Ինչ է ինձ համար 17.am-ը խորագրի արխիվներ

angelina

Փոփոխություններ

Այս տարի ամառային արձակուրդներին տեղի ունեցավ «Մանանա» կենտրոնի կազմակերպած երկու մեդիա ճամբար` Աղվերանում և Դիլիջանում: Ես դարձա ճամբարի մասնակցելու թեկնածու, սակայն ինձ չհաջողվեց մասնակցել: Դեռ չեմ հուսահատվում, որովհետև աշնանային ճամբարն էլ կա, որին եթե ակտիվ լինեմ, կարող եմ մասնակցել:

Ամեն անգամ համացանց մտնելիս իմ առաջին քայլը 17.am մտնելն է: Մտա էջ, թերթում էի նոր նյութերը կարդալու, ու տեսա. «Աղվերան, մեդիա ճամբար, օր առաջին, օրագիր»: Անհամբերությամբ կարդում էի ու ամեն տողի հետ մտքումս պատկերացնում կատարվածը, չնայած որ երեխեքից երկուսին էի ծանոթ: Պարբերաբար հետևելով երկու ճամբարների և´ օրագրերին, և´ երեխեքի գրած նյութերին, ինձ թվում էր, թե ես երկար տարիներ ճանաչել եմ նրանց, այսպես ասած, ինձ համար բոլորը դարձել են «անծանոթ հարազատ» մարդիկ:

«Մանանայի» անձնակազմին ճանաչում եմ Արարատի դասընթացներից: Հիշում եմ տիկին Ռուզանի համբերատար բնավորությունը, որ հանդուրժում էր մեր կամակորությունները:

Լիլիթի, Դիանայի ու Լուսինեի սիրուն ժպիտները, բա Շուշանի խոշոր աչքերը, որ փայլելով շտկում էր մեր թերությունները:

Սիսակի խորհուրդները, ում ներկայությամբ մեր ֆոտոարշավներն ավելի ուրախ ու հագեցած էին դառնում: Իսկ Հովնանի ու պարոն Արայի հանդարտ պահվածքն ու խոսքը ապահովում էին միջավայրի խորհրդավորությունը, որ մոռանալն ուղղակի անհնար է: Կարճ ժամանակում բոլորիդ հասցրել ենք սիրել մանկական պարզ ու նուրբ սիրով:

Եթե անկեղծ, շատ էի խուսափում նոր ծանոթություններից, կողմանակի դասընթացներից, նոր միջավայրից, սակայն 17.am-ը իմ կյանքում փոխեց գրեթե ամեն-ինչ` դարձրեց ավելի մտածկոտ, պատասխանատու, սեր առաջացրեց գրելու հանդեպ, փոխեց մասնագիտական կողմնորոշումս:

Մի փոքր պատմեմ, թե ինչպես պատահեց, որ մասնակցեցի դասընթացին:

Իմ ամենաչսիրելի դասաժամն էր `ֆիզիկա, երբ փոխտնօրենը մտավ դասարան.

-Երեխեք, ուրեմն լրագրողներ են եկել ու ձեզ հետ ուզում են զրուցել ու պատմել իրենց աշխատանքից: Մասնակցել ցանկացողներ կա՞ն:

Դե, բնականաբար, ամբողջ դասարանով էլ չէինք ցանկանում նստել ֆիզիկայի ժամին, ու բոլորս էլ ասացինք, որ ուզում ենք, սակայն ոչ բոլորը եկան:

-Վա~յ, ինչ լավ ա, ես էդ ուղղությամբ եմ գնալու, կլինի՞ ես գամ:

Ստանալով ընկեր Վարդանյանի համաձայնությունը, ես նույնպես գնացի: Բայց դե, մեղքս ի՞նչ թաքցնեմ, ասացի` միայն թե, չնստեի դասին:

Բայց իմ ասած խոսքերը իրոք որ դարձան իրականություն: «Մանանայի» թիմի ամեն մի խոսքի հետ իմ մեջ հետաքրքրություն էր առաջանում մեդիա ոլորտի հանդեպ: Անմիջապես գնացի ու գրեցի, որ ցանկանում եմ մասնակցել դասընթացին, ստանալով նյութի թեմաները, գրեցի և ուղարկեցի: Չնայած գիտեմ, որ շատ թերություններ կային գրածներիս մեջ, բայց ինձ ընդգրկեցին: Եվ հենց այդտեղից էլ գլխիվայր շրջվեց կյանքս նոր գիտելիքներով:

Այս ամառը միակն էր բոլոր այն ամառներից, որ կայացած էր և լի նոր ձեռքբերումներով: Միակ ամռան էր, որ թեև արձակուրդներ չէին, սակայն ես ամեն օր կարդում էի իմ հասակակիցների նյութերը, մտածում, թե ես ինչի մասին կարող եմ գրել, գրում էի, մեկ-մեկ հրապարակվում, մեկ-մեկ` չէ: Բայց ես համառ եմ, շատ եմ աշխատելու, որովհետև ընտրել եմ իմ մասնագիտությունը, և որովհետև այլևս նախկին ձևով չեմ ուզում ապրել:

Հ.Գ. Ժողովուրդ, էնքան շատ եմ կարոտել ձեզ:

narek Stepanyan

Փոխվել եմ

Չորս օրեր գեղեցիկ և ուրախ օրեր, որոնք անմոռանալի կմնան իմ սրտում և հիշողություններում: Սկսեցի սիրել «Մանանա» կենտրոնը այն վայրկյանից, երբ ներս մտա: Սիրեցի բոլոր ուսուցիչներին հավասարաչափ, քանի որ նրանք ընկերական էին մեզ հետ, և ինձ թվում էր, որ նրանք ոչ թե ուսուցիչներ են, այլ ավագ ընկերներ:

Շատ սիրեցի ֆոտո բաժինը և սովորեցի շատ բաներ ֆոտոյի մասին և հիմա ֆոտո անելը իսկական հաճույք է:

Մինչ «Մանանա» գալը ինձ միայն հետաքրքրում էին համակարգչային խաղերը և դպրոցական դասերս: «Մանանան» ինձ համար բացեց մի մեծ հեքիաթային աշխարհ, որն անծանոթ է, բայց և անչափ հետաքրքիր, և ինձ ամբողջովին կլանում է: Ես ձեռք բերեցի նոր հետաքրքիր ընկերներ, որոնցից սովորում էի ինչ-որ նոր բան, ուրախանում նրանց հաջողություններով:

Եվ հիմա իմ մեջ մի անհագ կարոտ և ցանկություն առաջացավ նորից հանդիպել ընկերներիս և նորից մասնակցել «Մանանայի» դասերին:

Mishel Harutyunyan

Իմ առաջին քայլերը

Ես Հարությունյան Միշելն եմ, մի մարդ, ով երազում է դառնալ հայտնի հաղորդավարուհի: Հաղորդավարուհի եմ, սակայն նպատակ ունեմ աշխատել «Արմենիա» հեռուստաընկերությունում, և ինչպես նշեցի,  դառնալ հայտնի լրագրողուհի: 

Այդ հարցում 17.am-ը ինձ շատ օգնեց: Առաջին քայլերս անում եմ այստեղ: Ինձ սովորեցնում էին հոդվածներ գրել, հարցազրույցներ վերցնել: Այժմ ես համարվում եմ իմ մարզի պատանի թղթակից և վերցնում եմ հարցազրույցներ, պատրաստում հոդվածներ, դրա հետ մեկտեղ ստանում գիտելիքներ թե ֆոտոլրագրության, թե կինոյի ոլորտում:

Անկեղծ ասեմ, իմ տարիքը չէր ներում, որ ես մասնակցեմ իրենց դասընթացներին, քանի որ դեռ 12 տարեկան եմ: Սակայն տեսնելով, թե ես ինչքան եմ ցանկանում մասնակցել դասընթացին, նրանք ինձ հնարավորություն տվեցին մասնակցել դասընթացին, ինչի համար շատ շնորհակալ եմ:

17.am-ը իմ կյանքում շատ մեծ դեր խաղաց, և ես կփորձեմ լինել իմ մարզի ակտիվ թղթակիցների շարքում:

milena sedrakyan

Հավես կինո, հավես նկար, հավես հոդված

Մայիս ամիսն էր: Oրը կոնկրետ չեմ հիշում սովորականի նման դպրոցում էինք, մեզ մոտ անգլերեն էր, հաջորդ ժամն էլ` պատմություն, մեր մեջ ասած, ոնց չէի ուզում անեինք, բայց դե ճարս ինչ, մեկ էլ դասղեկիս զանգ եկավ:

-Երեխեք, մյուս ժամը սեմինարի եք, անձայն շարքով գնում ենք ութի «ա», Երևանից են եկել:

Չգիտեի` ովքեր են, ինչի են եկել, բայց ուրախությանս չափ չկար: Մտքիս մեջ ասացի` ինչքան էլ վատ լինի, հաստատ դասից վատ չի լինի: Գնացինք, տեղավորվեցինք, մեկ էլ տեսա` լուսանկարչական ապարատը Դիանայի ձեռքում, ու միանգամից հետաքրքրություն առաջացավ, քանի որ շատ-շատ եմ սիրում լուսանկարել:

Հետո սկսեցին պատմել «Մանանա» կենտրոնի մասին: Ուշադրությամբ լսում էի:

Մեզ բաժանեցին «Խաբարբզիկի» համարներից, որը մինչ հիմա պահում եմ: Սիսակը հարմար պատ էր փնտրում` ֆիլմերը ցուցադրելու  համար:

Երբ ֆիլմերը վերջացան, մեզ հարցեր էին տալիս, թեև գիտեի պատասխանները, բայց չէի համարձակվում ձեռք բարձրացնել: Երբ վերջում ասացին, թե ով է ցանկանում դառնալ պատանի թղթակից, ես ձիգ պահել էի ձեռքս:

Դրանից հետո մեր ունեցած դպրոցի  երեք ժամերը այնքան արագ անցան, որ չզգացի: Արագ-արագ մտա տուն, հանեցի թերթերը ու սկսեցի պատմել մայրիկիս , միացրեցի համակարգիչը, մտա 17.am ու սկսեցի հատ առ հատ կարդալ հոդվածները և մինչև հիմա անում եմ դա:

Ի վերջո նամակ գրեցի 17-ին ու սկեցի մտածել:

-Էէ, ինչի՞ գրեցի: Ես հոդված գրո՞ղ եմ, խայտառակ եմ լինելու հաստատ:

Հետո համոզում էի ինձ, թե` չէ, հեշտ է, կարող ես:

Հետո էլի մտածում եմ.

-Բայց հավես կա՞: Նույնիսկ դասերս չեմ սիրում գրել, ուր մնաց` հոդված:

Հետո չգիտեմ թե ոնց, համոզվեցի ու սպասում էի նամակիս պատասխանին: Այն այդքան էլ չուշացավ:  Անցել էի հաջորդ փուլ ու պիտի գնայի դասընթացի:

Առավոտյան արագ-արագ հասա դպրոց:

-Այ քեզ բան, ոչ մի ծանոթ դեմք: Ի՞նչ եմ անելու:

Մեկ էլ աղջիկներից երկուսը կանչեցին, թե` արի ծանոթանում ենք: Չեք էլ պատկերացնի, թե ինչքան արագ մտերմացա երեխեքի հետ: Մեկը մեկից խելացի, մեկը մեկից խենթ, Արմավիրի մարզի տարբեր գյուղերից, քաղաքից, ավաններից, ու շատ-շատ սիրեցի բոլորին:

Ամեն օր հինգ-վեց ժամ այնտեղ էինք, չորս հագեցած օր, բայց ոնց որ հինգ-վեց րոպե լիներ: Մի խոսքով, անցան ամիսներ, ու ես ինձ համարում եմ թղթակից: Երբ մտքովս ինչ-որ հետաքրքիր բան է անցնում, արագ գրի եմ առնում, որ չմոռանամ: Դժվար եմ սկսում գրել. ջնջում, գրում, ջնջում, մինչև մի բան ստացվում է:

Միգուցե չհավատաք, բայց ես հանգստանում եմ հոդված գրելիս: Ահավոր բարկանում  եմ, երբ թվեր գրեու համար պիտի փոխեմ համակարգչի լեզուն, հետո մոռանում եմ փոխել, սկսում եմ անգլերեն տառերով գրել հայերեն նյութս… Բայց ինչ արած, կարևորը արդյունքի հասնում եմ: Անպայման պիտի նյութիս հետ նկար կցեմ, կարծում եմ առանց դրա այն կիսատ է: Մեկ՝ ես, ավելի հետաքրքրությամբ կարդում եմ նկարով հոդվածները:

Մի խոսքով, ես ինձ համարում եմ բախտավոր մարդ, որ հանդիպել է նման կազմակերպության, նման բարի հոգատար, ուրախ  ու տաղանդավոր մարդկանց:

«Մանանան» մականուն ունի դրված իմ կողմից, և գիտե՞ք որն է դա` ՀԱՎԵՍ: Համ իրենց խոսելը, համ «Մանանայի»  կազմը, համ իրենց աշխատանքին նվիրվածությունը, և բացի այդ, «հավես» բառը  իրենց ամենաշատ օգտագործվող բառն է`  հավես կինո, հավես նկար, հավես հոդված:

Մի խոսքով, հավես կազմակերպություն, ես առանց ձեզ իմ կյանքը չեմ պատկերացնում:

lida armenakyan-2

Մի անգամ «Մանանայում»

04.07.2016թ.
Զանգ եմ ստանում, բոլոր հարցերին ժպիտով ու լիքը ուրախությամբ պատասխանում` հա, լավ, բարի, եղավ, ըըը…. Քաղաքապետարանի մոտ:

05.07.2016թ.
Քաղաքապետարանի մոտ եմ, նստում եմ տաքսին ու մեկ էլ իջնելս եմ հիշում… Իջնում եմ բակ, ինձ դիմավորում են մի կին ու մի տղա: Ուշադիր, բայց աննկատ ուսումնասիրում եմ իրենց, ու մինչ ես կուսումնասիրեի, էդ տղան մոտենում է ինձ.

-Արի` քեզ տեղը ցույց տամ: Դու բարձրացիր վերև, 40-րդ համարի դուռը բացի, դուխով մտի ներս ու ասա, որ էկել ես:

Ժպիտով ասում եմ` լավ, որովհետև էդ «դուխով» բառը իրոք «դուխ» էր տվել, ու բացի դա էլ մի շատ սիրուն անմիջականություն էր նկատվել:
Բարձրանում եմ վերև ու իր ասածի պես անում: Մտնում եմ ներս, հետո բոլորի հետ ծանոթանում: Բոլորի անուններն իմանում եմ, բացի ինձ դիմավորած հենց էն տղայից:
Տուն եմ գալիս ու ընկերուհուս պատմում եմ օրվա մասին, ոնց անցավ ու ինչ արեցինք: Օրվա մեջ արած կատակներից էլ եմ անում ու էլի ծիծաղում ենք: Չհնացող կատակներից էին:
Հաջորդ օրը նորից եմ գնում ու էդպես մինչև ամսի ութը ինձ օգնում են, որ լրագրության ոլորտում ստացած գիտելիքներս տեղավորեմ ամռան շոգից «հալած» ուղեղումս: Ու շատ բան եմ ստացել էդ օրերին:
Օրինակ, դու Շուշանիկին էկրաններից այն կողմ գիտե՞ս, իսկ ես իր գրած նյութերը հենց իր ձայնով եմ պատկերացնում: «Խաբարբզիկ»-ի կազմերին ու էջերին Դիանայի արած լուսանկարների պատմությունները գիտե՞ս, իսկ այ, ես տեսել եմ, թե ոնց է կադրը որսում: Իսկ Լիլիթը քեզ սովորեցրե՞լ է` ինչպես գրագետ նկար ստանաս, հա, իսկ ինձ` սովորեցրել է: Վաա՜յ, բա դու գիտե՞ս, թե ոնց է տիկին Ռուզաննան պարոն Արային կանչում, որ մեզ կինոյից էլի բաներ սովորեցնի, չգիտե՞ս, դե տես.

-Պարոն Արա, ականջ արա…

Ի դեպ, ինձ դիմավորած կինն էլ տիկին Ռուզաննան էր, ու իր մասին էլ ոչինչ չեմ ասում, դե իրեն հաստատ ճանաչում ես:
Լավ, իսկ քեզ Հովնանն ասե՞լ է` որ պատի կամ թփի մոտ կանգնես, որ Աշոտը նկարի քեզ ու հետաքրքիր նկար լինի: Ո՞նց, դու դեռ չե՞ս զարմացել Նարեի տարիքն իմանալիս, քեզ Մարիամն իր խորհուրդները չի՞ տվել, բա Սոսեն չի՞ ասել,  որ քեզ կկարոտի, Լյուսին էլ «դուխ»  չի՞ տվել, Միլենան էլ  չի՞ ասել,  որ քո մոտ ամեն ինչ կստացվի: Վա՜յ, էս ինչքան բան ես բաց թողել, բայց մի տխրիր, մի օր էս ամենը քեզ հետ էլ կպատահի, եթե շատ ուզես:

Էն տղայի անունն էլ Սիսակ էր: Դե, Սիսոն, ոնց իրեն էնտեղ դիմում էին, ինձ երևի չի էլ հիշում, բայց ես իր անջատված քայլվածքը լավ եմ հիշում:

davit aleqsanyan

Վերջապես

Պատանի թղթակիցների ցանցի յոթօրյա մեդիա ճամբարն ավարտելուց հետո վերջապես վերադարձա իմ հայրենի գյուղը` Բաղանիս: Չնայած որ, ճիշտն ասեմ, ոչ մի բան և ոչ ոքի չէի հասցրել կարոտել: Երբ հասա տուն, դե գիտեք, հարց ու փորձը հաստատ կար: Տատիկս մի կողմից, պապիկս` մյուս:

-Դավիթ ջան, լա պատմի տենունք` ո՞նց անցավ, ի՞նչ արիք, ի՞նչ չարիք:

Իսկ ես նեղվում եմ, որ ինձ շատ հարցեր են տալիս:

-Դե, տատի, համարյա ամեն ինչ էլ արինք, էլի: Հմի խու էդքանը պատմե՞լ  չտիմ:

Հետո դուրս եկա փողոց, ասի` մի քիչ գյուղով շրջեմ: Գյուղում գրեթե բոլորը գիտեին, որ ճամբարում եմ եղել և նոր եմ եկել: Տեսնողները շարունակ հարցեր էին տալիս: Քայլում էի մայթով և ընկերոջս տեսա.

-Բարլուս, ախպեր, ի՞նչ կա-չկա:

-Բան չէ, դու ասա` լա՞վ անցավ, տեղը լա՞վն իր, վերջըմը գոնե մի լավ բան տվի՞ն:

Դե գյուղացուն էլ գիտեք, էլի, ուշք ու միտքը փողն ա կամ ինչ-որ թանկարժեք նվեր:

-Ինձ նենց բան են տվել, որ էս գյուղում ոչ մինը չունի:

-Էտ ի՞նչ ին տվիլ, որ ոչ մինը չունի:

-Գիտելիք:

-Էհ, ես էլ գիդիմ, թե մի նորմալ բան ին տվիլ:

Եվ գյուղում ամեն տեսնող հարցնում էր նույն բանը և ստանում նույն պատասխանը: Մեկը չկար, որ հարցներ` ի՞նչ էիք անում կամ ինչո՞վ էիք զբաղվում: Չնայած ես ամեն բան պատմում էի:

Արդեն երկու օր էր, ինչ գյուղում էի և հասցրել էի տեսնել բոլոր բարեկամներիս, գնալ գետ լողալու և ֆուտբոլ խաղալ: Բայց ափսոս, էս նյութս «աշխատասենյակում»` մեր սարի գագաթին չեմ գրում, որովհետև խոզերս սարում են: Դե, մենակ ելնեմ սարի գլուխ, ի՞նչ անեմ: Վերջապես հասա հայրենի գյուղս:

Milena sedrakyan

Պար, երգ, նկարչություն

Վերնագիրը կարդալուց, վստահ եմ, շատերը բան չեն հասկանա, բայց նույթը կարդալ վերջացնելուց հետո ամեն ինչ իր տեղը կընկնի:

Ես վերցրել եմ տարբեր երեք  արվեստի ճյուղեր, այդ արվեստի ճյուղերը իմ տեսանկյունից և դրանք ներկայացնող երեք գեղեցկուհիների, ովքեր միմյանց չեն էլ ճանաչում:

Գիտեմ, գիտեմ բարդ ու անհասկանալի եմ խոսում, բայց հավատացեք, կարդալուց հետո կհասկանաք:

Պար

Արվեստի ձև, որն արտահայտվում է մարմնի  ռիթմիկ շարժումների միջոցով։ Պարն անբաժան է երաժշտությունից և կատարվում է վերջինիս ուղեկցությամբ։

Պա՞ր: Լավ, էլի՜: Ես այնքան հեռու եմ արվեստի այս ճյուղից:

Նույնիսկ խնջույքների ժամանակ ինձ ստիպում են, որ պարեմ, չեմ ստի, ստացվում է, բայց ախր, հո զոռով չի՞, չեմ սիրում էլի, իմը չի, ու վերջ:

Լավ, չեմ շեղվի թեմայից: Այս պատմությունը մի աղջկա մասին է, ով պարի հարցում  իմ հակապատկերն է:

Անի Դավթյան. մի քիչ կպատմեմ նրա մասին:

Տասնչորս տարեկան է: Կարելի է ասել`պարն Անիի կյանքն է: Պարում է ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե: Ես Անիին տխուր գրեթե չեմ տեսնում: Անընդհատ երաժշտություն է լսում ու պարում:

Երգ

Երգը պարզ հիշվող մեղեդու և վանկերը համապատասխանող նախադասությունների միավորումն է: Այսպես են բնորոշում:

Երգերը տարբերվում են իրարից մի շարք դրսևորումներով: Օրինակ` ժանրերով։ Երգը կարող է կատարվել և մեկ հոգու, և երգչախմբի կողմից։ Երգերը երգվում են և երաժշտական գործիքների նվագակցությամբ, և առանց։

Ինձ շատ են ասում` Միլեն ջան, լավ ես երգում, ձայն ունես գնա վոկալի, բայց չէ՜:

Իսկ օրինակ, Նարեն, որը պատանի թղթակիցներ ցանցի շնորհիվ բավականին հայտնի դարձավ, ուղղակի խելագարվում է երգի համար

Այո, այո, խոսքը այն խուճուճ մազերով աղջկա մասին է:

Նա երգի է հաճախում արդեն հինգ տարի, անընդհատ երգում է ու երգում: Եթե հանկարծակի մեկը սխալվի և ասի` Նար, երգիր, ուրեմն նրա գործերը լուրջ են:

Մի անգամ ես այս սխալն արեցի, մինչև հիմա հիշում եմ.

-Նար ջան, մի բան երգի` լսեմ, լավ ես երգում:

-Հա՞, «Գույները» երգեմ:

Երգեց վերջացրեց, ու սկսվեց շարքը:

Էլ «Մայրիկ»,էլ «Գույներ», էլ «Գարուն», «Թիթեռնիկներ», «Իմ լավ շնիկ»…

Նարեն սիրում է երգը և շատ հզոր ու բարձր ձայն ունի, և ես պարզապես զարմացած եմ իր կամքի ուժի վրա, և հետո էստեղ մի բան էլ կա:

Եթե հանկարծ երգչուհի դառնա, ուրեմն լավ հիշեք. նրա մասին առաջին հոդվածը  տեղադրվել է 17-ում, այնպես որ…

Նկարչություն

Նկարչություն. ինչպե՞ս բացատրեմ: Դե բոլորս էլ քաջ գիտենք, թե ինչ է. մատիտ, թուղթ, ռետին, հմուտ ձեռքեր… Այս եմ հասկանում ես նկարչություն ասելիս: Իսկ այ, Ամալյան, հաստատ ինձնից ավելի շատ գիտի նկարչության մասին:

Կտավ, գուաշ, վրձին` ավելացրեց նա: «Սրանց միջոցով ես իրականությունը փոխանցում եմ կտավներին»: Ամալյան առանց նկարելու իր կյանքը չի պատկերացնում:

Նկարում է դեռ մանկուց: Նրան նայելիս ես հասկանում եմ, որ այս աղջիկը պարզապես հանգստանում է նկարելիս:

Ինչպես հասկացաք, ես այդքան էլ բան չեմ հասկանում նկարչությունից:

Բայց այ, մի ասեք`լուսանկարչություն:

Ջան, իմն է, որ կա: Իմը ոչ երգն է, ոչ պարը, ոչ նկարչությունը:

Իմը կինոն, լրագրությունը և լուսանկարչությունն է, որոնց «Մանանայիս» շնորհիվ ծանոթացա և սկսեցի սիրել ամբողջ հոգով:

Լավ է, երբ մարդիկ ստեղծում են իրենց աշխարհը, ինքնաարտահայտվում են, մեզ հաղորդում իրենց հոգու գույները:

elen gevorgyan

Արի, արի, քո փոքր տեսակն է հայտնվել

Այսօր սովորականի նման տուն էի վերադառնում պարապմունքից, տեսա մայրիկիս մեր հարևանուհու հետ նստած: Երբ մտա ներս, մայրիկս միանգամից ասաց.

-Արի, արի, քո փոքր տեսակն է հայտվել,- ի՞նչ էր խոսում մայրս, ես չհասկացա: Մոտեցա նրանց, և տեսեք, թե ինչ իմացա:

Օրեր առաջ ես ձեզ հետ կիսվել էի մի նյութով, որի վերնագիրն էր «Մեր սերունդը»: Ես պատմել էի մի փոքրիկ աղջնակի մասին, ով բակի ամենաչարաճճի աղջնակն էր` ութամյա Վարդուհին, ում Վարդուկ ենք ասում:

Հարևանուհին, ում հետ մայրս էր նստած, Վարդուկի մայրն էր, նա ինձ մի շատ հետաքրքիր և անսպասելի բան ասաց.

-Գիտե՞ս, Էլեն, դարձել ես հայտնի:

-Ո՞վ, ե՞ս:

-Հա, հա, հենց դու: Հիշո՞ւմ ես, որ երեխաներից հարցազրույց էիր վերցնում:

-Այո, այդ նյութս էլ տեղ է գտել 17.am-ում:

-Դե լսիր: Ուրեմն երբ Վարդուկից հարցազրույց ես վերցրել ու գնացել, Վարդուկը եկել է տուն, վերցրել է հեռախոսս ու բարձրացել իր սենյակ: Հեռախոսը դրել է մի տեղ, միացրել է վիդեոն ու սկսել է քո դերը տանել, քո նման խոսել. «Բարև ձեզ, ես Էլենն եմ, ուզում եմ ձեզ մի քանի հարցել տալ…», իսկ հետո ձայնը փոխելով սկսել է խոսել իբրև Վարդուկ:

Պատկերացնո՞ւմ եք, այնքան ուրախ էի ու շնորհակալ Մանանա կենտրոնին, որ հնարավորություն ընձեռեց ինձ կատարել լրագրողական փորձեր, և ինչու չէ, նաև այնպիսի տպավորություն թողնել մի աղջնակի մոտ, որ ցանկացել է նմանակել ինձ:

seda harutynyan-2

Մեր «բանակը»

Արթնացա։ Ձեռքս միանգամից մեկնեցի հեռախոսիս, որ ժամ նայեմ։ Ութն անց հիսուն էր։ Վա՜յ, հեսա կուշանամ, տաքսին առանց ինձ կգնա։ Արագ-արագ վեր կացա, որ հագնվեմ, մեկ էլ հիշեցի, որ վերջացրել ենք։ Նորից պառկեցի, բայց քունս էլ չէր տանում։

Կողքիս դրված էր այն թերթիկը, որի վրա ստորագրել էին ընկերներս Կոտայքի պատանի թղթակիցները դասընթացի վերջին օրը։ Վերցրեցի։ Եթե անկեղծ, սիրտս լցվեց մի քիչ։ Նայեցի Արտյոմի ստորագրածին, և մտքիս միանգամից եկավ ամեն փռշտոցից հետո ասված «էդքան էլ ճիշտ» արտահայտությունը։ Հետո նայեցի Գայանեի ստորագրությանը։ Կողքին մի մեծ սմայլիկ էր նկարել։ Ժպտացի հիշելով, թե ինչ հոգատար ու բարի է Գայանես։ Աչքս առավ Ռուզանների ու Մերիի ստորագրություններին։ Դե,  իրենցից խոսք ընդհանրապես չկա։ Ադամանդ են։ Նայեցի Արմանի գրածին ու նկարածին։ Իրեն անպատճառ կարոտելու եմ, որովհետև բարության կծիկ էր Արշակ-Շահբազյանը։
Մի պահ հիշեցի, որ վերջին պահին նկարվել էի տիկին Ռուզանի հետ։ Բացեցի նկարը։ Միանգամից դեմքիս ժպիտ  հայտնվեց։ Ու գիտե՞ք ինչ հասկացա։ Հասկացա, որ «Մանանան» մի հսկայական բանակ է ստեղծում։ Բայց էդ բանակը սովորական բանակ չի, է՜։  Բանակը բարի, պոզիտիվ ու յուրահատուկ +- 17 տարեկանների բանակ է: ` Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը: Ու ես հիմա այդ ջերմ ու պայծառ բանակի մեկ զինվորն եմ:

անի հարությունյան /մայիսյան/

17.am-ն իմ կյանքում

Սովորական դպրոցական օր էր: Երրորդ ժամն էր, երբ ընկերուհիս ասաց.

-Ա՛ն, էս ժամից հետո՝ երկար դասամիջոցին, կիջնես «Առողջ ապրելակերպի» կաբինետ:

-Ի՞նչ կա որ:

-Չգիտեմ: Երեկ մարդիկ էին եկել դպրոց, իրանց ամսագիրն էին բերել, ինչ-որ խմբակ ա լինելու:

«Տեսնես հիմա՞ ինչ կա: Էլի չեն թողնելու հանգիստ մի բան ուտեմ»,- մտածեցի ես: Զանգը տվեց: Դժգոհ-դժգոհ իջա «առողջ»: Եկան պարոն Արան, տիկին Ռուզանն ու Սիսակը: Անկեղծ ասած` հենց առաջին հայացքից գրավեցին ինձ, ու տրամադրությունս բարձրացավ:

Երբ սկսեցին ներկայացնել «Մանանա» կենտրոնը, 17.am կայքն ու դասընթացների բովանդակությունը, ոգևորությանս չափ ու սահման չկար: Չէի համբերում` երբ եմ գնալու տուն, որ մասնակցության հայտ ուղարկեմ: Շատ ուրախացա, որ աչքի ընկա. պարոն Արան ցույց տվեց կարճամետրաժ ֆիլմ, որի իմաստը պետք է հասկանայինք: Առաջին մրցանակը ես շահեցի: Բոլորին պատմում էի:

Վերջապես հասա տուն և ուղարկեցի հայտը: Պատասխանը չուշացավ: Երկու հոդված պետք է գրեինք` «Ով եմ ես» ու «Ինչն է ինձ հուզում»: Գրեցի, ուղարկեցի: Ամբողջ օրն անհամբեր սպասում էի պատասխանին: Հաջորդ օրը պատասխանը եկավ… Թարսի նման տանը չէինք, երբ զանգեցին «Մանանայից» ու ասացին, որ ընտրվել եմ մասնակցելու դասընթացին: Չգիտեի` ինչպես արտահայտեի ուրախությունս: Ուզում էի գոռալ, թռչել, պարել, բայց ամաչում էի. շուրջս մարդիկ կային: Շփոթմունքից ու հուզմունքից անընդհատ շնորհակալական խոսքեր էի ասում:

Տանջալից սպասումով լի մեկ շաբաթ… Էլ չէի դիմանում, թե ե՛րբ են հստակ ասելու դասընթացի օրը, ժամը, ե՛րբ ենք սկսելու:

Շաբաթ օր էր: Առաջին դասընթացին էինք գնում: Ամեն ինչ անցավ իմ պատկերացրածից էլ լավ: Նոր ծանոթություններ ու ընկերներ, նոր ու շատ կարևոր գիտելիքներ, տպավորություններ, փորձառու և պարզապես հաճելի ու անմիջական մարդկանց հետ հաղորդակցվելու հնարավորություն:

Կարծում եմ` կյանքում ոչինչ պատահական չի լինում: Նրանց հետ հանդիպումն էլ ինձ համար վճռական դարձավ. եթե նախկինում երբեմն կասկածում էի, հիմա հաստատ որոշել եմ դառնալ լրագրող:

Շատ եմ կարոտել մեր միասին անցկացրած օրերը: Վստահ եմ` դեռ էլի ենք հանդիպելու: