Իմ գրադարակը խորագրի արխիվներ

lida armenakyan-2

…Ում ընտելացրել ենք

«Մարդիկ մոռացել են այն ճշմարտությունը: Բայց  դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար»:

Էքզյուպերիի հենց այս մտքով էլ սկսվում են իմ կյանքի բոլոր լուսապայծառ ու մռայլ առավոտներն արդեն վեց տարի:

Առավոտ է: Աչքերս բացում եմ, նայում ժամին ու զանգում.

-Արևիկ, բարև: Ո՞նց ես:

-Բարի լույս: Ես լավ եմ, դո՞ւ: Գալու ես, չէ՞:

-Գալու եմ, բա ոնց: Առանց ինձ հո չե՞ս մնա:

Էսպես են սկսվում իմ առավոտները` Արևիկի բարի լույսի, որպիսության դրական պատասխանի ու մշտական հարցի հետ:

Դպրոց ենք գնում, տուն գալիս ու որոշում համերգ գնալ երեկոյան:

-Արև, չես մոռացել, չէ՞, որ ժամը վեցին պիտի գնանք:

-Չեմ մոռացել Լիդ: Կգամ:

-Դե տես, չուշանաս:

Ծիծաղում է… Ծիծաղում եմ:
Ասում եմ` չուշանաս, հստակ իմանալով, որ մեկ է, անպայման ուշանալու է: Գնում ենք համերգի մի քիչ ուշացած ու էլի սկսում մեր խենթությունները: Մի աղջիկ երգում է, Արևը կանգնում է աթոռին ու բարձր գոռում, ծափ տալիս, ես մի կերպ եմ զսպում բարձր ծիծաղս, հետո հասկանում եմ, որ չէ, էլ չի ստացվում: Արևիկին վերցնում եմ ու արագ դուրս գալիս դահլիճից: Հետո էլի ամբողջ ճանապարհին ձայներս գլուխներս  գցած մի կերպ տուն ենք հասնում: Պինդ գրկում է ու գնում:

Անցել են տարիներ: Առավոտ է: Վերցնում եմ հեռախոսս ու էլի հետ դնում: Միացնում եմ համակարգիչս, բացում իմ ամենասիրելի, այսպես ասած, «Folder»-ը ու հերթով թերթում նկարները: Ինչքան ուրախ ենք նկարներում ես ու ինքը: Այ, թե հիմա էդ ուրախությունից մի պատառ լիներ:

Էս կյանքում էնպես է ստացվել, որ չենք ընտելացնում, բայց ընտելանում ենք: Ու ամեն անգամ, երբ մեկը թողնում ու գնում է ինձ, ով ժամանակին ընտելացրել ու պատասխանատու էր դարձել ինձ համար, իմ մեջ ինչ-որ բան է փոխվում, բայց փոփոխությունը չեմ համարձակվում կոտրվելուն համարժեք համարել: Չեմ կոտրվում: Չէ: Սակայն տխրություն բառն էլ վաղուց չի բնութագրում այն, ինչ տեղի է ունենում ինձ հետ, երբ լքում է ինձ այն մեկը, ում համար արդեն ես էլ էի հասցրել պատասխանատու դառնալ և ում տվել էի իմ ամբողջ հոգին:

Հետո նորից բացում եմ իմ ամենասիրելի գիրքը`«Փոքրիկ Իշխանը», գտնում ու կարդում եմ հենց այս տողը.
-Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:

Համակերպվում եմ, մի կերպ համակերպվում եմ ու առաջ անցնում: Առաջ եմ անցնում մտքերիցս ու հիշողություններիցս: Ինքս ինձ խոստանում եմ երբեք չլինել այդպիսին, երբեք չմոռանալ պատասխանատվության մասին: Չէ որ «քո վարդն աշխարհում միակն է»:

virsavia

Չեմ ցնդի

Գրքեր: Սա դրախտի մեր՝ ընթերցասերներիս,  գաղափարն է:

Մի մտածեք սակայն, թե ամեն ինչ միշտ այսպես լավ է եղել:
Մինչև մեկ տարի առաջ գրքերը կարծես իմ թշնամիներն էին: Ես զարմանում էի, թե ոնց են մարդիկ ժամանակ տրամադրում ընթերցանությանը: Պատկերացնո՞ւմ եք, ես պատրաստ էի անիմաստ վատնել ժամանակս համակարգչի առաջ, բայց չկարդալ: (Խոստովանում եմ, ահավորն էի):
Այդպիսի մտածելակերպս փոխեց Վարդգես Պետրոսյանը: Առաջին հեղինակն էր, ում կարդացի մե՜ծ հաճույքով: Ես ուղղակի հիացած էի Պետրոսյանի արվեստով: Ու հենց այստեղից էլ շարունակեցի:
Ինչպիսին եմ ես հիմա՞: Հիմա ինձ ամենուրեք կտեսնեք գիրքը ձեռքիս: Գրքեր կարդալը դարձել է իմ ամենասիրելի զբաղմունքը ողջ օրվա ընթացքում: Օրս սկսվում և ավարտվում է դրանցով:
Երբեմն ընկերներիցս ոմանք, ովքեր նման են մեկ տարի առաջվա Վիրսավիային, ասում են ՝քիչ կարդա, «կցնդես»: Բայց ես գիտեմ, որ իրականում ամեն ինչ հակառակն է լինելու:
Ընթերցելով, մենք պատկերացնում ենք հարյուրավոր աշխարհներ,տխրում ենք մեր հերոսների դժբախտություններով և ուրախանում նրանց հետ միասին, սիրահարվում ենք շատ անգամներ, մահանում և ծնվում ենք վերստին: Կտրվում ենք մեր իրականությունից, տեղափոխվելով այլ իրականություն, որտեղ մենք ուղղակի դիտորդներ ենք:
Մի մեջբերում անեմ շատ սիրելի «Ջեյն Էյր» գրքից.
«Գիրքը բռնած ծնկներիս վրա, ես երջանիկ էի՝ երջանիկ էի յուրահատուկ ձևով: Վախենում էի,որ ինձ կխանգարեն»:
Այո՛, ես երջանիկ եմ, երբ ընթերցում եմ:
Իմ այդ երջանկության համար շնորհակալ եմ նաև իմ գրականության ուսուցչուհուն: Նրա գիտելիքներով հիացած մղվեցի կարդալ շատ գրքեր:
Ո՞վ գիտե, միգուցե մի օր էլ ինչ-որ մեկը սկսի կարդալ՝ հիացած գրքերից ունեցած իմ գիտելիքներով:

Mariam barseghyan

Ծիածանաշատ երկինք

Պատշգամբում բազմոցին նստած երգ էի լսում ու տարված էի Նիկոլաս Սպարկսի «Հիշողությունների օրագիրը» գրքով, որը որոշեցի կարդալ համանուն ֆիլմը դիտելուց հետո: Ի դեպ, հիանալի կինոնկար է: Գիրքը երկու սովորական մարդկանց մասին է, ովքեր հակառակ իրենց ցանկության, բաժանվեցին, և ամեն մեկը գնաց իր ճանապարհով, ունեցավ իր հաջողությունները և ձախողումները: Բայց մի օր, երբ երկուսն էլ մտածում էին, որ իրար մոռացել են, և նույնիսկ մտքի ծայրով էլ չէր անցնում, որ նորից կհանդիպեն, նրանք վերագտան իրար: Մի օր էլլիի (գլխավոր հերոսուհի) ձեռքն է ընկնում մի ամսագիր, որի առաջին էջում մի գեղեցիկ տղամարդու նկար էր` հիասքանչ առանձնատան առջև կանգնած: Էլլիին ծանոթ էր այդ առանձնատունը, ծանոթ էր և այդ տղամարդը: Նկարում Նոյն էր (գլխավոր հերոս): Տարիներ առաջ նրան այնտեղ էր տարել Նոյը, իր Նոյը: Էլլին իր համար շատ դժվար քայլ է որոշում անել: Նա որոշում է այցելել Նոյի առանձնատուն և տեսնվել նրա հետ: Մինչև վերջին պահը վստահ չէր՝ արդյո՞ք ճիշտ է գնալը: Չէ՞ որ ինքը նշանված էր և շուտով ամուսնանալու էր: Բայց Էլլին գնում է, և ամեն ինչ լինում է այնպես, ինչպես պիտի լիներ: Չէր կարող այլ կերպ լինել, որովհետև ամեն ինչ որոշված էր ամենասկզբից, երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին իրար: Ու հենց այն պահին, երբ նրանք իրար հրաժեշտ էին տալիս, գլուխս մի պահ բարձրացրեցի և պատուհանից տեսա, որ երկու ծիածան է երևում: Հետո, երբ ավելի ուշադիր նայեցի, տեսա, որ դրանք երեքն էին: Ու տարօրինակն այն էր, որ անձրև չէր եկել: Կյանքումս առաջին անգամ էի նման բան տեսնում: Մի տեսակ ամեն ինչ այնքան յուրահատուկ էր: Ծիածան, հիանալի երաժշտություն, գեղեցիկ պահ գրքում: Թվում էր, թե այդ ծիածանը, երաժշտությունը, ամեն ինչ գրքից էր, որ ոչինչ իրական չէ: Իրական չէի ես, այդ բազմոցը, որի վրա քիչ առաջ նստած էի: Կարծես նստած լինեի հերոսների կողքին: Մեկ-մեկ թվում էր, թե նրանք էլ են լսում իմ ականջներում հնչող մեղեդին, նրանք էլ են գլուխները բարձրացրած նայում ծիածանաշատ երկնքին: Այնինչ դա ուղղակի պատմություն էր, իր ուրիշ երկնքով և ուրիշ մեղեդով: Պատմություն, որը մի փոքր էլ դարձավ իմը…

 

anna andreasyan

Գրքերը

Մի ժամանակ գրքերը իմ կյանքում տեղ չէին զբաղեցնում: Հիմա զարմանում եմ՝ ինչպես էի «յոլա» գնում առանց գրքերի: Գրքերը զարգացնում են, լայնացնում աշխարհայացքը, գիտելիք են տալիս: Եվ ընդհանրապես, շատ հաճելի է կարդալը: Ես գիրքը համարում եմ անհրաժեշտություն՝ մարդու ճիշտ ձևավորման գործում:

Իմ՝ գրքերը պաշտելու գործընթացը սկսվեց 13 տարեկանում՝ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»-ն կարդալով: Իհարկե, դրանից առաջ էլ էի կարդում, բայց որպես պարտականություն: Բայց այդ գիրքը հանդիսացավ այն խթանը, որից հետո գրադարան-տուն ճանապարհը դարձավ մշտական ճանապարհ: Ես այն շատ սիրեցի և ափսոսալով էի կարդում: Ամեն էջը թերթելիս՝ ես ափսոսում էի, որ մի էջով էլ պակասեցրի այն: Այնտեղ ինձ շատ էր դուր եկել Սահականույշ թագուհու կերպարը: Գիրքը կարդալուց հետո ես այն վայր չդրեցի: Նորից ու նորից էի կարդում իմ սիրած հատվածները: Շատ հատվածներ անգիր էի արել:

Այս գրքից հետո գրքերը դարձան կյանքիս անբաժանելի մասը: Ամեն նոր գիրք, երբ վերջացնում եմ՝շատ դժվարությամբ եմ կտրվում դրանից: Ինձ թվում է, թե էլ ոչ մի գիրք այդքան շատ չեմ հավանի: Բայց սկսում եմ կարդալ հաջորդ գիրքը և նույնը մտածում եմ դրա մասին:

Բայց մինչև հիմա կարդացածս գրքերից ես ամենաշատը հավանել եմ Էթել Վոյնիչի «Բոռ»-ը և Սոմերսեթ Մոեմի «Թատրոն»-ը: Իհարկե, այս երկու գրքերը իրար հետ ընդհանրություն չունեն: Առաջինը կարդալիս կարելի է մի լավ լաց լինել, իսկ երկրորդը կարդալիս՝ լիաթոք ծիծաղել:

Երբ կարդում էի «Թատրոն»-ը, ուսումնական տարվա վերջն էր՝ բոլոր աշակերտների ամենասիրելի ժամանակը: Բայց այս տարի ընկերներիս հետ շատախոսելու փոխարեն՝  ես զբաղված էի «Թատրոն»-ը կարդալով: Այն հետս տանում էի դպրոց և հարմար ժամանակ կարդում էի: Ես ուղղակի չէի կարողանում կտրվել այդ գրքից:

Մեջբերեմ մի քանի միտք գրքից:

«Կյանքի դժբախտությունն այն է, որ երբեմն անուրջներն իրականություն են դառնում»:

«Եթե մարդ սկսում է մտաբերել անցյալը, ուրեմն ապագա չունի»:

«Մարդկանց պատճառներ պետք չեն, որպեսզի անեն այն, ինչ իրենց սրտով է, նրանց պատրվակներ են պետք»:

անի հարությունյան /մայիսյան/

Վարդանանք

Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է:
Ռալֆ Էմերսոն

Կան գրքեր, որոնք ընթերցելիս շուրջդ բացվում է ուրույն ու անկրկնելի մի աշխարհ` իր առանձնահատուկ գեղեցկություններով ու թովիչ երգերով: Կան նաև այնպիսինները, որոնք քո առջև բացում են անզուգական ու հիասքանչ տեսարաններ, անհայտ հորիզոններ, անշուք ու պարզ գեղջկական խրճիթներ, պարզ ու անապական մարդկանց հոգիներ ու ողբերգություններ, գրքեր, որոնք սիրտդ լցնում են անչափ հայրենասիրությամբ, ուժով ու պայքարի նոր եռանդով: Հենց այդպիսի գրքերից է «Վարդանանքը», որը, ըստ իս, յուրաքանչյուր հայ պետք է կարդա։

Մինչև կարդալը շատ հակասական կարծիքներ էի լսել գրքի մասին.

-Է՜, ինչ էլ հավես ունես, սեղմավեպը վերցրու, սյուժեին ծանոթացի…

-Կարողա ձանձրանաս, նկարագրությունները շատ են…

-Անպայման կարդա՛։

Հաշվի չառնելով ապակողմնորոշող կարծիքները, գրքի մեծ ծավալն ու «սպառնացող» երկար նկարագրությունները` սկսեցի կարդալ…

Աննկարագրելի տպավորություններ, հիացմունք, հույզեր…Անգամ սիրահարվեցի Վարդանի կերպարին (դե՛, ինչ մեղքս թաքցնեմ, հաճախ եմ սիրահարվում գրքերի հերոսներին): Մարդ, որի վարակիչ հայրենասիրությունը փոխանցվում է ընթերցողին. արյունդ եռում է, սկսում ես այլ կերպ ընկալել հայրենիքի սերը։ Վարդանն օժտված է մարդկային բոլոր առաքինի հատկանիշներով՝ ազնվություն, անսահման ու նվիրական սեր դեպի հայրենիքը, քաջություն, անկոտրում կամք։ Նրա պայքարն ազնիվ ու արդար է, բարոյական, քանի որ կռվում է հայրենի հողի ապագայի համար։ «Մեռնենք և չտանք ոչինչ»,- այս է նրա նշանաբանը։

Զորավար, մարտիկ, քաղաքական գործիչ, ով ինքնին կենդանի մարմնացումն է հայրենասիրության ու քաջության։

Ատոմ Գնունին, Արտակ Մոկացը, Զորհրակը ու մնացած քաջ երիտասարդները նույնպես հիացմունք են առաջացնում։ Լինելով անփորձ, դեռ նոր-նոր սիրահարված երիտասարդներ՝ պատրաստ են կյանքի գնով պայքարել ազատության համար:

Հիացած եմ նաև հասարակ գյուղացու ուժով, անվախությամբ, կորովի պայքարով։ Նրանք, զգալով հայրենիքին սպառնացող մոտալուտ վտանգը, տուրք չտալով ընդունված պետական ու եկեղեցական ծեսերին ու կարգերին, չընկճվելով ոչնչից ու ոչ ոքից` համախմբվեցին և հաղթեցին։

«Բայց ռամիկը կկռվի, ռամիկը կփրկի աշխարհը, քանի որ հենց ինքն է աշխարհը»,-ասում է Սպարապետը։

Գնահատելով շինականի ուժը` նա հասավ արդյունքի, հասավ հաղթանակի՝ բարոյական ու վստահ։

Հզոր ու քաջ մարտիկների կողքին երևում են հայոց աշխարհի առաքինի ու փափկասուն կանայք: Նրանք նման են մեր էպոսի կանանց` «առյուծն առյուծ է, լինի էգ, թե` որձ»։ Հայ կնոջ անվախությունը, ուժն ու քաջությունը ամփոփված են Մեծ Տիկնոջ, Անահիտի, Խանդութի, Մամիկոնյան Տիկնոջ կերպարներում։

Սեր, բաժանում, անսպասելի բացահայտումներ, հուզիչ սիրո պատմու-թյուններ։ Գրավիչ էր ամեն մասն ու հատվածը։ Կարդում էի կլանված, լարված, հաճախ էի դողում ու փշաքաղվում, անգամ հուզվում։ Շատ էին հույզերս վերջում, երբ ընկավ ՆԱ… Այն ամենը, ինչ արեց, վեր էր բոլոր պատկերացումներից։

Պատրաստ եմ կարդալ նորից ու նորից` համակվելու նույն հերոսական ոգով ու հայրենասիրությամբ:

«Վեպը բնութագրվում է ռազմական կրակով, յուրաքանչյուր էջից վրնջում են նժույգները, կորովի երիտասարդները պատրաստ են կռվել և զոհվել հայրենիքի համար…»

 Ավետիք Իսահակյան

Ամառը զուր մի վատնեք

Եթե հանկարծ նավաբեկության ենթարկվեմ ու ընկնեմ Խաղաղ օվկիանոսի արխիպելագներից մեկը. «Խորհրադավոր կղզին»

Մոտ կես ամիս առաջ էր, երբ սկսեցի կարդալ մի գիրք, որն ինձ գրավեց իր հետաքրքիր վերնագրով: Գրքի հեղինակն իր հեղինակած գրքերով ճանաչված է, թե՛ Հայաստանում, թե՛ ողջ աշխարհում: Դա ֆրանսիացի հայտնի գրող, աշխարհագրագետ Ժյուլ Վեռնն էր, իսկ գիրքը՝ «Խորհրդավոր կղզին»:

Ես մի սովորություն ունեմ. կարդում եմ գրքի սկզբի մի քանի էջը, որից հետո կարդում եմ գրքի ամենավերջը: Գիտեմ, հիմա կասեք` հետո կարդալը հետաքրքիր չի լինի, ու ես կասեմ հակառակը:

Երբ սկզբում կարդում էի, գիրքն ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէր, բայց երբ շարունակեցի, ավելի ու ավելի հետաքրքրեց:

Գրքի հինգ հերոսները՝ լրագրող Գեդեոն Սպիլեթը, ինժեներ Սայերս Սմիթը, նավապետ Պենկրոֆը, Հերբերտն ու Նաբը, ինչպես նաև ինժեների շունը՝ հավատարիմ Տոպը, օդապարիկով փախչելով պաշարված Ռիչմոնդ քաղաքից, հինգ օր օդում մնալով, ընկնում են մի անմարդաբնակ կղզի, որը հետո ի պատիվ ԱՄՆ նախագահի, անվանում են Լինքոլնի կղզի:

Այնտեղ նրանք մնում են չորս տարի: Շատ չարչարանքներ են կրում, բայց շնորհիվ Սայերս Սմիթի խելացիության և նրանց աշխատասիրության, այնտեղ ապրում են արժանապատիվ կյանքով:

Ասածս ինչ է. երբ մի օր գնամ ճանապարհորդության, ինձ հետ անպայման վերցնելու եմ «Խորհրդավոր կղզին» գիրքը, որ եթե հանկարծ նավաբեկության ենթարկվեմ ու ընկնեմ Խաղաղ օվկիանոսի արխիպելագներից մեկը, կարողանամ գոյատևել:

Հավատացած եմ, որ այս գրքի օգնությամբ ամայի կղզիները կդառնան փոքրիկ «քաղաք-պետություններ»: Գրքից մի բան երևի երբեք չեմ մոռանա: Մի առիթով նավապետ Պենկրոֆն ասում է. «Եթե ես ընկնեմ ամայի օվկիանոսի մեջ մի փոքրիկ ժայռի վրա, միայն թե ինձ հետ լինի Սայերս Սմիթը, հավատացած եմ՝ ամեն բան լավ կավարտվի»:

Խորհուրդս հասակակիցներիս` ամառը զուր չվատնեք. ավելի շատ գրքեր կարդացեք:

anahit israyelyan

Իմ սիրելի գրքերը

Չեմ ասի, որ գեղարվեստական գրականությունն ինձ միշտ գրավել է: Ես ունեցել եմ և ունեմ ուրիշ շատ հետաքրքրություններ, որոնցով զբաղվելիս ես ավելի բավականություն եմ ստացել քան որևէ, օրինակ արկածային, գիրք կարդալով: Դպրոցում ես գերազանց եմ սովորում, բայց գեղարվեստական գրքերի հետ շփվում էի այնքանով, որքանով ինձ պարտադրում էին ուսումնական ծրագիրը և ուսուցիչներս: Հիշումեմ՝ դեռ տարրական դասարանում էի սովորում, մերոնք ինձ հանձնարարել էին կարդալ «Չախ-Չախ թագավորը» հեքիաթը, որը այն ժամանակ ինձ թվում էր մի հաստափոր գիրք, որ եթե ամբողջ կյանքում էլ կարդայի, չէի վերջացնի: Բայց այն ընդամենը երեք էջանոց փոքրիկ հեքիաթ էր, որից ես հիմա հիշում եմ միայն վերնագիրը: Բայց միջին դասարաններում՝ 7-8-րդ դասարանում վարակվեցի մի տեսակ հիվանդությամբ: Ամեն ինչ սկսվեց այն օրվանից, երբ հայրս հանձնարարեց ինձ դասավորել մեր փոքրիկ գրադարակը, որում կարելի էր գտնել, այդ ժամանակ ինձ համար անհասկանալի ու բարդ, ռուսերեն լեզվով մասնագիտական գրականության մի ամբողջ հավաքածու ու մի քանի գեղարվեստական գրքեր, որ ուսանողական ժամանակ ծնողներս էին գնել կամ նվեր էինք ստացել: Ու այսպես  դարակը դասավորելիս իմ ուշադրությունը գրավեց պայծառ կազմով մի գիրք. Րաֆֆու «Խենթն» էր: Հենց այդպես՝ շուրջբոլորս անկանոն կերպով դասավորված գրքեր, նստեցի հատակին  ու սկսեցի կարդալ: Այդ գիրքը ինձ այնպես գրավեց, որ մոռացա գրքերը հավաքելու հանձնարարությունը:

Այնուհետեւ իմ գրապահարանում մեծ թափով ավելանում էին գեղարվեստական գրքեր. Սկզբում՝ հայկական, հետո նաև արտասահմանյան:

Հայ հեղինակների վեպերից երևի ամենասիրածս գործը Շիրվանզադեի «Քաոս» վեպն էր, բայց հետո ինձ ավելի գրավեց արտասահմանյան գրականությունը: Այ այստեղ սիրածս գրքերը շատ-շատ են: Մեծ կլանվածությամբ եմ կարդացել Շարլոթ Բրոնտեի «Ջեյն Էյրը», Օսկար Ուայլդի «Դորյան Գրեյի դիմանկարը», որը հետո, երբ արդեն անգլերենի գիտելիքներս ներում էին, կարդացի բնօրինակով, Դոստոևսկու «Ոճիր և պատիժը», Տոլստոյի «Աննա Կարենինան», Օնորե դը Բալզակի «Շագրենի կաշին» ևն:

Բայց եկավ 10-րդ դասարանը, ու սեղանին սկսեցին շատանալ շտեմարանները՝ դուրս մղելով գեղարվեստական գրականությանը: Ես, որ մի ժամանակ չէի հետաքրքրվում գեղարվեստական գրականությամբ, հիմա ազատ ժամանակ եմ փնտրում գրականության նորանոր գոհարներին ծանոթանալու համար:

Հ. Գ. Կուզենայի մի քանի մեջբերում էլ անել այս գրքերի այն հատվածներից, որոնք տեղ են գտել իմ հուշատետրում:

Կան մարդիկ, որոնք պատահելով որևէ բանով երջանիկ իրենց մրցակցին, պատրաստ են անմիջապես երես դարձնելու այն բոլոր լավից, ինչ որ կա նրա մեջ,  տեսնելով նրա մեջ միայն վատը: Կան մարդիկ, որոնք, ընդհակառակը, ամենից ավելի ցանկանում են գտնել իրենց այդ երջանիկ մրցացկի մեջ այն հատկությունները, որոնցով նա հաղթել է իրենց և սրտամորմոք ցավով որոնում են նրա մեջ միայն լավը: («Աննա Կարենինա»)

Չկան այնպիսի պայմաններ, որոնց մարդը չկարողանա վարժվել, մանավանդ, երբ նա տեսնում է, որ իրեն շրջապատող բոլոր մարդիկ ապրում են հենց այդպես: («Աննա Կարենինա»)

Այժմ, երբ անցել են տարիներ, ես մտաբերում ու զարմանում եմ, թե ինչպես դա կարող էր վշտացնել ինձ: Նույնը կլինի նաև այս վշտի հետ. կանցնի ժամանակ եւ ես անտարբեր կլինեմ դրան: («Աննա Կարենինա»)

Միայն թուլակամ ու հիմար մարդիկ են ասում, որ չեն կարող տանել այն, ինչ որ նրանց վիճակված է ի վերուստ: («Ջեյն Էյր»)

Հարգիր ինքդ քեզ ու սրտիդ ամբողջ սերը, ուժդ ու հոգիդ մի տուր նրան, ում դրանք հարկավոր չեն և ում կողմից կարժանանան միայն արհամարհանքի: («Ջեյն Էյր»)

Սիրել բոլորին նշանակում է անտարբեր լինել բոլորի նկատմամբ: («Դորյան Գրեյի դիմանկարը»)

Վատ չէ, երբ ծիծաղով է սկսվում ընկերությունը, իսկ ավելի լավ է, երբ դրանով էլ վերջանում է: («Դորյան Գրեյի դիմանկարը»)

Մարդը ուժեղ է, երբ գիտակցում է իր թուլությունը: («Շագրենի Կաշին»)

Իշխանությունը տրվում է միայն նրան, ով համարձակվում է կռանալ և վերցնել այն: («Ոճիր և պատիժ»)

Ամեն անդունդ ունի ձգողական զորություն, որին դիմադրելը մի տեսակ հերոսություն է: («Քաոս»)

ani avetisyan portret

Գիրք, որը պիտի կարդա ամեն հայ…

Կան գրքեր, որոնք, ասում են, պիտի կարդա յուրաքանչյուր մարդ՝ անկախ ռասայից և ազգությունից. դրանք համաշխարհային գրականության գոհարներն են:
Կան գրքեր, որոնք պիտի կարդա յուրաքանչյուր հայ՝ անկախ բնակության վայրից, մասնագիտությունից ու զբաղմունքից. դրանք հայոց պատմության կենդանի պատկերներն են: Երևի շատերը հասկացան, թե ինչ գրքերի անուններ պիտի գրեմ՝ Մովսես Խորենացի, «Հայոց Պատմություն», «Վերք Հայաստանի», «Վարդանանք», «Գևորգ Մարզպետունի»…

Այդպիսի մի գիրք էլ մեզ համար Ֆրանց Վերֆելի վեպն է՝ «Մուսա լեռան 40 օրը»: Այն իր բնույթով հայ ազգի կենսագրությունն է՝ «ամենացուրտ» օրերի կենսագրությունը, բայց և յուրահատուկ է նրանով, որ գրված է օտարազգի գրողի գրչով, գրված այնպես, ասես ինքն էլ հայ էր, ինքն էլ էր գաղթի ճանապարհին և իր ականջով էր լսել հայուհու երգը, որը նկարագրում էր գրքում.

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան…

Սա այն գիրքն է, որն ամբողջ աշխարհին պատմեց Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին, և որը գրելու համար հեղինակն ուսումնասիրել էր ամբողջ հայոց պատմությունը (այսօր մեզանից երևի քչերը հայոց ողջ պատմությունը գիտեն): Սա գիրք է, որը կարդալով՝ ամեն հայ պիտի ճանաչի իրեն, զգա ու ապրի, ինչպես արել է հեղինակը:

Գրքի գլխավոր հերոսը Արևմտյան Հայաստանի Սուեդիայի շրջանի հայտնի ընտանիքներից մեկի զավակն էր՝ Գաբրիել Բագրատյանը, ով, ապրելով Եվրոպայում՝ աստիճանաբար օտարանում էր հայրենիքի և հայրենիքն էլ իր համար: Սակայն եղբոր մահվանից հետո ընտանիքի գործերին տեր կանգնող էր պետք, և Բագրատյանը ստիպված վերադառնում է հայրենի գյուղ՝ ֆրանսուհի կնոջ և որդու հետ: Հենց այդ ժամանակ էլ սկսվում է արհավիրքը… Գաբրիելն անխզելի կապով կապվում է հայրենի հողին ու որոշում՝ կյանքի ու մահվան գնով՝ չհանձնվել ու ժողովրդին հենց այնպես, անպաշտպան չթողնել թուրքի յաթաղանի առաջ:

Հետո սկսվում են պատրաստությունները և… Բոլորին այնքան հայտնի ու ողջ աշխարհի հիացմունքի առարկան դարձած Մուսա լեռան ինքնապաշտպանությունը՝ կյանքի, մահվան ու ազատության մի պայքար, որն աննկարագրելիորեն գեղեցիկ ներկայացված է գրքում:
«Մուսա լեռան 40 օրը» վեպը արդիական է բոլոր ժամանակների համար, արդիական՝ պատերազմի ու բռնության դեմ ուղղված իր պաթոսով, ազատության, խաղաղության ու համերաշխության գաղափարներով: Գրքի էջերով անցնում է մի ողջ ժողովուրդ՝ ձուլված ամուր մետաղով, հպարտ իր անհուն վշտի մեջ….

Հ.Գ. Կուզեի, շա՜տ կուզեի, որ յուրաքանչյուր հայ կարդար այս գիրքը, կարդար ու հայ մնար, հայ լիներ… Գոնե այնքան, որքան հայ եղավ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը:

Mariam barseghyan

Շեքսպիրն ապրում է

Այն բոլոր գրքերը, որտեղ պատկերված են մեր կյանքը, երազանքները, երբեք չեն մոռացվում: Այդ գրքերում գրված յուրաքանչյուր բառ դառնում է մերը, ցանկացած դրվագ պատկերվում է մեր աչքերի առջև, սիրելի հերոսների զգացմունքները, հույզերը ալեկոծվում են մեր սրտերում, իսկ գիրքը միշտ մնում է մեր հիշողության մեջ: Նման գրքերից ես շատ դժվարությամբ եմ բաժանվում, չէ որ քիչ առաջ «ապրում» էի այդ կյանքը: Շեքսպիրը այն հեղինակն է, ում ստեղծագործություններից բաժանվելը նմանվում է մի ողբերգության: Որպեսզի այդ ողբերգությունը չվերածվի դրամայի, ես սկսում եմ «ապրել» նրա հաջորդ գիրքը:

Շեքսպիր հնարավոր չէ ուղղակի կարդալ, ուղղակի անտարբեր թերթել էջերը: Նրա ստեղծագործությունների մեջ կա այնպիսի մեծ զգացմունքային դաշտ, որ եթե ընկար այդ անսահմանության մեջ, այլևս դուրս չես կարող գալ: Մեկ անգամ կարդալուց հետո ընկնում ես կախվածության մեջ և ցանկանում ես անընդհատ շնչել այդ գրքերի թերթերի գերող հոտը, անընդհատ հպվել դրանց և թերթե~լ ու թերթե~լ, կարդա~լ ու կարդա~լ…
Շեքսպիր չեն կարդում, այլ ապրում են…

Ասում են հեղինակին ճանաչելու համար պետք է կարդաս նրա ստեղծագործությունները: Այո, մարդուն ճանաչում են հոգով: Չէ որ չես կարող գրքի շապիկով միայն որոշել` լա՞վն է այն, թե՞` ոչ: Այդպես էլ մարդն է, մինչև չկարդաս նրա հոգին, չես հասկանա, թե ինչպիսին է նա: Հեղինակի հոգին գիրքն է: Միավորելով իրականությունը, գերբնական պատկերները, սերը, ատելությունը, ուրախությունը, տխրությունը, Շեքսպիրը իր գրքերում ստեղծել է մեծ հոգեբանական, փիլիսոփայական աշխարհներ: Նրա գրքերում չկան իրար նման հերոսներ, նրանցից յուրաքանչյուրը ունի իր հոգեկան աշխարհը, իր անձնական ապրումները կապում է հերոսներին և յուրաքանչյուրի մեջ դնում իր սրտի մի փոքրիկ մասնիկը: Ինձ թվում է, եթե բոլոր հերոսների կերպարները միավորենք, արդյունքում կծնվի ևս մի կերպար, ով միշտ էլ եղել է գլխավոր հերոսը, դա Շեքսպիրն է: Նա ինձ համար ծնվեց «Լիր Արքա»-ում, երբ առաջին անգամ սկսեցի կարդալ Շեքսպիր, հետո դարձավ պատանի` «Ռոմեո և Ջուլիետ»-ում, և այդպես շարունակեց մնալ իմ մեջ որպես մի պատանի փիլիսոփա, առաջին անգամ սիրո քաղցրությունը համտեսած մի երեխա: «Համլետ», «Մակբեթ», «Օթելլո» և «Կորիոլանուս»… Այս բոլոր գրքերում Շեքսպիրը դարձավ ինձ համար ավելի հասուն, բայց հետագայում կարդացածս ստեղծագործությունները չծերացրեցին նրան, նա չդադարեց հետաքրքրել ինձ, այլ մնաց այդպես չբացահայտված: Յուրաքանչյուր գործ բացահայտում է նրան յուրովի, բայց այդպես էլ ցույց չի տալիս, թե իրականում ով էր Շեքսպիրը:

«Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդե սերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան»:
Ուիլյամ Շեքսպիր

Այսպես նաև Շեքսպիրը իր անկեղծությամբ և սիրով գրված գրքերով կապրի մինչև աշխարհի վերջին օրը…

 

tatev aghazaryan

Ջեյն Էյր և քույր Քերրի

Տարբեր գրքեր և տարբեր հեղինակներ՝ Շառլոթ Բրոնտե և Թեոդոր Դրայզեր: Սակայն ես շատ նմանություններ եմ գտել նրանց միջև: Օրինակ, հենց այն, որ երկուսն էլ չափահաս տարիքում մեկնում են օտար քաղաք աշխատելու նպատակով, երկուսն էլ շա՜տ փորձությունների մեջ են ընկնում սիրո և այլ գործոնների պատճառով: Ցավոք, Քերրիի կյանքը վատ ավարտ է ունենում: Մեջբերեմ գրքերից մի քանի հատվածներ:

«Օ՜, Քերրի, Քերրի, պատուհանի մոտ ճոճաթոռին նստած դու պետք է երազես մի երջանկություն, որը երբեք չես վայելելու…»

Քերրիին սիրում էին երկու տղամարդ, որոնցից մեկը ամուսնացած էր: Քերրին սիրում էր Հերթսվուդին (ամուսնացած տղամարդուն), ով ստի միջոցով կարողացավ Քերրիին տանել օտար քաղաք: Իմ կարծիքով, Հերթսվուդը թույլ տղամարդ էր, քանի որ չկարողացավ դիմանալ կյանքի փորձություններին և ինքնասպան եղավ: Իսկ մյուս տղամարդը անհետ կորավ Քերրիի կյանքից: Իսկ Քերրին իր աշխատասիրության և համառության շնորհիվ դարձավ հայտնի դերասանուհի:

Եվ ահա լավագույններից մեկը, որով փորձում եմ ես առաջնորդվել.

«Աշխարհում շատ բան կա, որին մենք կուզեինք հասնել: Սակայն չի կարելի միանգամից ամեն ինչի ձգտել: Եվ ի՞նչ միտք ունի հուսահատվել ամեն մի չիրականացած ցանկության պատճառով»:

Անդրադառնամ Ջեյնին, ով որբ է եղել և նրան «խնամել» է քեռակինը, ով ամեն կերպ նվաստացնում, շահագործում էր Ջեյնին: Իսկ հետագա տարիներին նա զղջաց իր արածների համար, բայց արդեն մահվան շեմին էր: Ջեյնը չափահաս տարիքում ընդունվում է աշխատանքի                              և հենց այդտեղ սիրահարվում Ռոչեսթրին (տանտիրոջը), ով ամուսնացած էր խելագար կնոջ հետ:

«Ինչքան ավելի եմ զգում, որ մենակ եմ, առանց բարեկամի, առանց պաշտպանի, այնքան ավելի եմ համոզվում, որ ինքս պետք է ինձ հարգեմ»:

«Մենք ծնվել ենք, որպեսզի պայքարենք ու տանջվենք, ինչպես դուք, այնպես էլ ես»:

«Հարգիր ինքդ քեզ ու սրտիդ ամբողջ սերը, ուժդ ու հոգիդ մի տուր նրան, ում դրանք հարկավոր չեն, և ում կողմից կարժանանաս միայն արհամարհանքի»:

Երևի թե դուք զարմացաք, թե ինչո՞ւ Ջեյն Էյրի մասին պատմելը կիսատ թողեցի: Ուզում եմ, որպեսզի դուք կարդաք, հավատացեք, որ դա ես ասում եմ իմ փորձից: