seyran soghoyan

Մայրերը

Մի օր եկեղեցում կատարվեց իմ կյանքի ամենացավոտ հանդիպումներից մեկը։ Եկեղեցում ինձ մոտեցավ մի  զոհված զինվորի մայր՝ շատ հուզված, ճերմակած, տխուր ու ծերացած։ Ինձ գրկեց ու առողջություն ցանկացավ՝ արցունքն աչքերին։ Չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց հետս։ Նա ինձ ասաց, որ այս աշխարհում լրիվ մենակ է մնացել։ Ժպտաց ինձ ու գնաց՝ շարունակելու աղոթքը։ Նույնիսկ այս պարագայում նա չէր կորցրել իր հավատը, շարունակում էր աղոթել՝ իր որդու խաղաղ քնի ու հանգստության համար։

Եկեք մենք էլ ամեն վայրկյան աղոթենք նրանց  համար, որովհետև մեր խաղաղ քնի համար նրանք քնեցին հավերժ։

Աստված թող համբերություն և ուժ տա բոլոր որդեկորույս մայրերին։

mariam tonoyan

Արտաշունչ

Երեկոյի բույրն արդեն սփռվել էր ամենուր․ տոթը հետ էր քաշվել՝ տեղը զիջելով բարդիների սոսափի ներքո պարող տաք, ամառային քամուն։ Չորությունից բակի մի կտոր հողը ճաքճքել էր, ու չորացած խոտերի մեջ ուտելիք փնտրող կրիայի թափառումներն արդեն իզուր էին։ Խոհանոցից անշտապ գալով, կտրտած, կանաչ պղպեղը ձեռքերումս՝ բակ անցա, մոտեցա կրիային ու ավելորդ հանդիսավորությամբ այն շաղ տվի կենդանու առջև․

- Երկնքից մանանա իջնում է։ Գոնե դու հավատա։

Ապա տիրաբար կողպեցի դարպասը նրա վրա ու, թողնելով իր եզրավոր անսահմանության մեջ, դուրս եկա ու քայլեցի մոտակա հիվանդանոցի ուղղությամբ։

Արևի վայրէջքով պայմանավորված՝ փողոցներն այդ ժամերին մարդաշատ էին լինում։ Ամեն անցորդ իր բույրն ու ոտնահետքն էր թողնում փողոցում ու անցնում-գնում էր՝ անընդհատ թարմացնելով անծանոթ դեմքերն իմ հիշողության մեջ։ Այդ շարժի մեջ ու ամեն ինչի ցնդող ներկայությունում ամենամնայունը թերևս երկու տարեց հարևաններս էին, որոնց հանդիպում էի ամեն անգամ փողոցի այդ հատվածին հասնելիս։ Մեկը միշտ նստած էր կանգառում իր համար պատրաստված ստվարաթղթապատ, կարճլիկ պատի ծայրին, մյուսն էլ ամեն օր վերուվար էր քայլում փողոցի երկայնքով, որպեսզի պահպանի իր դեռևս շարժուն մկանները։ «Տարիքն ընկալելու երկու տարբեր օրինակներ են,- մտածում եմ,- մեկը՝ շատ անգամներ մահն աչք առած, դեռևս շարժման ու կյանքի է ծարավ, մյուսը՝ մշտապես լուռ ու գլխիկոր է, արհամարհանքով լցված դեպի առջևում խլրտացող ավտոմեքենաների հոսքը․ որոշել է, որ արդեն տարիքն առած մարդ է ու հոդացավեր է ներշնչել իրեն»։

Ակամա հիշեցի վերջերս աշխատավայրում գերմանացի հաճախորդի հետ ունեցած հեռախոսազրույցս։ Երբ նկատեցի, որ նա գրանցվել է ներդրումներ անելու համար, նա խոսափողից այն կողմ ծանր հոգոց արձակեց ու անտարբերությամբ պատասխանեց․

-Հիմա ես հիվանդանոցում եմ, մեկ է՝ վաղը մեռնելու եմ։ Ինչի՞ս է պետք․․․

… Հիվանդասենյակի հեղձուցիչ օդից ու բժշկական իրերի հոտից ազատվելու համար բուժքրոջը խնդրեցի կիսաբաց անել պատուհանը։ Նա, ում պետք է խնամեի, վերջապես կարողացավ քնել։ Միջանցքից լսվող հողաթափերի քստքստոցները հուշում էին, որ ինչ-որ մեկն ապաքինվում է, բայց սենյակի երկրորդ հիվանդը, որը վիրահատությունից հետո նոր էր պալատ տեղափոխվել ու դեռ ծանր էր շնչում, բոլորովին այլ բան էր քրթմնջում.

-Էս հիվանդանոցի ծառայությունները փաթեթով են։ Երեկ վերակենդանացման բաժնում էի, կարող էի և պալատ չհասնել։ Բայց դա էլ չի փրկում։ Էստեղ ընկնողը պետք է փաթեթից օգտվի։

Չէի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Գուցե հետվիրահատական հուզմունք էր։ Բայց մարդն ամեն անգամ բուժքույրի հեռանալուց հետո համառորեն իրենն էր պնդում.

- Ամեն ինչ արված է, որ մարդիկ շատ ժամանակ ու նյարդեր չծախսեն։ Լավ են մտածել, հիվանդին էլ անհանգստանալու տեղ չեն թողել։ Վիրահատարանը կա, հիվանդասենյակը՝ լավագույն դեպքում, անատոմիկը՝ կպած, սգո սրահը՝ երկու քայլի վրա, իսկ վերջին կանգառդ՝ մայթի մյուս կողմում։

Անտարբերությունիցս ասես զայրանալով՝ մարդը խոժոռվեց ու խնդրեց ավելի լայն բաց անել պատուհանը։ Անձրևում էր։ Բացելուց հետո, շերտավարագույրն ուղղելիս անձևի երկու տաք կաթիլ, քամու ձեռքից դուրս պրծած, պոկվեցին, ընկան մատներիս ու բացվածքից ավելի շուտ թաց ասֆալտի հոտը ներս լցվեց, քան անձրևի հեռավոր թարմության։ Փողոցի լույսերը թրթռալով մեկը մյուսի հետևից սկսեցին վառվել։ Գորշ լուսավորության ներքո, թթենիների ու ծիրանենիների սաղարթների միջով տեսողությունս ճամփի մյուս կողմում որսաց թրջված ու պսպղուն գերեզմանաքարերը ու դրանցից մեկի վրա (որը հակառակ մնացած գերեզմանաքարերի՝ դեմքով դեպի պատուհանն էր նայում) փորագրված տիկնոջ կծկված ժպիտը։

Մի պահ թվացող երկար դադարից ու ոչնչի մասին լուռ մտքերիցս հետո զգացի, որ  հիվանդի շունչը կտրվում է։ Դուրս վազեցի հերթապահ բժշկին կանչելու։

Նման դեպքերում, երբ ոչ աղոթել ես կարողանում, ոչ մտածել կամ օգնել ու հույսդ  հիվանդին իրենց հսկողության տակ առած բժիշկներն են, դու պարզապես քայլում ես նեղլիկ ու երկար միջանցքով, հենվում ես իրարից միայն համարակալումով տարբերվող մեկ այս դռանը, մեկ մյուսին կամ փորձում ես շշուկներ որսալ, որպեսզի մտածելու ինչ-որ այլ, ավելի թեթև բան գտնես։ Ահա կողքովս անցնում են երեք հոգի. մեկը՝ անվասայլակին նստած թմբլիկ, գունատ աղջնակ, մյուս երկուսը՝ հավանաբար նրա կրտսեր քույրը և նրանց մայրը։ Փորձում եմ հասկանալ, թե ինչ են խոսում.

-Շա՞տ է ցավում,- հարցնում է ամենափոքրը։

Գլխի թեթևակի շարժմամբ քրոջ պատասխանը կռահելով՝ նա նորից հարցնում է.

-Իսկ մաման էդ ցավին կդիմանա՞ր։

…Հիվանդասենյակի դուռը բացվեց, շրջվեցի, բժիշկները ինչ-որ բան քննարկելով հանգիստ քայլեցին միջանցքի հակառակ ուղղությամբ։ Միայն այդ ակնթարթին զգացի, որ կրծքավանդակումս ինչ-որ պահի բանտարկցած օդը հանկարծ դուրս հորդալ է ուզում. արտաշնչեցի։

seyran soghoyan

Ամեն ինչ լավ է լինելու

Հոգ տար քո մասին:

Առջևում դու ունես այնպիսի հնարավորություններ, որոնց մասին դու անգամ  մտածել չես կարող։ Քեզ սպասում է մեծ երջանկություն, դու անպայման կհասնես նրան, ինչի մասին երազում ես։ Քո վերքերը կսպիանան, ժպիտդ ավելի վառ կլինի, քո կողքին կհայտնվեն լավ մարդիկ, դու կստանաս կրթություն, կգտնես աշխատանք՝ տալով քեզ միայն հաճույք։

Մի կոտրիր քեզ: Չի կարելի ձեռքերը թուլացնել, պայքարիր ու հասիր քո նպատակին` փոքր քայլերով։ Լսիր քո սեփական ձայնին. դու ուզում ես, ուրեմն դու կարող ես։ Ես քեզ հավատում եմ, դու էլ քեզ հավատա։ Մի նստիր տեղդ, զարգացիր։ Կատարելագործվիր ու դարձիր լավը։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի և ցույց կտա իրական էությունը յուրաքանչյուր մարդու։ Քոնը կլինի լավագույններից մեկը, որովհետև դու կարողացար հաղթել քեզ։ Չգիտեմ՝ արդյոք կլինի՞ դա, կիրագործվի՞  իրական կյանքում, բայց դու փորձիր հավատալ, որ ոչ մի անհնարին բան չկա։ Շատերը սկսել են զրոյից, ու նայիր որտեղ են նրանք հասել։ Իսկ ի՞նչն է խանգարում քեզ։ Խորը շունչ քաշիր ու նայիր առաջ, քեզ սպասում է նոր օր, և դրա հետ նոր հնարավորություններ։

Ամեն ինչ կլինի, ոչինչ, որ ոչ առաջին փորձից։

Ահա թե ինչ եմ ինքս ինձ ասում ամեն օր։

Աստվածն առաջ, ամեն բան լավ է լինելու։

Մեր գյուղի մեծերը. Պապս

Պապս է… Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից: Երկար-բարակ բառերից, ճառերից հեռու, աշխատող, արարող ու ուժեղ  Սարո պապս։ Ինքը ամենից  լավ գիտի «քարից հաց քամել» արտահայտության իմաստը, լավ գիտի  կյանքի դառնությունների միջով անցնելու ու չծնկելու բանաձևը, լավ գիտի  ցավը ու ազնվությունը, ու այն, ինչ ինքը լավ գիտի, հասկանալը հեշտ չէ…

Միասին հաճախ ենք գնում գյուղի վերևի դաշտերը, ինքը`  խոտ քաղելու, ես էլ կողքից հարցեր տալու, խոսելու, լուսանկարելու, խեղճ պապիս զահլեն տանելու համար։  Ու երբ գերանդին ցած է դնում՝ տատիս մեզ  հետ դրած հացն ու պանիրը անուշ անելու, խնդրում եմ`  իր ու տատիս սիրո պատմությունը պատմի, որը պատրաստ եմ հարյուր անգամ լսել (ընտիր պատմության է, բայց չեմ գրի, որ հետո թողնի էլի իրեն լուսանկարեմ ու էլի հարցեր տամ)։

Օրվա վերջում պապ ու թոռ գյուղի փոշոտ ճանապարհներով հետ ենք գալիս տուն, ինքը` հոգնած, ես` առույգ, հոգումս բոլոր երևակայական  պատկերները, ուրախ ու տխուր դեպքերն ամբարած։ Հետ ենք գալիս տուն, որտեղ տատս հաստատ մի համով բան է եփել ու մեզ է սպասում…

Ամառը դեռ շարունակվում է, ես էլ գյուղում եմ ու սպասում եմ, թե երբ պապս ու ես  էլի դաշտ կգնանք:

Հ.Գ. Եթե պապիս ճանաչում եք, մի քանի բառով էլ դուք իրեն նկարագրեք:

mariam tonoyan

Երեկ Հերման Հեսսեի ծննդյան օրն էր

Հերման Հեսսե

Աղոթք

Թող հույսս ինձնի՛ց կորցնեմ, Աստվա՛ծ, և ոչ Քեզնից,

Թող ճաշակեմ մոլորյալի ողջ վիշտն ու ափսոսանքը,

Թող տառապանքի բոցերն իմ մեջ թրթռան,

Եվ կրեմ ամեն անարգանք։

Մի՛ օգնիր դիմանալ, մի՛ օգնիր կատարելագործվել,

Ընդհակառակը՝

երբ ամեն բան կոչնչացնեմ իմ մեջ,

ցույց տուր ինձ, որ Դո՛ւ էիր դա,

Որ Դու՛ ես ծնել բոցն ու տառապանքը,

քանզի թե անգամ կործանվել կամ մեռնել ուզեմ,

մեռնել միայն Քո մեջ կարող եմ։

 

Քեզ նու՞յնպես ծանոթ է սա

Քեզ նու՞յնպես ծանոթ է սա.

Երբեմն ցնծության ուղիղ մեջտեղում՝

Ուրախ դահլիճում տոնի ժամանակ,

Դու հանկարծ լռել, հեռանալ ես ուզում։

 

Հետո թախտին ես պառկում դու անքուն,

Հանց մեկը՝ բռնկված բութ ցավով սրտի,

Եթերանում է ծխի պես քրքիջ, խնդություն,

Ու լալիս ես դու, անդադար լալիս…

Մի՞թե ծանոթ է նաև քո սրտին։

 

Բհագավատ գիտա

Պառկել եմ դարձյալ ժամեժամ անքուն,

Անմեկին վիշտ է պատել իմ հոգուն։

 

Աշխարհում տեսա մրրկվող կրակ ու մահ,

Տառապող, մեռնող, փտող անմեղներ հազար։

 

-Տե՛ս,-հնչեց իմ մեջ ձայնն հիշողության

Ժամին այդ մռայլ մենության։

 

Եվ մերժեցի ես պատերազմն իմ սրտում,

ինչպես անմիտ ցավերի կույր Աստծուն։

 

Այն ինձ փոխանցեց խոսքը խաղաղության

Աստվածների հնագույն գրքից հնդկական.

 

«Պատերազմն ու խաղաղությունը հավասար են կշռում,

Քանզի հոգու կայսրությանը մահը չի դիպչում։

 

Խաղաղության նժարը բարձրանա, իջնի,

Աշխարհի վիշտը, մեկ է, չի պակսի։

 

Ուստի պայքարի՛ր, մի՛ պառկիր այդպես,

Աստծո կամքն է, որ ուժերդ լարես։

 

Թե անգամ պայքարդ հազար հաղթություն տանի,

Աշխարհի սրտին այն հետք չի թողնի»։

 

Ես մարդկանց գիտեմ…

Մանկությունն այնքան խորն է ապրում որոշ հոգիներում,

Որ նրանցում  կախարդանքը լիովին չի փշրվում

Ապրում են կուրության մեջ՝ երազներով լցված,

Ու չեն յուրացնում ժամանակի լեզուն։

 

Վա՜յ նրանց, թե մի փորձանք  սարսափեցնի

Ու հանկարծ վառ իրականությամբ արթնացնի,

Մանկան հավատից, երազից վտարված՝

կնայեն անպաշտպան զազրանքին կյանքի։

 

Ես գիտեմ մարդկանց՝ պատերազմից զարթնած,

որ դեռ իրենց կյանքը կես չարած,

տառապում են արդեն վախով ու դողով,

մոլորվում ամեն ցնորում անթափանց։

 

Թվում է, թե այս անհույսների մեջ

Մարդկությունն իր արնախում հողերն է փնտրում,

Իր դաժանությունն ու փախուստը հոգու՝

սարսռում, ամաչում գիտակից դառնալ։

 

Գերմաներենից թարգմանեց` Մարիամ Տոնոյանը

Milena Abrahamyan

Մխրճված օրեր

-Փախիր, հիմար:

-Ես վազում եմ, ոչ թե փախչում:

Այնուհետև կնստես և շունչ կքաշես։ Կհիշես այն օրերը, որոնք երբևիցե չես կարողացել հիշել, այդ գրողի տարած օրերը, որ կրկնվում էին, կարծես ծրագրավորված էին մի էժանագին հանճարի կողմից։

Ու կփոխվեն հայացքները, որ դաջվել էին դեմքիդ վրա։ Երբ դեմքիդ որևէ մաս ես փոխում, դեռ երկար ժամանակ է ցավում, արնահոսում և քոր գալիս, և ուզում ես մի կոճակի միջոցով ամեն ինչ հետ տալ, որովհետև արդեն սովոր էիր տգեղին ու տհաճին։ Իսկ այստեղ միանգամայն ուրիշ հայացք, ի՞նչ ասել է` դժվար է, դա պարզապես անհեթեթություն է, դու պարզապես կվերանաս, և չի մնա ոչինչ։

Հա, ես դաժան եմ, խոստովանեցի, հետո ի՞նչ, միևնույնն է, շարունակելու եմ, որովհետև նախորդը չեմ ուզում, շատ էր օտար, դե հարազատ դեռ չունեմ, պետք է նորը ստեղծեմ։ Ցավոտ է, բայց զգում եմ։

Հետո կպառկեմ, չէ, է, շատ ձանձրալի է, կպարեմ։

-Վեր կաց, հիմար, պարի՛ր։

-Ես ապրում եմ, ոչ թե պարում։

Հետո կայրվես ու կգոռաս մինչև շնչահեղձ լինելդ։ Շատ տիպիկ է։ Ուրեմն փակիր աչքերդ ու անհետացիր։ Կորցրու քեզ։

-Կորի՛ր հիմար։

-Ես կորչու՞մ եմ։

-Ոչ, դեռ նոր ես հայտնվում, ամուր բռնվիր։

-Որտեղի՞ց։

-Այն լույսից, որ շողում է ներսումդ։ Բռնվեցի՞ր։

-Ես գտա ինձ։

Մահ իմացեալ՝ անմահություն

«Ես պիտի մասնակցեի պատերազմին, մա՛մ, որ հետո երեխաներիս ու թոռներիս պատմելու բան ունենամ…»:

Այսպես էր ասել տանկիստ Կարեն Շահինյանը, ով հոկտեմբերի 2-ին՝ Ջրականի թեժ մարտերի ժամանակ վիրավորվելուց հետո առաջին անգամ զանգահարել էր մորը: Բայց ստացած գլխուղեղային կոնտուզիան, իր կարծիքով, ոչինչ էր: Վերքերը ավելի էին բորբոքվում, երբ մայրական խնամքում գտնվելիս ամեն օր լսում էր զինակից ընկերների զոհվելու մասին:

Կարեն Արտակի Շահինյանը ծնվել է 1998 թվականի մայիսի 4-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի գյուղ Զոլաքարում։ 2 տարի անց ընտանիքը տեղափոխվել է Սևանի շրջանի գյուղ Ծովագյուղ, որտեղ էլ հաճախել է դպրոց: Աչքի է ընկել խելացիությամբ, մաքրությամբ ու հոգատարությամբ: Սիրում էր «Մաթեմատիկա» առարկան և մեծ սիրով մասնակցում բոլոր մաթեմատիկական մրցույթներին: Դասարանում լավագույններից էր։ Դեռ մանկուց սիրում էր մեխանիկայով զբաղվել, մանր դետալներով, լուցկիների հատիկներով մեքենաներ և եկեղեցիներ հավաքել։ Հետաքրքրվում էր տեխնիկայով և ինքնուրույն ուսումնասիրում էր դրանց կառուցվածքը։ Երբեք չէր ասում «չեմ կարող», «չգիտեմ». միշտ կարողանում էր հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաք տեղափոխվելով՝ Կարենն աշխատել է որպես վարորդ՝ տիրապետելով տեխնիկայի բոլոր տեսակներին։ Չլսելով ծնողների աղերսանքը՝ 2019 թվականին վերադարձել է Հայաստան՝ զինված ուժերում ծառայելու նպատակով։

 

Ծառայությունն անցել է Արմավիրի՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում՝ մասնագիտանալով որպես տանկիստ-մեխանիկ։ Այնուհետև տեղափոխվել է Կուբաթլու, իսկ պատերազմի ժամանակ եղել է Ջաբրայիլում։ Հոկտեմբերի 2-ին գրավված տարածքներից հետ է վերադարձրել իր և իր ընկերների տանկերը, որի ժամանակ էլ ծանր վիրավորումից ստացել է գլխուղեղային կոնտուզիա և այրվածքներ։

Կարենը հեռախոսազրույցի ժամանակ պատմել էր, թե ինչպես իրեն հոսպիտալ տեղափոխող բժիշկը իր հագուստներից տվել էր Կարենին, քանի որ իրենն ամբողջովին այրված էր։ Ապաքինվելու նպատակով մեկ շաբաթ անցկացրել է նաև տանը։ Այդ ընթացքում Կարենն իմացավ բժշկի մահվան մասին և շատ ծանր ապրումներ ունեցավ։ Ծառայակից ընկերների, հրամանատարների կորուստը Կարենին դարձրել էին ինքնամփոփ, լռակյաց։ Միակ սփոփանքը քրոջ դուստրն էր՝ Սոֆին, ում տեսավ առաջին ու վերջին անգամ։ Պատերազմի արհավիրքից փրկված Կարենն այնքան քնքշորեն էր համբուրում Սոֆիի փոքրիկ ձեռքերը, խաղում նրա հետ։

-Քույրերի համար շատ էր անհանգստանում: Էդպես էլ մեծ քրոջ աղջկա համար էր անհանգիստ: Ասում էր միակ երազանքն այն է, որ վերջապես տեսնի Սոֆիին,- պատմում է մայրը:

Ռազմաճակատ վերադառնալիս Կարենն ասաց. «Կարևորը ես եկա ու բոլորիդ տեսա»։

Հոկտեմբերի 21-ին Կարենը կրկին վերադարձավ առաջնագիծ։ Իր զինակից ընկերների հետ խոցեց թշնամական 4 տանկ և նոյեմբերի 7-ին հարազատներին արդեն էկրաններից էր ժպտում՝ Զինուժի տեսահոլովակում, որտեղ պատմում էր տանկերի խոցման մասին՝ «Սովորություն էր արդեն դառնում մեր մոտ, սպասում էինք հաջորդը գա, որ հաջորդին խփենք»։ Բայց երկու օր անց՝ նոյեմբերի 9-ին, մասնակցելով Շուշի քաղաքի ազատագրմանը, ընկավ հերոսի մահով։

-Կարենին բոլորը սիրում ու հարգում էին՝ հրամանատարներից մինչև շարքային զինծառայողը: Շատ լավ ընկեր, ով բոլորին հասնում էր, օգնում ու լուծում բոլորին անհանգստացնող խնդիրները,-պատմում է հրամանատար Քաջիկ Արշակյանը:

Կարենը մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցում մայիսի 4-ին դասարան անվանակոչվեց Կարեն Շահինյանի անվամբ: Այս օրը նաև Կարենի ծննդյան օրն էր. նա կդառնար 23 տարեկան…

Կարենը դարձավ հավերժ զինվոր, ով իմացյալ մահով անմահացավ։