Ինչ է ինձ համար 17.am-ը խորագրի արխիվներ

Violeta Mkrtchyan

Ինձ լսում են շատերը

Ես շատ աշխույժ, խինդով լի, և համառ մարդ եմ: Միշտ, թեկուզ մեծ ջանքերի գնով և իմ համառությամբ, փորձել եմ հասնել իմ նպատակին և իրագործել եմ ցանկություններս:

Մանուկ հասակից փորձել եմ, այսպես ասած, «քիթս խոթել» բոլոր-բոլոր մրցույթների, խմբակների մեջ և ցանկացել եմ մասնակցել դրանց:

Եղել են նաև այնպիսի դեպքեր, երբ պարտվել եմ որևէ մրցույթում, կամ չի հաջողվել ինձ անցնել բարդ փորձությունների միջով: Բայց մինչև հիմա երբեք հուսահատության ոչ մի նշույլ չկա իմ մեջ: Թվարկեմ այն վայրերը, որտեղ ես հաճախել եմ. Գեղարվեստի դպրոց, այդտեղ ես սովորել եմ նկարել, քանդակել:  «Պատանի երկրապահ» ակումբ. սովորել եմ զինվորական տարբեր հմտություններ: Սովորել եմ տարբեր ձեռագործ աշխատանքներ անել և այլն:

Չեմ կարողանում մտաբերել, թե որ մեկը բաց թողեցի, բայց շատ են դրանք: Ամեն մեկը իր հերթին դրական ազդեցությունն է ունեցել: Այժմ այցելում եմ «Մանանա» կետրոն, որտեղ հիմնական նպատակն է` երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով: Շատ լավ կողմեր ունեն այս դասընթացները, իսկ վատ կողմե՞ր, հաստատ չունեն: Ես հասցրեցի դասընթացների ընթացքում մեր սիրելի ուսուցիչներից քաղել այն ամենը, ինչը հետաքրքրում է ինձ, գրեթե ամեն բան հետաքրքիր էր, նաև` զվարճալի:

Ձեր օգնությամբ հիմա կարողանում եմ մտքերս ճիշտ շարադրել և հոդվածներ գրել տարբեր թեմաներով: Ոչ միայն դա, այլև գտա շատ լավ մարդկանց, ծանոթացա իմ հասակակիցների հետ, որոնց հետ շարունակում եմ ընկերություն անել:

Հաճելի է, երբ հասկանում ես, որ կարող ես քեզ հուզող խնդիրների մասին գրել` համոզված լինելով, որ քեզ կկարդան, քեզ հետ կկիսվեն Հայաստանի բոլոր մարզերի պատանիները:

diana hovsepyan

17-ից հետո…

Առաջին հոդվածս, որ հրապարակվել է 17.am –ում մեր Ագարակ գյուղի մշակույթի տան անմխիթար վիճակի մասին էր: Հրապարակվելուց հետո անցել է մոտ մեկ կամ երկու ամիս, և բավականին մեծ փոփոխություններ են նկատվում:

Մշակույթի տունը «կենդանացնելու» համար իրականացվեցին շաբաթօրյակներ, որոնց ընթացքում մաքրվել է ամբողջ տարածքը: Պարիսպը որոշ տեղերում քանդված մասեր ուներ. դրանք վերանորոգվեցին գյուղապետարանի աջակցությամբ: Վերանայվել է շինության տարածքում գտնվող ծառերի ոռոգման համակարգը: Իսկ ներկա ժամանակահատվածում կազմակերպվում է ծառատունկ, որն իրականացնում ենք մենք՝ կամավորներս: Որոշել ենք այդ տարածքում եղևնիներ և ծաղիկներ տնկել: Եվ այլ շատ ու շատ ծրագրեր ենք նախատեսել պատանիներիս համար:

Շնորհակալություն 17.am ին իր մեծ աշխատանքի համար: Հենց ձեր շնորհիվ է, որ շատ պատանիներ սկսեցին ուշադրություն դարձնել այս լքված շինությանը, որը հենց իրենց համար է ստեղծված: Ինչպես նաև ձեր շնորհիվ է, որ կարողացա ինձ հուզող հարցը ներկայացնել շրջապատիս և քայլեր ձեռնարկեցի այն լուծելու համար: Շնորհակալություն, որ հնարավորություն ընձեռեցիք ձեր գործունյա խմբի անդամը դառնալ:

Իմ նոր ընկերը

Երկար ժամանակ փնտրտուքների մեջ էի: Ուզում էի գտնել ինձ համար յուրահատուկ մի բան, որպեսզի ինքս ինձ գտնեմ, ինքնաարտահայտվեմ: 

Եվ ահա մի օր դպրոց եկավ «Մանանա» կենտրոնը: Սկզբում բոլորի նման ես էլ  անտարբեր վերաբերվեցի, բայց հետո 17.am-ը ինձ համար դարձավ կյանքի գույն: Հասկացա, որ գտա այն, ինչ այդքան երկար փնտրում էի և դարձա մի մասնիկը այդ մեծ ընտանիքի:

17. am-ը ամբողջովին փոխեց մտածելակերպս, օգնեց և սովորեցրեց ավելի հեշտ շփվել մարդկանց հետ, և ինչու ոչ, ընդլայնվեց իմ ընկերական շրջապատը շատ լավ և ինձ նման խենթ մարդկանցով:

Հիմա ավելի հետաքրքրասեր եմ դարձել: Երբ ուրիշները խոսում են, լուռ լսում եմ և փորձում մի պատմություն կառուցել այդ ամենի մասին:

Հիմա, երբ դուրս եմ գալիս տանից, լուսանկարչական խցիկը միշտ ինձ հետ է: Նկարում եմ ամեն ինչ և հաճույք եմ ստանում իմ փոքրիկ աշխատանքից:

Այսօր դուրս եկա զբոսանքի իմ լավ « ընկերոջ»` լուսանկարչական խցիկիս հետ, և ահա թե ինչ ստացվեց: Սա իմ քաղաքն է`Արմավիրը:

ani shahbazyan

Որոշել եմ…

Երբ լրացավ 15 տարեկանս, ես շատ ուրախ էի: Ես այդ 15 տարիների ընթացքում հասցրել եմ անցնել և շատ լավ,  և վատ բաների միջով: Ես որոշել եմ կյանքս դասավորել այնպես, որ ուրախ և դրական մարդկանցով լեցուն լինի ամեն մի օրս:

Դպրոցն ավարտելուց հետո որոշել եմ սովորել: Մայրիկս ուզում է, որ ընտրեմ բուժքրոջ մասնագիտությունը, իսկ ես ուզում եմ դառնալ կամ կոսմետոլոգ կամ մանկաբարձ: Երկու մասնագիտություններն էլ սիրում եմ, բայց ավելի շատ սիրում եմ մանկաբարձի մասնագիտությունը, իսկ բուժքույրի աշխատանքը այդքան էլ չեմ սիրում:

Փորձում եմ լիարժեք ապրել կյանքի ամեն վայրկյանը, քանի որ չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ մեկ ժամ հետո: 2015 թվականի դեկտեմբերից սկսեցի համագործակցել «Մանանա» կենտրոնի հետ: Այս հանդիպումն  ինձ տվեց նորանոր շատ լավ բաներ, գեղեցիկ մտքեր…

«Մանանայի» շնորհիվ ես կարողանում եմ արտահայտել այն, ինչ մտածում եմ: Գրում եմ այն մասին, ինչ ուզում եմ: Եվ հենց այդ պատճառով, ես ինչ-որ չափով ձեռք եմ բերում  լրագրողի փորձ:

Միգուցե և  փոխեմ որոշումս և ընտրեմ լրագրողի մասնագիտությունը:Ահա այսպես իմ կյանքը փոխվում է հիմնովին, սակայն, ինչպես ասւմ են, «Աստծուց առաջ չընկնեմ»,  ամեն ինչ կորոշի ժամանակը:

davit chilingaryan

17-ը իմ կյանքում

Ուզում եմ, որ իմ կյանքում ամեն ինչ հետաքրքիր լինի: Ասենք, ամեն օր մեկի ծննդյան օրը լիներ, հավաքվեինք, խոսեինք ու բարձր ծիծաղեինք:

Երբեմն ուզում եմ ծիծաղել բարձր ու անընդատ: Եվ ինչո՞ւ են մարդիկ այսքան մտահոգ, չէ որ ամեն ինչ հենց իրենցից է կախված:

Ես ինքս ուրախ մարդ եմ և փորձում եմ ուրախ ապրել: Իմ կյանքն էլ ավելի ուրախ դարձրեց 17.am-ը:

Մեր կայքի և Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի  շնորիվ ես դարձա ավելի հետաքրքրասեր: Արդեն սկսել եմ լավ լուսանկարել, գրել հետաքրքիր հոդվածներ:

Ինձ գյուղում անցորդները մոտենում են, գովում, ասում, որ կարդացել են վերջին հոդվածս: Շնորհավորում են: Նույնիսկ վերջերս ստացա նվերներ: Ես էլ արդեն ամեն օր այլ հայացքով եմ նայում իմ գյուղին, տեսնում լավ կամ վատ բաները, ուրախ կամ տխուր երևույթները, իմ կողքին ապրող մարդկանց:

Մի խոսքով, 17.am-ը ինձ շատ բան տվեց: Ու ես շատ ուրախ  եմ, որ  17.am-ը իմ կյանքում կա:

Ազատությունը 17.am-ում

Շատերն են հարցնում, թե ինչու եմ գրում www.17.am կայքում կամ ինչ է այն տալիս ինձ:

Պատկերացրեք, որ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը լիովին փոխեց իմ մտածելակերպը:

Սկսենք նրանից, որ շարադրել ասելով ես հասկանում էի դպրոցական շարադրություն, որը, ինչպես գիտեք, բազմաթիվ սահմանափակումներ ունի: Օրինակ, պետք է գրել տրված թեմայի շրջանակներում և գրական լեզվով: Բայց հաճախ «17.am»-ում ուզում ես գրել այն թեմաներից, որոնց մեջ բարբառով կամ ժարգոնով բառեր չօգտագործել չես կարող: Այստեղից  եզրահանգելով՝ կարող եմ ասել, որ առաջին բանը, որ կայքն ինձ տվել է, ազատ արտահայտվելու հնարավորությունն է: Կարող ես գրել ցանկացած թեմայով և արտահայտել ազատ մտքեր: Հաճախ լինում են անմոռանալի պահեր, հետաքրքիր մարդիկ, գեղեցիկ վայրեր և այլն, որոնց մասին կուզենայիր կիսվել: Իսկ այդ հարցում տվյալ պահին ինձ օգնում է միայն «17.am»-ը:

Մինչ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի կազմակերպած դասընթացները ես մտածում էի, որ լուսանկարչությունն այնքան էլ կարևոր ու բարդ բան չի: Ուրիշ բան է նկարչությունը, երբ մարդիկ նկարում են ձեռքով:  Նույնիսկ չէի էլ հետաքրքրվում լուսանկարչությամբ: Դասընթացի ընթացքում մեզ սովորեցրեցին, թե ինչպես կարող ենք լուսանկարել, ինչ կանոններ ունի, ինչ ուղղություններ: Դասընթացի ընթացքում լուսանկարչական արշավների գնացինք մեր մարզի գյուղերն ու քաղաքները:  Ես հասկացա, որ լուսանկարչությունը պարզունակ բան  չէ, ինչպես ես էի պատկերացնում: Այժմ տնից դուրս գալիս, նույնիսկ դպրոց գնալիս, հետս լուսանկարչական խցիկս եմ վերցնում և տան ճանապարհին ամեն բան, ինչ «աչքս ծակում է», նկարում եմ:

Սովորեցի, թե ինչպես են հարցազրույց վարում, ակնարկ ու էլի ուրիշ բաներ գրում: Հիմա այն մարդիկ, որոնց մեջ հետաքրքիր բան եմ տեսնում, պայմանավորվում եմ և հարցազրույց վերցնում: Դա էլ իր յուրահատուկ և հետաքրքիր կողմերն ունի: Ես ծանոթանում եմ հետաքրքիր մարդկանց հետ, դարձել եմ ավելի դիտողունակ ու հետաքրքրասեր, չեմ ամաչում շփվել անծանոթների հետ:

Երբ տանը կամ դրսում մեծերով խոսում են` ուշադիր լսում եմ: Այդ պահին մտածում եմ, որ կարելի է գրել, թե ինչ են խոսում: Եվ մեծերից մեկը, նայելով ինձ, ասում է.

-Է՜հ, խոսում ենք՝ առանց իմանալու, որ հեսա Սոֆյան կգրի:

Այս մեջբերումով էլ ուզում եմ ասել, որ այն ժամանակ անտարբեր էի խոսակցությունների, կատարվող իրադարձությունների և աառհասարա շրջապատի նկատմամբ: Իսկ այժմ զբաղված ժամանակ էլ մի ականջս ուրիշ տեղ է՝ անմիջապես ձայնագրում է:

Ամփոփելով, կարող եմ ասել, որ «17.am»-ի թղթակից լինելը մեծ առավելություն է և պատասխանատվություն:

Հ.Գ. Հետաքրքիր մտքեր ունենաք, հավես չանեք գրել՝ կպատմեք, ես մեծ սիրով կգրեմ:

seryoja baboyan

Տեսնել այն, ինչ ուրիշները չեն նկատում

Վաղուց եմ տարված նկարչությամբ. մատիտ, թուղթ, և հիմա էլ նկարում եմ, բայց դե ինքս ինձ համար, երբ պատահի և որտեղ պատահի։ Նկարել եմ մանկուց, սակայն տարիների ընթացքում ես սկսեցի ավելի քիչ նկարել, փոխարենը իմ մեջ սեր առաջացավ դեպի լուսանկարչությունը, և ես մտածեցի․ «Ինչո՞ւ չզբաղվել լուսանկարչությամբ։ Սկսեցի ուսումնասիրել լուսանկարչությունը և լիովին խորասուզվեցի դրա մեջ։ Սակայն համար առաջին խնդիրը ֆոտոխցիկի բացակայությունն էր։ Ինչ արած, ուրիշ ելք չկար, սկսեցի նկարել հեռախոսով։ Ծիծաղելի է հնչում, բայց դե ի՞նչ արած։ Նկարում էի այն ամենը, ինչի մեջ ես տեսնում էի այն, ինչը ուրիշները չէին տեսնում։

Բայց ես չէի կարող բավարարվել դրանով: Սկսեցի YouTube կայքի միջոցով նայել վիդեո խորհուրդներ և վարպետաց դասեր, կամ ինչպես ասում են` «մաստեր կլասներ»։ Հիմա ֆոտոխցիկի և լուսանկարչության մասին գիտեմ համարյա ամեն ինչ։

Երբեմն այդ թեմայով խոսելիս օգտագործում եմ լուսանկարչական այնպիսի տերմիններ, որ ինձ շրջապատող մարդկանց մեջ կարծիք է ձևավորվել, թե ես ունեմ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ և այդ պատճառով գիտեմ այդ տերմինները։

Ես չէի էլ պատկերացնի, որ իմ բախտը այդ հարցում կբերի։ Օրերից մի օր ես հանդիպեցի «Մանանա» թիմի հետ և դարձա պատանի թղթակից։

Մեկ-երկու ամիս անց ինձ զանգահարեցին «Մանանա» թիմից և ասացին, որ գալու են մեր մարզ` մեզ հետ ավելի խորացված աշխատելու համար։ Ուրախությանս սահման չկար, երբ լսեցի այդ խոսքերը, և մանավանդ, երբ իմացա, որ լուսանկարչությունն էլ է մտնում դրա մեջ։ Այդ երեք օրերը դասվեցին իմ կյանքի լավագույն օրերի ցանկում։

Այդ ամենը ինձ ավելի ոգևորվեցին, և ես որոշեցի լիովին ուսումնասիրել լուսանկարչությունը։

Սովորում եմ, սովորում, բայց զգում եմ, որ ինչ որ բան պակասում է։ Դե, իհարկե, դա ֆոտոխցիկն է։ Ես արդեն ունեմ իմ ընտրած երազանքներիս ֆոտոխցիկը։ Բոլորը ասում են` հույսը վերջինն է մեռնում, իսկ ես ինձ հույս եմ տալիս։

Դեռ չեմ որոշել ապագա մասնագիտությունս, մեր երկրում էլ վստահ չեմ, կարո՞ղ եմ ապրել դրանով, թե ոչ։ Ամեն դեպքում, ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, լուսանկարչությունը կա ու կա։ Իսկ ես սպասում եմ, թե երբ եմ իմ ձեռքերի մեջ պահելու սեփական ֆոտոխցիկս։

Հ․Գ․ Ի դեպ, իմ սիրած լուսանկարիչը դա Սթիվ ՄաքՔարին է։ Իսկ այն ֆոտոխցիկը, որին ես այդքան ձգտում եմ` Nikon D5100-ն է։

Մեկ տարի անց

Լուսանկարը՝ Տաթեւ Խաչատրյանի

Լուսանկարը՝ Տաթեւ Խաչատրյանի

12.12.2014թ. այդ օրը լրացավ իմ 16-ամյակը: Ուրախ ու հետաքրքիր անցավ, նշեցի դպրոցի երեխաների և ուսուցիչների հետ: Երբ արդեն դասերը վերջացել էին, ու մենք պատրաստվում էինք տուն գնալ, եկավ «Մանանա» թիմը: Նրանք ցանկացան զրուցել մեզ հետ, ծանոթանալ մեր առօրյային և դպրոցական կյանքին: Երբ զրույցի ժամանակ ասացի, որ սիրում եմ ստեղծագործել, նրանք ցանկացան կարդալ շարադրություններս ու բանաստեղծություններս: Այդ պահին շատ ուրախացա, այն իրական չթվաց: Նրանց դուր եկավ ստեղծագործություններս, և ինձ առաջարկեցին փոխանակել էլեկտրոնային փոստերը, որպեսզի նյութերս և շարադրություններս ուղարկեմ իրենց:
Սիրտս ուրախությունից թրթռում էր այդ պահին: Նրանք կարծես երազանքներիս թևեր տվեցին ու ճախրելու հնարավորություն: Մինչև նրանց հանդիպելը այդ ամենը զուտ երազանք էր, որ թևեր չուներ:
Այդ օրը դարձավ տարվա ամենամեծ նվերը ինձ համար:
12.12.2015թ.: Ուղիղ մեկ տարի անց: Օրեր առաջ լրացավ իմ 17-ամյակը, ու «Մանանա» թիմի հետ հանդիպման առաջին տարին: Շնորհակալ եմ, որ Ձեր մեծ ընտանիքի անդամ եմ:

Իմ առաջին հանդիպումը

«Մանանա», 17.am, ամեն անգամ աչքիս առաջ են քո նյութերը: Կարդում եմ հոդվածները, նայում նկարները, ֆիլմերը, և ամեն անգամ դեմքիս ժպիտ է գալիս: Ինչո՞ւ եմ ես ժպտում, քանի որ տեսնում եմ, ձեր շնորհիվ ինչքան երիտասարդ ու պատանի ժամերով համակարգչի դիմաց նստելու` խաղ խաղալու, կամ դրսում իրենց ժամանակը անիմաստ վատնելու փոխարեն, կարող են իրենց շուրջը մի պահ նայել ու խոսել տարբեր թեմաներով: Թեմաներ, որոնք իսկապես հետաքրքիր են բոլորիս: 
Մտածում եմ այն բանի մասին, թե ինչքան լավ է, որ կան նման վայրեր, որտեղ բոլորս էլ կարող ենք մեր մտքերով կիսվել:

Երկար ժամանակ է, ինչ ցանկանում եմ ձեզ նյութ ուղարկել: Երկար մտորումներից հետո, թե ինչ նյութ ուղարկեմ, որոշեցի մտքերս շարադրել հենց ձեր մասին:
 
Առաջին անգամ, երբ եկաք մեր քաղաք` Ստեփանավան, ինձ առաջարկեցին գալ ու մասնակցել ձեր դասընթացներին: Սկզբից մտածեցի ու չցանկացա գալ և մասնակցել, բայց ընկերներս, ովքեր առաջին օրը մասնակցել էին, ինձ խորհուրդ տվեցին գալ: Այս անգամ ես էլ մեծ հետաքրքրությամբ եկա ընկերներիս հետ, որպեսզի մասնակցեմ` մտածելով, որ ես էլ տանը ժամանակս անիմաստ վատնելու փոխարեն կարող եմ մի բան էլ ավել իմանալ: Սկզբից ինձ հարազատ չէին ձեր դեմքերը, բայց խմբերի բաժանվելուց հետո, երբ սկսեցինք զրուցել և մեզ` նորեկներիս ծանոթացրեցիք ձեր կազմակերպությանը, հոդվածներ ցույց տվեցիք, վիդեոներ ու լուսանկարներ, իմ մեջ հետաքրքրություն առաջացավ: Ամեն ինչ արդեն հետաքրքիր էր դառնում:
Մենք ամենքս ներկայացանք, պատմեցինք մեր մասին: Մենք խոսում էինք, ծիծաղում ու նոր փաստեր իմանում մեր շրջակա աշխարհի մասին: Հենց սկզբից ես սպասում էի այն պահին, երբ մենք պետք է խոսեինք կինոյի և ֆոտոյի մասին: Սիրում եմ նկարվել ու նկարել, և միշտ ցանկացել եմ կինոյում նկարահանվել:

Ահա եկավ ամենասպասված պահը` մենք գնացինք ֆոտոներ անելու: Բոլորովս միասին` մեծ հաճույքով, և արդեն հարազատ դարձած: Նկարում էինք ամեն պահի, երբ մեզ հետաքրքիր բաներ էին պատահում: Գույներ, ամեն քայլափոխի մարդիկ: Ինչքան լավ էր ժամանակը անցնում: Մենք հանդիպել էինք ժամը 10-ին, և միասին անց կացրեցինք մինչև 6-ը: Ճիշտ է, ժամանակը երկար էր անունով, բայց այնքան արագ անցավ, որ ես նույնիսկ մոռացել էի այն բանի մասին, որ մի քանի ժամ է, ինչ հաց չեմ կերել:
   
Ահա եկավ տխուր պահը` մենք պետք է իրար հրաժեշտ տայինք: Արդեն վերադարձել էինք այնտեղ, որտեղ հանդիպել էինք` Ստեփանավանի թիվ 2 դպրոց: Մենք միասին նկարվեցինք և ունեցանք մեկ ընդհանուր նկար: Հրաժեշտ տվեցինք իրար, ու միմյանց խոստացանք չմոռանալ այս հանդիպման մասին:   
 
Ուզում եմ ձեզ իմ շնորհակալությունը հայտնել այդ անմոռանալի օրվա համար: Մենք ուրախ կլինենք ձեզ նորից հյուրընկալելու մեր քաղաքում: