Ani avetisyan

Շարունակելով Գայանեին. լրագրողի տեղն ու դերը

Տեսնելով 17-ում սկսված բանավեճը՝ գրագողության մասին, հատկապես Տաթևի նյութից հետո ցանկացնում էի ես էլ միանալ, բայց ինչպես Գայանեն նշեց, թե Տաթևը և թե Արտյոմը ճիշտ տեսակետներ էին հայտնել. շարունակելու այնքան էլ շատ բան չկա:

Այս նյութս էլ կգրեմ՝ շարունակելով Գայանեին՝ իսկական լրագրողի մասին ունեցած պատկերացումներս կիսելով ձեզ հետ: Դե, նա բավականին հստակ ու ճիշտ գրել էր ԶԼՄ-ների, նրանց սխալների ու մեդիագրագիտության մասին, ուստի ես կշարունակեմ նրան լրացնելով ու անդրադառնալով հատկապես լրագրողի տեղին ու դերին մեր հասարակության մեջ:

Ըստ իս՝ այսօր լրագրողի իրական կերպարն այնքան էլ չի համապատասխանում նրան, որն իմ պատկերացումներում էր, և որը պիտի լիներ իրականում, իսկ ավելի ճիշտ՝ ներկայումս բոլոր ու հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներում լավ մասնագետների կողքին կան ինքնահռչակ «լրագրողներ», ովքեր իրենց մասնագիտական պարտքն են համարում այս կամ այն կայքի համար ընթերցողներ, իսկ ֆեյսբուքյան էջերի համար՝ լայքեր ապահովելը: Ինձ համար դա ոլորտի ամենամեծ թերությունն է, ինչն էլ «լրագրող» մասնագիտությունն արժեզրկում է:

Հետևելով լրատվությանը, աստիճանաբար համոզվում եմ, որ ընթերցողներ ու հետևորդներ ունենալու համար ամենևին էլ պետք չեն ապշեցուցիչ վերնագրերով նյութեր, որոնք իրականում ոչինչ են: Լրատվամիջոցն իր ռեյտինգը կարող է ապահովել ոչ թե ամեն արձակուրդների ավարտին «Շտապ լուր դպրոցականների համար» վերնագրով նյութերով, այլ պարզապես ունենալով սեփական ոճ, նյութերի ու լուրերի վերլուծության սեփական տեսակետ: Համոզված եմ, որ գրագետ ընթերցողին այդ ամենն ավելի հետաքրքիր կլինի, քան, իզուր ժամանակ վատնելով, լաբիրինթոս թվացող կայքերի գովազդները մեկը մյուսի հետևից փակելով ու արդյունքում ոչինչ չկարդալով:

Կարևորում եմ նաև լրատվամիջոցներում նյութի սկզբում կամ վերջում հեղինակի անվան առկայությունը:

Լրագրողի համար հաջորդ կարևոր պայմանն ըստ իս յուրաքանչյուր իրադարձություն իր լավ ու վատ կողմերով ներկայացնելն է: Կարծում եմ՝ արդեն անցել են այն ժամանակները, երբ մարդիկ տեղեկատվություն ստանալու հնարավորություններ չունեին: Այսօր, եթե անգամ որևէ լրագրող կամ լրատվամիջոց իրադարձությունը ներկայացնում է միայն մակերեսորեն, ապա կգտնվի մեկ ուրիշը, որը բացթողումներ կամ առավելություններ կգտնի ու կներկայացնի լսարանին: Երևի համակարծիք եք, որ այնուհետ երկրորդի լսարանն ավելի մեծ կլինի. մարդիկ միշտ էլ նախընտրում են մանրամասնորեն ծանոթանալ աշխարհում տեղի ունեցողին:

Եվ, կցանկանամ խոսել ևս մեկ կարևոր, իսկ ինձ համար՝ ամենակարևոր հարցի շուրջ: Լրագրողի մարդ տեսակը:

Հաճախ կարդում եմ լրագրության մասին հայտնի ու կայացած լրագրողների կարծիքն ու գրեթե բոլորում հանդիպում այն փաստին, որ նրանք ամենքն էլ մասնագիտությունից ու մասնագիտական հաջողությունից առավել կարևորում են մարդ լինելը: Փորձեմ բացատրել:

Նման իրավիճակ առավել հաճախ կարող է պատահել ֆոտոլրագրողների հետ, բայց մյուսները ևս ապահովագրված չեն: Խոսքը որևէ «դեպք»-ի ականատես լինելն ու այն լուսանկարելը կամ տեսանկարահանելն է, երբ դրա փոխարեն կարող ես օգնել ինչ-որ մեկին, կամ նույնիսկ փրկել նրա կյանքը: Հենց այդ «ճակատագրական» պահին էլ անհրաժեշտ է լինում որոշել՝ մարդ, թե լրագրող:

Երբ ընտրում ես երկրորդը, կյանքը քեզ ժամանակավոր հռչակ է բերում եզակի լուսանկարի կամ տեսանյութի համար, բայց դրանից հետո պատրաստ պետք է լինել քննադատության ալիքի, որը չի վերջանալու անգամ, երբ լրագրողն այլևս չլինի:

Մյուս դեպքում մարդ-լրագրողը գուցե չստանա մրցանակ իր աշխատանքի համար, բայց փոխարենը կվարձատրվի ու կգնահատվի մարդ լինելու համար, ինչն ավելին է, քան ցանկացած նյութական պարգև: Այլ հարց է, երբ մարդ ոչինչ փոխել չի կարող: Կարծում եմ՝ այդ դեպքում լրագրողին քննադատելն այնքան էլ ճիշտ չէ:

Հիմա ասածս բացատրեմ մի փոքր ավելի պատկերավոր: Ոչ մի վատ բան չկա որևէ կղզում հրաբխի ժայթքում նկարելու մեջ, բայց եթե այդ հրաբխից ու քիչ այն կողմ կամ լրագրողի աչքի առաջ մարդիկ վտանգի մեջ են՝ կանգնելն ու լուսանկարելը հավասար է սիրտն այդ լավաների մեջ այրելուն: