marieta baghdasaryan

Հենց այսպիսի փոխանակում

-Դե, ես իմը կիջեցնեմ, դու էլ քոնը, հա՞։

-Ըհըն․․․Դե, պայմանավորվեցինք։

Բարձրացա արագ տուն, վերցրի իմ ամենասիրած գիրքը, որն ինձնից այնքան դժվար է պոկելը, այն տալիս եմ շատ քչերին՝ էջերը չծալելու մեծ պայմանով։ Գիրքը Ջոն Գրինի «Մեղավոր են աստղերն» էր։ Ես ու մեր դիմացի շենքի Մերին որոշեցինք գրքերի փոխանակում անել՝ ես իրեն տվեցի իմ «աստղերը» (դե, երևի հասկացաք, որ այդպես եմ կրճատել գրքի անունը) իսկ ինքն ինձ իր «երիցուկները»։ Երիցուկներն էլ Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» գիրքն է։ Հանդիպեցինք շենքերի ուղիղ մեջտեղում ու փոխադարձ խոստում տվեցինք ՝ շուտ վերադարձնել։ Այնինչ երկուսս էլ չէինք պատկերացնի, որ այդ «շուտ»-ը մեկ օրը կլինի։

Գրքի մասին շատ լավ բաներ էի լսել ու որոշել էի առաջին հնարավորության դեպքում կարդալ։ Վերցրի, տարա տուն ու պատահական մի էջ բացեցի։ Գրված էր․

«Երբեմն մենք չէ, որ մեր կյանքի վերաբերյալ որոշումներ ենք կայացնում։ Հաճախ ամեն բան դասավորվում է այնպես, ինչպես իսկապես պետք էր, պարզապես դա գիտակցելու համար մի փոքր ժամանակ է հարկավոր։ Եթե չես հասել նրան, ինչին ձգտում էիր, դեռ չի նշանակում, թե ամեն բան ավարտված է։ Կամ նորից ձգտիր, կամ էլ, եթե հնարավոր չէ, փոխիր ձգտման ուղղությունդ։ Երբեք ուշ չէ։»

Այսքանը կարդացի ու որոշեցի բացել ու կարդալ սկզբից։ Գրասեղանիս դրված բոլոր մաթեմատիկայի գրքերը երևի արդեն սկսել էին նեղանալ, որովհետև շաբաթվա այդ օրը, այդ ժամին սովորաբար նրանք էին լինում իմ ձեռքին։

Կարդացի մի շնչով, ավարտեցի ու փակեցի գիրքը։ Հաջորդ օրը առավոտյան, երբ արթնացա, զգացի, որ կարոտել եմ Հայկին ու Աստղիկին։ Նորից կարդացի։ Ու էդպես մի քանի անգամ վերընթերցեցի գրքի «կարոտվող» հատվածները։

Գիրքն ինձ հետաքրքրեց, որովհետև այն պատմում էր կյանքի մասին բոլոր գույներով, ամենագորշից մինչև պայծառագույնը։ Չնայած մի քիչ «մեծական» թեմաներին, որոնք երբեմն ինձ չեն հետաքրքրում (դե՝ բաժանություն, ընտանեկան երջանկություն և այլն), հետաքրքրությունը պահվեց մինչև վերջ։ Ուղղակի վերջը կանխատեսելի էր այնքանով, որ հենց սկզբում էլ ասվում էր, որ նրանց հարաբերությունները տխուր ավարտ են ունենում։ Գիրքը կարդալու ամբողջ ընթացքում գեղեցիկ հատվածների պակաս չզգացվեց, ու մինչև հիմա էլ կարդալով դրանք, խորասուզվում եմ մտքերիս մեջ։

Հաջորդ օրը զանգեցի Մերիին, ու պարզվեց, որ նա էլ ինձ պես նախորդ օրվա պարապմունքները զոհել էր գրքին ու տպավորված էր դրանով։ Մենք իրար հերթ չտալով քննարկում էինք գրքերի մանրամասներն ու հիանում դրանցով։

Հենց այսպիսի հետաքրքիր փոխանակում։