Հայաստանի գյուղերը. Ալաշկերտ, Արմավիրի մարզ

gyulnara vardanyan

Ինչու եմ սիրում ամառը

Արև, շոգ, տոթ… Այս բառերն են նկարագրում ամառը: Երբ ամռան ցանկացած օր խոսեցնես որևէ մարդու, նա ընդամենը կբողոքի շոգից: Չեմ համաձայնվի այդ մարդկանց հետ և կասեմ` սիրում եմ ամառը իր բոլոր վատ և լավ կողմերով: Ամռան այն պահը, երբ ծառից քո ձեռքով քաղում ես հասած ծիրանը և ուտում, երբ անհամբեր սպասում ես, թե երբ է հասնելու խաղողը: Երբ խմում ես մայրիկի պատրաստած խառը և թարմ մրգերով կոմպոտը: Սա արժե ամեն ինչ: Բակում ամեն պահի խաղում են փողոցի փոքրերը, ու երբեմն մենք էլ, իրենց ջրերը ընկնելով, սկսում ենք խաղալ ու մոռանալ, որ լիքը գրքեր ունենք կարդալու, որոնք հանձնարարել է ուսուցիչը:
Երբ բանջարեղենն է հասնում, մոռանում ենք մնացած բոլոր ուտելիքները ու մեծ հաճույքով ուտում մեր իսկ ձեռքով մշակած սմբուկը, լոլիկը, վարունգը, լոբին, պղպեղը, և էլի նման մի շարք համեղ, առողջարար ու օգտակար ուտեստներ:
Մեր փողոցում արդեն համարյա հինգ տարուց ավելի ձևավորվել է ավանդույթ, ըստ որի, հուլիս ամսին փողոցի բոլոր հարևաններով գնում ենք գյուղից դուրս` բնության գրկում հանգստի: Շատ լավ է անցնում:

Իսկ մեր դասարանի մասին խոսք լինել չի կարող: Եթե դպրոցի ուրիշ դասարաններն ամռան ընթացքում մեկ կամ, լավագույն դեպքում, երկու անգամ են գնում էքսկուրսիայի, ապա մենք գոնե երեք-չորս անգամ ենք գնում և անցկացնում շատ լավ օր մեր դասղեկի ու մեր ծնողների հետ: Ամռանն է անցնում մեր գյուղի, փողոցի, դասարանի ամենալավ օրերը:

Ահա ունեցածս պատճառների մի մասը, որոնց համար շատ եմ սիրում ամառը և ուզում, որ այն չվերջանա:

elen gevorgyan

Մեր սերունդը

Այսօր սովորականի նման դուրս եկա բակ` արևոտ, պայծառ եղանակ, բակում ինչպես միշտ, շատ էին երեխաները: Մի պահ կանգ առա,  մտովի գնացի անցյալ ու հիշեցի ինձ, իմ հրաշալի մանկությունը: Մանկություն, որտեղ ամենը թվում էր հեքիաթ, բակի խաղեր, որոնք խաղալիս մոռանում էինք ժամանակի, տան, դասերի մասին: Խենթ ու չարաճճի երեխաներ: Այսօրվա նման հիշում եմ, երբ մեր մայրիկները մեզ  բակից տուն էին կանչում,  բոլորս միասին ասում էինք. «Մամ, մի քիչ էլ խաղամ ու գամ, հա՞», և այդպես մի քանի անգամ, մինչև մայրիկները կգային ու մեզ տուն կտանեին:

Այնքան լավ և դրական հուշեր արթնացան մեջս, հիշում եմ, երբ փոքր էի, միշտ մայրիկիս ասում էի, որ չեմ ցանկանում շուտ մեծանալ, քանի որ մտածում էի, որ մեծանամ, կոնֆետ հնարավոր է շատ չսիրեմ, և մայրիկս բակ չի թողնի էլ ինձ:

Մտածեցի` մոտենալ մի քանի երեխաների և հարցնել, արդյո՞ք նրանք ցանկանում են շուտ մեծանալ, թե ոչ: Քայլերս ինձ տարան բակի ամենաչարաճճի աղջնակի` ութամյա Վարդուհու մոտ, որին մենք Վարդուկ ենք ասում: Հարցրեցի նրան` ցանկանո՞ւմ է մեծանալ, և նա ասաց` ոչ,  քանի որ ցանկանում է գնալ միշտ դպրոց, խաղալ ընկերների հետ: Մոտեցա նրա եղբորը`  իննամյա Գրիգորին, ով հարցս լսելով միանգամից և հստակ պատասխանեց.

-Այո, ուզում  եմ, պիտի դառնամ զինվոր, հայրենիքս պաշտպանեմ:

Գնացի տասնամյա Անահիտի և ութնամյա Դավիթի մոտ: Անահիտը տվեց սպառիչ և անսպասելի մի պատասխան.

-Ինչի՞ ժամանակից շուտ մեծանամ: Չէ որ մանկությունս էլ հետ չեմ բերի:

Իսկ Դավիթը խրոխտ ձայնով ասաց.

-Ես պիտի շուտ մեծանամ, գնամ բանակ, ընտանիքիս ու հարազատներիս պաշտպանեմ:

Բոլորի պատասխանն էլ ապշեցնող էր, ու ես հասկացա, որ մեր երեխաները դեռ այնքան շատ տարված չեն համակարգչային խաղերով, հեռախոսային խաղերով և դեռ ապրում են իրենց մանկական խաղերով:

Ամառային դիմանկարներ

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Նորից ես եմ` Միլենան, մի քանի օրով գնացել էի Երևան` գեղեցիկ նկարներ անելու,  ու չէի էլ համբերում, թե երբ պիտի հասնեմ տուն և ուղարկեմ:

Տանը ձանձրալի է. արձակուրդներս ավելի հետաքրքիր դարձնելու համար որոշեցի մի քանի օրով գնալ Երևան, քանի որ շատ եմ սիրում Երևանը ու կարծում եմ, որ շատ-շատ նկարելու բան կա:

Հասնելուն պես գնացի զբոսանքի. մեծ տեսախցիկը ձեռքիս նկարում էի ծառերը, ծաղիկները, սակայն հիշեցի պատանի թղթակիցների սեմինարների Ֆոտոյի ուսուցչուհի Դիանայի խորհուրդը: Նա մի բան ասաց, որ երբեք չեմ մոռանա.

-Ծառեր ու ծաղիկներ նկարում են բոլորը, ու այդ նկարները էլ յուրօրինակ չեն, իսկ կա մի թեմա, որը երբեք չի ձանձրացնում` մարդիկ,  ամեն մարդ տարբեր է…

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Որոշեցի հենց էդպես էլ վարվել, նկարում էի Նարեին:

Փոքրիկ աղջիկը` խուճուճ մազերով Նարեն,  դեռ 10 տարեկան է, սակայն նրան նկարելիս ինձ թվում էր, թե նկարում եմ ֆոտոմոդելի:

Բայց երբ ժպտում է,  շրջապատում  բոլորը կարծես վերադառնում են մանկություն, այնքան բարություն և անմեղություն կա թաքնված ժպիտի տակ, որ պարզապես քեզ էլ ստիպում է ժպտալ:

Մութն ընկել էր. արդեն բավականին ուշ էր: Հասա տուն և միանգամից սկսեցի պատմել օրվա մասին:

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Առավոտյան վաղ արթնացա: Պիտի հասնեի Արմավիր ու պատրաստվեի ծննդյանս օրվան, ամբողջ տարին սպասել եմ 22.06-ին:

Վստահ եմ, որ հետաքրքիր օր եմ ունենալու. ընկերներով գնում ենք բնության գիրկ: Խոստանում եմ` իմ ամենասիրելի ուսուցիչներին գեղեցիկ նկարներ եմ նկարելու ու մի գեղեցիկ  հոդված եմ գրելու, թե ինչպես անցավ օրս:

Կյանքը մինչ հայրենադարձվելը

Հարցազրույց տատիկիս՝ Ազգանուշ Անդրեասյանի հետ, ով հայրենադարձվել է Պարսկաստանից: 

-Սիրելի տատիկ, որտե՞ղ ես ծնվել, պատմիր մի փոքր քո ծննդավայրի մասին:

-Ես ծնվել եմ Իրանի Սպահան նահանգի Փերիայի շրջանի Հազարջրիբ գյուղում: Այնտեղ տները պատրաստված էին ցեխից: Փողոցները շատ նեղ էին, իսկ տների կտուրները իրար կպած էին: Եվ ձմռանը, երբ ձյունը չափազանց առատ էր լինում, երկու կողմից կտուրները մաքրում էինք փայտե թիակներով և լցնում փողոցը այնպես, որ ձյունը հավասարվում էր կտուրներին և աղբյուրից տուն գալիս,  ավելի հեշտ լինելու համար, մենք այդ ձյան կույտերի վրայով էինք բարձրանում կտուրները և այնտեղից աստիճաններով իջնում էինք տուն:

-Իսկ ի՞նչ է նշանակում ձեր գյուղի անունը:

-Մեր գյուղում ցորենի բերքատվությունը շատ էր, այդ պատճառով կոչվում է Հազարջրիբ, որը բառացի նշանակում է` հազար տոննա: Այնտեղ ամեն մի արտը մոտ հազար տոննա ցորեն էր տալիս:

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

-Ինչո՞վ էիք զբաղվում այնտեղ:

-Տղամարդիկ զբաղվում էին հաղագործությամբ և անասնապահությամբ, իսկ կանայք գորգագործությամբ և կարպետագործությամբ: Մենք գորգերի համար բոլոր անհրաժեշտ պարագաները ստանում էինք բնական ձևով: Գույները տարբեր ծաղիկներից ու բույսերից, իսկ թելերը ինքներս էինք մանում: Մեր տան գորգն էլ ինքս եմ գործել:

-Ինչպե՞ս էիք պահպանում ձեր ազգային ինքնությունը:

-Մեր գյուղում կար եկեղեցի, ինչպես նաև դպրոց: Եկեղեցում օրը 2 անգամ ժամերգություն էր, և մեծահասակները միշտ գնում էին, իսկ երիտասարդները` ամեն կիրակի պատարագի ժամանակ: Եկեղեցուն պատկանող հողը, որը մոտ 2 հեկտար էր, անձեռնմխելի էր, և այդ տարածքի ծառներին ոչ ոք ձեռք չէր տալիս: Իսկ եթե երեխաներից մեկը պատահաբար մի ճյուղ պոկեր, ապա նրա ծնողները դա տանում  էին եկեղեցու բակ և ներողություն խնդրում: Իսկ դպրոցը վեցօրյա էր, և սովորում էին մինչև 6-րդ դասարանը:

 -Իսկ աղջիկները դպրոց գնո՞ւմ էին:

-Ցավոք, աղջիկներից ընդամենը 2 հոգի էին այցելում դպրոց, մնացածը տղաներն էին:

-Իսկ արդյո՞ք պահպանում էիք հայկական սովորույթներն ու ավանդույթները:

-Մենք առանց բացառության նշում էինք բոլոր եկեղեցական տոները` Համբարձումը, Զատիկը և մյուս տոները:

-Կներկայացնե՞ս, թե ինչպես էիք նշում Համբարձման տոնը:

-Զատիկից 40 օր հետո Համբարձման տոնն էր: Այն տոնում էինք երկու օր: Առաջին օրը չորեքշաբթի էր, և այդ օրը գյուղի հարուստները իրենց ամբողջ կաթը բաժանում էին աղքատներին, որպեսզի բոլորն էլ կարողանան թխել Համբարձումի թխվածքը, որը կոչվում էր Համբարձումի բաղարջ: Հաջորդ առավոտ գյուղի բոլոր երիտասարդ տղաներն ու աղջիկները երեխաների հետ միասին գնում էին յայլա (սար), որտեղ աղբյուրի մոտ նշում էին Համբարձումը: Իսկ ցերեկը տուն գալիս աղջիկները իրենց գորգերը լցրած ծաղիկներ էին բերում և հերթով բաժանում գյուղի մեծերին, ովքեր ճանապարհին շարված սպասում էին նրանց վերադարձին, իսկ նրանք էլ իրենց հերթին օրհնում էին երիտասարդներին: Երեկոյան աղջիկները հավաքվում էին մեկի տանը, որը կոչվում էր ծաղկատուն և տղաների բերած ծաղիկներով պսակներ էին պատրաստում: Դրանից հետո վիճակ էին գցում և գուշակում աղջիկների բախտը: Իսկ առավոտյան կճուճով ու տոպրակով շրջում էին տներով և ջան-գյուլում երգելով գյուղացիներին էին բաժանում իրենց պատրաստած պսակները` փոխարենը ստանալով կաթ կամ բրինձ, որոնցով ծաղկատանը կաթնով էին պատրաստում: Այն ուտելուց հետո բոլորով նորից գնում էին յայլա և վերադառնալով ավարտում տոնակատարությունը:

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

-Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ էիք պարսիկների հետ և արդյո՞ք հաստատում էիք նրանց հետ խնամիական կապեր:

-Նրանց հետ շփումը շատ քիչ էր: Կանայք ընդհանրապես շփում չունեին նրանց հետ, իսկ տղամարդիկ նրանց հետ կատարում էին ապրանքափոխանակություն  և առևտուր: Հայերը մեծ հարգանք ունեին նրանց մոտ: Իսկ ինչ վերաբերում է խնամիական կապերին, այդպիսի բան երբեք չէր լինում: Այն ընտանիքը, որը այդպիսի բան աներ, կվտարվեր գյուղից;

-Իսկ կապերը սե՞րտ էին հայկական գյուղերի միջև:

-Իհարկե, բոլոր գյուղերը իրար կապված էին բարեկամական կապերով: Ինչպես նաև գյուղերի միջև կար առևտուր:

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

-Ե՞րբ և ինչու՞ որոշեցիք վերադառնալ հայրենիք:

-Մենք վերադարձանք 1969թ.-ին: Դեռ մանկուց մենք երազում էինք վերադառնալ հայրենիք և մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ վերադարձանք:

-Իսկ ի՞նչն էր քեզ ամենից շատ դուր գալիս այնտեղ: 

-Ազնվությունը: Այնտեղ բոլորն անկեղծ էին, և մեծ հավատ կար մեր մեջ: Եվ կարող եմ ասել, որ մենք ավելի ամուր էինք պահում մեր ավանդույթները և ավելի հավատարիմ էինք մեր արմատներն:

anushmkrtchyan

Մեկ գնդակ, հսկայական խաղադաշտ, 22 հոգի և, պայքար գնդակի համար

Մեկ գնդակ, հսկայական խաղադաշտ, 22 հոգի, պայքար գնդակի համար. մեկ բառով ասած՝ ֆուտբոլ: Տարիներ առաջ այս ամենը սկսեց հետաքրքրել  ինձ: Սկսեցի ֆուտբոլ դիտել: Երկրպագում էի  Բարսելոնային: Հետո արդեն սկսեցի ինքս խաղալ: Խաղում էինք դասարանով ՝ տղա, աղջիկ միասին: Բայց գնալով հասկանում  էի, որ տղաները  թիմում  մեզ գրեթե  գնդակ  չէին փոխանցում, թերագնահատում էին մեզ ու մեր կարողությունները: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ տղաներից գնդակ մուրալու փոխարեն, պետք է ինքներս վերցնենք գնդակն ու մտնենք խաղադաշտ՝ առանց տղաների:
Դե, սկզբում ես ու ընկերուհիս էինք, հետո սկսեցինք մեր հասակակից աղջիկներին համոզել, որ պետք չի ամաչել ֆուտբոլ խաղալուց: Եվ այսպես, քիչ-քիչ կազմավորվեց 11 հոգանոց մեր թիմը:

Մեր Շենիկ գյուղում շատերից էի լսում.

-Թե ասա, դուք ի՞նչ ֆուտբոլ խաղացող, աղջիկ եք, էլի, ձեր համար նստեք տունը:

Սկզբում  այս խոսքերը մեզ հուսահատեցնում էին, բայց հասկանում էինք, որ դեպի նպատակ տանող ուղին բարդ է ու լի  խոչընդոտներով:

Եվ սկսեցինք մարզումները: Սկզբում մարզումներն անցկացնում էինք սպորտդահլիճում, հետո դպրոցի դիմացի ֆուտբոլի դաշտում: Մեր մարզիչներն սկզբում տղաներն էին: Մեզ տարբեր հնարքներ էին սովորեցնում, իսկ հետո սկսեցինք խաղալ իրենց դեմ: Սովորության համաձայն պարտվում էինք, բայց կարևորը այն մրցակցային ոգին էր, որը կար մեր մեջ:

Մեր թիմի առաջին կարևոր հանդիպումը տեղի ունեցավ հարևան գյուղի աղջիկների հավաքականի հետ, որտեղ պարտվեցինք 4-2 հաշվով: Սա մեր առաջին  խոշոր  ձախողումն էր: Բայց դրանից հետո սկսեցինք էլ ավելի  ոգևորությամբ պատրաստվել: Մեզ միացան նոր աղջիկներ:

Հիմա ուշ-ուշ ենք մարզվում. բոլորը զբաղված են, բացի այդ ամռանը ֆուտբոլի դաշտը տղաների տիրապետության տակ է: Նախատեսում ենք ևս մի քանի հանդիպումներ տարբեր գյուղերի հետ: Կարևոր չի` կհաղթենք, թե՝ ոչ, կարևորն այն է, որ մենք այսօր մեր գյուղում արդեն որոշ չափով կոտրել ենք այն կարծրատիպը, թե ֆուտբոլը տղաների խաղ է:

Մենք հասել ենք մեր երազանքին: Ես հասել եմ իմ երազանքին: Ֆուտբոլի աղջիկների հավաքական ունենալն իմ երազանքն էր, ես  հասա իմ երազանքին, որովհետև հավատում էի ինքս ինձ: Եթե դու էլ ունես երազանքներ, բայց շրջապատի կարծիքները խանգարում են քեզ հասնել դրան, ուրեմն ամեն անգամ, երբ հուսահատվում ես, հիշի՛ր ինձ ու պայքարիր հանուն քո երազանքի:

անի հարությունյան /մայիսյան/

Կապտանռնագույն սիրտ

-Անի՛, գնա՛ քնելու:

-Լավ էլի, պա՛պ, կարևոր խաղ ա, Բարսելոնան ա խաղում, պիտի նայեմ:

-Ամոթ ա, ամոթ: Մեծ աղջիկ ես, ի՞նչ ես քեզ տվել էդ ֆուտբոլին…

Երևի շատ ֆուտբոլասեր աղջիկների ծանոթ խոսակցություն է: Իհարկե, ամեն ինչ էլ ավելի դժվար է, երբ տանը միայն դու ես հետաքրքրվում ֆուտբոլով: Ինչ արած, այս դեպքում ավելի շատ համառություն է պահանջվում, և հենց դրա շնորհիվ էլ որոշ ժամանակ հետո խոսակցությունը փոխվեց.

-Անի՛, գնա քնելու:

-Պա՛պ, Բարսան ա խաղում:

-Հա՜, լավ, լավ: Դե, ես գնացի քնելու:

Ֆուտբոլ… Ինչքա՜ն սեր ու հույզեր կան թաքնված այս մեկ բառի մեջ: Ինչքա՜ն կյանք կա շատերի համար հասարակ թվացող այս խաղի մեջ: Երջանիկ եմ, որ արդեն չորս տարուց ավելի է՝ ֆուտբոլն ու աշխարհի լավագույն ակումբներից մեկը (եթե ոչ` լավագույնը)` Բարսելոնան, դարձել են իմ կյանքի ու առօրյայի մի մասը:

Չեք հավատա, բայց ֆուտբոլն ամբողջովին փոխեց իմ կյանքը, մտածելակերպը, տվեց ինձ ընկերներ, առանց որոնց, երևի թե, իմ կյանքում մի դատարկ տեղ կլիներ:
Շատերի համար տարօրինակ է՝ ինչպե՞ս կարելի է այդ հասարակ խաղն այդքան սիրել, տարվել դրանով ու անգամ հասնել ֆանատիզմի: Բայց ինչպես բացատրեմ` ինչ է ֆուտբոլը: Եթե դուք երբեք չեք տեսել պարտություն, հիասթափություն ամենակարևոր խաղում, չեք ցնծացել ձեր սիրելի թիմի հետ, ամեն խփած գոլի, ամեն հաղթած գավաթի համար, եթե երբեք չեք տխրել ձեր սիրելի ֆուտբոլիստի վնասվածք ստանալու համար, այո՛, դուք չեք հասկանա մեզ, քանի դեռ չեք սիրում այնպես, ինչպես մենք: Մարդիկ ասում են՝ անպատասխան սերը ցավոտ է: Բայց ես սիրում եմ, սիրում եմ անպատասխան, ու գիտակցելով, որ երբեք պատասխան չեմ ստանա, իմ սերն ավելի է մեծանում դեպի ֆուտբոլն ու իմ Բարսելոնան: Բարսելոնա, ավելին, քան ակումբ: Այս թիմն ինձ սովորեցրեց երբեք չհանձնվել, հպարտությամբ նայել պարտության աչքերին ու վստահ քայլել դեպի նոր հաղթանակներ: Ես ապրել ու մեծացել եմ թիմի հետ, փոխվել ու հասունացել, ու ինձ հարուստ եմ զգում այն անքուն գիշերներով, որ անցկացրել եմ իմ ակումբի խաղերը դիտելիս, հաղթանակի ու պարտության արցունքներով, իմ ապրումներով, հույզերով ու զգացումներով: Գուցե իմ գիտելիքները կատարյալ չեն Բարսելոնայի պատմության մասին, բայց մի բանում վստահ եմ՝ սիրում եմ ու շարունակելու եմ սիրել իմ ակումբը, լինել նրա կողքին անկախ ամեն ինչից, պաշտպանել ցանկացած պարագայում ու երբեք չդավաճանել:

Եվ ինչպես սիրում եմ միշտ ասել. «Մենք Բարսելոնան ենք, մենք միշտ վերադառնում ենք և ունենք հույս, որը վերածվելու է ՓԱՌՔԻ»:

Kristina Epremyan

Հոգով երիտասարդը

-Պա՛պ, քա՞նի տարեկան ես:

-Տասնհինգ:

-Չէ՜, պա՝պ, լուրջ եմ հարցնում:

-Է՜, բալա ջան…

Մնացածը հայացքից հասկացա: Ըստ երևույթին, բովանդակալից կյանք էր ապրել, գուցե դժվարություններ էլ էր տեսել, հաստատ չգիտեմ, բայց մի բան հստակ էր՝ շատ խելացի էր, ու կյանքն էր նրան այդպիսին դարձրել:

Հետո ուրիշներից իմացա, որ ութսունվեց տարեկան է: Բայց իր կենսունակությամբ, աշխուժությամբ իր ասած այդ «տասնհինգին» չէր զիջում:

-Պա՛պ, կարո՞ղ եմ քեզ մի քանի հարց տալ: Կպատմե՞ս քո մասին:

-Ի՞նչ պատմեմ, ա՛յ բալա:

-Մի ամբողջ կյանք ես ապրել, հաստատ պատմելու բան կունենաս,- ասացի…

Իր այդ խոսուն  հայացքով մի անգամ էլ նայեց վրաս ու գնաց:

Մի քանի բառ հասցրի փոխանակել պապի հետ, բայց այնքան տպավորվեցի՝ անասելի է: Մի քանի հարց կարողացա տալ, պատասխանեց կարճ ու կոնկրետ, հետն էլ` կիսատ:

Բաց գույնի աչքեր ուներ: Կապույտ էր թե կանաչ, չհասցրի էլ հասկանալ,  ու այնքան էլ խորություն կար դրանց մեջ: Կարելի էր սուզվել ու  հասնել չգիտես թե ուր… Միջահասակ մարդ էր, հագին հին, մաշված զինվորական համազգեստ: Մաշված էր, բայց շատ մաքուր: Գլխին էլ գլխարկ էր, որ սպիտակած մազերը անձրևից չթրջվեին: Չնայած տարիքին, անընդհատ ժպտում էր, ու շատ հաճելի էր, որ երջանիկ ծերություն է ապրում:

Անձրևն ու քամին միախառնվել ու քաոս էին առաջացրել շուրջբոլորը, բայց դա նրան չխանգարեց, որ հարցերիցս խուսափելով՝ թողներ ինձ ու քայլեր դեպի իր «հոլիկը»: Մի քիչ աներեսություն էր թվում, բայց հետաքրքրությունս շատ մեծ էր, ուզում էի, որ անպայման խոսեր ինձ հետ, պատմեր դրվագներ իր կյանքից: Վեր կացա ու վազեցի նրա հետևից… Ուսերիս նրա բրդյա վերարկուն էր գցած: Ցուրտ էր, բայց դրանով սառնություն չէի զգում:

Հասա այդ «հոլիկին», երկաթներով ու թիթեղներով պատրաստված ինչ որ բան էր, գետնից բարձր՝ քարերի վրա: Յոթ-ութ փայտե աստիճան, ու կհայտնվեի դրա ներսում: Ձայն տալով բարձրանում էի.

-Պա՛պ, ա՛յ պապ, էստե՞ղ ես:

-Հա:

-Բա ի՞նչ ես անում:

-Գործիքներս եմ դասավորում,- ասաց ու վրաս էլ չնայեց:

Ներսում ամեն ինչ այնքան մաքուր էր ու դասավորված: Անկողին կար` կոկիկ հավաքված, վստահ եմ՝ ինքն  էր հավաքել: Մի փոքրիկ հայելի էր, որում,  երևի,  ամեն առավոտ ինքն իր խորաթափանց աչքերն էր տեսնում:  Հասկանալի էր,  որ այստեղ ապրում է: Երևի իր երկրորդ տունն էր:

Տարբեր իրեր կային սենյակում, մեկը մյուսից հետաքրքիր, ու եթե բոլորը հերթով ուսումնասիրեի, օրս կվերջանար: Բայց իմ ուշարությունը սևեռվել էր  դեպի  «նա»: Մտածում էի՝ ինչ ասեմ, ինչ հարց տամ, որ իրեն էլ հետաքրքիր լինի պատասխանել, որ էլի «չփախչի» հարցերիցս: Մեկ էլ վեր կացավ ու քայլեց դեպի ներքև, կարծես այնտեղ չէի: Ինքն իրեն ինչ որ բան ասաց, բայց չհասկացա՝ ինչ:

«Ա՜խր, ա՛յ պապի, ինչո՞ւ ես կիսատ խոսում». ինքս ինձ մտածում էի:  Զգում էի, որ շատ ասելիք ունի, բայց անհասկանալի էր պահվածքը: Պատասխանում էր հարցերիս մի տեսակ սառնությամբ, բայց հայացքում էլ այնքան ջերմություն կար, որ անհնար էր չհասկանալ, որ սպասում էր հաջորդ հարցիս… Կարծես հարցիս պատասխանը կիսատ թողներ, որ էլի շարունակեմ հարցնել: Այդպես էլ ոչինչ հստակ չհասկացա:  Բոլորի հետ ժպիտով էր խոսում, կարծես պարզ ու հասարակ մարդ լիներ, բայց ինձ համար առեղծվածային տեսակ էր: Գուցե սխալ էին տպավորություններս, գուցե ուղղակի շատ էի կենտրոնացել նրա վրա, բայց մի բան հաստատ գիտեմ՝ հարցերս կիսատ չեն մնալու…

Երբ պիտի վերադառնայի տուն, մի  հայացք  գցեցի պապի վրա, որը երևի չնկատեց էլ, ու ինքս ինձ ասացի. «Սպասի՛ր, պա՛պ, էլի եմ գալու: Գալու եմ, որ մեր կիսատ թողած «գործը» ավարտին հասցնենք»…   

ANush Hovhannisyan

Միամիտ խորհուրդը

Երեկ երեկոյան հյուրեր ունեինք. սովորությանս համաձայն գնացի և նստեցի մեծերի հետ, չնայած ինձ հասակակից ոչ ոք չկար: Խոսում էին ամեն ինչից` մեկ երիտասարդությունից, մեկ` մեր դպրոցներից, մեկ էլ սկսեցին դժգոհել աշխատավարձից: Այդ ամենը սկսեց տատիկս, իսկ թե ինչու նա որոշեց բացել այդ թեման, ես այդպես էլ չհասկացա: Մայրիկիս ընկերուհուն հարցրեց, թե ինչքան է կազմում նրա աշխատավարձը, իսկ նա ընդունեց աշխարհում ամենադժգոհ մարդու դեմքը և նշեց գումարի չափը: Այնքան ծիծաղելի էր նրա հայացքը, բայց դե, պետք էր մտնել նրա դրության մեջ: Ինչևէ, խոսակցությունը ծավալվեց աշխատավարձերի թեմայով: Ախր, այնքան հետաքրքիր էր նրանց մտածելակերպը, որ պարզապես խոսել չէի կարող,սակայն սպասում էի,որ պահը հասունանա: Բարեկամուհիս հիշեց իր առաջին աշխատավարձը և ասաց.

-Սկզբում  այնքան քիչ էր աշխատավարձս, որ անգամ ծիծաղս էր գալիս:

Այնուհետև միջամտեց մայրիկս` հիշելով հայրիկիս սկզբնական աշխատավարձը:

Նրանք խոսում էին ու խոսում, անվերջ դժգոհում անգամ այն դեպքում, երբ աշխատավարձը հիմա բավականին բարձր է, ու մայրիկս ասաց.

-Քիչ է, ոչինչ չենք հասցնում, աչքդ փակում-բացում ես, էլ չկա:

Հենց այդ րոպեին հասկացա, որ էլ լռելու իմաստ չկա, ու ընդհատեցի նրանց: Նրանք լռեցին ու լուրջ դեմքով ինձ նայեցին: Հարկավոր էր ասել այնպիսի մի բան, որ երկուսի լուրջ հայացքներն ու լռությունը արդարացված լինեին: Միանգամից հավաքվեցի ու ասացի.

-Ես այսքան ժամանակ լուռ լսում եմ ձեզ ու այնքան զարմացած եմ, դժգոհում եք և քիչ գումարի դեպքում, և բավարարի դեպքում: Ասում եք` էն ժամանակ քիչ էր, հիմա էլ էլի ասում եք` քիչ է, ու այն դեպքում, երբ գումարի չափը աճել է:

Նրանք երկուսով լսեցին, մի խորհրդավոր ժպիտ հայտնվեց նրանց դեմքին, ու մայրիկս ասաց.

-Շատ ճիշտ ես, այսքան խոսում ենք ու ոչինչ հաշվի չենք առնում: Իրոք փոփոխությունը նկատելի է:

Ու պատկերացնո՞ւմ եք, այդ պահին ինչպիսին էր իմ ուրախությունը: Չէ որ ես կարողացա նրանց ի վերջո մի բանով օգնել:

anna andreasyan

Ամառը

Ահա վերջապես եկավ բոլորի կողմից շատ սիրված ամառը: Տարվա այն եղանակը, որի շուրջ պլաններ են կազմվում ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Ուսումնական տարվա ընթացքում մտածում եմ՝ երբ է գալու վերջապես ամառը, որ կարողանամ պլաններս իրագործել: Բայց այդ պլաններից միայն գիրք կարդալն է, որ իսկապես իրագործվում է: Պատճառն այն է, որ ես գրքեր շատ եմ սիրում և ինչքան էլ զբաղված լինեմ՝ միշտ ժամանակ եմ գտնում կարդալու: Իսկ մյուս պլանները այդպես էլ օդում են մնում:

Բանն այն է, որ ինչքան շատ գործ ես ունենում անելու, այնքան ամեն ինչ հասցնում ես: Օրինակ, գարնանը, երբ ես զբաղված էի դասերով,միջոցառումներով, պարապմունքներով և օլիմպիադաներով, ինչ-որ անհասկանալի ձևով ամեն ինչ հասցնում էի:

Իսկ հիմա, որ գրեթե ոչինչ չունեմ անելու, եթե մի հանձնարարություն է պատահում, ես միշտ վերջին վայրկյանին եմ այն կատարում, ու ինձ թվում է, թե չեմ հասցնի:

Այնպես որ, ինչ որոշում եմ՝ պետք է անեմ զբաղված ժամանակ, թե չէ` հենց ազատ եմ լինում, ծուլանում եմ և ոչինչ էլ չեմ անում:

Միգուցե պետք է ամառային գրաֆիկ էլ կազմել: Պարապությունը ծուլացնում է: