Ռազմիկ Գասպարյանի բոլոր հրապարակումները

Razmik Gasparyan zinvor 2

Ես արդեն զինվոր եմ

Հունվարի 30, հինգշաբթի, կեսգիշերից 3.5 ժամ անց: Նստած եմ լսարանում՝ գրիչը ձեռքիս, մտքերս եմ շարադրում (այո՛, այս անգամ ոչ թե հեռախոս կամ նոթբուք, այլ՝ թուղթ ու գրիչ)…

-15 օր առաջ…

…Փակվեցին ավտոբուսի դռները: Ակվարիումի տեսք ունեցող ավտոբուսը 4 կողմից շրջապատել էին էմոցիաներով լեցուն հարյուրավոր մարդիկ: Մեկն ուրախ էր, մյուսը՝ տխուր, մեկն արտասվում էր, մյուսը՝ ծիծաղում, մեկը բացված  շամպայնից թրջված ձեռքն էր մաքրում, մյուսը՝ արցունքները. մի խոսքով` էմոցիաների տարափ էր:

Վերջապես շարժվեց ավտոբուսը, մարդիկ մնացին ետևում: Հասանք: Անծանոթ-ծանոթ մարդիկ, անծանոթ միջավայր: Բուժզննում անցնելուց հետո սկսվեց մեր կյանքի րոպեներն անիմաստ սպանելու առաջին օրը: Այդ օրը ոչ մի էական բան չկատարվեց, բացի նրանից, որ մոտ մեկ ժամվա ընթացքում բոլորս դարձանք միանման (հագուստներով) ու սկսեցինք փնտրել մեկս մյուսին: Արդեն հաջորդ օրը, երբ բոլորիս ճակատագիրը պարզ դարձավ, տեսանք մեր հարազատներին, բաժանվեցինք նրանցից և նրանցից էլ, որոնց հետ մեկ օրվա ընթացքում հասցրել էինք մտերմանալ. ամեն մեկս գնաց իր ճակատագրով որոշված տեղը, հա, մոռացա ասել, խոսքը բանակի մասին է: Արդեն 15 օր է, ինչ հայկական բանակի Ռազմիկ եմ (կամ ռազմիկ, տարբերությունը էական չէ):

15 օրը շատ քիչ է դատողություններ անելու, հասկանալու ու ըմբռնելու համար էն ամեն ինչը, որը կատարվել ու կատարվում է քեզ հետ: Բայց, իհարկե, կան բաներ, որ արդեն իսկ հասկացել եմ բանակում:

Ամենաառաջին բանը, որ պատկերացրի ու հասկացա, դա «մեկ մարդու պես» արտահայտությունն է: Պարզ արտահայտություն, որի լիարժեք իմաստը կհասկանաս միայն բանակում: Երկրորդ ու ամենակարևոր բանը, որը հասկացել եմ, դա ազատության արժեքի գնահատումն է: Բանակում դու գրեթե 99%-ով անազատ ես: Ամեն օրը մի բան է սովորեցնում, ավելի ճիշտ՝ հասկացնում, տեղիք տալիս գնահատելու էն արժեքները, էն ազատություններն ու հնարավորությունները, որոնք ունեցել ու ունենալու ես…

Կյանքի բերած փոփոխությունները, որոնք իրենց հետ բերում են դժվարություններ, սահմանափակումներ ու արգելքներ, միշտ էլ առաջին հայացքից տհաճ ու անհաղթահարելի են լինում, ինչպես ծառ տնկել, խնամել, ջրել և աճեցնելն է դժվար: Բայց տանջանքով աճեցրած ծառի պտուղները այնքանով են համեղ, ինչքան որ կյանքի բերած դժվար փոփոխությունների արդյունքներն են կարևոր ու կենսական կյանքի հետագա տարիների համար:

Մի քիչ երկար ստացվեց, ու չգիտեմ՝ հետաքրքրեց, թե ոչ, բայց սա դեռ ամենը չէ: Դեռ սպասեք հաջորդ նյութերիս, որտեղ կփորձեմ պատմել ավելի հետաքրքիր բաներ ու կկիսվեմ էն ամենով, ինչը հասկացրել է ինձ բանակը: Լավ, ես արդեն գնամ, կանգնեմ պահարանի կողքին, օրապահներով տեղերը փոխելու ժամանակն է:

Հ.Գ. Չգիտեմ՝ ոնց ու ով է ուղարկելու նյութս, բայց եթե կարդում եք, ուրեմն մի հնար գտել եմ:

17-ի կողմից. Բարի ծառայություն քեզ, սիրելի Ռազմիկ: Միշտ կսպասենք նյութերիդ:

Իմ «Տարվա մարդը». Հավաքական դիմանկար

Razmik Gasparyan new

Լույսերն անջատվեցին: Մթություն: Մթության մեջ առկայծում էին ինչ-որ առարկաներ: Մեկ վայրկյան անց լույսերը միացան: Այդ առարկաներն այլևս չկային: Մեկ վայրկյանի ընթացքում միայն հասցրի տեսնել բազմաթիվ սպիտակ վանդակներ, որոնցից մի քանիսը ներկված էին, ու դրանց մեջ տեսնում էի ծանոթ դեմքեր, ափսոս, այդ մեկ վայրկյանը բավական չէր տեսնելու ու հասկանալու, թե դրանք ինչ առարկաներ էին և ինչ ծանոթ դեմքեր էին:

Եվս մի քանի օր, և կավարտվի Արեգակնային համակարգի մոլորակներից մեկի` Երկրի հերթական տարին: Ոչ ոք հստակ չգիտի, թե բազմաչարչար Երկրի որերորդ տարին է անդարձ հեռանում, էական էլ չէ, և ոչ ոքի չի էլ հետաքրքրում: Հետաքրքիրը մեր անցնող տարիներն են, ավելի ճիշտ, անցնող տարիների անցնող դեմքերն ու անցնող դեպքերը:

365 օր. ահռելի երկար ժամանակ է:

Նայած` մեդալի, որ կողմից նայենք:

Այն ահռելի երկար ժամանակահատված է սահմանին կանգնած, աչքը տան ճանապարհին զինվորի համար, բայց օրինակ, 90-ը բոլորած մեծահասակի կամ էլ ծանր հիվանդի համար, ում օրերը հաշված են, շատ կարճ է թվում. աչքդ թարթես` կանցնի: Ժամանակն այն զարմանահրաշ չափման միավորներից է, որը հատուկ է յուրաքանչյուրի համար, այն չի կարող միանման լինելու երկու մարդու համար:

365 օրը շատ անորոշ է, դրա համար այն կարելի է բաժանել ամիսների: 12 ամիս, յուրաքանչյուր ամիս ունի 30 կամ 31 օր (կամ էլ` 28), յուրաքանչյուր օր ունի 24 ժամ, յուրաքանչյուր ժամ` 60 րոպե, յուրաքանչյուր րոպեն` 60 վայրկյան: Եկեք պատկերացնենք 365 օրը րոպեներով. ահռելի շատ ժամանակ է, բայց տարին ու տարվա կարևորությունը հասկանալու համար լավագույն տարբերակը տարին օրերի կամ էլ նույնիսկ ժամերի բաժանելն է ու տեսնելը, թե ովքեր են տվյալ օրը կամ ժամը դարձրել հիշարժան: Մարդկանց միջոցով է օրը, ամիսը կամ էլ տարին դառնում հիշարժան կամ էլ դեպքերի (բայց դե դեպքերի կիզակետում էլի մարդիկ են չէ՞, կանգնած):

Ցավալի է, երբ չես կարողանում հասկանալ ,թե ով է հանդիսանում քո «Տարվա մարդը»: Դա գալիս է նրանից, որ քիչ ժամանակ ես անցկացրել մտերիմներիդ, ընկերներիդ հետ:

Ժամանակը քոնը դարձնելու շարժիչ ուժը մարդիկ են, ընկերներդ են:

Ետ հայացք գցելով անցնող տարվան` դեմքիս ժպիտ է առաջանում մի պարզ պատճառով . այս տարի էլ ունեցա մարդկային ձեռքբերումներ, քիչ, բայց ունեցա: Նրանք, նախորդ տարիների «ձեռքբերումներիս» հետ 2019 թվականը դարձրին հիշարժան ու դարձան իմ «Տարվա մարդը» (այո՛, նրա՛նք, առանձին-առանձին կամ էլ միասին):

Մի թողեք ժամանակը տանի ձեր գտած «ձեռքբերումներին», այլ այնպես արեք, որ ձեր ձեռքբերումները կանգնեցնեն և հավերժացնեն ժամանակը:

Մթություն: Լույսերը միացան: Տեսա 365 նոր ու դեռևս դատարկ վանդակները:

ՀԳ. Եթե ձեզանից որևէ մեկը, ով հիմա կարդում է սա և Ջոն Քենեդիի մահվանից 56 տարի 1 ամիս անց՝ կեսգիշերից 1 ժամ պակաս, ստացել  է այս փոքր մոլորակի «մեծ» մարդկանց կողմից հնարված սոցիալական ցանցերից որևէ մեկով ինչ-որ նամակ ինձանից, ապա իմացիր, որ հենց ԴՈՒ ես քո որևէ քայլով դարձրել իմ 365 օրերից մեկը կամ հենց 365 օրն էլ արժանի ապրելու, մոտիվացված ու իմաստալից:

Processed with Focos Processed with VSCO with m3 preset

Կորցրած մոտիվացիաս և ավտոբուսային արկածները

Չգիտեմ` ում է հետաքրքիր, ում չէ, բայց ուզում եմ պատմել, թե ինչպես օրս սկսվեց այսօր:

Ինձ ճանաչողները գիտեն վերջին ամիսների իմ զգացողությունները, ու արդեն «զզվացրել» եմ իրենց` հարցնելով, թե որտեղից քեզ մոտիվացիա, ոնց հետ բերեմ կորցրածս մոտիվացիան և այլն:

Այնպես ստացվեց, որ այսօր արթնացա առավոտյան ժամը 5-ին և, որ ամենազարմանալին է, առանց զարթուցիչի: Արթնացա` լցված մեծ էներգիայով. կարծես թե մոտիվացիաս հետ է եկել: Արթնացա, լվացվեցի, կրկին զարմանալի կերպով նախաճաշեցի (ես երբեք չեմ նախաճաշում) ու սկսեցի գրել ոչ մասնագիտական առարկայի անիմաստ հանձնարարությունները (փաստորեն իրոք մոտիվացիաս ու «հավեսս» ետ են եկել): Վերջացրի աշխատանքս, լսելով ամանորյա երգեր (ես դրանք ամառվանից եմ լսում), պատրաստվեցի և դուրս եկա տանից: Գնացի ավտոբուսների կայարան, որ համալսարան գնամ: Ժամը 8:00ն էր: Կանգնած էր մեկ ավտոբուս` լցված լիքը մարդկանցով: Սպասեցի մոտ 10 րոպե մինչև շարժվեց: Եւ ուզում եմ նշել, որ առաջին մարդն էի կանգնած, ով սպասում էր հաջորդ ավտոբուսին: Հաջորդ ավտոբուսը եկավ ոչ թե 5, ոչ թե 10, ոչ թե 15, այլ 20 րոպե հետո (երևի վարորդը քնած էր մնացել, կամ էլ աշխատանքի գալու մոտիվացիան կորել էր): Իսկ այս «կարճ» ժամանակահատվածի ընթացքում ինձ միացան ևս մոտ 40 հոգի (եթե ոչ ավել):Եկավ ավտոբուսը, և մարդիկ իրար հրելով, միմյանց անպատիվ խոսքեր ասելով, «ցատկեցին» ներս, իսկ ես արդեն կես ժամ է` սպասում էի, բայց լինելով առաջին սպասողը` բախտս չբերեց (դե, Հայաստանում հերթ հասկացողությունը չկա):

Ինչևէ, նորից ինքս ինձ համոզեցի, որ չկորցնեմ մոտիվացիաս ու հուրախություն ինձ` կարողացա նստել հաջորդը: Շարժվեցինք: Զբաղեցվեցին բոլոր տեղերը, ավտոբուսը բառիս բուն իմաստով լցվեց, չմնաց որևէ դատարկ տարածություն, սովորականի նման չկար կանգնելու տեղ նույնիսկ աստիճաններին, իսկ վարորդը կանգառներում և կանգառներից դուրս շարունակում էր կանգնել ու կանգնել: Մի կին չդիմացավ և պոռթկաց. սկսվեց 3-րդ համաավտոբուսյան պատերազմը (իսկ թե 1-ինն ու 2-րդը, երբ է սկսել, չգիտեմ): Ավտոբուսը բաժանվեց կողմերի. ստեղծվեց երկու միություն` «Վարորդ» դաշինք և «Խիզախ կնոջ հետևորդներ» միությունը: Վարորդը բանակ դրեց` կանգնեց մի տեղ, և սկսվեց «կաշան»: Իսկ ես, ուշանալով դասից, փորձելով չկորցնել մոտիվացիաս, շարունակում եմ կարդալ գիրքս…

Razmik Gasparyan

Մեկ ամսում

07.00 – հնչեց զարթուցիչի ձայնը:

Վեր կացա, պատրաստվեցի, գնացի կայարան՝ ուղևորվելու դասի: Արդեն մեկ ամիս է, ինչ Աստծու ամեն աշխատանքային օր կրկնվում է այս «ցիկլը»: Դե ինչ, պաշտոնապես ասեմ. «Բա՛րև, ուսանողական կյանք»:

Ամռանը մտածում էի (և երևի թե շատերն էլ ինձ պես), թե սեպտեմբերից կյանքս 180 աստիճանով կփոխվի… Բայց, ինչպես և շատ դեպքերում, այս անգամ էլ սխալ էին կանխատեսումներս: Չէ, իրականում կան շատ փոփոխություններ, բայց  դե 180 աստիճանով ոչինչ էլ չի փոխվել: Նախորդ հոդվածներիցս մեկում խոսում էի փոփոխությունների մասին, որ իրական փոփոխությունները մեր մեջ պիտի անենք, որ նկատելի լինեն իրական փոփոխությունները: Ինչևէ, փորձեմ առանձնացնել մեկ ամսվա ընթացքում ուսանողական կյանքի բերած փոփոխությունները:

Իրականում փոխվել են միայն անունները. դպրոցը՝ համալսարան, դասարանը՝ կուրս, դասասենյակը՝ լսարան, ուսուցիչը՝ դասախոս…

Բայց և առաջին բանը, որ հասկացա համալսարանում, հետևյալն էր. «Դու ես քո գլխի տերը»: Չկան դպրոցական մանրուքները, որոնք շատերիս էին զայրացնում (էս մի հագիր, մի բացակայիր, մազերդ սենց մի արա, սափրվիր և այլն): Համալսարանի դրական կողմերից է այն, որ նման բաները իրոք մանրուք են, և ոչ ոք ուշադրություն չի էլ դարձնում, որովհետև կարևորը սովորելն է: Այո, միգուցե համալսարանում կարևորը սովորելն է, բայց ուսանողական կյանքի «կենտրոնը» չեմ համարում սովորելը, այն էլ բազմաթիվ, ըստ իս՝ անիմաստ, անպետք առարկաները կամ էլ ձանձրալի դասախոսությունները: Ուսանողական կյանքը ակտիվ մասնակցությունն է արտալսարանային միջոցառումներին, քննարկումներին, թույն մարդկանց հետ շփումն է… Ցավոք, եթե դատեմ էս չափանիշներով, ապա պիտի ասեմ` դեռ ուսանողական կյանքս չի սկսվել (բայց այդ ուղղությամբ աշխատում եմ):

Համալսարանում կատարվելիքից զատ հետաքրքիր է նաև մինչև համալսարան ընկած ճանապարհի անցնելը և համալսարան հասնելը: Ամեն օր «ծանոթ անծանոթներին» տեսնելով, միմյանց սեղմված, հարյուրավոր ուսանողների հետ զանգից մի քանի րոպե առաջ արագ քայլելով ՝ հասնում ենք բուհ (դեպի համալսարան ճանապարհը մի ուրիշ հոդվածի նյութ է, որի մասին անպայման կխոսեմ):

Ինչևէ, մեկ ամսվա ընթացքում լսածս դասախոսությունները, գրածս լեկցիաները առ ոչինչ են դասախոսներից մեկի՝ մեզ ուղված խորհրդի դեմ. «Փորձեք երբեք չդառնալ ամբոխի մի մասնիկը. եղեք անհատականություն»:

Կեսօրից մի քանի ժամ անց, հաղթահարելով ավտոբուս նստելու և սահմանափակ տեղերը զբաղեցնելու պայքարը՝ գնացի տուն:

razmikGasparyan

Վերջիվերջո, ո՞վ է ճիշտ

Իսկ միգուցե պիտի իրավագիտությո՞ւն տայի գործերս, կամ արևելագիտությո՞ւն…

Արդեն մեկ տարին կլրանա, ինչ ուղեղումս երեք ինչ-որ տեղ իրար նման, ինչ-որ տեղ իրարից տարբերվող գիտություններ կռիվ էին տալիս միմյանց հետ (ու մինչև հիմա էլ կռվում են) և սպասում էին, թե ով վերջիվերջո կհաղթի: Այդ երեք գիտություններն են` Իրավագիտությունը, Միջազգային հարաբերությունները և Արևելագիտությունը: Երկարատև պայքարից հետո վերջապես որոշում կայացվեց, և հաղթող ճանաչվեց Միջազգային հարաբերությունները: Որոշումը շատ սուբյեկտիվ էր, ու ասեմ, որ ոչ վճռական: Մինչև հիմա գլխիս մեջ գտնվող Իրավագիտությունը ու Արևելագիտությունը «բզբզում են», որ պիտի իրենց ընտրեի: Բայց որոշումն արդեն կայացված է, ասեմ ավելին՝ արդեն Միջազգային հարաբերությունների առաջին կուրսի ուսանող եմ:

Իրականում սա իրոք որ խնդիր է և խնդիր է շատերի համար: Ապագա մասնագիտության ընտրությունը կյանքիդ ամենադժվար, ամենակարևոր, ամենավճռական, ամենա-ամենա որոշումներից է: Հենց այդ ընտրությունից է կախված կյանքիդ հետագա 4 տարիները՝ համալսարանում և ընդհանրապես ողջ կյանքդ (չէ, չեմ չափազանցնում):

Մեր կրթական համակարգի ամենամեծ բացերից ու թերություններից մեկն էլ սա է (հիմա կասեմ՝ ինչը):  Մենք՝ աշակերտներս (օհ, մոռացա, ես այլևս ուսանող եմ, ինչևէ), սովորում ենք հիմնական դպրոցում 9 տարի, այնուհետև քննություններ, սթրես, ու գալիս է առաջին կարևոր ու բարդ ընտրություններից մեկը՝ ավագ դպրո՞ց, քոլե՞ջ, թե՞ միջնակարգ դպրոց: Միգուցե կողքից թվա շատ հեշտ լուծում ունեցող խնդիր, բայց իրականում այդպես չէ: Այդ փուլը շատերը հաղթահարում են բարեհաջող՝ կատարելով ճիշտ ընտրություն, իսկ շատերը ձախողվում են՝ վատնելով կյանքի տված ամենաթանկ բանը՝ ժամանակը: 3 տարի էլ անցկացնելով ավագ դպրոցում կամ քոլեջում ՝ գալիս է հաջորդ կարևորագույն խնդիրը, որի մասին էլ հենց խոսում էի՝ մասնագիտության ընտրություն:

17 տարեկան երեխայի համար բավական դժվար է որոշում կայացնել ողջ կյանքի համար, այն է ՝ ընտրել մասնագիտությունը: Կողքից խորհուրդներ, իհարկե, շատ ու շատ են լինում: Բայց խորհուրդները ուղղակի չնչին դեր են կատարում: Ըստ իս ՝ լավագույն լուծումը կլիներ այն, որ ավագ դպրոցի աշակերտները, ովքեր ունեն մասնագիտական որոշակի կողմնորոշվածություն, և նրանք, ովքեր տարակուսում են այս կամ այն մասնագիտւթյունը ընտրելու հարցում, պետք է հնարավորություն ունենան հենց դպրոցում մասնակցել սեմինարների, դասընթացների, քննարկումների ՝ կապված մասնագիտության ընտրության հարցի հետ: Օրինակ, պատկերացրեք, թե ինչ արդյունավետ կլինի ինչ-որ դերախաղ անցկացնելը կապված այս կամ այն մասնագիտության հետ, և ինձ թվում է, որ շատերը արդեն իսկ որոշակի պրակտիկայի միջոցով ավել լավ կըմբռնեն և կկարողանան ընտրել իրենց մասնագիտությունը:

Ինչևիցե, թող գլխումս դեռ շարունակվեն իրավի, միջազգի ու արևելքի քննարկումները: Մի քանի օրից սեպտեմբերի մեկն է, և արդեն պարզ կդառնա` արդյո՞ք ճիշտ որոշում եմ կայացրել, թե ոչ:

razmikGasparyan

Փոփոխությունների ձգտող անփոփոխ «Ես»-ը

Անխոս, բոլորս էլ մեր կյանքի տարբեր փուլերում ինչ-որ նոր բան սկսելիս միշտ էլ մեծ-մեծ ակնկալիքներ ենք ունենում: Մտածում ենք. նոր միջավայր, նոր մարդիկ, էս անգամ լրիվ ուրիշ ձև կլինի, ավելի լավ կլինի… Ու էս խոսքերից հետո իրականությունը, բախվելով երևակայությանդ, կրկին փշրում է սպասելիքներդ: Ըստ իս՝ մեծ մասամբ կոտրված ակնկալիքներ ունենալու պատճառը մենք ինքներս ենք: Մտածում ենք նոր միջավայրի, նոր մարդկանց ու նոր փոփոխությունների մասին, բայց մոռանում ենք ամենակարևորը. իսկ մե՞զ ով է փոխելու, իսկ նոր իրականության ու փոփոխությունների մասին ակնկալիքները արդյոք չե՞ն հակադրվի մեր հին ու երբեք չփոփոխվող «ես»-ին ու նորից չե՞ն կոտրի սպասելիքները…

Միգուցե փոխես շրջապատդ, շրջապատիդ մարդկանց ու միջավայրդ, ու արդյունքում ոչինչ էլ չի փոխվի: Իսկ միգուցե փորձես 12 տարի՝ 4380 օր նույն «եսեր»-ի մեջ մնացած, ամուր պաշտպանած ու անընդհատ նոր փոփոխությունների ձգտող «ես»-դ գեթ մեկ օր փոխել:

Հարյուր անգամ փոխիր միջավայրդ, ծանոթացիր նոր մարդկանց հետ, փնտրիր նորություններ, տառապիր նորից կոտրված ակնկալիքներիդ համար, և ի՞նչ:

Մեկ անգամ փորձիր 4380 օր ապրածդ միջավայրում փոխել հենց ինքդ քեզ, անել այն փոփոխությունը, որը ակնկալում ես հերթական նոր միջավայրում, միգուցե գտնես այն, ինչ երկար ես փնտրել:

Խնդիրը մեր մեջ է, խնդրի լուծումը դրա գլխավոր լուծողի ձեռքում է:

razmikGasparyan

Միասնական քննություններ

Դե ինչ, ավարտվեցին նաև միասնական քննությունները: Երևի թե այս շրջանը կյանքիդ կարևոր իրադարձությունների մեջ առաջիններից է: Ըստ իս՝ ամենաբարդ, դժվար ու սթրեսային փուլերից մեկն է սա: Մենակ դիմորդները կհասկանան մեկը մյուսին, որովհետև ապրումները, որ ունենում ենք, հնարավոր չէ պատկերացնել, եթե այդ ամենի միջով չես անցնում:

Քանի որ արդեն փորձ ունեմ, փորձեմ կիսվել փորձովս ու ինչ-որ կերպ օգնել մյուսներին։ Չեմ ուզում խոսել էն մասին, թե ինչու միջազգայնագետը ու պատմաբանը նույն մակարդակի պատմության քննություն պիտի տան, թե ինչու պիտի դիմորդին հենց առաջին առաջադրանքից «կոտրեն» և այլն:

Երբ սկսում էի պարապել քննությունների համար, մի չափանիշ էի ընտրել՝ 20: Ըստ իս՝ դա ամենակարևորներից մեկն է: Միշտ ասում էի՝ եթե մարդը կարող է ամենաբարձրին ձգտել, ինչո՞ւ ցածրի համար պատրաստվի: Էստեղ բայց կա՝ կարևոր կետ: Ձգտիր ամենաբարձրին՝ սպասելով նաև ցածրը։ Երևի վերջինին էդքան էլ ուշադրություն չէի դարձրել, բայց էդքան էլ ծանր չտարա ակնկալվածից մի քիչ ցածր ստանալս: Բոլորն ասում են, որ համալսարանում նույնիսկ ուշադրություն չեն էլ դարձնում քննությանը ստացած գնահատականներին, ու դու էլ շատ չանցած՝ մոռանում ես դրա մասին։ Կապրենք, կտեսնենք:

Պարապելու ընթացքում լինելու են շատ ու շատ հիասթափությունների, սեփական ուժերին չհավատալու, անկարող զգալու պահեր, բայց բոլորն էլ անցողիկ են, կարևորը կենտրոնանալը ու լավ պատրաստվելն է:

Ամենակարևոր 2-րդ կետը երևի չլարվելն է: Գիտեմ՝ անհնարին բան եմ ասում, բայց լարվելը քննության ժամանակ գլխավոր թշնամիդ է (վերջիվերջո, սեփական փորձից եմ ասում): Դժվար է, երբ 1-2 տարի պարապում ես ու պիտի պարապածդ օգտագործելով՝ ցույց տաս, թե ինչի ու ինչքանի ես պատրաստվել: Շատերի վախերից մեկն էլ հենց այն է, թե ուրիշները կմտածեն, թե էդքան պարապելով ցածր է ստացել: Ուրիշնե՞րն են քննություն տալիս, ուրիշնե՞րն են ունենում այն ապրումները, որոնց միջով անցնում ես… Չէ: Իսկ եթե չէ, ուրեմն կարելի է նույնիսկ թքած ունենալ ուրիշների չարախոսությունների վրա: Թքած ունենալ ասացի, հիշեցի: Թքած ունեցեք նաև քննասենյակում գտնվող էն մարդկանց հայացքների վրա, ովքեր շրջելով, դիմորդների «գլխին կանգնելով», «մուննաթ սփռելով», նկատողություններ արձանագրելով շրջում են: Մտածեք՝ նրանք գոյություն չունեն, կտրվեք ամեն ինչից, կենտրոնացեք թեստի վրա, հանգիստ գրեք: Ինչպես ուսուցչուհիս էր ասում՝ նայեք ձեր շուրջը, պատկերացրեք՝ ձեր սիրած երաժշտությունը ձեր ականջներում է, ու մի լարվեք: Ի դեպ, օգնեց: Նստած պատկերացնում էի, որ շարքերով երգում են Bohemian rhapsody-ն:

Վերջիվերջո, ամեն ինչից զատ, անկախ գնահատակններից, հիասթափությունից, ուրախությունից, սթրեսից, էլի ուրախությունից՝ ինձ համար ամենակարևորը էն մարդիկ էին, որոնց հանդիպեցի էս շրջանում, որոնք հավատում էին ուժերիս ու իմ փոքր հաջողությունների համար ինձնից ավելի շատ էին ուրախանում: Առանձնապես ուզում եմ նշել պատմությանս խմբի «7 հրաշալիքներին», որոնցից մի քանիսը դարձան ամբողջ կյանքի ընկերներ:

Միշտ ու ամենուր՝ թեկուզ և վատ բաներից, քաղեք օգտակարը ու հաճելին ու հենց դրանք էլ դարձրեք ձերը:

 

EPIC EYE FESTIVAL

Լուսանկարը` Ռազմիկ Գասպարյանի

Լուսանկարը` Ռազմիկ Գասպարյանի

Օգոստոսի 17-19-ը Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ՝ Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի ամենահավես, ամենաթույն փառատոններից մեկը՝ Epic Eye Festival-ը: Երեք օր ռոք ու էլեկտրոնային երաժշտություն՝ բնության գրկում: Մի խոսքով՝ կար էն ամենը, ինչը կապահովեր քեզ կտրվել առօրյայից ու հավես ժամանակ անցկացնել հարյուրավոր մարդկանց հետ:

Ֆեսթին մասնակցելու համար կար գիշերակացի 2 տարբերակ՝ հյուրանոց ու քեմփինգ: Ես, բարեբախտաբար, ընտրել էի առաջին տարբերակը: Առաջին օրը էլեկտրոնային երաժշտություն էր: Առաջին օրն անցավ լավ, բայց ես անհամբեր սպասում էի ռոքին: Ռոքն, ըստ իս, մարդկանց շատ քիչ տոկոսի ականջին է լսելի: Ռոքի միջոցով կարողանում ես արտահայտել էմոցիաներդ, կուտակված էներգիան դուրս բերել ու ուղղակի վայելել երաժշտությունը: Ռոք բենդեր էին եկել աշխարհի տարբեր երկրներից ու Հայաստանից: Երկրորդ օրվանից սկսվեց ռոքը, որին այդքան սպասում էի: Մարդիկ լսում ու վայելում էին երգերը: Ահավոր թույն բեմ ու թույն բենդեր: Մինչև ֆեսթին գնալս մտածում էի, որ ռոքը կատարյալ լինելու համար պետք է անձրև: Ու… Սկզբում սկսվեց թույլ անձրև, որը չխանգարեց մարդկանց բաց երկնքի տակ վայելել երգերը: Բայց եղանակը փորձեց ավելի ակտիվացնել մեզ, ու սկսվեց իսկական տեղատարափ անձրև: Ամպրոպի ձայներն ավելի էին ակտիվացնում մեզ: Մարդկանց մի մասը վազեց պատսպարվելու, իսկ մյուս մասը (նաև ես) մնաց տեղատարափ անձրևի տակ ու ռոքի հնչյունների ներքո լավ ժամանակ անցկացրեց, մինչև սկսվեց կարկուտը ու ամեն ինչ փչացրեց: Երկրորդ օրը, թեև մի փոքր ձախողվեց, բայց ինձ համար անցավ շատ լավ ու դարձավ անմոռանալի: Երևի ռոք լսելով անձրևի տակ պարելուց հավես բան չկա: Էդ ամենից ստացած էմոցիաները դեռ ահագին մնում են մեջդ ու դառնում են կյանքիդ հիշողությունների մի մասը: Երկրորդ օրվա կարկուտից հետո մի քանի բենդեր չկարողացան ներկայանալ, իսկ Epic eye-ի թիմը խոստացավ, որ նրանք կներկայանան 3-րդ օրը: 3-րդ օրը նույնպես եղանակը անբարենպաստ էր, իսկ ֆեսթի ամբողջ ծրագիրը՝ խառնված: Ցավոք, չկարողացա մասնակցել 3-րդ՝ վերջին օրվան, բայց միևնույնն է, էմոցիաներս դեռ կային:

Լուսանկարը` Ռազմիկ Գասպարյանի

Լուսանկարը` Ռազմիկ Գասպարյանի

Այնուամենայնիվ, հաշվի չառնելով որոշ կազմակերպչական խնդիրներ ու եղանակային փոփոխություններ՝ ֆեստիվալն անցավ հիանալի ու էմոցիաներով հարուստ: Ըստ իս՝ պետք է Հայաստանում նմանատիպ փառատոններ շատ կազմակերպվեն ու համախմբեն նույն ճաշակի, մտածելակերպի ու ապրելակերպի մարդկանց: Պետք է թեկուզ մի քանի օրով կտրվես իրականությունից, փոխես միջավայրդ ու հասկանաս, թե որն է քեզ ավելի դուր գալիս: Իսկ ռոքի սիրահարների ապրելակերպը մի ուրիշ աշխարհ է, որը ես շատ եմ հավանում, քանի որ նրանք վայելում են կյանքն ու ազատությունը, չեն ապրում ուրիշի համար, այլ իրենք իրենց։

Բանավեճ

Երեք տարի էր, ինչ ես ընդգրկված էի ԵՆՀ բանավեճի ակումբում: Առաջին տարում, երբ մասնակցեցի, 7-րդ դասարանցի էի: Ճիշտ է, դեռ այդքան չէի հասկանում, թե ինչ է բանավեճը, ինչն է դրա նպատակը, սակայն մեծ հետաքրքրությամբ ընդգրկվեցի: 8-րդ դասարանում արդեն միայն ես էի մնացել ակումբում որպես «հին խաղացող» (որովհետև բոլորը 9-րդ դասարանցիներ էին ու արդեն ավարտել էին): Այդ տարի ես ավելի պատասխանատու զգացի ինձ ու փորձեցի ավելի շատ ուսումնասիրել ու աշխատել որպես թիմի ավագ: Տարվա վերջում, համեմատած նախորդ տարվան, ունեցանք մեծ հաջողություն: Այդ տարի` 2014 թվականին, ես մեր դպրոցից ընտրվեցի որպես հանրապետական փուլի մասնակից: Երբ շատ ուրախացա ու սկսեցի անհամբեր սպասել մեր փորձերին ու, դե իհարկե, հանրապետական փուլին: Մենք մեր թիմով (արդեն քաղաքի թիմով, ոչ թե դպրոցի) մեր առջև նպատակ էինք դրել հանրապետական փուլում գրավել առաջին տեղը: Երբ սկսվեց մրցույթային առաջին օրը, ամեն ինչ շատ լավ էր ստացվում, և մենք հաղթեցինք առաջին օրվա համարյա բոլոր խաղերում: Երկրորդ օրը արդեն հաղթեցինք բոլոր խաղերը և վճռական փուլում` կիսաեզրափակիչում, հաղթեցինք` անցնելով եզրափակիչ փուլ: Եզրափակիչ խաղում, սակայն մենք գրավեցինք 2-րդ տեղը: Դա ևս շատ-շատ մեծ հաջողություն էր մեզ համար, և մենք շատ ուրախ էինք:

Արդեն 9-րդ դասարան էի, 3-րդ տարին էր, ինչ մասնակցում էի բանավեճին: Տարեցտարի ավելի կատարելագործված մենք մեր առջև նպատակ դրեցինք հաղթել տարվա բոլոր խաղերը: Եվ այդպես էլ եղավ, մենք հաղթեցինք բոլոր խաղերում, և մեր դպրոցը մեր քաղաքում` Արտաշատում, գրավեց առաջին տեղը:

Այս երեք տարում, շնորհիվ բանավեճի, ես շատ ու շատ հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերեցի:

Շատ մարդկանցից լսել եմ նման արտահայտություններ. «Էդ բանավեճի իմաստը չեմ հասկանում, լեզվակռիվ եք էլի անում», «Բանավեճը լեզուդ ա երկարացնում», և այլն: Դպրոցում, ուսուցիչներից շատերը նույնպես համարում էին բանավեճը բացասական: Ասում էին. «Այ, Ռազմիկ ջան, բանավեճի պատճառով դասերից հետ ես ընկնում, չես հասցնում»: Սակայն բանավեճը ինձ համար արդեն դարձել էր օդ ու ջուր, ու չէի կարող հրաժարվել դրանից: Չնայած որոշ ուսուցիչների տեսակետին` բանավեճը ինձ օգնում էր նաև դասերի ընթացքում: Բանավեճի շնորհիվ զարգանում է մտահորիզոնը, խոսքը, լինում ես ավելի տեղեկացված, կարողանում ես պնդել քո կարծիքը ու հաստատուն պահել քո տեսակետը, ձեռք ես բերում նոր ընկերներ … Էսպես անվերջ կարող եմ թվել բանավեճի դրական կողմերը: Մի խոսքով, այն երեք տարիները, երբ ես բանավիճում էի, կարող եմ համարել իմ կյանքի կարևորագույն, գիտելիքներով լի փուլ, որը հուսով եմ կշարունակվի:

Բանավեճի համար իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ ուզում հայտնել «Ջինիշյան հիշատակի հիմանադրամին»` այս հրաշալի ծրագիրը ստեղծելու և դպրոցներ մտցնելու համար: