Պոեզիայի համաշխարհային օրը Վայոց Ձորում

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

1999 թվականին մարտի 21-ը պոեզիայի համաշխարհային օր է հռչակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա տարածվել աշխարհով մեկ:
Վայոց Ձորի մարզային գրադարանը նույնպես նշում էր պոեզիայի միջազգային օրը: Միջոցառումը կրում էր «Թող աշխարհը մոր սրտով գնա» խորագիրը: Կլոր սեղանի շուրջ էին հավաքվել գրադարանի ակտիվ ընթերցողները, երեխաների ծնողները, գրադարանի մանկական, սպասարկման և գրապահոցի աշխատակցուհիները, ինչպես նաև՝ պատկերասրահի աշխատակցուհիները:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ գրադարանի սպասարկման բաժնի աշխատակցուհի տիկին Վարդը.

-Պոեզիան ճամփորդություն է, որը դուրս է գալիս իրականության սահմաններից և արտահայտում է մարդկանց զգացմունքները, պահանջմունքները և հույզերը: Ժողովրդական մի խոսք կա, ասում է՝ մարդ պետք է ստեղծագործի միչև 19-ը տարեկանը, եթե չստեղծագործի, ուրեմն ամոթ է, իսկ 19-ը տարեկանից հետո չի կարելի ստեղծագործել, էլի ամոթ է:

Բայց այսօր մեր միջոցառման ասմունքողներից բացի ասմունքելու է նաև հանդիսատեսը: Այսօր պոեզիայի համաշխարհային օրն է, բոլորս ասմունքելու ենք: Եվ քանի որ մարտի 21–ը գտնվում է կանանց միամսյակի մեջտեղում, մենք որոշել ենք միջոցառումն սկսել մայրերին նվիրված բանաստեղծություններով, որից հետո ցանկացողները կարող են տարբեր թեմաներով բանաստեղծություններ ասմունքել:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լարիսա Միրզոյանը ասմունքեց Պարույր Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը: Ասմունքի երեկոն շարունակեցին Լիա Զաքարյանը և մի քանի այլ ասմունքողներ, որոնք իրենց հեղինակային ստեղծագործություններից ընթերցեցին: Անահիտ Գևորգյանը ոչ միայն ասմունքում էր, այլ նաև կիթառ էր նվագում, երգում էր հայրենասիրական, նաև հեղինակային երգեր։