Anush abrahamyan

Պատրա՞ստ ես

Դու պատրաստ ես ասելու, որ հրաշալի է աշնան մեղեդին՝ տերևերի անկրկնելի խշշոցով համեմված, չնայած լսվում է միայն այն ժամանակ, երբ դու քայլում ես տերևների վրայով:

Դու պատրաստ ես ասելու, որ կցանկանայիր մարդկանց դեմքին ժպիտ տեսնել անգույն փողոցում՝ մռայլ մտքերի բեռի տակ, բայց այդ ժպիտի ու քո աչքերի բախումից հետո առաջին միտքդ լինում է այն, թե արդյո՞ք քո արտաքինի հետ ամեն ինչ նորմալ է:

Ինչու ոչ, դու նաև պատրաստ ես ասելու, որ ավելի շատ սիրում ես գիշերը՝ երբ լուսինը իր շողերը անխնա կերպով քսում է ապակուն: Բայց երբ մթության մեջ որևէ բան սկսում է շարժվել, դու մտածում ես, որ գիշերվա քողը ծածկել է մի գիշատիչ կենդանու, ու արագ փակելով դուռը՝ հանգիստ փակում ես նաև աչքերդ:

Պատրաստ ես, չէ՞, ասել, որ ազատությունը հրաշալի է, չնայած՝ քեզ ոնց հիշում ես, նույն տանն ես ապրում, նույն վարագույրներով սենյակում՝ մի պտղունց արևով ու քո միտքը կլանած ազատութամբ:

Դու վախենում ես ասել, որ մեր երազած ազատությունը մենք արդեն գտել ենք այն մանրուքների մեջ, որոնք կարող էինք երբևէ չնկատել: Դու ուզում ես թռչնի նման ազատ լինել ու անվերջ թռչել կապույտ երկնքում: Լավ, կա՞ գոնե մեկը, ով մտածի այդ խեղճ թռչնի մասին, որ ստիպված է լինում անվերջ կտրվող ծառերի վրա պատրաստել իր բույնը, որ մի որոշ տարածություն անցնելուց հետո պետք է շունչ առնի շարունակելու համար:

Գոնե պատկերացրե՞լ եք, թե այդ խեղճը ինչ է զգում, երբ պարտավորվում է թռչել հսկայական օվկիանոսների վրայով, որտեղ կապույտն ամենուր է:

Ինչևէ: Մենք շատ բան ենք պատրաստ ասելու, գովերգելու, ու պատրաստ ենք ամբողջ մի կյանք երազելու ու փնտրելու, մինչդեռ դրանք մեր ափի մեջ մեր զայրույթից վաղուց ճզմվել են: Իսկ հիմա, հավանաբար, դու մի նոր բան հիշեցիր, որի մասին ես մոռացել եմ նշել, ուրախ եմ. ի վերջո, եթե ես այն մի օր հիշեմ, ապա անպայման կյանքի խաչմերուկներում կհանդիպենք:

Մի բան ևս. եթե դու շնչկատուր հասել ես բլրի ամենաբարձր կետին, ու քեզ չի հետաքրքրում ոտքերիդ ցավը, ապա դա լավ է: Բայց եթե մտածում ես ազատությունը նորից փնտրելու մասին, լավ կանես՝ ուղղակի տուն գնաս:

Artyom Avetisyan

Գարնանային էսքիզներ

Փաստորեն գարուն է: Չգիտես ինչու, բայց այս տարի գարունը շատ ուշ այցելեց մեր համայնք, երևի տեխնիկական խնդիրներ կային, դրանից էր: Գարնան այցելության ու զարթոնքի հետ մեկտեղ, բնությունն ու գործունյա գյուղացիներն էլ են արթնացել և ելել են ոտքի: Սկսվել և արդեն ավարտվել է գարնանացանը՝ հացահատիկի վարուցանքը, կարտոֆիլի ցանքսը, բանջարեղենների ու ծաղիկների սերմնացանությունը: Մարդիկ մեղրատու մեղուների նման աշխատում են և մի օրվա մեջ շուրջ 5-6 գործ են ավարտում, ուղղակի մի տարբերություն կա. նեկտարը հավաքում են ավելի ուշ և շատ տանջանքով:

Այժմ խաղաղություն է Լիճքի դաշտերում, և աշխատանքը եռանդուն կերպով աճում է, իսկ աշնանը այն դառնում է գարու և ցորենի ոսկեգույն հատիկ:

Գարնանը քնից արթնանում են նաև փոքրիկ ձորակները միմյանցից զատող, ձնհալի ջրերից սնվող, վարարող գետակները, որոնցից օգտվում են նաև գյուղացիները՝ հողը մշակելու և ոռոգելու հարցում: Հմա գետակների վարարման շրջանն է:

Ծառեն արդեն ծաղկել են Լիճքում, այնպես որ, շուտով ծիրան եմ համտեսելու, շնորիվ բարի գյուղացիների եռանդուն աշխատանքի: Իսկ ծառերի բերքատվության հարցում կրկին խառն է գյուղացու մատը: Ինչպես նրանք են ասում. «Եթե ծառերը չծիրատենք, բերք չի լինի»: Ճիշտն ասած, երբ ասում են գարուն, ես միշտ ծաղկած ծառերն եմ հիշում ու պատկերացնում դրանց զուգահեռ նաև ճանապարհների տիղմը, անանցանելիությունը և անձրևները:

Հիշում եմ նաև, որ երբ փոքր էի, ուսուցչուհիս միշտ հանձնարարում էր գարնան մասին շարադրություն գրել ու ամեն անգամ այսպես էի սկսում. «Տարին ունի չորս եղանակ»…

Գարնան գալստյան հետ ամբողջ դաշտերը ծածկվել են երփներանգ ծաղիկներով ու բույսերով: Կան բույսեր, որոնք գյուղացիները օգտագործում են որպես դեղամիջոց պատրաստելու բաղադրատոմս, ինչպես նաև ձմեռվա պաշար: Դրանցից հայտնի են սիբեխը, շուշանը, սպիտակ բանջարը (գյուղի բարբառով՝ սիվդգուկ), խատուտիկը, ճարճատուկը և այլն: Ծաղկել է նաև յասամանը: Ասեմ, որ յասամանից ևս դեղամիջոց են պատրաստում:

Չէի ասի վերջապես, բայց մասամբ սև ու գորշ և միմյանցից կախված ամպերի տակից դուրս է գալիս արևը և հազիվ իր ջերմ շողերով ջերմացնում բոլորին:

Լուսանկարները` հեղինակի

Հ.Գ. Այս տարի գարնան անձրևոտ օրերը հար ու նման են Արտյոմի նկարագրած գարնանը: Ավաղ, Արտյոմն այն չտեսավ, նրա կյանքն ընդհատվեց 2020 թվականին, երբ հերոսաբար զոհվեց քառասունչորսօրյա պատերազմում:

Մայիս, 2017

Bella Harutyunyan

Առանց հետհաշվարկ

Բավականին երկար ժամանակ է, ինչ հոդվածներ չեմ գրում, պատճառը գերզբաղված լինելն է` ընտանիքս, տղաս։ Իսկ հիմա հասկացա, որ արդեն ժամանակն է գրելու ու կիսվելու իմ պատմությամբ այն հարթակում (17.am), ուր վստահ եմ, որ ինձ լիովին հասկանում են։

Դե ինչ, տխուր, բայց արդիական թեմայով եմ ուզում խոսել: Արդեն երկու տարի է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից ամուսնացել և տեղափոխվել եմ  Արցախի Մարտակերտ:

Շրջափակումից մոտ մեկ շաբաթ առաջ որոշեցի տղայիս հետ մի քանի օրով Հայաստան գալ, ծնողներս այստեղ են ապրում։ Եկա, և արդեն հինգերորդ ամիսն է լրանում, ինչ տղաս չի տեսնում իր հորը, համացանցով էլ` հազվադեպ, դե Արցախում ինտերնետ գրեթե չկա։

Ու քանի ծնող չի լսել իր երեխայի առաջին բառը, չի տեսել առաջին քայլը անմարդկային շրջափակման պատճառով։

Գիտեք, ամենադաժանը ոչ թե մենակությունն է, այլ անորոշությունը։

Երբ զինվոր ես ճանապարհում ծառայության, թեկուզ ամենավտանգավոր տարածքում, գոնե կա հնարավորություն հետհաշվարկ սկսելու, թե երբ ետ կգա, ամուսինս էլ ծառայում է, բայց ավարտը չի երևում։

Ամենախոր մթության մեջ կա մի աղոտ, աննշան լույս, որը հույս է ներշնչում, էստեղ` չկա։

Նա այս տարիքում հասցրել է մասնակցել երկու պատերազմի, և Աստված չանի, որ սա էլ պատերազմով ավարտվի։

Ապրումներ, որոնք հատուկ են ոչ միայն ինձ, այլ 120 000+ մարդու, ծնողի, երեխայի։ Մթություն, վախ, մենակություն ու խավար։

Մի փաստ էլ է շատ ծանր. Այն, որ չգիտես` ում դիմել այս հարցով, ում մեղադրել։ Ուզում եմ ուժեղ լինենք: Երբեմն թվում է, թե արդեն անհնար է, սակայն երբ ետ եմ նայում, հասկանում եմ, որ քիչ չենք դիմացել, էլի կդիմանանք: Միայն լույսի նշույլը շատ չուշանա, երբ ծնողը երեխայի, թոռան առաջին քայլի ընթացքում կողքին չի եղել, գոնե երեխան նրա վերջին քայլերի ընթացքում կողքին լինի։

120 000 մարդ, եկեք չմտածենք ցեղասպանության, անհայրենիք մնալու և նմանատիպ այլ սահմռկեցուցիչ երևույթների մասին։

Վստահ եմ, որ առանց հետհաշվարկի, միանգամից լույսը կերևա: Ուժեղ մնանք անկախ ամեն ինչից, առավել ևս, երեխաները պետք է սովորեն ամեն պարագայում լինել և մնալ ուժեղ…

mariam tonoyan

Վերհուշ

Երբեմն ամպրոպի կամ անձրևի ժամանակ բացում էի դեպի Լինցերգասսեն նայող իմ ժամանակավոր տան պատուհանը, հենվում պատուհանագոգին ու նայում Զալցբուրգի փոփոխական եղանակին սովոր անցորդներին։ Այդ փողոցում մշտական բնակիչներ գրեթե չկային, բայց կային դեմքեր, որոնց միշտ կարելի էր հանդիպել։ Հանդիպակաց Goldene Krone հյուրանոցի առաջին հարկի բացօթյա սրճարանն ամենաաղմկոտն էր մոտակայքում։ Սրճարանի տնօրենը՝ մուգ, երկար մազերը ծոծրակին հավաքած հաղթանդամ մի տղամարդ, ամեն օր, առանց մի բառ ասելու, գարեջուր էր հյուրասիրում մայթին ծալապատիկ նստած ցնցոտիավոր մուրացկանին։ Երեկոյան, հատկապես շաբաթ-կիրակի օրերին, Goldene Krone-ից լսվում էին բարձր կենացներ, բռնկուն քրքիջ ու ինչպես իրենք են ասում՝ բաժակի երգերի աններդաշնակ ձայներ։ Այդպես էր հարբում այդ ժողովուրդը. նրանք չէին հայհոյում, չէին վիճում, ոչ մի ծեծկռտուք, երգում էին մինչև լույս, լցնում գավաթներն այնքան, մինչև կանայք չդիմանային մտախոհ հայացքով ծխախոտ վառելու գայթակղությանը, իսկ տղամարդիկ հոգնած, կիսաբաց աչքերով, սեղանին հենված հետևեին ինչ-որ կտուրի տակ դողացող կամ անձրևի տակ ճեմող, մինչև ոսկորները թրջված ժպտադեմ կանանց, որոնց եթե հարցնեիր, կհաստատեին ասույթը, թե չկա վատ եղանակ, կա ոչ համապատասխան հագուստ։ (Հաստատ կգտնվեին մի քանիսը, որոնք կառաջարկեին պաղպաղակ համտեսել՝ գրողի ծոցը անձրևը):

Չգիտես որտեղից ամենահարմար պահին միշտ հայտնվում էր հաստլիկ, ժպտադեմ ծաղկավաճառը՝ ձեռքին ալ կարմիր վարդերի մի հսկա փունջ։ Շրջում էր սեղանների արանքով, տղամարդիկ հաճախ մի ժեստով հրաժարվում էին գնել, իսկ կանայք փորձում էին անտարբեր թվալ։ Արևոտ եղանակներին փողոցը կենդանանում էր, կտեսնեիր իրար հաջորդող թափառական երաժիշտների՝ տարբեր ժանրերի երգ-երաժշտությամբ, օրհնանքի խոսքերով ողջունող անօթևանների ամեն քայլափոխի, օրաթերթ վաճառող օտարերկրացիների, տարեց հեծանվորդների, ճամպրուկը սալահատակի վրա աղմուկով քարշ տվող զբոսաշրջիկների, և մորեխի աչքեր հիշեցնող արևային ակնոցներով այն նորաոճ մարդուն՝ ձեռքին հաստափոր գրքով, որ նստում էր սրճարաններից մեկի առջև այնքան, մինչև հնչում էին կաթոլիկ քաղաքի բոլոր եկեղեցիների թնդաձայն զանգերը։ Ամեն երեկո իմ հանդիպակաց պատուհանից այն կողմ նոր մարդ էր երևում։ Հիշում եմ մեկին՝ հեռախոսով երկար ժամանակ սենյակի մեջ այս ու այն կողմ քայելով  խոսելիս. փորձում էի ինքս վերականգնել ականջիս չհասնող ձայները՝ մտքումս հորինելով նրանց երկխոսությունը։ Անփոփոխ էր երկրորդ հարկի պատշգամբով տան բնակիչների առօրյան. վարդագույն ինտերիերով մի սենյակ, երեկոյան՝ հիմնականում մոմի լուսավորությամբ, բազկաթոռին մշտապես պառկած գիրուկ մի կին՝ վարդագույն տնային հագուստով հեռուստաալիքները թերթելիս։ Պատշգամբ էր դուրս գալիս երբեմն նրանց շունը կամ մի նույնպես գեր տղամարդ՝ միայն ծխելու համար, որ անձրևոտ օրերին պատուհանից դուրս կախված էր վայելում իր ծխախոտը …

….Եթե ես լոկ հոգի լինեի առանց մարմնի, գուցե այդ օրը «թրջվելու դուրս գալու» փոխարեն պատուհաններից ներս թափանցեի և փորձեի գտնել ամեն օր դեռ լույսը չբացված փողոց դուրս եկող ծերուկի տունը, որի մասին ասում էին, որ զարթնում է ժամը 5-ից, քանի որ վախենում է լուսադեմին մահանալուց։ Վախ էր, նախախնամաություն, թե մահից խույս տալու եղանակ՝ չգիտեմ։ Համենայնդեպս հաջորդ առավոտներին էլ չհանդիպեցի նրան։

Այս տարի Զատկի տոնին աշխատավայրում մի զանգ ստացա հերթական գերմանացի հաճախորդից։ Արդեն տրամադրվել էի, որ բողոք-զանգ է։ Կարճ բարևից զգացի, որ դադարը ժպիտի պատճառով է։ Ճիշտ էի։ Բարևին հետևեց մանկականի նման անմեղ, ասես միամիտ մի ծիծաղ, իսկ հետո ջերմ-ջերմ շնորհավորանքներ տոնի առթիվ։ Մարդու շունչը հազիվ էր հերիքում ձայնին ոգևորություն հաղորդելու համար։ Պատասխան շնորհավորանքիցս ուրախացած՝ անկեղծացավ.

-Մտածում էի՝ ո՞ւմ զանգեմ։

… Եթե ես միայն հոգի լինեի առանց մարմնի, երևի ցավ պատճառելու դիտավորությամբ կապտուկի դիպչելուն համարժեք հոգևոր կսկիծ զգայի, եթե դեռևս նրանց մեջ ապրելիս նկատած լինեի այդ մարդկանց խղճալի մենությունն ու իմ անսփոփ օտարությունն այդ իրականության մեջ։ Մենությունը ծերացող ժողովուրդների հիվանդությունն է։ Ես տեսնում էի լեռներում, անտառների մեջ ծվարած մենավոր տներ, քաղաքային մեծ, շքեղ առանձնատներ, որտեղ միայն մի զառամյալ ծերունի էր ապրում՝ առանց ժառանգ, ու միայն հիմա եմ հասկանում, որ իրականում մահը մահ չէ, երբ շարունակվում ես քո սերունդներում։ Ես տեսնում էի խիտ բնակեցված, բայց ասես ամայության մեջ ապրող մարդկանց ու վերջապես հասկանում ու կարեկցում եմ Հեսսեին. «Տարօրինակ է մշուշի մեջ թափառելը. մենություն է կյանքն այդտեղ։ Չի ճանաչում մեկը մյուսին, ու բոլորն են միայնակ»։

…Եվ եթե ես միայն մարմին լինեի առանց հոգու, երևի թե կկարողանայի քնել այս մտքերից հետո։

 

Մարիամ Տոնոյան

Anush abrahamyan

Ջրի հերթը մերն է․․․

Աշխարհի ստեղծումից ի վեր ոչինչ կանգ չի առել մինչև այսօր: Ես լավատեսորեն վստահ եմ, որ ոչ մի լավ բան երբեք կանգ չի առնի… Կա մի լռություն, որ ոչ թե տխրություն է քարոզում, իր գրկի մեջ հավաքելով միայնակների վախեցած ազատությունը, արցունքները, այլ, տարածվելով օդում, թիկնոցի պես իջնում է ուսերիդ` լրացնելով քեզ: Լիության ուրվականն է դա, բախումն է քո ու էջերի, որտեղ ուզում ես պարտվել: Ամեն ինչ քաղցր քնի մեջ էր: Կարդալիս համոզվում էի,  որ դատարկությունը սպանում է այնքան, որքան զգացումները կախաղանից առաջ: Դեռ չէի ավարտել, բայց լույսը մարեց: Մութն անմիջապես կատաղած շան նման հաչեց երեսիս, թվում է՝ հիմա կմաղվեմ վախի ուժից: Օգնության կանչելով բանականությանը՝ հազիվ հասա պատուհանի մոտ: Բացեցի պատուհանը ու ձեռքս մեկնեցի՝ սպասելով, որ աստղեր կընկնեն: Հենց այդ ժամանակ երկնակամարը աքսորեց մի քանի աստղերի ու ես զգացի հրաշքի բույրը: Եվ, առհասարակ, ի՞նչ է հրաշքը: Մենք պատրաստ ենք ճչալ, որ հավատում ենք հրաշքների, բայց երբեք ի զորու չենք ճանաչել նրանց: Ես ճանաչեցի այն, թեև հազար անգամ նայել էի երկինք: Նրանցից ոչ մեկն ափիս մեջ չընկավ, եթե ընկներ էլ, միևնույն է, չէի նկատի։ Ես մոռացել էի ինքս ինձ, իրենց առաքելությունը կատարում էին միայն աչքերս: Օդը կատարյալ հանգիստ էր, ոչ մի դող չէր համարձակվում մոտենալ ինձ, մոտ մեկ ժամ չէի կարողանում կտրվել այն աշխարհից, որը ժամանակավորապես երկիր էր իջել: Գիշերվա ժամը 4-ն էր, երբ հայրս թխկոցով բացեց դուռը: Ես արագ փակեցի պատուհանը, բայց չկարողացա գլուխս կախել ու լռել, այլ սկսեցի ինձ հատուկ շատախոսությամբ նկարագրել գիշերը…

-Ջրի հերթը մերն է, մայրդ ու դու հողամասում կսպասեք, որ ջուրը գա, իսկ ես ու եղբայրդ կգնանք` ուժեղացնելու:

Բայց ես համառեցի ու, վերցնելով բահը, ճանապարհ ընկանք: Քայլում ենք, ու լուսինն ինձ համար ավելի պայծառ է դառնում: Խոսում էինք ամենատարբեր թեմաներով՝ մասնագիտությունից, երկնքից, կեղծիքից: Հանկարծ՝ մի տուն իմ  ուշադրությունը գրավեց: Գիշերվա այդ ժամին մի սենյակում լույսը դեռ վառված էր: Ինչո՞ւ ես երջանկացա այն տեսնելով, ինչո՞ւ այն ինձ այդքան խորհրդավոր թվաց: Միգուցե ես հանդիպեցի ինձ մի այլ վայրում, չէ՞ որ, հավանաբար, մեկ ուրիշի մտքում էլ է խորհրդավորությունը բնակվել, երբ անցել է իմ պատուհանի կողքով:

Մի որոշ ժամանակ անց հասանք այն վայր, որտեղ սարերից եկող ջուրը բաժանվում էր 2 գյուղի միջև: Հորիզոնը ամայի էր, ու քամին իրեն զգացնել տվեց: Մի կողմում կանաչ սարերն էին, իսկ մյուսում՝ սպիտակ երեսով լեռները: Հենց այդ ժամանակ ես նկատեցի հեռավոր սարերի լուսաբացը՝ ամենաչքնաղ լուսաբացը: Հորիզոնը թույլ կապտեց, իսկ հետո դարձավ վարդագույն, որը դանդաղ իջավ լեռներից: Հետզհետե աստղերը խամրեցին, դրան զուգակցում էր բահի ու քարի բախումից առաջացած ձայնը: Լույսը տարածում էր իր իշխանությունը, և մենք վերադառնում էինք:

Երբ հասանք տուն, եղբայրս ու մայրս հողամասն էին ջրում, ջուրը մեզնից առաջ էր ընկել: Հատկապես հետաքրքրական էր այն պահը, երբ փորձեցի հասնել մորս մոտ ու տեղ հասա ցեխոտ երեսով ու առանց կոշիկների, քանի որ կոշիկներս ցեխի պատճառով մարգերի մեջ էին խրվել, մնացել։ Տուն մտա: Վերցրի Աստվածաշունչը, որ կարդացել էի գիշերը ու, համոզվելով, որ այն, ինչ եղավ ինձ հետ գրքի պատճառով էր, մեկ անգամ ևս համոզվեցի, որ բազում հիասթափություններից հետո էլ լավը կշրջանառվի աշխարհով մեկ: Չէ՞որ աշխարհի ստեղծումից ի վեր ոչինչ կանգ չի առել մինչև այսօր…

Փետրվար, 2017

Anush abrahamyan

ՎԱ՜Յ, ՏԱՏ

-Տա՛տ, բա չէիր վախենո՞ւմ,- անհամբերությամբ լի աչքերով ասաց նստածներից մեկը:

-Այ տղա՛, լա փեջն փեդ թալ, ցրտեց: Տո, չէ՜, այ բալամ, ի՞նչ վախենենք: Էն վախտ էդի նորմալ էր:
Վառարանը նորից սկսեց ագահությամբ խժռել փայտի կտորը ու եփել իր վրա շերտ-շերտ դրված կարտոֆիլը, որը սկսում էր կարմրել:
Երեխաները լռել էին: Չէ՞ որ շատ չեն նման դեպքերը, երբ տատիկը միանում է վառարանի շուրջը հավաքված չարաճճի երեխաներին:
-Հա՛,- կարծես հիշելով՝ շարունակեց տատիկը,-երբ օր էրգու մեշոկն բերնեբերան լցի (այստեղ տատս երկու ձեռքով այնպես ցույց տվեց լցված պարկն, ասես այն հենց մեր առաջ էր)՝ քաշելով հետ դարձա ավտոյի մոտ: Արդեն իրգուն էր, մութն էլ հա՜-հա էր (համարյա) վրա կհասներ: Հասա էն տեղն, դոր օր ավտոն պդի էղներ, է՛ ի՞նչ՝ ավտոն չկար, կող ու կուշտս էլ՝ չոլ: Հա կնայիմ, հա կնայիմ էս յան, էն յան, մտածիմ՝ կարող ա՞ ավտոն ա տեղն փոխե: Է, ո′չ ավտոն կա, ո′չ էլ՝ էդ կընգտիք: Մեշոկներն էլ՝ չարչրվիմ, խո չթողի՞մ:
Բոլորը շունչները պահեցին:
-Դու մի ըսա, էս ավտոն ընձի թողե, գածե, էսրա շոֆերն էլ ըսե, թե երևի ուրիշ ավտոյով ա գացե, արեք էրտանք: Ինչքա՜ն քուրըս լացե, թե բա՝ չէ՜, քուրս մացե դաշտ, չլսած, ելած, էկած: Օր էկած, խեղջ մերըս ըսե, թե իմ մեկել ախճիգ դո՞ր ա: Ըսած` ընչի չեգե՞: Էս խեղջ մերըս էլ ձենը թալա գլոխ, թե իմ ախճգան տարաք էրիք գիլու փայ: Հերըս էլ տրակտոր վերծա, գընգնի դար ու դաշտ: Սաղ հարևաներ գիկան, բա՝ ոչինչ, Մարկրիդ ջան, հեսա Ապետն կբերա: Մարդըս էլ էդ վախտ գեղն ա, դը մենք Զոմեն (յայլայի անուն) ինք:

Մգա հասեմ գիլու ձորի մոտ ահն ընգե սիրտս, կմտածիմ, թե մգա գելն է՞ս կողմից կերևա, չէ՛ էս մեգել: Մեգ էլ տենամ հեռվից հեռու երկու հադ լուս գիկա, ըսի գիլու աչքերն ին, բայց օր ձենն լսի հասկցա, օր ավտոյա: Եկավ, եկավ, տենամ հերըս ա: Նոր մեշոկներս թալի տրակտոր, ես էլ նստա ու էգանք:
-Տատ, բա էդ վիջագով իմալ է՞ր կերտեր դաշտ:
-Հա ի՞նճ կեղներ, 8 ամսկան ենք հղի, էլի:
-Վա՜յ, տատ,- լսվեց բոլոր կողմերից գոհունակությամբ:
Տատս վերցրեց վառարանի վրա դրված կարտոֆիլներց մեկը, աղ լցրեց և տվեց մեզնից ամենափոքրին:

…Երեխաները նորից սկսեցին աղմկել:

Ապրիլ 6, 2017 

mariam tonoyan

Անտեր մնացած խանութը

Մեքենաների անցուդարձից գյուղի վրա փոշու կարմիր ամպեր էին կուտակվել։ Ամռանը դա սովորական բան էր. քաղաք տեղափոխվածները վերադառնում էին մեքենաներով, գյուղը կենդանանում էր, հատկապես եթե Վարդավառի տոնը մոտ էր։ Ամեն փողոցի վրա առաջին հարկի ցածրիկ լուսամուտը ցուցափեղկի վերածած մի-մի տուն կար։ Այրող արևից ինքնաշեն կտորե կտուրների տակ պաշտպանված՝ կուչ էին գալիս խանութպաններն ամեն օր, սպասում գնորդների։

-Ապրես, Հարու՛թ ջան,- մրգերով լի երեք տոպրակ թևն անցկացնելով՝ ասաց Սեդան խանութպան հորը երբեմն փոխարինող տասներեքամյա Հարութին ու, քնքուշ ժպտալով, շրջվեց, որ գնա։ Մի քանի քայլ էր հեռացել, երբ հետևից լսեց պատուհանը թողած, դռան կողմից մոտ վազող Հարութի ձայնը.

-Սեդա քույրիկ, սպասեք, եկա։

Տղան վերցրեց տոպրակներից երկուսը, քայլեց Սեդայի կողքով՝ փողոցն անցնելիս չարաճճի սև աչուկները աջուձախ ուղղելով։

-Ձերոնք ո՞նց են, մորդ հետ վաղուց չեմ խոսել,-հիշեց Սեդան։

-Մաման հաց էր թխում, պապան առավոտյան քաղաք գնաց՝ խանութի համար առևտրի։ Լիլիթին դպրոցում չեմ տեսնում, ասում էր` պետք է իր պապայի մոտ գնա, գնացե՞լ է արդեն։

Սեդայի աչքերը մթնեցին, տոպրակն այրեց ձեռքը։ Բռունցքը սեղմեց, որ ձեռքից բաց չթողնի։

-Հա՜,- շտապ վրա բերեց նա,- երեք օր է… Հա, հոր մոտ գնաց, կգա։

«Շա՛ն աղջիկ»,-շփոթմունքից ցած դրեց տոպրակը՝ իբր հոգնեց։ Մի ձեռքը կոնքին դրեց, մյուս ձեռքը սահեցրեց ճակատի վրայով՝ իբր դեմքից մի կողմ տարավ մազափունջը։

Սեդան նայեց փողոցի խորքում փոշու կարմիր ամպի ուղեկցությամբ ընթացող մեքենայի հետևից։ Երանի՜ մի օր էլ ամռանը հյուրի նման գյուղ եկողներից մեկն իր ամուսինը լիներ։ Թեկուզ ոտքով, առանց ավտոմեքենայի։ Ութ տարի առաջ քաղաքում շինարարական աշխատանքի հրավերով երկու ընկերների հետ հեռացավ գյուղից։ Լիլիթը՝ նրանց աղջիկը, ծնվեց այդ օրվանից ուղիղ երեք ամիս անց։ Սկզբում ամուսինն ամեն ամիս որոշ գումար էր տուն ուղարկում, պարբերաբար զանգում էր, ազատ օրերին տուն վերադառնում։ Հետո կապը կտրվեց։ Շշուկներ էին պտտվում, որ վատ մարդկանց ձեռք է ընկել, փակագծեր չէին բացում։ Իր հետ հեռացած երկու տղաները միաձայն պնդում էին, որ անզգուշորեն բարձր հարկից ցած է ընկել, մեռել։ Ու՞ր է դիակը։ Լռում էին։

Սեդան չէր հավատում, որ ամուսինն էլ չկա. չլսված բան է՝ մարդ գետնի երեսից անաղմուկ կորչի, հետքն էլ չմնա. «Երևի ինչ-որ տեղ, ինչ-որ կնոջ հետ երջանիկ է, որ լռում են».- հույս էր տալիս ինքն իրեն, իսկ աղջկան՝ Լիլիթին, հավատացրել էր, որ նա հայր չունի։

Բայց արդեն քանի՞ անգամ էր Լիլիթն ընկերների մոտ ինքն իր համար հայր հորինում։ Նախորդ անգամ լվացք փռելիս Սեդան լսել էր կողքի բակում խաղացող երեխաների ու իր աղջկա ձայնը։ Լիլիթն հպարտորեն ասել էր.

-Սիրուն է, չէ՞, շորս։ Պապաս է նվիրել։ Էնքան թանկ շոր է, սրանից մեր խանութներում չկա։

Սեդան լսելուն պես դեմքը թաքցրել էր ափի մեջ ու ցածրաձայն հեկեկացել։

-Ապրես, Հարո՛ւթ ջան,- էլի ասաց Սեդան,-քիչ մնաց, ես կտանեմ։ Գնա, հասիր խանութին, եկող-գնացողը չասի՝ անտեր են թողել։

Հարութը գլխով արեց ու գնաց։ Սեդան վերցրեց տոպրակները, դանդաղ քայլեց դեպի տուն։

Anush abrahamyan

Ձմեռվա խաղ

-Տասնյոթ, հիսունհինգ, քսանվեց,- փոքր եղբայրս շարունակում էր պարկի միջից հանել լոտոյի թվերը ու մեծ հանդիսությամբ հայտարարել: Չէ՞ որ սենյակի տասից ավելի մարդիկ ուշի ուշով լսում էին նրան:

-Մարդ չսպասա՞,- շուրջը նայելով՝ ասաց փոքրերից մեկը, ով իր հայացքը արագ սահեցրեց բոլորի խաղաթղթերի վրայով:

Զարմանալի են այս փոքրերը, բացի իրենց խաղաթղթերին նայելուց, նայում են ամենուր ու այդ անուշադրության հետ մեկտեղ էլ միշտ հաղթում են: Իհարկե, հաղթանակն ուղեկցվում է մեծահասակների թույլ ժպիտով ու նրանց բարձր ճիչով, որովհետև փոքրերի համար դա կյանքում ամենամեծ հաղթանակներից է: Տեսնելով, որ ձայն չկա, և բոլորը տրամադրված են հաղթանակի, Աբրահամը շարունակեց.

-«Թարս մարդ ու կնիգ», «խաբար», «պադերազմ»,- այս բառերի տակ թաքնված թվերի մասին ոչ մեկը ոչինչ չհարցրեց, որովհետև գիտեին, որ «թարս մարդ ու կնիգ» ասելով նկատի ուներ 69 թիվը, «պադերազմ» ասելուց հետո բոլորը պետք է նշեին 41 թիվը, իսկ «խաբարը» 1 թիվն է, որ նշանակում է մի խաբար (լուր) բերող: Այս թվից հետո բոլորը սպասում են հաղթանակի: Սեղանի մոտ, բացի իմ ընտանիքի ութ անդամներից, նստած էին նաև մեր մի քանի բարեկամները և հարևանները: Այդ պատճառով սեղանը երկու կողմից բացել էինք: Այս խաղը մենք կոչում ենք «ձմեռվա խաղ», որովհետև միայն ձմեռն ենք խաղում:

Ձմռան երեկոները հետաքրքիր են անցնում՝ մի օր լոտո ենք խաղում, մի օր նստում վառարանի կողքին ու լսում տատիկների պատմած պատմությունները: Սեղանի վրա ազատ տեղ չկար, ամենուր կոճակներ էին ու մասնակիցների խաղաթղթերը, իսկ մեջտեղում՝ հաղթական կարմիր կափարիչն էր, որի մեջ մի բուռ կոպեկներ էին լցված: Յուրաքանչյուրը սահմանված չափով գումար է գցում կափարիչի մեջ, և երբ խաղավարը հանում է այնպիսի թվեր, որոնք համապատասխանում են տվյալ մասնակցի խաղաթղթի մի շարք կազմող թվերին, այդ մասնակիցը դառնում է հաղթող:

-Ես կսպասիմ,- գրեթե գոռաց Աբելը՝ ժպիտը դեմքին (սա նշանակում է, որ նրա շարքը լրանալուն մեկ հաջողակ թիվ է պակասում):

Բոլորը լուռ և ուշադիր կոճակները դնում էին համապատասխան թվերի վրա, որպեսզի մի թիվ անգամ բաց չթողնեն, որովհետև ըստ նրանց՝ դա կլիներ հաղթական թիվը: Առհասարակ, լոտոյում այդպես է, թվում է, թե միշտ այս վերջին թիվը քեզ հաջողություն կբերի: Հենց այդ ժամանակ էլ Աբելը գրեթե ճչաց.

-Ես պրձա՛, ջա՜ն,- ու արագ կարմիր կափարիչի պարունակությունը վերցրեց:

Իհարկե, այդ կոպեկները մեծ գումար չէին կազմում, բայց լոտոյում դրանցով բավականին երկար կարող էիր խաղալ, եթե նույնիսկ անընդհատ պարտվես: Ասում եմ, չէ՞, այս փոքրերը զարմանալի են. նախ, աչքերը չորս արած նայում էր խաղաթղթերիս ու քթի տակ ժպտում, որովհետև այդ խաղում անհաջողակ եմ, հետո էլ ինչ-որ բան վերցնելու համար խփեց խաղաթղթերիս, կոճակները տեղաշարժվեցին ու դրանք իրենց դիրքին վերադարձնելու ժամանակ ես չհասցրի հիշել Աբրահամի ասած վերջին երկու թվերը, որոնք կարող էին ինձ հաջողություն բերել: Դա քիչ է, մի հատ էր ականջիս տակ ճչում է, թե հաղթել է: Ինչպես բոլորը, այնպես էլ ես, դժգոհ դեմքով խաղաքարտերի վրայից վերցրի կոճակները ու իմ վերջին լուման դրեցի կարմիր կափարիչին: Մեծահասակների համար ուղղակի զբաղմունք դարձած խաղը ինձ նյարդայնացնում է: Ինչքա՞ն կարելի է պարտվել:

-Մի քիչ կոջակ տուր, Անուշ ջան,- ցածր ձայնով ասաց քեռի Իգորը,- ու ուշադիր էղի, հաստադ դու կհաղթիս:

Զարմանալի բան է ասում քեռին: Մարդ, ում կողքին նստած է եռանդով լեցուն մի երեխա, դժվար թե հաղթի: Ամեն խաղից հետո պետք է ինչ-որ մեկը պարկից հանի թվերն ու հնարավորինս ճիշտ ու հստակ արտասանի դրանք, թե չէ բոլոը կդժգոհեն, որ հենց այդ պատճառով էլ չհաղթեցին: Մեծերի համար այդ կոպեկները նշանակություն չունեն, նրանց համար կարևորը զբաղմունքն է, հենց այդ պատճառով էլ, երբ հայրս է հաղթում, խնդրում եմ իմ փոխարեն էլ գումար դնել, ու կոպեկներս պահում եմ հաջորդ խաղին: Խաղը սկսվեց, և այս անգամ թվերը կարդում էր քեռի Արշակը.

-Տըսնըխինգ, (քեռին Մարտունուց է), տըսնըյոթ:

Մի քանի թվերից հետո ես էլ գոռացի՝ սպասում եմ: Ինչքան էի ուզում գոնե մեկ անգամ ասել այդ արտահայտությունը, ու հանկած դուրս եկավ իննսուն թիվը, որը վատ թիվ է բոլորի համար, բայց ինձ հաջողություն բերեց: Ես վերցրի ինձ հասանելիք գումարը և որոշեցի այլևս չխաղալ:

Այդ պահին փողոցից շների բարձր հաչոց լսվեց: Դա, իհարկե, չէր նշանակում, որ գյուղ՝ Ներքին Գետաշեն,  սարերից գայլեր են իջել: Նախ, որովհետև սարերը չափազանց հեռու են, և հետո էլ՝ կովերը դժվար թե գայլերի ճաշակով լինեն: Բոլոր երեխաները, այդ թվում և ես, վազեցինք պատուհանի մոտ, բայց ոչինչ չէր երևում, իսկ հաչոցը շարունակվում էր: Ես հասկացա, որ դեռ երկար ժամանակ մեր հյուրերը տուն չէին գնա, այսինքն՝ հետաքրքիր պատմությունները դեռ առջևում էին:

 Փետրվար, 2017