Էլզա Զոհրաբյանի բոլոր հրապարակումները

elza zohrabyan

Ինչպես միշտ

Ուրբաթ օր էր: Վերջին ժամ: Պատմություն: Ինչպես միշտ, դասը պատմելուց հետո մտածում էի, թե ինչ եմ անելու այդ օրը։ Հետո հիշեցի, որ գարնանային արձակուրդներն են սկսվում և մտածեցի, որ շատ վաղուց ես և հայրիկս ուզում էինք կրեմ-բրյուլե պատրաստել, մայրիկիս հետ պետք է մեր պատշգամբի պատերին նկարեինք, իսկ քույրս խոստացել էր, որ իրենց գրասենյակում ինձ պետք է ֆիլմ մոնտաժ անել սովորեցնի, ընտանիքով էլ ցանկանում էինք Թբիլիսի գնալ:

Դասերը վերջացան: Երջանիկ գնացի տուն այն հույսով, որ այս տարի արձակուրդներս ավելի հետաքրքիր կանցնեն, և կհասցնեմ անել այն, ինչ պլանավորել եմ:

Երկուշաբթի էր: Առավոտյան արթնացա ուրախ, այն հույսով, որ ընտանիքով նախաճաշելու ենք, բայց տանը լռություն էր: Սենյակիցս դուրս եկա, որպեսզի տեսնեմ, թե ինչն է տարօրինակ լռության պատճառը, և տեսա, որ տանը ոչ ոք չկա: Զանգեցի մայրիկիս.

-Մամ, որտե՞ղ եք:

-Էլզա, որտե՞ղ պետք ա լինեինք, աշխատանքի:

-Մամ, արձակուրդներին ի՞նչ աշխատանք:

-Էլզա, ես էլ շատ կցանկանայի արձակուրդ լիներ, բայց մի մոռացիր, որ մենակ դու արձակուրդ ունես: Լավ, ես քեզ հետո կզանգեմ, հիմա շտապում եմ:

«Վայ, դե, էլի ինչպես միշտ պետք է ամեն ինչ վատ լինի, հնարավոր չէր, որ ամեն ինչ լիներ այնպես, ինչպես ես էի պլանավորել»: Հիասթափված գնացի, միացրեցի հեռուստացույցը և դժգոհ այն բանից, որ այս արձակուրդներն էլ պետք է անցնեն մնացած բոլոր արձակուրդների նման, սկսեցի թերթել ալիքները և որոշել, թե ինչ եմ դիտելու:

elza zohrabyan

Ճանապարհին

Միշտ, երբ քայլում եմ փողոցով, տեսնում եմ ինչ-որ ծանոթի, որին ոչ ուզում էի տեսնել, ոչ էլ սպասում էի, որ կհանդիպեմ իրեն: Մի կերպ փորձում եմ շրջանցել այդ մարդուն և ստիպված գնում եմ ավելի երկար ճանապարհով, միայն թե այդ մարդը չտեսնի ինձ, չմոտենա, չբարևի, չհարցնի՝ ինչպես եմ, և չասի, թե ինչքան եմ բոյովացել: Միակ բանը, որ այդ պահին հանգստացնում է, այն է, որ ավելի երկար ճանապարհին է գտնվում իմ ամենասիրած նկարչական խանութը, և ես կարող եմ մտնել և տեսնել, թե ինչ նոր իրեր կան այնտեղ: Հետո շարունակում եմ ճանապարհս, և երբ անցնում եմ նոր կառուցվող շենքի մոտով, սկսում եմ փռշտալ․փոշուց ալերգիայի հետևանքն է: Եվ հաճախ, երբ զբոսնում եմ ընկերներիս հետ, նրանք սկսում են հաշվել, թե քանի անգամ եմ փռշտացել։ Այդ պատճառով միշտ մոտս ունենում եմ ալերգիայի դեմ դեղ, խմում եմ և շարունակում ճանապարհս:

Միշտ տեսնում եմ մարդկանց, որոնք փողոցում նվագում են։ Այդ ձայնն ինձ այնքան հաճելի է, որ ուզում եմ ուղղակի նստել և լսել, բայց ինչպես միշտ, այս ամենն էլ ինչ-որ մեկը պետք է փչացնի: Հիմնականում դրանք այն մարդիկ են, որոնք ամբողջ փողոցով շատ բարձր բղավում են միմյանց վրա, կամ հեծանվորդները, որոնք փողոցում մարդկանց միջով երթևեկում են, և թվում է, թե ամեն վայրկյան վրայովդ կարող են անցնել: Մի կերպ այդ հեծանվորդների միջից դուրս գալով՝ հասնում եմ այնտեղ, որտեղ կարող եմ այդ ամենից կտրվել․ «Մանանա»։

elza zohrabyan

Ես չեմ ուզում

Երեկո էր։ Արդեն պետք է գնայի քնելու, երբ պատահական լսեցի ծնողներիս և քրոջս խոսակցությունը: Նրանք ասում էին, որ Հայաստանում ապագա չկա, որ յուրաքանչյուր եվրոպական երկրում ավելի շատ հնարավորություններ կան, նույնիսկ մտածում էին Կանադա գնալու մասին:

Երբ լսեցի դա, խառնաշփոթ առաջացավ իմ մեջ: Ամբողջ գիշեր չէի կարողանում քնել, քանի որ անընդհատ մտածում էի իմ, ընկերներիս, ուսմանս մասին: Մտածում էի, թե ինչպես եմ շարունակելու շփումը ընկերներիս հետ, հիշեցի ընկերուհուս` Մարիկային: Նա հիմա ապրում է ԱՄՆ-ում: Ես, Նարեն և Մարիկան մտերիմ ընկերուհիներ էինք և մտածում էինք, որ Մարիկայի գնալուց հետո ոչինչ չի փոխվի, որ միևնույնն է, մենք ամեն օր կխոսենք, բայց դա այդքան էլ այդպես չեղավ: Մարիկայի գնալուց հետո մեր շփումը տևեց մոտ երկու շաբաթ, որից հետո խոսելու թեմաները վերջացան: Ես և Նարեն խոսում էինք դպրոցից, երեխաներից, մեզ հետ եղած դեպքերից, իսկ Մարիկային դա այդքան էլ հետաքրքիր չէր: Հիմա անցել է գրեթե մեկ տարի, իսկ մեր շփումը սկսվում է և վերջանում սոցկայքերում հրապարակած նկարների տակ մեկնաբանություններ թողնելով:

Իսկ ես չեմ ուզում, որ ինձ հետ էլ այդպես լինի: Շատերն ասում են, որ այնտեղ էլ շատ ընկերներ կունենամ, բայց, միևնույնն է, ինձ համար շատ ծանր է նույնիսկ այդ ամենի մասին մտածելը:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Ա՜խ, Վերնիսաժ, ա՜խ, Վերնիսաժ

elza zohrabyan

Օրն սկսվում է

Առավոտ էր։ Ժամը 7։35 զարթուցիչը զնգաց։ Լսում էի ձայնը, բայց մեջս չէի կարողանում ուժ գտնել, որ այն անջատեմ, քանի որ անջատելու համար պետք է գնայի սենյակիս մյուս ծայրը։ Ի վերջո, քրոջս բղավոցները՝ «Էլզա, միակ օրն է, որ կարող եմ մինչև 10-ը քնել, այսօ՞ր էլ ինձ հանգիստ չես թողնում», ինձ մոտիվացրին, և ես անջատեցի զարթուցիչը։ Կանգնեցի, որպեսզի գնամ լոգարան, բայց զգացի, որ ոտքերս ցավում են, հետո հիշեցի, որ երեկ 2 ժամ թենիս եմ խաղացել։

Մի կերպ հասա բաղնիք, հայելու մեջ տեսա մի մարդու, որի միակ նպատակն էր այդ պահին վերադառնալ սենյակ և գոնե 1 ժամ ավել քնել։

Լվացվեցի և դուրս եկա։

Դո՞ւք էլ առավոտյան չեք կարողանում որոշել՝ ինչ պետք է հագնեք։ Եթե այո, ուրեմն մենք շատ նման ենք։ Փորձում ես ինչ-որ բան ընտրել և հագնել, չի ստացվում, բայց հասկանում ես, որ արդեն 30 րոպե դա ես անում և ստիպված հագնում ես այն, ինչ ամենաքիչն ես ուզում։

Տխուր և մի փոքր հիասթափված դեմքով դուրս եմ գալիս սենյակից և տեսնում եմ մայրիկիս։

-Ի՞նչ է պատահել։

-Մամ, չե՞ս տեսնում։

-Ի՞նչ է պատահել։ Օ՜յ, դե լավ էլի, ուղղակի դպրոց ես գնում։

-Դու չես հասկանում։

Եվ հետ եմ վերադառնում սենյակ։ Տեսնելով, որ արդեն դուրս գալու ժամանակն է՝ արագ հավաքվում եմ և դուրս եմ գալիս՝ ինչպես միշտ մոռանալով ուրվագծային քարտեզը և հեռախոսս։ Տեսնելով, որ ուզում եմ երգ լսել, իսկ հեռախոսս չկա, որ ականջակալներս միացնեմ, վերադառնում եմ տուն, և ինչպես միշտ, հանդիպում եմ հարևանիս, որը հարցնում է.

-Հըն, էլի՞ ինչ-որ բան մոռացել ես։

Վերցնում եմ հեռախոսս և վազում դասի։

ելզա զոհրաբյան

Ես միայն ասացի…

Չորեքշաբթի էր: Ինչպես միշտ, ժամը երկուսն անց քսաներկու մտա տուն: Պապիկս էր նստած: Ասացի, թե ինչ եմ ստացել և միացրի հեռուստացույցը: Ալիքները շրջեցի, հետո պապիկիս ասացի, որ նայելու բան չկա: Պապիկս ասաց.

-Վայ, վայ, վայ… Մենք, երբ փոքր էինք, էնքան լավ և ուրախ էինք օրը անցկացնում: Ձմեռները ձնով էինք խաղում, սահնակ, դահուկ, ձնագնդի… Բա ամռանը ինչ լավ էր: Հիշում եմ, ինձ ու ընկերոջս միասին անցկացրած ամառները, ինչ լավ ժամանակ  էր…

Մարզիչների մոտ չէինք լողալ սովորում, այլ ինքներս մեզ: Հիշում եմ, ընկերոջս հետ գնացինք գետում լողալու: Ես էլ լողալ չգիտեի: Ընկերս ասաց՝ հետ չնայես: Այդպես լողացի մինչև մյուս ափը՝ հարյուր մետր: Այդ դեպքից հետո էլ լողալը չեմ մոռանա:

Ըհը, իսկ հեռուստացույց չէին էլ նայում… Իսկ ես զբաղվելու բան չունեմ:

ելզա զոհրաբյան

Ձեզ համար աղբ է, իսկ մեզ համար կարևոր բան

Երբ լսում եմ, որ մայրիկս իմ սենյակից բարձր ինձ է կանչում, գիտեմ, որ կամ տեղափոխություն է անելու իմ  սենյակում  կամ  դարակներս է դասավորելու:

Այս անգամ երկուսն էլ ես նրան խնդրեցի, որ չանի, բայց նա ինձ չլսեց: Ճանաչելով մայրիկիս, գիտեի, որ նկարներիս և իրերիս կեսը աղբաման է նետելու: Ասացի` սիրածս իրերը թաքցնեմ: Հաջորդ օրը փնտրեցի-փնտրեցի բառատետրս, բայց չգտա: Չմտածեցի, որ մայրիկս աղբամանն է նետել: Երբ գնացի դպրոց, դասատուն  բարկացավ ինձ վրա, քանի որ բառատետրս մոռացել էի:

Եկա տուն, մայրիկիս ասացի, թե ուր է բառատետրս, նա պատասխանեց, որ ինքն է աղբամանը նետել: Եվ ես  ստիպված եղա բոլոր հոմանիշները, հականիշները, համանունները և դարձվածքները նորից գրել:

Էլզա Զոհրաբյան
11 տարեկան