Հայաստանի քաղաքները խորագրի արխիվներ

9

Հին Դիլիջան

Դիլիջան քաղաքի պատմական Շարամբեյան թաղամասն է՝ 19-րդ դարի Հին Դիլիջանի շնչով:

8

Անցյալ դարաշրջանի ոճով և ճարտարապետությամբ կառուցված փողոցը հայտնի է նաև Թուֆենկյան անունով: Այստեղ մեծացած և ապրած բնակիչներից մեկի թոռան թոռը պատմում է, որ տատից լսել է, թե ինչքան հյուրասեր և բարի մարդիկ են ժամանակին ապրել այս փողոցի տնակներում:

7

Ավելացնում է նաև, որ բաբոյի դռան առաջ եռուզեռը չի պակասել, միշտ բակը լիքն է եղել երեխաների ծիծաղով ու բնակիչների շարժով: Չնայած այն փաստին, որ ներկա ժամանակահատվածում թաղամասում մշտական բնակություն հաստատող ոչ մի ընտանիք չկա, փոքրիկ քաղաքի սիրտը (այսպես են իրենց քաղաքի փոքրիկ անկյունը նկարագրում տեղացիները) լույսերից անպակաս է՝ առավոտյան արևն է լուսավորում հին միջավայրը, երեկոյան՝ կախված լապտերները:

5(1)

Անհատների շարժն այստեղ ևս չի դադարում, աշխարհի ամենատարբեր վայրերից քաղաքին հյուր են գալիս զբոսաշրջիկները՝ տեսնելու այս գողտրիկ հնավայրը:

Այս յուրօրինակ օջախում չեն դադարում ծաղկել մշակույթն ու արհեստը: Փողոցի անկյուններում երևում են փայտե փորագրության, սպասքի արհեստանոցները, տեսանելի է արվեստի պատկերասրահը, ինչպես նաև ոչ մեկի աչքից չի կարող վրիպել հուշանվերների խանութը:

4(1)

Ծայրամասային հատվածում նաև հաճելի բույրով բոլորին գերում է «Հին Դիլիջանի Հայկանուշ» ռեստորանը (երիտասարդները նշում են, որ Հայկանուշը եղել է մի տատիկ, ով ժամանակին ապրել է այդտեղ)՝ զարդարված ձեռագործ անպաճույճ ջահերով և բարդ հորինվածքով գորգերով:

3(1)

Հենց այս խաղաղ ու նրբաճաշակ միջավայրում էլ միշտ կարելի է գտնել հանգիստ, նկարել, լուսանկարել, ստեղծագործել, քանդակել, զբոսնել ու հիանալ:

6

Դիլիջանի Թախտա թաղամասը

Օրերս գտնվում էի Դիլիջանի Թախտա թաղամասում: Շրջելով և ևս մեկ անգամ համոզվելով, որ Դիլիջանը դրախտային քաղաք է, որոշեցի կիսվել և ներկայացնել տավուշյան փոքրիկ անկյուններից մեկը:

Թախտա թաղամասը առանձնանում է իր ընկերական, գեղեցիկ, հյուրասեր և աշխույժ միջավայրով: Թաղամասում կա փոքրիկ այգի, որտեղ երեկոյան ժամերին հավաքվում են թաղի երեխաները, ծերերը, հարսները և միասնական ստեղծում ուրախ և հաճելի տրամադրություն: Այստեղ ապրող երեխաները նոր շունչ, նոր տրամադրություն են հաղորդում համաքաղաքացիներին իրենց երգ ու պարով, երեկոյան ժամերին կազմակերպվող խաղերով, հանելուկներով, հումորներով:

Բնակիչները աշխատող, աշխատասեր և հյուրասեր մարդիկ են: Նրանք ստեղծում են, ստեղծագործում և իրենց արվեստը ցուցադրում խոսքի, պահվածքի և բնավորության միջոցով:

Թախտա թաղամասում աչքի են ընկնում բարձր և ցածր վեմերը, գունավոր քարերը և բաց դաշտահովիտները։ Գեղեցիկ ծաղիկներով զարդարված այգին էլ ավելի է ոգեշնչում տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին, որպեսզի հանգստյան օրերը անցկացնեն այս թաղամասում:

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Ձմեռը Դիլիջանում

Խայտաբղետ Երևան

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Արի Ծաղկաձոր

Ani Harutyunyan

Սեր առաջին փողոցից

Կան, չէ՞, այնպիսի մարդիկ, որոնց մեկ անգամ ես տեսնում, ու մի տեսակ պետք եղածից շատ են հարազատ թվում, ու եթե կան այդպիսի մարդիկ, կան նաև նման վայրեր։

Մեքենայից իջա ու մոռացա, որ 2 ժամ շարունակ ճանապարհ եմ գնացել՝ 100 անգամ Վիկտոր Ցոյ լսելով։ Իջա ու տեսա, որ քաղաքը ժպտում է ինձ, թեթև հրում ուսս ու հումորներ անում. Գյումրին է։

Սկզբում չէի գիտակցում, ամբողջովին չէի ընկալում Գյումրին։ Աստիճանաբար ամեն քայլի հետ քաղաքը խառնվում էր արյանս ու հոսում երակներովս։ Քայլում էի փողոցով ու չէի ուզում, որ խոսեին ինձ հետ, խանգարեին, սթափեցնեին քաղաքի հրապուրանքից։

Պիտի գնաս Գյումրի ու թափառես քաղաքում, բարևես հին տան բակում նստած, հին տնից մի քանի տարով փոքր ծերուկին, ժպտաս ու անցնես։

Հասնես Շիրազին, նստես կողքին, ու ոնց ինքն էր սիրում՝ քարով ձմերուկը կիսես, ջուրը վրադ թափելով ուտես ու նորից վերադառնալու խոստումով լքես։

Մտնես Ավետիքենց տուն, թոնրի նոր թխած լավաշը վայելես։

Ֆրունզիկի հետ թեյի սեղանի շուրջը զրուցես, փորձես հասկանալ հոգով տխուր լինելու, բայց բոլորին ժպիտ պարգևելու բանաձևը։

Պիտի գնաս Սև բերդ, զգաս դարերի շունչը, զրուցես այնտեղ կռված մարդկանց հոգիների հետ ու ստանաս ամենակարևորը՝ առանց նահանջելու պայքարի ուժը:

Գյումրին վայր է, որտեղ ուզում ես նորից վերադառնալ։

Գյումրին սեր է առաջին փողոցից։

Ապարանում

Երկու օրով գնացել էի Ապարան: Երկրորդ օրը որոշեցի դուրս գալ քաղաք ու հետաքրքիր ֆոտոներ անել: Բարեկամներիս հետ գնացինք մի թաղամաս, որը կոչվում է Բադալի թաղամաս: Հենց այդտեղ կա աղբյուր՝ Բադալի աղբյուրը: Աղբյուրը դպրոցին կից է, այդ տարածքում կան շատ առանձնատներ, ու մարդիկ իրենց խմելու ջուրը այդ աղբյուրից են տանում:

Տարածքում կա մի քար, որի վրա քանդակված է Հիսուս Քրիստոսի սրբապատկերը: Բադալի թաղամասից հետո ուղևորվեցինք «Սիրո աղբյուր»: Ճանապարհին մի պապիկ իր թոռան հետ զրուցելով գնում էր.

-Պապի սոված եմ,- նվնվում էր թոռնիկը:

-Հա, հեսա հասնենք տուն, տենանք տատդ ինչ ա եփել,- հորդորում էր պապը:

«Սիրո աղբյուրի» ջուրը շատ վարար էր: Աղբյուրի ջուրը լցվում է գետը, սակայն մոտակայքում արհեստական լիճ են նախագծում, որի ստեղծման համար գետի ջուրն են օգտագործում, գետի ջրի մակարդակը բավականին նվազել էր: Ձկները պարզ երևում էին, նույնիսկ ձեռքով էին կարողանում երեխաները ձկներ բռնել:

Ապարանը գեղեցիկ քաղաք է, բայց այնպիսի թաղամասերում եղա, որոնք կարծես գյուղի փողոցներ լինեին: Կար մի թաղամաս, որտեղ լքված և հին տները մեկը մյուսին էին հաջորդում:

Լուսանկարը` Լիա Ավագյանի

Հայաստանի քաղաքները. Բերդ, Տավուշի մարզ

Հայաստանի քաղաքները. Գյումրի, Շիրակի մարզ (մաս 1)