Բորիս Իսրայելյանի բոլոր հրապարակումները

boris israyelyan

Ամառն ուրիշ է

Առավոտյան արթնացա հեռախոսի ձայնից:

-Ուֆ, էլի էս հեռախոսը… Սերո՞ժ:

-Բորիս, հո քնած չէի՞ր:

-Թողնո՞ւմ ես, որ քնեմ:

-Իջի մեր թաղ` հեծո քշենք, էթանք հուշարձան` ճըռռցնենք: Թաղի երեխեքին արդեն ասել եմ:

-Լավ, դե հիմա կգամ:

-Դե շուտ արա, արի:

Գնացի, որ վերցնեմ հեծանիվս, բայց ակը թողել էր:

-Պապ, ավտոյի բանալիները ո՞ւր են, գնամ նասոսը հանեմ:

-Սեղանին դրած ա, գնա վերցրու:

Վերցրի բանալիներն ու գնացի ավտոտնակ` պոմպի հետևից: Պատրաստվում էի փչել, բայց պոմպի մասերից մեկը պոկվեց:

-Սրան ի՞նչ եղավ:

-Մհեր ձա՜ձ… Մհեր ձա՜ձ…

-Հա, հո բան չի՞ եղել:

-Չէ, նասոս ա պետք, կտա՞ս:

-Բա ո՞նց չեմ տա, մի րոպե սպասի, եկա:

Վերցրի պոմպը, արդեն ուզում էի փչել, Սերոժը զանգեց:

-Ի՞նչ եղար, է, ճա՞շ ես եփում, որ ուշանում ես…

-Չէ, հեծոյիս ակը թողել ա, փչեմ` գամ:

-Դե շուտ, սաղ թաղով սպասում ենք:

Վերջապես փչեցի ու, հայդա, դեպի Սերոժենց թաղ:

Երբ հասա, տեսա թթված դեմքեր:

-Հա լավ, ի՞նչ եք մռութներդ կախել, գնացինք:

Ամբողջ օրը հեծանիվ էինք քշում, առանց մտածելու հաց ու ջրի մասին: Երեկոյան մի կերպ հասա տուն ու այդպես ավարտվեց հիանալի օրերից ևս մեկը:

boris israyelyan

Ձմերուկները

Հորեղբորս հետ շատ մտերիմ էի, շատ էի սիրում նրան, նա էլ` ինձ: Դարձյալ հիշողության մի փոքրիկ պատառ, որ երբեք չեմ մոռանա` չնայած, որ շատ փոքր էի: Ամռան շոգ օրերից մեկն էր: Հիշում եմ` դաշտից խոտ էինք բերել: Հայրիկս, հորեղբայրս ու քեռիս խոտն էին դատարկում, ես էլ թափված խոտերն էի հավաքում, երբ նկատեցի ձմերուկի մեքենան:

-Ձմերու՜կ, ձմերու՜կ, ձմերու՜կ…- բարձր գոռում էր վարորդը:

-Հոպա՜ր, ա’յ հոպար…

-Հա°, ապեր ջան (ինձ ապեր էր ասում):

-Հոպար, ձմերուկ չե՞ս ուզում:

Հորեղբայրս լուռ ու տխուր հայացքով մեկ`ինձ , մեկ` գնացող մեքենային նայեց, (միայն տարիներ հետո հասկացա, թե ինչու նա ձայն չհանեց`դաշտից եկող մարդու մոտ որտեղի°ց պիտի փող լիներ ): Վազեցի տուն, ու կանչեցի պապիին:

-Պապի,՜ այ պապի,՜ ձմերուկ են ծախում, արի’ առնենք:

-Գնա ասա’, թող մեքենան կանգնի, փող վերցնեմ` գամ:

Պապիկը ձմերուկը գնեց ու, երբ ուրախ-ուրախ վերցրեցի, որ գնամ տուն, նորից հորեղբորս տխուր հայացքը տեսա, հասկացա, որ շատ է տխրել, որ չկարողացավ ձմերուկ գնել:

Հաջորդ օրը առավոտյան, հիշում եմ, որ հոպարիս տրակտորի լաֆետից` բեռնաթափքից, ձմերուկներն ինչքան իջեցնում էինք, այնքան ավելի շատ էր երևում աչքիս: Բոլոր ընկերներս եկել էին ինձ օգնելու, ու այդ պահին ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի…

-Տեսե՜ք` ինչ հոպար ունեմ, աշխարհը չունի,- ասում էի ու նկատում, թե ինչպես էին նրա աչքերը փայլում ուրախությունից` ինձ երջանկացնելու ուրախությունից …

…Ինչքա՜ն լավ օրեր էին, երանի մի ակնթարթով նորից վերադառնայի անցյալ: Հասկանում եմ, որ դա երբեք չի լինի… ժամանակի մեքենան չի կանգնում ու ոչ էլ հետ է գնում, միայն առաջ է շարժվում` միակ բանն աշխարհում, որ չես կարող կառավարել:

Ես շատ հպարտ եմ, որ ունեցել եմ լավ ՀՈՊԱՐ, ով ինձ համար պատրաստ էր ամեն ինչի:

Կարոտում եմ շատ…

Լամբադան

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Ամռանը, երբ մեր փեթակները սարում էին, ժամանակ առ ժամանակ բարձրանում էինք սար` մեղուների մոտ: Հայրս հետևում էր նրանց վիճակին: Այդ օրն էլ լուսաբացից արթնացել,   և դեռ լույսը չբացված` սար էինք հասել: Քունս տանում էր:

Մոտ  3 ժամ մաքուր օդում քնելուց հետո արթնացա, վազեցի դուրս` լվացվելու և տեսա, թե մեքենայի միջից ինչպես է իջնում քեռի Ռուբը` մեր հարևաններից մեկը: Հետո մեքենայից իջան մյուսները… Ասեմ, որ  քեռի Ռուբը շատ է սիրում խմել և ծիծաղել: Մոտ կես ժամ խմելուց հետո, երբ ընկերները գնացին,  նա  հագավ մեղվապահի հագուստն  ու մոտեցավ փեթակներին: Բայց… Հաշվի չէր առել, որ մեղուները չեն սիրում խմիչքի հոտը, գրգռվում ու  ագրեսիվ են դառնում: Ու երբ մոտեցավ նրանց` բզզանները պարսով հարձակվեցին քեռու վրա, ու մի  անհասկանալի տեսարան բացվեց… Նա սկսեց թափահարել իրեն, ոտքերը խփում էր գետնին, ձեռքերը`գլխին և այդպես վազում էր այս ու այն կողմ: Կանչեցի հայրիկիս:

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

-Պապ… Պապ… Հըլը շուտ արի…

-Ի՞նչ ա, մեղուն կծե՞ց:

-Չէ, հըլը շուտ արի տես` քեռի Ռուբը լամբադա ա պարում: Մենք սկսեցինք ծիծաղել և հեռվից հետևել նրա տարօրինակ շարժումներին:

Երբ նա մի կերպ հասավ վրանին, որոշեցինք գնալ ու տեսնել վիճակը: Մտանք ներս, ուր  ամբողջովին կարմրած և ուռած նստել էր քեռի Ռուբը:

-Ռուբ քեռի, էն ինչի՞ էիր լամբադա պարում:

-Էլ մի ասա, է, էդ մեղուները լցվել էին վրես:

-Շա՞տ կծեցին:

-Է՜… էլ տեղ չթողեցին:

-Ռուբ քեռի, մի քիչ մածուն քսի` թող շուտ անցնի:

-Էտ էլ եմ արել` չի օգնում:

Հիմա, երբ  ամեն անգամ տեսնում եմ Ռուբ քեռուն, հիշում եմ նրա լամբադան…

boris israyelyan

Մանկության հին մետաղադրամները

Փոքր ժամանակ շատ հետաքրքրասեր էի, ամեն աշխատող կամ չաշխատող սարք քանդում էի, տեսնելու համար, թե ինչ կա դրա ներսում: Մի օր աստիճանների տակ հեծանիվի ակ էի փնտրում, երբ աչքս  ընկավ մի մետաղադրամ, սկզբում ուշադրություն չդարձրի, մի որոշ ժամանակ անց նորից նկատեցի այդ մետաղադրամը: Վերցրեցի, նայեցի և սկսեցի մտածել: Այս ի՞նչ մետաղադրամ է, որտեղի՞ց է հայտնվել, և ինչո՞ւ նման չի այժմյան մետաղադրամներին: Վազեցի պապիկիս մոտ այդ բոլոր հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով:

-Պապի, պապի, էս ի՞նչ փող ա:

-Էս հեչ, հին փող ա, սովետի ժամանակվա կոպեկ ա: Հիմա էլ չի օգտագործվում, բանի պետք չի:

-Բա ի՞նչի էլ չեն օգտագործում, ու ի՞նչի էլ բանի պետք չի:

-Դե, որ սովետը փլուզվեց, էս փողն էլ փոխվեց, դարձավ հիմիկվա փողը:

-Էս փողերից շատ ունե՞նք:

-Դե հա, մոտ մի փոքր բանկա կա:

-Բա ինչի՞ էս փողերը չփոխեցիք:

-Էս փողերը մի քանի տարի առաջ եմ գտել: Էդ ժամանակ էլ չէին փոխում, ու սենց էլ մնաց:

-Հիմա խանութներում էս փողը չե՞ն վերցնի:

-Չէ, վերցնում են` ի՞նչ անեն:

Որոշեցի փորձել: Վերցրեցի փողը և վազեցի խանութ:

-Գագո ձաձա, էս փողին ի՞նչ կանի:

-Ի՞նչ ես ուզում:

-Ի՞նչ էլ որ անի:

-Ախր, ոչ մի բան չի անում:

-Լավ:

Գնացի տուն, նստեցի պատի վրա, նայեցի դրամին և որոշեցի, որ այսօրվանից պետք է հավաքեմ բոլոր մետաղադրամները, որպեսզի չմոռացվեն: Մինչ այսօր էլ հավաքում եմ:

Ձյունը

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Ամեն առավոտ արթնանում, վազում էի պատուհանի մոտ, որ տեսնեմ` ձյուն կա թե ոչ և ամեն առավոտ պատուհանի մոտ վազելիս տեսնում էի, որ ձյուն չկա… Բայց ահա երկար ժամանակ է, որ վայելում ենք այս տեսարանները: Առաջին օրը առանց երկար մտածելու և տաք  հագնվելու վազեցի դուրս… Տեսնում եմ, թե ինչպես են ձյան ճերմակ փաթիլները հատիկ-հատիկ թափվում վերևից: Դրսում շատ ցուրտ է, մտնում եմ տուն, վազում-նստում վառարանի կողքին: Հինգ րոպե անց ընկերներս կանչեցին, դուրս եկա տնից…

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

-Հը՞ն, գնա՞նք սահնակ քշելու:

-Հա, հենց դրա համար էլ եկել ենք:

Մոտ երեք ժամ սահնակ էինք քշում, ձնագնդիկ խաղում, ձնեմարդ սարքում և լավ մրսում: Բայց դա մեզ չէր խանգարում:

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Երբ գնացինք տուն, շորերս փոխեցի ու նստեցի վառարանի մոտ:

-Մամ, ոնց որ մրսել եմ:

-Բա ինչքան ժամանակ ա դրսում ես:

Առավոտյան ընկերներս նորից կանչեցին:

-Բորիս, Բորիս, գալի՞ս ես…

-Ո՞ւր…

-Արի` ձնագնդի խաղանք:

-Չեմ կարող…

-Ինչի՞…

-Հիվանդ եմ…

Այդպես հիվանդ անցկացրի շաբաթս… Կարող էի միայն լուսանկարել:

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

boris israyelyan

Մեկ օր զորամասում

Առաջին անգամ գնում էինք զորամաս համերգի: Առաջին անգամ շփվելու էինք զինվորների հետ: Մի փոքր կաշկանդվում, մի փոքր էլ ամաչում էինք: Երբ հասանք զորամաս, արդեն մեզ զգում էինք պատանի զինվոր, կարծես որոշ ժամանակով մտանք այլ կյանք: Սպաներն էլ, զինվորներն էլ շատ բարեհամբույր ընդունեցին մեզ, օգնեցին նախապատրաստական  աշխատանքներին: Երբ արդեն սկսում էինք համերգը, գնդապետը շարեց ամբողջ զորքին և ընկերական ասաց.

-Այն զինվորը, որ չպարեց և չուրախացավ, խստիվ պատժվելու է:

-ՈՒռա՜, ուռա՜, ուռա՜,- գոռացին զինվորները, և սկսվեց համերգը:

Բոլոր զինվորները պարում, ուրախանում էին, իսկ այն զինվոները, որոնք վերակարգի էին, ժամանակ առ ժամանակ նայում էին պատուհանից, չէին ցանկանում բաց թողնել համերգը:

Զինվորները անչափ ուրախ էին: Համերգի ավարտից հետո մոտեցանք նրանց, ծանոթացանք: Ես կարճ զրուցեցի տղաներից մեկի հետ, որն ապրում էր Գյումրիում:

–Բարև, ախպերս:
–Բարև, ապ:
–Ո՞նց ես, ախպերս:
–Լավ, ապ, դու ի՞նչխ ես:
–Լավ… Բա ի՞նչ կա բանակում:
–Ապ, շատ լավ է… Հիշի, ապ, էն տղեն, օր չծառայե իր հայրենիքին, ուրեմն հայ տղա չէ…

Հետո հրամանատարը մեկ ժամ տրամադրեց, որպեսզի շրջենք զորամասով: Մի քանի զինվոր մեզ ցույց տվեցին զորամասը: Երբ հասանք թեյարան, զինվորները մեզ հյուրասիրեցին պաղպաղակ, հյութ, քաղցր ձողիկներ:

Հետո հրամանատարը մեզ հրավիրեց ճաշարան ճաշի: Մտանք ճաշարան, լվացվեցինք և նստեցինք սեղանի շուրջ զինվորների և սպաների հետ: Սպաները շնորհակալություն հայտնեցին համերգի համար:

Երբ արդեն գնալու ժամանակն էր, բոլորս տխրեցինք, ասես զորացրվում էինք…

boris israyelyan

Շաբա՞թ, թե՞ ուրբաթ

Մի օր, չգիտես ինչու, անհետացել էին քունը խանգարող և շատ հոգեհարազատ խոսքերը. «Բորիս, վեր կաց, ուշացար»: Մի տեսակ կասկածելի էր: Աչքերս բացեցի, նայեցի ժամին, 9:10 էր, արագ անկողնուցս վեր թռա:

-Մա՛մ, շուտ շալվարս տուր:

-Ո՞ր շալվարդ:

-Դպրոցի:

Հագա շալվարս և վազեցի լվացվելու: Հանկարծ պատուհանից տեսա ընկերոջս  ու վազեցի դուրս:

-Հովհաննե՞ս:

-Ի՞նչ:

–Դու է՞լ ես ուշացել:

-Ինչի՞ց:

–Դասից, էլ ինչի՞ց:

-Չէ, ախր էսօր դաս չկա:

-Ո՞նց չկա:

–Տենց, չկա, շաբաթ ա:

-Վա՜խ, ես էլ գիտեմ ուրբաթ ա, լավ սպասի` գնամ փոխվեմ, գամ:

Հասա տուն, մայրս ասաց.

-Ի՞նչ եղավ:

–Հենց իմացա դասից ուշացել եմ, չես էլ ասում, որ շաբաթ ա:

–Բա ո՞ւր ես գնում:

–Դուրս, հազիվ դաս չկա……

Բայց արդեն երեք շաբաթ է, արթնանում եմ, բայց չեմ սխալվում. Հաստատ դաս չկա:

boris israyelyan

Շիլան կամ սիլան

Փոքր էի, հիշում եմ, պապիկս ասաց, որ զանգահարենք և հրավիրենք հորեղբորս ընտանիքին մեր տուն: Վազեցի հեռախոսի մոտ, զանգեցի նրանց և հրավիրեցի մեր տուն:  Վառարանի կողքին նստած էի, երբ լսեցի ոտնաձայներ, վազեցի դուրս նրանց դիմավորելու: Բոլորը եկան և նստեցին վառարանի կողքին: Նրանք զրուցում էին, իսկ ես խաղում էի խաղալիքներով: Հանկարծ խոհանոցից ինձ հարազատ ու համեղ հոտ եկավ: Առանց բան ասելու վազեցի խոհանոց տեսնելու, թե մայրիկս ինչ է պատրաստում: 

-Մա՜մ, մա՜մ, ի՞նչ ես եփում:

-Շիլա, գնա խաղա, հենց եփի` կբերեմ:

Ուրախացա և վազեցի հյուրերի մոտ: Հորեղբորս կինը ինձ հարցրեց.

-Ապերս, մամադ ո՞ւր ա,  բա:

-Շիլա ա եփում, հիմա կբերի` կուտենք:

Մտածեցի` մի քիչ կատակ անեմ, մոտեցա նրան ու հարցրի.

-Համեստ տոտա, սիլա կուտե՞ս (մտածեց, թե շիլայի մասին է խոսքը):

-Հա, ինչի՞ չեմ ուտի…

Եվ ես իմ ամբողջ ուժով ապտակեցի նրան: Բոլորը ծիծաղեցին, բայց հետո բարկացան ինձ վրա:

Որոշ ժամանակ անց մայրս բերեց շիլան, և ես նորից հարցրի

-Համեստ տոտա, շիլա կուտե՞ս:

-Չէ:

-Ինչի՞:

-Նոր կերա, էլ ի՞նչ ուտեմ:

Շատ տարիներ են անցել, բայց ամեն անգամ, երբ նրանք գալիս են մեր տուն, միշտ հիշում են այդ դեպքը և ծիծաղում ինձ վրա:

Իսկ ես հորեղբորս կնոջը տեսնելով միշտ ամաչում եմ իմ հիմար կատակի համար:

boris israyelyan

Մեղուները

Առավոտյան ժամը 7:00 էր: Հայրս մոտեցավ ինձ. 

-Բորի՛ս, Բորի՛ս, վե՛ր կաց, գնում ենք սար՝ մեղուների մոտ:

- Սա՜ր… Չի՞ լինի` ես չգամ:

- Չէ՛,  վե՛ր կաց, գնում ենք սար, պետք է մեղուներին նայեմ:

Վեր կացա, շորերս հագա և նստեցի մեքենան, ու քանի որ լեռներ էինք բարձրանում, տաք հագնվեցի

- Վա՜յ:

–Ի՞նչ եղավ, պա՛պ:

– Մեքենայի ջրերը եռացրեց:

Հայրս իջավ, շարժիչը հովացրեց, նստեց մեքենան և շարժվեցինք: Հենց հասանք, արագ իջա, վրանի դուռը բացեցի և պառկեցի մահճակալին: Ինչքան էլ ամառ էր և շոգ, այստեղ զով էր: Հայրս եկավ, մեղվապահի հագուստը հագավ:

- Պա՜պ, էլի պիտի մեղուներին գժվացնես` ընկնեն հետևիցս: Ես գնացի:

- Ո՞ւր:

-Գնում եմ քարի վրա նստեմ` քեզ նայեմ: Հենց գործերդ ավարտես, մի փոքր անցնի` կգամ:

Գնացի և նստեցի քարին: Չհասցրի ուրախանալ, որ այստեղ մեղու չկա, երբ մեղուն ականջս կծեց…

Հ.Գ. Հա, ճիշտ եք, այս ձմռան կեսին ի՞նչ մեղու… Բայց ամեն անգամ մեղր ուտելիս հիշում եմ, թե ինչպես եմ ես էլ մասնակցել մեղվապահական դժվար գործերին: