Mariam Harutyunyan new

Կյանքի խզբզոցներ 3

ՀԱՅԵԼԻՆ

«Հայելիները շատ անկեղծ են, նրանք տեսնում են քո կեղծ ժպիտը, ճոխ դիմահարդարման  մեջ քողարկած կնճիռանման հետքերը, աչքերիդ խորքում զնդանած արցունքները և հայացքիդ կիսատողերը։

Դու հայելիներ չես սիրում, ոչ էլ իրենք են քեզ սիրում, բայց հայելիները ամենուրեք են և բազմատեսակ։ Քո սենյակի հայելուն  ամենաշատն ես ատում. նա քո մասին շատ բաներ գիտի, շատ անգամներ է իր մարմնում տեսել քո արտացոլանքը, երբ հոգիդ մարմնիդ տապալում էր գետնին ու ստիպում քեզ զգալ և տեսնել, թե ինչպես է բանականությունդ տեղի տալիս….

Իսկ կատվին հիշու՞մ ես, նա սև էր և կանաչ աչքերով, նա էլ քո մասին շատ բաներ գիտեր, նա ամեն ինչ հասկանում էր. կատուները լուրջ էմպատներ են։

Օբամա անունով կատուն ճանկռում էր սենյակի դուռը, որովհետև գիտեր, որ այնտեղ ես, նրա մլավոցները կարեկցանք էին պարունակում. կենդանիներն էլ հույզեր ունեն, Օբաման վստահում էր քեզ….»

Օբամայի մասին երբեք ոչ մի տեղ չէի գրել, ի՞նչ է այս ամենը, ո՞վ է իմ գրքում գրել կատվիս մասին։

Հիմա Օբաման չկա, չեմ ուզում հավատալ, որ նա անկել է, ուզում եմ հավատալ, որ նրա հետ ամեն ինչ լավ է, նա ողջ է, պարզապես այլ տեղ է ապրում։ Եթե կատուները 9 կյանք ունեն, թող Օբաման իր կյանքի մնացած շրջափուլերում դառնա բրիտանական կախականջ ցեղատեսակի կատու, որովհետև մաքրացեղ կենդանիներին հիմա ավելի լավ են խնամում, ես անկեղծ ուզում եմ, որ Օբաման լավ պայմաններում ապրի։

Շարունակում եմ կարդալ։

ԳՈՒՅՆԵՐ

«Վրձնահարվածը դիպուկ էր, հստակ և ինքնավստահ։ Ամեն անգամ վրձինը ներկի որևէ գույնի մեջ խրելիս  վստահ էր, որ ճիշտ երանգ էր ընտրել։

Նրա գործը կյանքեր երանգավորելն էր, և այս անգամ հերթն ինձ հասավ։

Սկզբում ընտրեց կապույտը, խառնեց սպիտակի հետ և տարածեց ողջ երկայնքով, ծաղիկներ պատկերեց՝ առանց արմատի։

Դեղինով արև նկարեց՝ շողերը ներսից, երկինքը պարզ էր, ամպերը՝ մաքուր։

Կանաչով արահետ նկարեց, մեջտեղը՝ առու։

Մի աղջիկ մարգագետնով քայլում էր, երբ քամին հանեց նրա գլխարկը, փորձեց կռվել քամու դեմ, բայց ուժերն անհավասար էին, քամու սառը ապտակից հետո աղջիկն ընկավ խոտերի մեջ, քամին վերցրեց մի բուռ հող և շպրտեց ուղիղ աղջկա աչքերի մեջ, նա դիմացը չէր տեսնում, աչքերը ցավից արցունքոտվել էին, չէր կարողանում բացել. խավար էր տեսնում միայն։ Այդ պահին կապույտը դարձավ սև, ամպերը գորշացան, առանց արմատի ծաղիկները դարձան քար, արևը անցավ սպառնացող ամպերի տակ և մնացին միայն քամին, աղջիկը և քարերը։

Աղջիկը դեռ չէր կարողանում աչքերը բացել, բայց զգում էր օտար մեկի շնչառությունը, որը վստահաբար մարդ չէր։ Նա փորձեց ոտքի կանգնել, աչքերի ցավը թուլացել էր և տեսադաշտը փոքր ինչ տեսանելի դարձավ։

Ի՞նչ պատահեց, ինչպե՞ս մի քանի րոպեում անհետացավ ամեն ինչ, ծաղիկները չկան, առուն ու մարգագետինը չկան… Աղջիկը ոչինչ չէր հասկանում։ Հանկարծ քարերի հետևից երկու ճանկեր արագընթաց սլացան դեպի նա, բռնեցին կոկորդից և սկսեցին խեղդել… Աղջիկը տապալվեց գետնին, իսկ օգնության կանչել չէր կարող, փորձում էր գոռալ, բայց ձայնը դուրս չէր գալիս, հիմա միայն հետաքրքրում էր, թե ով է իրեն խեղդում. նա դեմք չուներ, մարմին չուներ, միայն ճանկեր էին…. »

Վերջ, հաստատ չեմ կարդալու, այս ամենը աչքիս է երևում, ես գերհոգնած եմ։

Որոշեցի դուրս գալ տանից, մաքուր օդը պիտի օգներ։ Չնայած ներսս հոսանքազրկված էր, բայց շարունակում էի քայլել. անգամ մտածում էի, չնայած բանականությունս հոգեվարքի մեջ էր։ Արևոտ օր էր, մեղմ էր եղանակը և հաճելի։

Այդ այգում հաճախ էի զբոսնում և մենակ մնում։ Մի կողմից  յասամանների, մյուս կողմից թարմ խոտերի բույրը մեղմ շոյում էին հոտառություն զգող բոլոր ընկալիչներդ և մեդիտացիոն ապրումներ տալիս։ Թռչուններն իրենց յուրահատուկ նվագարանով մեղեդի էին ստեղծում, օդի մեջ դարչինի հոտ էր հայտնվել, որը գրգռում էր ախորժակդ՝ բայց ոչ թե քաղցի, այլ՝ երևակայության, ինչ-որ բան ստեղծելու, հորինելու ցանկության, իսկ  արևն իր վերահսկողության տակ էր վերցրել տեսարանը և լուռ հպարտանում էր. բնությունը սիրում է մարդուն, իսկ մարդը՝ բնությանը։

Աչքերս փակ՝ մտածում էի, ամբողջ մտքերս գրքի բովանդակության շուրջ էին պտտվում. ինչպե՞ս կարելի է գրել մի բան, կարդալ այլ բան, ու՞ր գնացին իմ գրածները։ Եթե ես սրա մասին մեկին պատմեմ, կմտածեն՝ ես խելագար եմ։ Երևի իմ մտքերը միայն խելագարների համար են….

Օդի բույրը ինձ դուր էր գալիս, հետաքրքիր բուժիչ բան կար։

Ականջի ծայրով լսեցի ամպերի նախազգուշացնող թեթև գոռոցը՝ սպասվելիք անձրևի մասին։ Ուշադրություն չդարձրի։ Զգացի օդի սառնությունն ու հասկացա, որ քամի է սկսվել։ Վեր կացա տեղիցս, որպեսզի տուն գնամ, բայց հենց այդ պահին քամին գլխարկս  քշեց, վեր բարձրացրեց և օդի մեջ սահեցնելով և պտտեցնելով տարավ անհայտ ուղղությամբ։ Իմ սիրելի սև գլխարկն էր, գնացի գլխարկիս ուղղությամբ, որ վերցնեմ, բայց չկարողացա հասնել. քամին սաստկացել էր, սառը օդ կուլ տվեցի, և հանկարծ քամին գետնի հողը վեր բարձրացրեց և այն թափվեց ուղիղ աչքերիս մեջ, ծնկի իջա, փորձեցի ափերով մաքրել աչքերս, բայց գրեթե ոչինչ չէի տեսնում. աչքերիս ցավը մի կողմից, խավարը՝ մյուս։ Գիտակցությունս տեղն էր, տեսարանը ծանոթ. վախենում էի, որովհետև կարծես թե գիտեի՝ հաջորդիվ ինչ է լինելու. գրքում նկարագրածը… Բայց ախր ինչպե՞ս, այս ամենը ինչպե՞ս կարող է իրական լինել։

Ինչ-որ մեկի ներկայությունը զգացի. նա ծանր շնչում էր ու հաստատ մարդ չէր։ Քարերի հետևից դուրս եկան երկու հսկայական ճանկեր և բռնեցին կոկորդիցս, սկսեցին ուժգին սեղմել։ Ես հասկանում էի, որ սա գուցեր վերջն է, որովհետև չգիտեի, թե ինչ է ինձ սպասվելու հետո, որովհետև հենց այդ պահին դադարեցի կարդալ, ես չգիտեի՝ գրքի աղջկա հետ ինչ եղավ, նա փրկվեց, թե ոչ, ես չգիտեի՝ ինչ է լինելու ինձ հետ։ Ամեն ինչ կտայի, այդ հատվածը մինչև վերջ կարդացած լինեի… Ես զգում էի, որ ցավն ուժեղանում է, իսկ գիտակցությունս նվազում։ Հանկարծ մի ձայն լսեցի. «Հաշվիր մինչև երեքը»։

Ուշադրություն չդարձրի։ Ձայնը նորից հնչեց՝ այս անգամ ավելի բարձր. «Փրկվե՞լ ես ուզում` հաշվիր մինչև երեքը»։

Չնայած չէի հավատում, բայց կորցնելու ոչինչ չունեի, ուժերս հավաքեցի և… Մեկ, երկու, երեք….

Աչքերս բացեցի, արթնացա, տանն էի, պառկած։ Սարսափելի գլխացավ ունեի, բայց դա ինձ չէր հետաքրքրում. այն ամենը, ինչ տեսա և զգացի` երա՞զ էր։ Մի՞թե երազներն այդքան իրական կարող են լինել. դե երևի կարող են, գեշտալտ փիլիսոփայությունը դրա բացատրությունն ունի։ Բայց շատ անսովոր զգացողություն էր, կարծես մեկը ինձ այգուց գտել և տուն էր բերել, ո՞վ ինձ ստիպեց մինչև երեքը հաշվել, ո՞վ էր նա….

Վեր կացա անկողնուց, պետք է ստուգեի, պետք է իմանայի՝ աղջկա հետ ինչ եղավ, նրան, ով օգնեց։

Վերցրի այն։ Խորը շունչ քաշեցի և բացեցի առաջին էջը։ Դատարկ էր, ոչինչ չկար գրված, մաքուր էջ էր միայն։ Բացեցի 2-րդ էջը, էլի նույնը, 3-րդը, 4-րդը….. Ամբողջ գիրքը դատարկ էր. տառ անգամ չկար։ Գիրքը շրջեցի։ Շրջելու պահին գիրքն ընկավ սեղանին և բացվեց վերջին՝ ամենավերջին էջը, որտեղ վերևի հատվածում գրված էր.

«ՄԻԱՅՆ ԽԵԼԱԳԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»։

Mariam Harutyunyan new

Կյանքի խզբզոցներ 2

ՎԵՐԱԴԱՐՁ

«Վերադառնալը միշտ հաճելի է, եթե սպասող ունես։ Ճանապարհները՝ դժվարանցանելի, քարքարոտ, փշոտ, մեզ հոգնեցնում են, բայց արդեն ֆիզիկական ցավը դադարում է մարմինը թուլացնել, և դու շարունակում ես քայլել։

Եթե մի օր վերադառնաս, հիշիր, թե ճանապարհդ որտեղից ես սկսել և փոխիր դրա ուղղությունը։ Քո ընտրած ճանապարհը մեկ ուրիշի բացթողումն էր, որը պտտվեց քո կողմը, իսկ դու այն վերցրիր։ Այդ ճանապարհը քոնը չէր, այնտեղ դու մոլորվեցիր, իսկ երբ փորձեցիր վերադառնալ, հասկացար, որ ճանապարհը չես հիշում և ստիպված մնացիր այնտեղ։ Փոխարենը որոշեցիր շարունակել քո՝ սխալ ընտրած ճանապարհը և կրկին մոլորվեցիր. Վերադարձ կար, բայց չէր երևում…. »

ԱԿՈՐԴՆԵՐ

«Նոտաները, իրար հրելով, իրար հերթ չտալով առաջ են շարժվում՝ չենթարկվելով երաժշտին։

Իր իսկ ստեղծագործությունը դուրս է եկել իր դեմ, ժանրին ըմբոստանում են նոտաները, չեն հարմարվում մեղեդուն. նեղ է տարածքը, ազատություն են ուզում։

Նոտաները դուրս եկան կիթառից և վազեցին դեպի դաշնամուրը, սև ու սպիտակ ստեղների մեջ հարմար տեղավորվեցին՝ մտածելով, որ նոր կացարանը իրենց համար է։

Բայց  եկավ դաշնակահարը, իր երկար մատներով՝ վարպետորեն ճիշտ  հերթականությամբ սահեցրեց և ենթարկեցրեց հոգնած ակորդներին…

Դաշնամուրն էլ նրանց տեղը չէր, որոշեցին այդտեղից էլ փախչել  և ապաստան գտնել ջութակի մոտ. Ջութակները հպարտանում են Պագանինիի գործերով, բայց նոտաներն էին հոգնած, հոգնել էին ենթարկվելուց։

Նրանք ջութակից էլ հեռացան և ոչ ոք նրանց տեղը չիմացավ….»

Փակեցի գիրքը, էլ չեմ ուզում կարդալ։ Փորձում էի այս ամենին բացատրություն տալ, բայց ոչինչ չստացվեց։ Ո՞վ է իմ փոխարեն գրել այս ամենը, նույն գրքի մեջ իմ գրածը այլ էր, լրիվ այլ։

Մոտեցա պատուհանին, դրսում տեղադրված էր գովազդային պաստառ՝ չհոգնելու մասին։

«Հոգնել» բառը ինձ մի բան հիշեցրեց. ես հենց այդ նույն գրքում ժամանակին մի բանաստեղծություն էի գրել, որի բովանդակությունն այսպիսին էր.

«Հոգնել եմ անվերջ երկար քայելուց,

Երկար լսելուց, երկար սպասելուց,

Հոգնել եմ մտքի բութ հարվածներից,

Հոգու և մարմնի հոգնածությունից,

Եվ քո կեղծավոր անկեղծությունից….»

Որոշեցի ստուգել՝ բանաստեղծությունը գրքում կա՞, թե՝ դա էլ է փոխարինված այլ բովանդակությամբ։ Բացեցի 155-րդ էջը. ես ամեն ինչ հիշում էի, անգիր գիտեի, թե որ էջում ինչ պետք է գրած լինեմ։

Փշրանքներ

«Երկար չքայլես։

Երկար չլսես։

Երկար չսպասես։

Երկար չմտածես։

Չհոգնես»։

Մի պահ ինձ թվաց՝ մոտս սովորական գերհոգնածություն է և շուտով կանցնի, բայց գրքից այն կողմ չէի կարողանում գնալ։

Մտքերս գողացել են, իմ գիրքը փոխարինել են այլ գրքով, կամ էլ երևի քնած եմ և հիմա երազ եմ տեսնում։ Կրկին բացում եմ գիրքը։

(շարունակելի)

Mariam Harutyunyan new

Կյանքի խզբզոցներ

Էջանիշն ինքը որոշեց, թե որ էջի վրա պիտի կանգ առնի, մտքերիս և հիշողությանս հետ առանց բանակցելու համառորեն, բայց հստակ անցավ տարիների միջով և կանգնեց այնտեղ, որտեղից սայթաքել և ընկել էի։

Գիրքը գրվում էր, երբեմն ծանրությունից թեքվում, ճոճվում և զարմանում էր սեփական հաստափորության վրա։

Այնքան շատ բան կար գրքում գրված, միայն գրում էի, արդեն 14 տարի շարունակ գրում էի, բայց վախենում էի բացել և ընթերցել։

Հաստափոր գիրքը գրելիս վստահ էի, որ զուգահեռ իրականությունը զուգահեռ չէ ինձանից, իրականությունը մեկն է, իսկ ես արագ-արագ դա շարադրում եմ։

Եվ շարադրեցի 14 տարի։

Թանաքը մուգ էր, ամեն անգամ թանաքամանը խցկելիս համոզվում էի, որ սպիտակ էջի վրա գրածս տառակույտը մի օր կկարդամ։ Սպիտակ էջի վրա գրվածքները հենց այնպես չեն թողնում։

Ծանր, հաստ, դժվարամարս գիրքը շարունակվում էր գրվել, բայց արդեն առանց ինձ. որոշեցի կարդալ։

Դժվարությամբ վերցրի գիրքը, բացեցի առաջին էջը. իմ անուն-ազգանունն էր՝ որպես հեղինակ, ներածություն էլ կար.

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

«Չմտածես, թե երկնագույնի այլ երանգներ չկան, ակնոցդ թափանցիկ դարձրու կարդալուց առաջ. այստեղ վարդագույն ակնոցները կոտրվում են։ Մտածի՛ր, բայց ոչ շատ, երազի՛ր, բայց ոչ քո համար, սիրի՛ր, բայց առաջին հերթին՝ քեզ։

Այցելի՛ր Հեսսեի Մոգական թատրոն, այնտեղ, եթե գիտես, մուտքը միայն խելագարների համար է։ Խելագարվիր, որ հետո սթափվես, հեռացիր, որ հետո վերադառնաս, կորցրու, որ գտնես, մեռիր, որ ծնվես….»

 Վատ չէր գրված, բայց ես նման բան չէի գրել, իմ գիրքը ուրիշի՞ ձեռքում էր հայտնվել։

Ես հատ առ հատ հիշում էի գրքի բովանդակությունը, իսկ ներածություն այնտեղ չկար, ես միանգամից անցել էի եղածը շարադրելուն…

Բացեցի հաջորդ էջը, վերնագիրն անծանոթ էր.

ԴՈՒ ՀԻՄԱՐ ԵՍ

«Բարև, հիմար, չե՞ս հոգնել երազելուց։ Հերիք է հորինես ու քեզ խցկես հորինվածքների մեջ։

Երրորդ անձը միշտ ճիշտ է, նա իրավիճակը ճիշտ է վերլուծում՝ նախքան դու կհասցնես սեփական անձդ աջ ու ձախ զարնել։

«Սառնասրտություն» անունով դեղամիջոցը ներարկիչի մեջ է, քեզնից մնում է միայն վերցնել այն, մտցնել երակներիդ մեջ, և այդքանով կավարտվի ամեն ինչ. դա է ճիշտը և միակողմանի ճանապարհը։ Խաչմերուկներ չփնտրես, դրանք քեզ համար չեն։

Գրիչդ կպահես, դու լավ չես գրում…»

Դադարեցի կարդալ, չէի հասկանում՝ ինչ է կատարվում. այն գիրքը, որը գրել եմ տարիներ  շարունակ, կարդալու պահին փոխում է բովանդակությունը։

Բացեցի 5-րդ էջը, վերնագիրը կրկին այլ էր.

ԱՆՊԵՏՔ ՕՐԳԱՆՆԵՐ

«Կլոր սեղանի շուրջ նստելը մեկնարկեց բանավեճը. ամեն ինչ պատրաստ էր, երկու կողմերն էլ մարտական էին տրամադրված, նրանցից ոչ մեկը պարտվելու մտադրություն չուներ. կլոր սեղանների ժամանակներն են…

Սիրտը գիտեր իր մրցակցի ուժեղ և թույլ կողմերը և լավ էր պատրաստվել, հաշվի էր առել այն թեզերը, որը իր առաջ էր դրվելու։

Սիրտը չուներ էմոցիոնալ բարձր ինտելեկտ և հաճախ էր հուզական մեծ արտահոսք ուղարկում իր մրցակցին, իսկ մրցակիցը հավասարակշված էր և հուզական դաշտի կայունության խնդիր չուներ. նա առհասարակ որևէ տեսակի հույզ կամ զգացմունք չուներ, բայց շատ իրատես էր, շատ վերլուծող էր և հաճախ էր սրտին մեղադրում իրականությունը կորցնելու մեջ։

Ուղեղ անունով մրցակիցը խիստ, քննադատող և խեթ հայացքով նայում էր Սրտին, որը արագ-արագ հիշողությանն էր հրամցնում մեկի պատկերը, որի հոգու պարունակությունը հենց ինքն էր հորինել։ Ուղեղը իրավացի էր, երևի իրավացի էր։

Ուղեղը բացեց հաշիվը, նա առաջատարն էր։

Սիրտը, զգալով իր հնարավոր պարտությունը, շախ և մատ արեց՝ տապալելով Ուղեղին։

Ուղեղը կծկվեց՝ գլուխը ծածկելով ափերի մեջ, որովհետև գիտեր, թե ինչ է տեսնելու։

Նրա պատկերը հայտնվեց՝ բարձրաձայն ասելով. «Դու ինձ մոռանալու իրավունք չունես…»։

Այդ պատկերը հաճախ էր հայտնվում, հետապնդում և պարտության մատնում Ուղեղին։

Հերթական բանավեճն ավարտվեց, Սիրտը կրկին հաղթեն Ուղեղին….»

Ես հիմա ու՞մ գիրքն եմ կարդում, այս ամենը ինձ դուր չէր գալիս, անգամ վախեցնում էր. գրքիս բովանդակությունն ամբողջությամբ փոխված էր։ Շարունակեցի կարդալ։

(շարունակելի)

Mariam Harutyunyan new

Սենտիմենտալ ապուշություն

8 տարի անց, օրը կարևոր չի

Ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ բացել օրագիրս. հնացել է, մաշվել ու անընթեռնելի է դարձել։ Այս սենտիմենտալ ապուշությունը ութ տարեկան է, թեև եթե անձնագիր ունենար՝ տասներկու տարեկան բիձուկ կլիներ։

Այդ բիձուկին ես կսպանեի, եթե ինքս նրան ստեղծած չլինեի: Դժվար է, տխուր է, ծանր է։

Բայց որոշել եմ սպանել, կփորձեմ։

 Նախատեսված սպանություն կամ սենտիմենտալ ապուշության վերջը

Սպանիր նրան, կամ էլ՝ նա քեզ կսպանի… Վճռել ես՝ արա։

Բիձուկը ինձ էր նայում, նա միշտ էր այդպես անում, հատկապես երբ փորձում էի սպանել։

Չկա զենք, չկա դանակ, չկա գործիք ու չկա արյուն։ Ինչպե՞ս սպանեմ տասներկուամյա բիձուկին։ Մեզ ծանոթ «կռիվ կինոների» նման չեմ կարող «կինոյի տղայի» դեմքով հարձակվել նրա վրա ու հերոսի ձայնով գոռալ. «Դե մեռի, տակա՛նք…»

Արդեն համոզվել եմ, որ  կվերակենդանանա, բայց կարծես մեռավ:

-Հը՞ն, բիձուկ, մեռա՞ր։

Այս սենտիմենտալ ապուշության ավարտը մի նոր ապուշության սկիզբ է։ Իմ տողերը սիրավեպեր չեն, ռոմանտիկ անցյալներ կամ ներկաներ չեն, «Մանոն Լեսկո»-ներ, «Հպարտություն և նախապաշարմունք»-ներ կամ «Ասկանիո»-ներ չեն:

Սա ինչ-որ ենթագիտակցական մակարդակում ծնված ապուշություն է, որը չունի որևէ գիտական հիմնավորում։ Կարլ Յունգը զիլ տղա էր, Ֆրոյդը՝ նույնպես, բայց նրանք իրենց հանճարեղ տեսություններում իմ տասներկուամյա բիձուկի մասին ոչ մի անդրադարձ չունեն…

Mariam Harutyunyan new

Մատների պատերազմ

Հաղթանակից քիչ էր պակաս… Այդ ի՞նչ տարօրինակ կռիվ է։ Զգոնությունդ կորցրիր՝ կմեռնես, կամ էլ քեզ կուտեն, բայց չեն ծամի, ոչ մեկի երախում չես հայտնվի…

Սկզբում նստած ես, նայում ես դիմացինիդ. լարված է, ափերով տրորում է աչքերը, գիտունիկի դեմքով շարունակում պայքարել։

Կռիվ է։ Այստեղ ձիերին չեն հեծնում, նրանք մենակ են դուրս գալիս ճակատամարտ։

Սա էլ է սևերի ու սպիտակների կռիվ։ Այստեղ զինվորները մեռնում են, բայց կռվի ավարտին հաջորդող պատերազմի ժամանակ վերակենդանանում են՝ այս անգամ ուրիշի վերահսկողության ներքո հայտնվելով։

Ձիերն այստեղ ազնվական կենդանիներ չեն, նրանց ցանկացած պահի կարող են մատներով հրել, և նրանք շրխկոցով կընկնեն, որն էլ կազդարարի որևէ մեկի առավելությունը։

Թագավորներն իշխում են, բայց նրանք էլ մեկի ձեռքերի, ավելի ճիշտ՝ մատների իշխանության տակ են։ Քաղաքականությամբ կամ երկիրը կառավարելով չեն զբաղվում, դիվանագիտական հանդիպումների չեն մասնակցում, երկրի գահին բազմելու համար թեկնածություն չեն դնում. տարօրինակ են այս թագավորները։  Թագուհիները պճնված ու զարդարված իշխանուհիներ չեն, չեն խոսում ֆեմինիզմից և իրավահավասարության ջատագով չեն։

Այս պատերազմի մասնակիցներն առհասարակ խոսել չգիտեն, միայն առաջ են շարժվում՝ տապալվելու կամ տեղում մնալու պատրաստակամությամբ։

Եվս երեք քայլ, և զինվորը տապալվեց հատակին: Սա նման չէ մնացած պատերազմներին։ Այս պատերազմը ուղեկցվում էր անհասկանալի արտահայտություններով, որոնց ենթարկվում էին կռվի մասնակիցները։ Նրանք հայտնվել էին այն իրականության մեջ, որտեղ իշխողին չէին տեսնում, խոսելու իրավունք չունեին, նրանց միակ գործառույթն ու էությունը ենթարկվելն էր։

Մեկի շուրթերից շուտով հնչելու էր այդ երկու բառը, որը կազդարարեր պատերազմի ավարտը։ Բոլորը դրան էին սպասում. զինվորներն ընկած էին, ձիերը՝ նույնպես, թագուհիները ուժասպառ էին, թագավորները՝ կիսամեռ։ Ծանր հևոցներից վերև, հոգնածության ու ոգևորության անհասկանալի ձուլվածքից հնչում էր այդ երանելի արտահայտությունը, որը վերջապես ազդարարեց  պատերազմի ավարտը։

-Շախ և մատ….

Ավետարան ըստ մեղավորի

Վերջին օրերին ինֆորմացիայի հոսքը կապված Հայաստանի Հանրապետության ներկայիս դրության և նրա առջև ծառացած խնդիրների հետ հասարակության շրջանում հակասական տրամադրություններ է առաջացնում։

Իշխանության կողմից առաջ քաշված «տանք խաղաղ ապրենք» թեզը չի արդարացրել և չի արդարացնում իրեն։ Դա են փաստում արցախյան վերջին դեպքերը, հայրենազրկում, բռնագաղթը և դրանից հետո Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքից 29 գյուղ ադրբեջանական վերահսկողության տակ լինելը։ Իշխանությունների պնդմամբ փոխզիջումների քաղաքականությամբ կկարողանանք հասնել «մեծ ձեռքբերման», այն է` «Խաղաղության խաչմերուկը»: Սակայն հատկանշական է, որ փոխզիջում նշանակում է երկու կողմերի փոխադարձությունը, մինչդեռ ներկայումս այս քաղաքականությունը զիջումների քաղաքականություն է։

Տավուշը միայն սկիզբն է։ Ադրբեջանը իրեն անհրաժեշտ տարածքների համար ամեն անգամ առաջ է բերում տարբեր քարտեզներ, իսկ ադրբեջանական մամուլը ակտիվորեն շրջանառում է «արևմտյան ադրբեջան» հասկացությունը այն պարագայում, երբ Հայաստանում` «հայրենիքը պետությունն է»։ Եվ այստեղից հարց է ծագում. արդյո՞ք «տալու» դեպքում խաղաղ ապրելու ենք։ Ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները հանձնելով իշխանությունը չի տալիս մեզ ոչ մի երաշխիք, որ վաղը պատերազմ չի սկսվի, ընդհակառակը` «չտալու» դեպքում, ազդելով պատերազմի միջով անցած հասարակության էմոցիոնալ դաշտի վրա, վախեցնում նոր պատերազմով։

Իսկ սահմանազատումը ըստ իշխանության տալու է, եվրոպական օրինակով, «ապահով սահմաններ», որտեղ թշնամի երկրից պաշտպանվելու համար ծառեր կտնկվեն։ Իշխանության տեսլականը մեծ է։ Նրանք վստահ են, որ կգա մի օր, երբ Հայաստանը տարածաշրջանում թշնամիներ չի ունենա, իսկ մենք «սատարելով» այդ տեսլականը հույս ունենք, որ կփոխվի Ադրբեջանի ռազմական դոկտրինը, որում Ադրբեջանը իրավունք ունի օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, ներառյալ ռազմական ուժը, ազատելու համար «զավթված տարածքները ու վերականգնելու երկրի տարածքային ամբողջականությունը»։

Այս ամենից հետո մնում է հասկանանք, թե ինչքան ենք շարունակելու մնալ «հիմար կկու», որովհետև Ադրբեջանը չի պատրաստվում դադարեցնել «էս սարն իմն է, էս ծառն իմն է» քաղաքականությունը։

Դու գնում ես, հոգի՜ս…

Դու գնում ես, հոգի՜ս,

Ու հրաժեշտդ բնավ անհրաժեշտություն չի դառնում։

Բառերդ մինչ նոր տեսություն մաղթող կուլ են գնում կոկորդումդ`

Ուրիշ մեկի տեսության համար։

Դու գնում ես, հոգի՜ս,

Ու ես` շարքային բառասպանս, սովորականի պես «մենք»-ը բաժանում եմ երկուսի,

Որովհետև արդար չէ,

Որովհետև հրաժեշտից առաջ ու հրաժեշտից հետո բառը կիսատվում է,

Իսկ մարդն ավելի շատ…

Դու գնում ես, հոգի՛ս, ու այս անտանելի դատարկությունը մոմի պես հալվում է մտքերիս,

Ու ծավալուն վերջաբանները նախաբաններից շուտ են գրվում։

Շուտ է անցնում հրաժեշտն ու կիրակի է դառնում։

Ես քայլում եմ խցկված քաղաքում

Անթաղելի Չհրաժեշտի համար գերեզման փնտրելով։

Հրմշտոց է։

Ինչ-որ մեկն ամբոխից դուրս է գալիս առանց հրաժեշտի։

Ու ես` շարքային բառասպանս, գրում եմ.

«Դու գնում ես, հոգի՜ս,

Ու հրաժեշտդ բնավ անհրաժեշտություն չի դառնում,

Բառերդ մինչ նոր տեսություն մաղթող կուլ են գնում կոկորդումդ

Ուրիշ մեկի տեսության համար»

#բառսափիդմեջ

Satenik Artenyan

Աստված ասաց

Աստված ասաց.

-Հորինեք նրանց, ում պիտի սիրեք…

 

Հորինեցի քեզ,

Աչքերիդ հայացքը սևեռուն,

Մտքերիս խավար խորանում

Անփորձ, անմյուռոն մատներով

Մկրտեցի քեզ։

 

Ես անփորձ նկարիչ էի, այս չափազանց փորձված աշխարհում,

Որտեղ օդում կախված հայացքներ են լողում,

Կեռակախ ափերով բարեհամբույրները որսում են դրանք։

Աստված ասաց. քո բաժինը ջուրը գցիր, մի օր ետ կգա։

Ես եսասեր չէի բնավ,

Դու լողալ չգիտեիր։

 

Ու հորինեցի քեզ,

Դիմագծերիդ կարմիրը կարոտե,

Ձեռքերիս անբույր թանաքից,

Կերտեցի մունջ հոգիդ լուսե։

 

Ես հորինեցի քեզ իմ նմանությամբ, բայց ինձանից այնքան տարբեր,

Ու ասացի քեզ «հոգեմոտս», չիմանալով, որ հոգիդ հեռու է գուցե։

Ես հորինեցի քեզ ու սպասեցի, որ կչորանաս թաց մտքերիցս։

 

Եվ Աստված ասաց.

-Եղիցի լույս կավե ժամանակներին։

Մարդահորինման ավետարանում անփորձ մատներս կեսկավ, կեսթանաք գրեցին.

Հորինեք նրանց, ում կորցնելուց հետո կկորցնեք նաև ձեզ,

 

Եղիցի լույս, այն ամենը, որ կհորինեք կկործանի նաև ձեզ։

Mariam Harutyunyan new

ՉՍԵՐ

Երբ շոշափելի իրականությունը մխրճվում է բանականության պատերից ներս, սկսում ես ինչ-որ անիմաստ տառերի կույտով հանդերձավորել զգացածդ։ Դու կանգնած ես քո՝ երբևէ չբարձրաձայնած խոսքերի առջև այնպես, ինչպես մեղադրյալը կկանգներ սեփական դատավճիռը լսելու։

«Չհանդուրժե՛ս, չպայքարե՛ս, չխոսե՛ս….»

Ու դատարկվեց, հետո նորից լցվեց ու ծանրությունից պայթեց. ցավոտ էր, բայց ոչ անտանելի, անտանելին հավատալն ու գիտակցելն էր։

Գորշագույնը դարձավ երանգոտ այն ժամանակ, երբ սերը հորինվեց։ Դա մեկն էր այն հորինված արժեքներից, որ ծնվում ու մեռնում են միաժամանակ։

Լռությունը աղմկում էր, նա լսելի չէր, նրան միայն ես էի լսում։ Խամաճիկները դուրս եկան պայքարի, նրանք տեր ունեին, բայց անտեր էին, խոսում էին, բայց լեզու չունեին, հեկեկում էին, բայց հոգի չունեին, սիրում էին, բայց…. Չկար։

Երանգոտը նորից դարձավ գորշագույն, երբ չսերը խոսեց։ Քեզ հարազատ այն խաչմերուկը հիմա ուրվատեսիլներով է լցված, նրանք սնվում են քո վախերով ու հիասթափություններով. նրանք շատ են… Շա՜տ-շատ։ Հոգի չունեն, սիրտ չունեն, դատարկ են, բայց խամաճիկների պես դժբախտ չեն։ Խամաճիկները փորձեցին սիրել, բայց չսերը խոսեց։ Ու կյանքի ներկապնակից հեռացավ կապույտը, հետո՝ դեղինը, հետո՝ կարմիրը… Մնաց միայն գորշագույնը, որ չսերը երգի։ Քո սիրելի մեղեդու նոտաները հիմա գորշ ակորդներ են, որ դու կլսես, երբ պոկվեն մաշված կիթառիդ վերջին լարերը։

Գնացքի վերջին ուղևորը միշտ ամենատխուրն է լինում։ Նա անհանգիստ է, մռայլ է, որովհետև ուշանում է։ Գնացքը մեծ թափով առաջ է սլանում՝ հետևում թողնելով հսկա տարածության մառախլապատ տեսարանը։ Մառախուղի միջից երկու ձեռքեր գրկում են գնացքը՝ փորձելով պատուհանից ներս սողոսկել։ Դու նրանց չնայե՛ս. քո հետևից են եկել։ Կիսախավար, կիսակեղտոտ միջանցքում լսում ես քո շնչառության ձայնը, որը խառնվելով հեռվում լսվող  ոտնաձայներին, ստիպում է քեզ ափերովդ պինդ փակել բերանդ և… Եվ լսել։ Լռիր, որովհետև լռելը գեղեցիկ է, արժանապատիվ է ու արդար է։

Երբ անձրևի, պատուհանից չնայես. դու սենտիմենտալ չես։ Կլռես։

Գորշագույնը դարձավ անգույն, երբ դավաճանված ազնվությունը բախվեց ուղիղ դիմացդ ու չարախինդ հեգնանքով հիշեցրեց քո անհասկանալի հավատարմությունը։

Չհիասթափվե՛ս, որովհետև չսերը կա։

Գտիր նրան, բայց արագ կորցրու….

հատված գոյություն չունեցող գրքի 25-րդ էջից

Satenik Artenyan

Ես քո ցավը, ախր, ո՞նց տանեմ, հայրենի’ք…

Ես քո ցավը, ախր, ո՞նց տանեմ, հայրենի’ք,

Թե ցավդ մենք ենք,

Թե քո վայ-ը հայն է,

Քարե վերքերդ ո՞նց բուժեմ,

Քարերի երկիր հայրենիք։

Ես քեզ ո՞նց լքեմ,

Ո՞նց թողնեմ, որ դառնաս ուրիշինը,

Դառնաս ուրիշինը ու հայրենիք չդառնաս…

Հիմա տունը այլևս չորս պատը չէ,

Քարե խարխուլ փլատակներից հենարան է, որ ճաք է տվել անկատար երազանքների շատությունից,

Երբ տունս արկերից լուսավորված մութ երկինքդ է,

Ու հենման կետ չունեցող վաղվա հույսն է,

Ես շնչահեղձ լինողիդ ո՞նց ասեմ, որ լքում եմ ու օտարացել եմ երևի։

Ո՞նց չսրբեմ կարոտիս սուրբ նշույլները, երբ չհեռացած կարոտում եմ…

Հոգուս ծանրությունը ափերիդ առ, հայրենի’ք, ես հեռանում եմ անառակ որդու պես,

Ու պատմությունն ասում է, որ մի օր բոլորը վերադառնում են,

Անդավաճան կմնա՞ս ինձ, երբ ես քեզ դավաճան լինեմ, մեղավոր լինեմ քո առաջ,

Օտար քաղաքներում` անլույս փողոցներդ հիշեմ,

Ասում են, մայրերը զավակներից չեն նեղանում,

Ինձ մոր պես կսպասե՞ս…

Թե՞ ցավդ մենք ենք,

Ես քո ցավը, ախր, ո՞նց տանեմ, հայրենի’ք…

 

Ամենաթող ու թանաք,

Ամենահող ու հավատք,

Կորցնողի հոգին անճար մատուռ է,

Անտուն հայացքը քարե ապտակն է մեռած աշխարհին…

Ամենաթող ու թանաք…