“Artificial love” երգն եմ լսում, ու դա քո մասին չէ:
Քո մասին չէ Վանաձորի, Երևանի, Նյու Յորքի, Ամստերդամի կամ Էդինբուրգի աշունը:
Արևածագերն ու մայրամուտները քո մասին չեն:
Քո մասին չի պատմում Դորեմուսի և ոչ մի ֆիլմ:
Լիմոնի թթու համի մեջ դու բացակա ես:
Դու չկաս որևէ թեյի բաժակում:
Քո մասին չեն թերթերի հոդվածներն ու հայտարարությունները:
Այ, երբ գրվում են «Մենք հավատում ենք սիրուն» ֆիլմի վերջին տառերը, դու նույնիսկ էնտեղ չկաս:
Անձրևի ամենասովորական կտկտոցը` ապակիներին ու միհոգանոց անձրևանոցներին, դարձյալ ոչինչ չի պատմում քո մասին:
Երկնքի գույնը քո մասին չէ:
Շենքերի ու ասֆալտների տառային սերը քոնը չէ: Չէ, հաստատ քոնը չէ:
Տետրերում գրված ու թանաքով մգացված անունը քոնը չէ:
Այս հինգշաբթի երեկոյում դու փորձում ես չլինել:
Կամ ձուլվել ես կամ գոյություն չունես գիշերվա 4-ի ծայրից ծայր մթության մեջ:
Մի քանի օր առաջ դու չկայիր:
Դու միշտ բացակա ես եղել իմ բանաստեղծություններից:
Քո մասին երբեք բարձր չեմ խոսում:
Դու չկաս կարևոր ու անկարևոր բախումներում:
Քո լինելը անհնարին է օծանելիքի բույրի մեջ:
Մատդ խառը չէ 39,3 աստիճան ջերմության մեջ:
Դու չկաս ընդհանրապես, առհասարակ, սովորաբար, մեկ-մեկ, միգուցե ու միշտ: Միշտ:
Քո մասին ես ստում եմ առհասարակ, սովորաբար, մեկ-մեկ, միգուցե ու միշտ:
Միշտ: