Սեպասարի սառը ձմեռը

Լուսանկարը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Սա Սեպասար գյուղն է: Գտնվում է Շիրակի մարզի հյուսիս-արևմուտքում: Գետը անցնում է Մեծ և Փոքր Սեպասար գյուղերի միջով: Գյուղը Սեպասար է կոչվում տեղի սարի սեպաձև լինելու պատճառով: Բնակիչները գաղթել են Ալաշկերտի, Վանի և Մուշի գյուղերից: Մեծ Սեպասարից հյուսիս գտնվում է «Դարի սուրբ» գյուղատեղին համանուն մատուռով: Շատ քչերը գիտեն, որ այն նաև մեծ հնագիտական պեղումնավայր է: «Դարի սրբի» գլխին, այսինքն,  գագաթին է գտնվում վաղ բրոնզեդարյան հուշարձան-բնակատեղին: 2004 թվականից սկսած այստեղ պեղումներ է իրականացնում Շիրակի երկրագիտական թանգարանը: Գյուղի տարածքում կան սառնորակ աղբյուրներ, որոնցից մեկը հայտնի է Թթու ջուր անվամբ: Գտնվելով Հայաստանի հյուսիսում Սեպասարն ամենացուրտ բնակավայրն է ձմռան ամիսներին: 

Լուսանկարը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Մայրս` Նունե Թովմասյանը, աշխատում է Սեպասարի միջնակարգ դպրոցում, դասավանդում է կենսաբանություն և քիմիա: Սակայն մենք բնակվում ենք Աշոցքում: Ձմռան ընթացքում Աշոցքից Սեպասար տանող ճանապարհը փակվում է բքի և ձյան պատճառով: Եվ մայրս ու նրա անձնուրաց գործընկեր ուսուցիչները կտրում-անցնում են ոտքով 4կմ ճանապարհ, որպեսզի աշակերտները բաց թողնված դասաժամեր չունենան: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ է նշանակում բքին ոտքով անցնել այդ ճանապարհը: Ես ուսուցիչ ասելով նրանց եմ պատկերացնում:

Լուսանկարը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Այս աննկուն սոճին էլ միակ փշատերև ծառն է Փոքր Սեպասար գյուղում: Սոճին տնկել են Մարտին պապիկս և Էլիզա տատիկս: Մարտին պապիկս հիշատակ թողեց ծառը, որը դարձավ մեր տոհմի ամրության, միասնականության, արմատներ տալու  ու զավակներ ունենալու խորհրդանիշը: Ամռանը սոճու ստվերում նստում ենք, վայելում զով օդը, իսկ ձմռանը այն դառնում է ամբողջ գյուղի ամանորյա լույսերով ողողված տոնածառը: Պապիկս իր որդիներին` Արմենին և Էդգարին հանձնարարում էր զարդարել սոճին, որը ամանորյա տոներին գիշեր-ցերեկ փայլփլում է գեղեցիկ լույսերով և խաղալիքներով:

Լուսանկարը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Ձմեռը դեռ երկար չի լքի Սեպասարը, բայց կյանքն այստեղ ընթանում է իր հունով:

Լուսանկարը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Այն կարևոր հնգյակը, որ պակասում էր մինչև Tedx-ը

Դեռ 2 տարի առաջ ինձ առաջարկեցին մասնակցել մի դասընթացի, որը նորույթ էր  Հայաստանում:  Դե քանի որ ամառ էր, իսկ ես զբաղմունք չունեի, համաձայնվեցի:  Դա Tedx-ն էր, ես էլ ձեզանից շատերի նման գաղափար չունեի, թե ինչ է դա:  Սակայն պատկերը էապես փոխվեց արդեն դասընթացի ընթացքում և մանավանդ հետո:  Դա ինչպես  պարզվեց, հարթակ է, որտեղ երեխաները (Tedxkids), երիտասարդները (TedxYouth) և մեծահասակները (Tedx) հանդես են գալիս իրենց նոր ու հետաքրքիր գաղափարներով, կամ պարզապես հետաքրքրող ու հուզող թեմաներով:  Սա է այն, ինչ կապեց ինձ Tedx-ի հետ:

Դասընթացից հետո ես ինձ չարչարում էի, որպեսզի թեմա գտնեմ, գրեմ և մասնակցեմ: Բայց դա այդքան էլ հեշտ չէր, ինչպես ես էի պատկերացնում: Ուղարկեցի նյութ, բայց չստացվեց, չընտրվեցի որպես  խոսնակ: Մի անգամ էլ հնարավորություն ստացա, մասնակցեցի նախընտրական փուլին, բայց էլի չստացվեց: Ու մի տարի հետո, ընկերներիցս մեկն էր ընտրվել որպես խոսնակ և պետք է ելույթ ունենար, իսկ ես ուզեցի աջակցող խմբի մեջ լինել և գնալ իրենց հետ: Հենց այնտեղ էլ իմացա, որ հնարավորություն է տրվում մասնակցել բաց խոսափողին և մեկ րոպեի ընթացքում  ներկայացնել ինձ հուզող թեման: Ես խոսեցի «աշխարհը գունավորելու մեր բաց թողած հնարավորության» մասին: Ես այդ մեկ րոպեն, որ գտնվում էի բեմի վրա, համարեցի  իմ այդքան չստացված փորձերի պատասխան պարգևը:

Անցան ամիսներ, ես արդեն ինձ բավարարված էի զգում, որ գոնե մեկ անգամ, էական չէ` ինչ պայմաններում, հայտնվել եմ բեմին: Բայց զանգ ստացա ինձ շատ հարազատ մարդուց, և նա ասաց ինձ, որ ես պետք է մասնակցեմ TedxYouth-ին, որպես խոսնակ: Ես չէի  կարողանում հավատալ, բայց «մտքի բումերանգը հետ եկավ տիեզերքից»:
Մասնակցել, լինել խոսնակ այնքան էլ հեշտ գործ չեր, եղան մասնակիցներ, որոնք ճանապարհի կեսից, չդիմանալով, լքեցին մեզ: Պատրաստվեցինք  երկու ամիս: Սովորում էինք տարբեր բեմական ու հռետորական հմտություններ: Բեմի վրա գեղեցիկ կանգնել, ճիշտ շնչել, կառավարել հուզմունքը, կառավարել ժեստերը և ամեն-ամեն ինչ: Իմ ելույթով ես բացահայտում էի հենց ստացված հանրային  ելույթի մի քան գաղտնիքներ, պատմում էի ականավոր խոսնակների հաջողության գրավականների մասին:
Ելույթ ունեցա:
Ինչ տվեց TedxYouth-ը ինձ:

  1. Նախ, որ կատարվեց երազանքս, ու ես հայտնվեցի այդ բեմում:
  2. Գտա իմ «երկվորյակին», (մեզ բոլորը այդպես էին անվանում այնտեղ, իմ ամենահարազատն է, նույնիսկ միջոցառման ժամանակ նրան իմ անունով ներկայացրին, շփոթելով ինձ հետ):
  3. Հուզմունքս, բերկրանքս դարձել էին արցունքներ ու  գնում էին աչքերիցս, ես առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում «երջանկության արցունքներ» ասվածը:
  4. Վերջում մենք մասնակցեցինք իմ սիրելի ռոք խմբերից մեկի` «Էմփիրեյի» համերգին:
  5. Եվ վերջապես, փորձ` ճիշտ խոսելու, չկաշկանդվելու, չամաչելու: Սիրեցի բեմը, հանդիսատեսին, նույնիսկ խոսափողը:

Տեսա երջանկություն մանրուքներում: Գտա այն 5 նախապայմանը, որը պակասում էր երջանիկ լինելու համար մինչև  Tedx-ը:  Եվ վերջապես` դա աննկարագրելի մեծ դպրոց էր:

Ի դեպ, քանի որ այլևս հանրային ելույթից չեմ վախենում, զետեղում եմ իմ այդ ելույթը այստեղ, գուցե ձեզ էլ օգտակար լինի:

«Բեմ ելնելուց առաջ մի քանի րոպե կանգնած էի կուլիսներում, և ինչքան մոտենում էր իմ հերթը, հուզմունքս ու տագնապս ավելանում էր: Արդեն մոռացել էի, թե ինչ եմ խոսելու, և որոշեցի հետ դառնալ: Հաղորդավարը թող խոսի, ներկայացնելուց հետո ես էլ արդեն էդտեղ չեմ լինի: «Կարևորը` փախնիմ տեսադաշտից շատ հեռու, հա, հենց ըդպես էլ կենեմ»: Որոշեցի, գլուխս վեր բարձրացրի, որ աննկատ փախնեմ, մեկ էլ ի՞նչ: Հաղորդավարը ինձ է նայում ու բեմ է կանչում: «Է՜, լավ էլի»:

Բարձրացա բեմ, վերցրի խոսափողը, ժպտացի ու սկսեցի խոսել, բայց թե ինչ, չեմ հիշում: Արագ-արագ խոսում էի, որ հասցնեմ ասել այն, ինչ կուտակված էր գլխումս: Եվ ահա վերջ մեկ րոպեին: Ես ավարտեցի խոսքս, իջա բեմից, ինձանից գոհ գնացի ընկերներիս մոտ, ու մոռացա ողջ եղածը: Միայն հիշում էի լույսերը, որ աչքերիս մեջ էին խոսելու ողջ ընթացքում:

Միջոցառումից դուրս գալուց, մի մարդ, որը արդեն իմ շատ լավ բարեկամն է դարձել, դիպավ ուսիս, ես շրջվեցի ու նա ինձ ողջունեց, ասաց, որ ելույթս շատ լավն էր, ու որ ես շատ անկեղծ էի: Ու հենց այդ խոսքերից էլ ես հասկացա, որ իմ խոսքը հասել է հանդիսատեսին, և այս հանդիպումը եղավ դրա վառ ապացույցը: Այստեղ ես հասկացա, որ իմ հաջողված ելույթի գրավականը եղավ իմ անկեղծությունը:

Ճիշտ է, իմ փորձը զիջում է հայտնի խոսնակների փորձին, բայց ինչպես պարզվեց, ես միակը չեմ, ում դեպքում անկեղծությունը ամենակարևոր գործոնն է:

Կարծում եմ, շատերդ  ճանաչում եք ռադիո և հեռուստամեկնաբան Լարրի Քինգին: «Խոսելն ինձ համար կարևորագույն ուրախությունն է կյանքում»,- ասել է  նա: Իսկ ձեր կարծիքով, ինչպե՞ս սկսեց նրա կյանքի հենց այդ «կարևորագույն և ամենասիրելի» շրջանը: Առաջին օրը նա տաղավարում նստած չէր կարողանում խոսել, նրան թվում էր, թե իր բերանը լցված է բամբակով: 15-20 րոպե ռադիոլսողները նրա ձայնի փոխարեն լսում էին երաժշտություն, մինչև որ տնօրենը գոռաց նրա վրա. «Այստեղ խոսել է պետք»: Լարրի Քինգը միանգամից սթափվեց և սկսեց իր ելույթը: Հանդիսատեսին էլ պատմեց, թե ինչ էր կատարվում այդ 20 րոպեների ընթացքում, և թե ինչպես հենց նոր իր վրա գոռաց ռադիոյի տնօրենը: Ու հանդիսատեսն ընդունեց նրան ու նրա անկեղծությունը:

Բայց սա միակ դեպքը չէր: Մի անգամ էլ Լարրի Քինգին նստեցրել էին հեռուստատեսությունում տեսախցիկի դիմաց` պտտվող աթոռին: Նա եթերում սկսեց հուզմունքից ծիծաղելի կերպով պտտվել, և երբ ի մի բերեց մտքերն ու սկսեց խոսել, նորից անկեղծացավ ու պատմեց, թե ինչ էր կատարվում: Ու ի՞նչ, անկեղծությունը նորից ընդունվեց:

Սթիվ Ջոբսի հարցում պատկերը համարյա նույնն է: Նա իր խոսքի ընթացքում պահում էր մի քանի հստակ կանոններ՝

1.Կապը հադիսատեսի հետ, 2.Բաց դիրքեր, 3.Խոսքը ժեստերով և 4. Անկեղծություն:

Սա` Սթիվ Ջոբսը, Լարրի Քինգը և ես:

Բայց շատերի համար հանրության առաջ հանդես գալը մեծ վախ է: Սա ամենատարածված վախերից է` երկրորդը մահվան վախից հետո:

Շատ հոգեբանների կարծիքով հանրության առաջ հադես գալու վախը ծագում է մարդու մոտ դեռ մանուկ հասակից: Բոլորիս հետ էլ եղել են դեպքեր, երբ մեր ծնողները փակում են մեր բերանը, ասելով, որ գեղեցիկ չէ, երբ մենք բարձր ենք խոսում, կամ` չի կարելի խառնվել մեծերի խոսակցությանը, կամ` լռիր, կխոսես, երբ քեզ կհարցնենք: Եվ այս ամենը հոգեբանների պնդմամբ ազդում են հետագայում երեխայի խոսքի արտահայտման վրա: Հնարավոր է: Ես համոզվել եմ դրանում իմ փորձից: Սկզբնական շրջանում, և նույնիսկ դպրոցում, «ինչպես խոսել» կամ «ինչ ասել, որ լսեն» հարցերը շատ էին ծագում, երբ նայում էի դիմացիս լսարանին ու տեսնում, որ միայն իմ հասակակիցները չեն ինձ լսելու, այլ նաև մեծերը: Տարբեր հայացքներ, և դրանցից շատերը ցույց են տալիս մարդկանց տրամադրվածությունը և, ամենակարևորը, որ քո խոսքից հետո փոխվում են անտարբեր հայացքներից շատերը:

Ամփոփելով ելույթս, կասեմ. վախը մեր կողմից ընկալվող իրավիճակ է, որում վտանգի են ենթարկվում մեր հանգստությունն ու ապահովությունը:

Հանրության առաջ հանգիստ է և ապահով, հավատացնում եմ, եթե իհարկե հանդիսատեսը զինված չէ լոլիկներով»:

Սահադաշտը ծիծաղ է և ուրախություն

Անցյալ ձմեռ Գյումրիում քրտնաջան աշխատանքի շնորհիվ սահադաշտ պատրաստվեց: Ես այդ փաստից անչափ ուրախացել էի և այն փոքրիկ հաղթանակ համարեցի իմ քաղաքի համար, որովհետև քաղաքս հետ չմնաց մյուսներից և իր սեփական սահադաշտը ունեցավ: Հիշում եմ, հաճելի եւ գեղեցիկ տեսարան էր: Այնտեղ գտնվող բոլորի դեմքին ժպիտ կար: Իսկ Գյումրիում ամենաշատը ժպիտն է պակասում:

Ահա և եկավ 2016 թվականը: Կրկին մեծ ջանքեր ու աշխատանքեր էին կատարվում, որպեսզի այս տարի ևս սահադաշտ ունենար Գյումրին: Ես շատ էի վախենում, որ այս անգամ չի հաջողվի կամ չենք հասցնի, բայց դրա հետ մեկտեղ վստահ էի, որ ամեն բան կստացվի, և օրեր անց մենք էլ կունենաք մեր սահադաշտը:

Եղանակն էլ մեր դրության մեջ մտնում էր և աջակցում էր, որովհետև նրա դերը այդ գործում մեծ է: Ես անպայման կկիսվեմ ձեզ հետ մեր սահադաշտի գալիք ճակատագրով, կունենա՞նք արդյոք այս տարի սահադաշտ, թե ոչ: Ձմռան վերջին ամիսն է:

Անցան օրեր, և ահա լուրեր տարածվեցին, որ աշխատանքները ավարտված են, ամեն բան հաջողված է, սահադաշտերը պատրաստ են: Այո, այո, սահադաշտերը: Գյումրին այս տարի մեկի փոխարեն երկու սահադաշտ ունեցավ երկու տարբեր թաղամասերում: Երջանիկ էր քաղաքը, երջանիկ էին երիտասարդները, երեխաները, երջանիկ ու հպարտ եմ ես, որ հենց այս քաղաքից եմ, թեկուզ փոքր, բայց կարևորը, ջերմ ու հարազատ քաղաքից: Թեև այդքան դժվարություններին, որի միջով անցել և շարունակում է անցնել Գյումրին: Սահադաշտը ուրախություն է, ժպիտ, ոգևորություն, ծիծաղ, ինչը այնքան շատ է պակասում մեր քաղաքին: Ձմեռը շարունակվում է, սահադաշտ այցելողները չեն պակասում:

mariam ghukasyan

Կրկնվող հարցեր

Այս տարի կլրանա յոթ տարին, ինչ հաճախում եմ դաշնամուրի: Հասկացաք, չէ՞ ինձ: Չգիտեմ, ինչպես, բայց մեծահասակների մեծ մասը ինձ գրեթե ամեն օր նույն անսպասելի, զարմացնող և իրենց շա՜տ հետաքրքրող հարցեր են տալիս: Ստորև ներկայացնում եմ հետևյալ հարցերի շարքը.

Հարց համար 1.

-Մարիամ ջան, հըմի կըսես՝ քանի՞ տարի կերտաս դաշնամուրի:

-Յոթ:

-Ահա, շատ է:

-Հա դե, դաշնամուրային բաժինը յոթ տարի է, բայց կան դպրոցներ, որոնք հինգ են, իսկ լրացուցիչ ցանկության դեպքում՝ ութ տարի կըրնաս երթաս:

-Դե ըսա՝ դաշնամուրի ծլնգոցը (դաշնամուրը ախր չի ծլնգում, այն նվագում է) կլսեմ, բայց դե սաղ օրը կնվագես, դուրս արի քիչըմ:

-Ըհնց,-վերջացրի ես:

Հարց համար 2.

-Մարիամ ջան, հըմի կրնա՞ս երկու ձեռով նվագես:

-Հա՛, հա՛, անշուշտ:

-Դե հլը, մե բանըմ նվագե:

-Նվագեմ:

Սկսում եմ նվագել Մ.Ի. Գլինկայի «Մելոդիկ վալս»-ը ստեղծագործությունը ու…

-Վայ, էս ի՞նչ լավ կնվագես, ես չիդեյյ… Լավ է, բալ ջան, դու նվագե, դառի դաշնակահար, ես էրթամ գործերս էնեմ:

Հարց համար 3.

-Էս էրեխեն սաղ օրը կնվագե: Մե կտրեք էդ գործիքից, թող դուրս ելնի խաղա, թթվածին շնչե, շատ մեկուսի է:

«Ես՝ մեկուսի՞,- մտածում եմ ես,- չէ , չէ, չէ»:

Հարց համար 4.

-էս ի՞նչ է, ազիզ ջան:

-Նոտա:

-Նոտա՞: Բա, այ սիկ, սի՞կ ինչ է:

-Սոլի բանալին, ցույց է տալիս առաջին օկտավայի սոլ նոտայի տեղը:

-Բանալի՞: Բա էս սոլի բանալիով ի՞նչ կբացես, ձեռդ հեչ չենք տեսել:

-Հը՞,- ծիծաղեցի ես:

Հարց համար 5.

-Հլը մի հատ «Իմ ախպերը» ռուսերենով նվագե: Չէ լավ ՝ «Ջան Գյուլումը»: Կրնա՞ս:

-Ես ըդպես բաներ չեմ նվագե:

-Բա ի՞նչ կնվագես:

-Դասական երաժշտություն:

-Հեչ ո՞վ են էդ դասականները, մե քանիմ հոգու սա:

-Շուբերտ, Բախ, Լիստ, Ռախմանինով, Բեթհովեն, Մոցարտ, Չայ…

-Լավ, հերիք է: Մյուս անգամ կսորվիս սածներս:

-Անպայման:

Ու այսպես շարունակ…

Հ.Գ. Եթե ձեզնից որևէ մեկի հետ այսպիսի դեպք եղել է, ապա ցավում եմ, իսկ եթե ո՛չ, հավատացեք՝ կլինի:

 

davit ayvazyan

Երկրաշարժից առաջ և հետո

Հարցազրույց տատիկիս` Աիդա Մինասյանի հետ

Լուսանկարը` Դավիթ Այվազյանի

Լուսանկարը` Դավիթ Այվազյանի

-Տատիկ, խնդրում եմ պատմես քո մասին. որտե՞ղ ես ծնվել, որտե՞ղ ես սովորել:
-Ծնվել եմ Գյումրիում, սովորել եմ Սունդուկյանի անվան համար 20 դպրոցում:

-Ի՞նչ
հուշեր ունես դպրոցից, ինչպիսի՞ն էր այն ժամանակ կրթական համակարգը, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները, երեխաների վերաբերմունքը դպրոցին, կրթությանը:
-Ամենալավ հիշողությունս այն էր որ մեր վերջին զանգը անցկացրեցինք Արագածի լանջին և դիմավորեցինք լուսաբացը, նաև գնացինք Հառիճի վանք ու մասնակցեցինք Պատարագին, ստացանք օրհնություն սրբազանից: Կրթական համակարգը անվճար էր և ստանում էինք լիարժեք գիտելիք: Աշակերտները մեծ հարգանք էին տածում ուսուցիչների նկատմամբ, կրթության ու դպրոցի հանդեպ սեր ունեին:

-Կարո՞ղ ես համեմատություններ անել այն ժամանակվա և հիմիկվա դպրոցի, ուսուցչի, աշակերտի միջև:
-Այն ժամանակ դպրոցներում ավելի խիստ էր, քան հիմա, ուսուցիչները ավելի լիարժեք գիտելիքներ էին տալիս, դպրոցի գիտելիքներով կարող էիր ընդունվել բուհ, իսկ հիմա առանց պարապելու երեխաները չեն կարող ընդունվել, իսկ աշակերտները ավելի պատասխանատու էին:

- Որտե՞ղ ես ստացել բարձրագույն կրթություն և ի՞նչ մասնագիտությամբ: Ինչու ես ընտրել բանասերի մասնագիտությունը:
- Բարձրագույն կրթություն ստացել եմ Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: Դեռ մակուց սիրում էի եղբորս ու քրոջս դաս սովորեցնել, շատ էի  սիրում լեզուն և գրականությունը, դրա համար որոշեցի դառնալ բանասեր:

-Որտե՞ղ ես աշխատել:
-Միկրոէլեկտրաշարժիչ գործարանում որպես ինժեներ:

-Ինչո՞ւ մասնագիտությամբդ չես աշխատել:
- Ուսուցիչ աշխատելու համար մեծ հերթեր էին: Հերթագրվել էի ու աշխատեցի գործարանում մինչ որ գա հերթս, բայց հետո ամուսնացա ու էլ չաշխատեցի դպրոցում:

-Քանի՞ տարի ես աշխատել, ինչ էր անում ձեր գործարանը: Ե՞րբ և ինչո՞ւ դադարեց աշխատել:
-Աշխատել եմ 25 տարի, պատրաստում էինք միկրոշարժիչներ, երկրաշարժին փլվեց հիմնարկը:

-Ե՞րբ  ես ամուսնացել և ինչու հենց պապիկի հետ: Որտե՞ղ եք ծանոթացել:
-Ամուսնացել եմ 1971 թ-ին, շատ բարետես, խելացի ու աշխատասեր տղամարդ էր: Նրա հորեղբոր տղան իմ համակուրսեցին էր, երբ կուրսով գնացինք նրա Նոր տարին շնորհավորելու, այդ ժամանակ էլ ծանոթացանք: Նա ինձ հավանել էր: Եկան խնամախոս, հետո ամուսնացանք:

-Հիշո՞ւմ ես 88-ի երկրաշարժը: Կպատմե՞ս այդ օրվա մասին: Քո շրջապատում զոհեր կայի՞ն:
-Այո, իհարկե: Աշխատում էի, պատրաստվում էինք ընդմիջման: Այդ պահին ուժեղ դղրդոց եկավ, ու պատերը սկսեցին ճաքել: Հետո էլ բան չեմ հիշում: Ուշքի եկա, փլատակների տակ էինք: Մի կերպ դուրս եկանք փլատակների տակից: Մեր գործարանից զոհվել էր 45 մարդ:

-Երկրաշարժից հետո որտե՞ղ էիք ապրում, ի՞նչ պայմաններում, ինչպե՞ս էիք գոյատևում:
-Ապրում էինք տնակում, վատ պայմաններում, տնակում ապրողներին օգնություն էին բաժանում: Չեմ էլ ուզում հիշել:

-Որտե՞ղ են ապրում հիմա  երեխաներդ, աշխատանք ունե՞ն:
-Տղաս ապրում է ինձ հետ, աղջիկս իր ամուսնու հետ, տղաս սանտեխնիկ է, իսկ աղջիկս
պանրագործ:

-Կյանքը այսօր Գյումրիում ինչպիսի՞ն է: Ի՞նչն է քեզ դուր գալիս, ի՞նչն է վշտացնում:
-Որ Գյումրին զարգացել է երկրաշարժից հետո, դա ինձ դուր է գալիս, սակայն չկա երիտասարդության համար բավարար աշխատատեղեր, ու երիտասարդները ստիպված են լքել երկիրը կամ քաղաքը` աշխատանք գտնելու համար: Ամուսինս` քո պապիկը, ազատամարտիկ է եղել, ու չէի ուզենա, որ իր թափած արյունը զուր կորչեր:

-Ինչպիսի՞ն կուզեիր տեսնել քո թոռների ապագան:
-Շատ կուզեի, որ ունենան լուսավոր ու պայծառ ապագա, ու հասնեն իրենց բոլոր նպատակներին:

Ո՞րն է իմ շահը

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Մի օր արձակուրդներին պետք է գիշերեի տատիկիս տանը: Պատահականություն չէր երևի, հենց այդ երեկո պետք է Ամասիայի Սուրբ Գևորգ եկեղեցու երիտասարդաց միության շրջանակներում Սուրբ Ծննդի կապակցությամբ նվերներ բաժանեինք Ամասիայի  երեխաներին: Ստացվեց այնպես, որ  այդ աշխատանքը շատ երկար տևեց, ու ես ամբողջ օրը  մի խումբ երիտասարդների հետ տնետուն շրջելով նվերներ էի բաժանում: Սա տևեց մի ամբողջ օր, մինչև ուշ երեկո: Դե, գիտեք, Ամասիայի ձմեռը: Ավելի ճիշտ, շատ հեռու է քաղաքաբնակների պատկերացումներից: Ձյուն` 1-3 մետր բարձրությամբ, ջերմաստիճանի անկում մինչև -30 աստիճան: Բնականաբար ճանապարհները, մեղմ ասած, անանցանելի էին, ու  մենք կտրելով անցնում էինք մինչև գոտկատեղ հասնող ձյան միջով: Բայց չէր տրտնջում մեզանից և ոչ մեկը: Մենք բաժանեցինք նվերները: Արդեն շատ ուշ էր, ու ես վերադարձա տուն: Մտա տուն, մինչ վերարկուս էի հանում, նկատեցի, որ տատիկս երկար ինձ է նայում: Որոշեցի սպասել մինչև կխոսի: Ու խոսեց.

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

-Բալա ջան, էսքան որ կտանջվիս, քյարդ ո՞րն է:
Ես ճիշտն ասած, շատ զայրացա այդ հարցից, բայց զսպեցի ինձ: Որոշեցի գոռալու  փոխարեն բացատրել, թե «քյարս որն է»:
-Տատ, արի նստի, հլը:  Լսե, էս կյանքում կարևորը քյարը չէ: Էն, որ դու մարդուն, փոքրիկ մարդուն, ժպիտ կպարգևես, ու ինքը երջանկությամբ ու հույսով լի աչքերով քեզի կնայե, հավատա, դուրից ավել քյար հնարավոր չէ ունենալ: Էն, որ ես գուկամ մոտդ, ու դու ընձի գրկաբաց կընդունես, դիկ է իմ  ուրախությունս, այլ ոչ էն, որ դու քո թոշակիցդ ընձի բաժին կհանես: Է՜ տատ ջան, դու շատ լավ ընձի կհասկնաս:
Տատիկս ժպտաց, գրկեց գլուխս ու.
-Վա՜յ, բալես, բալես…

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Ժամանակից շուտ

Մի քանի ամսից հրաժեշտ եմ տալու դպրոցիս: Երբեք չէի մտածի, որ այդ փաստը կարող է ինձ տխրեցնել: Եղել են պահեր, երբ դժգոհել ու բողոքել եմ դպրոցից, դասերից: Չեմ ուզեցել հաճախել, սովորել, բայց հիմա եմ հասկանում, որ սխալ եմ եղել: Կարոտով եմ հիշում դպրոցական տարիներս, որոնք էլ չեն կրկնվելու: Անկեղծ կլինեմ և կխոստովանեմ, որ սկսել եմ փոքրիկներին բարի նախանձով նախանձել, որովետև նրանց համար նոր են սկսվելու դպրոցական հաճելի ու գեղեցիկ տարիները, իսկ ինձ համար արդեն ավարտվում են: Կապվել եմ դպրոցիս հետ, ամեն մի անկյան, ամեն մի դասասենյակի հետ, ուսուցիչներիս մասին էլ չեմ խոսում, ովքեր ինձ համար միայն ուսուցիչ չեն եղել, այլ նաև ծնող, ընկեր, հոգեբան: Չեմ ուզում բաժանվել նրանցից, արդեն պատկերացնում եմ, թե վերջին դասին ինչքան եմ տխրելու ու արտասվելու, բայց միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ ինձ բախտ վիճակվեց սովորել հենց այս դպրոցում, հենց այս ուսուցիչների հետ և հենց այն երեխաների հետ, որոնք հիմա իմ դասարանի մասն են կազմում: Նրանց շնորհիվ ես հիշելու շատ բան կունենամ, նրանց շնորհիվ լավ հիշողություններով կավարտեմ այս տարիները և, ի վերջո, նրանց շնորհիվ ես շատ բան հասկացա և սովորեցի: Շնորհակալ եմ:

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լայն բացված աչքերով

Բացեցի աչքերս, տեսա աշխարհը ու, զարմացած աշխարհի գեղեցկությամբ, միանգամից սիրեցի կյանքը: Փորձեցի աչքերս ավելի լայն բացել, որ ավելի շատ բան հասցնեմ տեսնել: Տեսա փայլող արևը, գեղեցիկ բնությունը, զգացի, թե ինչ է կյանքը: Ուրախացա, երբ տեսա առաջին ձյունը: Իմ կյանքում անցել է 15 ձմեռ, բայց ամեն անգամ կարծես առաջին անգամն է: Ես ավելի շատ ձմեռն եմ հիշում, որովհետև իմ հայրենի Ամասիայում ձմեռները երկար են, ցրտաշունչ ու անչափ գեղեցիկ: 

Ուրախացա, երբ տեսա անձրևի առաջին կաթիլները, ուզեցի վազել անձրևի տակ և թրջվել: Մարդը կյանքի ընթացքում սկսում է չնկատել այդ գեղեցկությունը, քանի որ զբաղված է լինում տարբեր գործերով, բայց հենց գալիս է մարդու կյանքի վերջին պահը, մարդը նմանվում է նորածին երեխայի. լայն է բացում աչքերը, որ ավելի շատ բան հասցնի տեսնել: Նայում է այն ամենին, ինչին որ ուշադրություն չէր դարձրել իր կյանքի ընթացքում, էլի է հիանում կյանքի գեղեցկությամբ ու հեռանում կյանքից: