Mari Baghdasaryan malishka

Վայքից Միլան ձգվող ճանապարհը

Իտալիայի Միլան քաղաքում բնակվող դիզայներ Արման Ավետիքյանը մի քանի օրով Հայաստանում էր: Հարցազրույց երիտասարդ դիզայների հետ:

-Արման, պատմիր քո մասին, որտե՞ղ ես սովորել, ինչո՞ւ ես ընտրել դիզայների մասնագիտությունը, դրա մեջ ի՞նչն է քեզ դուր գալիս

-Ես ծնվել և ապրել եմ Վայք քաղաքում: 8 տարեկան էի, երբ ծնողներիս հետ տեղափոխվեցինք Ռուսաստան, որտեղ ապրեցինք տասնվեց տարի: Ռուսաստանում ավարտեցի միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվեցի Սամարայի Ճարտարապետական համալսարանի դիզայնի ֆակուլտետը, այնտեղ սովորեցի երկու տարի: Չկարողանալով վճարել ուսմանս վարձը՝ դուրս եկա համալսարանից և մեկ տարի հետո տեղափոխվեցի Իտալիայի Միլան քաղաք: Սովորեցի իտալերեն և ընդունվեցի Միլանի տեխնիկական համալսարանի «Դիզայն և տրիկոտաժ» բաժինը: Հիմա արդեն ավարտել եմ և աշխատում եմ: Փոքր ժամանակ ինձ հետաքրքրում էր նկարելը, հետո այն ժամանակի ընթացքում փոխվեց և դարձավ հագուստի մոդելավորում:
Այս մասնագիտության մեջ ինձ դուր է գալիս ամեն մի տարրը: Ինձ դուր է գալիս այն, որ կարող եմ իրար միացնել ոճեր, որոնք ոչ մի կապ չունեն իրար հետ: Ինձ դուր է գալիս այն, որ մտքերս դառնում են նկար, իսկ հետո նկարածս դառնում է պատրաստի հագուստ:

-Ի՞նչ ոճի հագուստներ ես մոդելավորում

-Բոլոր ոճերի: Իրականում ես չէի ցանկանա, որ իմ մոդելավորած հագուստները համապատասխանեին ինչ-որ ոճի, կցանկանայի, որ դրանք տարբերվեին բոլոր ոճերից: Բայց դա շատ դժվար է: Ես մոդելավորում եմ հագուստ բոլորի համար՝ տղամարդկանց, կանանց, երեխաների, տարեց մարդկանց համար:

-Եղե՞լ են շոու-բիզնեսի աստղեր, որոնց համար հագուստ ես մոդելավորել

-Ո՛չ, հայտնիների համար դեռ հագուստ չեմ մոդելավորել:

-Ովքե՞ր են քո սիրած դիզայներները

-Ինձ շատ դիզայներների աշխատանքներ են դուր գալիս՝ Craig Green, Martin Margiela, Raf Simons: Նրանք ինձ գրավում են իրենց աշխատանքային մեթոդներով, ինձ դուր է գալիս, թե ինչպես են հեղինակները թեմաներ զարգացնում հագուստի միջոցով:

-Ի՞նչ կդառնայիր, եթե չընտրեիր դիզայների մասնագիտությունը

-Ես շատ կցանկանայի ճարտարապետ դառնալ, բայց դրա համար անհրաժեշտ է ֆիզիկա և մաթեմատիկա իմանալ, իսկ իմ ուղեղը դրա համար չէ:

-Կա՞ ինչ-որ մեկը, որի համար կցանկանայիր հագուստ մոդելավորել

-Այո, կցանկանայի հագուստ մոդելավորել 20-րդ դարի իտալացի գրող Գաբրիել դ’Աննունցիոյի համար: Ես կարդացել եմ նրա գրքերն ու շատ եմ տպավորվել: Նա ոչ միայն լավ էր գրում, այլ ուներ շատ էլեգանտ ոճ: Ցավոք, նա մահացել է և ես չեմ կարող երզանքս իրագործել:

-Ապրելով և աշխատելով Միլանում՝ երբևէ մտածե՞լ ես Հայաստանում ցուցադրություն կազմակերպելու մասին

-Այո, բայց հիմա շատ շուտ է դրա համար, որովհետև բավականաչափ փորձ չունեմ:

-Ո՞ր քաղաքներից մարդիկ հնարավորություն ունեն գնելու քո մոդելավորած հագուստը

-Իմ սեփական բրենդի հագուստը հիմա չեն կարող գնել, որովհետև ես աշխատում եմ այլ բրենդների համար, իսկ այն, ինչն իմ բրենդի համար եմ պատրաստում, դեռ վաճառքի համար չէ: Սեփական ոճս գտնելու և ինքնազարգացման համար է: Բայց շատ շուտով իմ բրենդային հագուստը նույնպես կլինի վաճառքում:

-Եթե Միլանում չապրեիր, որտե՞ղ կցանկանայիր ապրել

-Կցանկանայի ապրել այնտեղ, որտեղ կան հնարավորություններ իմ բոլոր երազանքներն իրականացնելու համար, այնտեղ, որտեղ կա աշխատանք և ազատություն:

-Վերջին անգամ ե՞րբ ես Վայքում եղել, ի՞նչ հիշողություններ ունես ծննդավայրիդ հետ կապված

-Շատ երկար ժամանակ է, ինչ Վայքում չեմ եղել: Ջերմ հիշողություններ ունեմ ծննդավայրիս հետ կապված: Վայքում անհոգ և ուրախ մանկության տարիներ եմ ապրել: Այս տարի՝ ուսումս ավարտելուց հետո, ընկերներիս հետ որոշեցի մի քանի օրով գալ Հայաստան՝ Վայքում բնակվող հարազատներիս տեսնելու: Նաև շատ էի ցանկանում ընկերներիս ցույց տալ Հայաստանի տեսարժան վայրերը: