուծմանը: Դասերը ավարտելուց հետո անմիջապես եկել ենք Սիսիան, միասին շատ քննարկումներ ունեցել ու եկել այն որոշմանը, որ վերջ, մենք միասին պիտի մեր նորաթուխ գաղափարը իրականություն դարձնենք:

-Սկզբնական խոչընդոտները գործունեության ընթացքում։

-Սկզբնական խոչընդոտ էր մեզ համար հեռավորությունը, երբ մենք Երևանում էինք՝ դասերի, բայց հեռավորության մեջ մենք գտանք մարդկանց, ովքեր տեղում էին՝ պատրաստ լցնելու մեր բացակայությունը իրենց օգնությամբ ու գործունեությամբ, մինչև որ մեզ հետ միասին կձևավորվեր ամենաուժեղ թիմը:

Սա հաղթահարվեց, բայց խոչընդոտ եմ համարում նաև հասարակության մի խումբ մարդկանց թերահավատ մոտեցումը մեր խմբին ու մեր գաղափարներին, երբ ստորագրահավաք էինք կատարում: Բայց դրանից մենք ավելի պայքարող դարձանք, ու մեծացավ մեր պայքարը շարունակելու, խնդրին լուծում տալու ցանկությունը: Դրանց լուծումը կենսական է ու անհրաժեշտ բարձրաձայնելու: Ընթացքում շատ խոչընդոտների ենք հանդիպել, բայց խոցելի էին երևի թե հենց այս երկուսը ու արժանի լուծման, քանի որ անկախ ասպարեզից՝ հասարակության այս վերաբերմունքը անխուսափելի է: Բայց քանի որ մենք գրեթե հասել ենք մեր նպատակի առաջին փուլի իրականացմանը, չեմ ուզի շարունակել թվարկումս, քանի որ պարզապես կարևորում եմ արդյունքը:

-Քանի որ դեռևս շատերը ձեր մասին չգիտեն, կուզենայի ներկայացնեիք ձեր կազմակերպության հիմնական նպատակը: 

-Կազմակերպությունը ի սկզբանե ունեցել է նպատակ իր գործունեությամբ կրթել և զարգացնել մեր հասարակությունը, մասնակցել առողջ հասարակության ձևավորման գործընթացին, որով մաս ենք դառնալու մեր երազած պետության՝ նոր Հայաստանի կայացման գործին: Ունենք զարգացման հստակ պլան, որով մեր կազմակերպությունը ունենալու է տարբեր ոլորտներ իրենց ուղղվածությամբ, օրինակ՝ առողջապահական, լրատվական, բնապահպանական, մշակութային-զբոսաշրջային ոլորտներ: Մենք վստահ ենք, որ հասնելու ենք մեր ուզած արդյունքին, քանի որ «Հայ Երիտասարդ» հասարակական կազմակերպությունը համալրվում է հասարակության մարգարիտը հանդիսացող անդամներով, ովքեր պատրաստակամ են իրենց լուման ներդնել մեր համընդհանուր նպատակները իրագործելու համար:

-Ապագան և «Հայ Երիտասարդ»-ը: 

-«Հայ Երիտասարդ»-ի ապագան անխախտելիորեն կապված է մեր բոլորի երազանքների, Հայաստանի կայացման հետ, և մենք վստահ ենք, որ առաջնային դերում ենք լինելու Հայաստանի լիարժեք կայացման մեջ:

-Ես գիտեմ, որ ձեր գրասենյակը Սիսիանում է, իսկ դուք ինչպե՞ս եք պատկերացնում ողջ Հայաստանում ձեր գործունեությունը: 

-Մենք կարծում ենք, որ ամենուր հասարակությունը լի է մեր պատկերացրած մարգարիտներով, ովքեր մեզ նման նույնպես ցանկություն ունեն դրական ներգործություն ունենալ պետության զարգացման վրա, և մենք միասին կձևավորենք այնպիսի խմբեր, որոնք կնպաստեն մեր համընդհանուր նպատակների իրագործմանը:

-Կարծում եմ՝ մասամբ հստակեցվեցին շատ հարցեր, ու գրեթե պարզ դարձավ կազմակերպության էությունը, բայց գուցե դուք ինչ-որ լրացում կամ առաջարկ ունեք:

-Ի հավելումն նշեմ, որ մենք ունենք կարգախոս, որով էլ առաջնորդվում ենք. «Յուրաքանչյուր խնդիր լուծելի է միայն մեծ ցանկության դեպքում»: Հարկ եմ համարում ասել, որ մենք պատրաստակամ ենք մեր շարքերում տեսնել այնպիսի երիտասարների, ովքեր կիսում են մեր գաղափարները և ունեն մեծ, շատ մեծ ցանկություն նպատակից արդյունքի վերածելու մեր երազանքը, այն է` տեսնել լիովին նոր Հայաստան՝ կիրթ, առողջ ու պայքարող հասարակությամբ: Մենք ունենք ֆեյսբուքյան էջ՝ Հայ Երիտասարդ: Շնորհակալ ենք ողջ թիմի անունից ու սիրով սպասում ենք բոլոր նրանց, ովքեր կուզենան միանալ մեզ: