marat sirunyan

Անթառամ

Արյունը եռում էր երակներում, սեր էին տալիս ու առնում… Քանի՜ տարի էր. դեռ մայլում ցեխերով խաղալու ժամանակներից միասին էին: Էն ժամանակներից սիրեցին իրար, ու սերն աշխարհից թաքուն պահած՝ եկան հասան էս օրվան…

Տղեն էր աղջկան էդ գիշերով կանչել էն պզտիկ ձորակը, որ իրենց հանդիպավայրն էր դարձել… Էլ ի՞նչ Շամիրամի կախովի այգի, էլ ի՞նչ Շիրազի ծաղկաստան… Էդ անտառի ծառերը թե իմանային իրենց գյուղի հող ու ջրի մասին, իրենց հողից խռոված ոչ թե գլուխները կախ կգցեին, այլ ճյուղերից մի-մի թոկ կսարքեին ու ճտերին գցելով՝ կկախվեին ու կչորանային… Ի՞նչ ծաղիկի բույր կհասներ իրիկվա շաղից թրջված անթառամի ու գեղանի կույսի բուրմունքին և կամ նոր հնձած չոր խոտի տաք ու անուշ բույրին… Չէ՜, դրանցից Սաադին էլ իր ծաղկաստանը կուրանար… Բայց էս օրն ուրիշ էր. էսօր մի տեսակ վերացել էին աշխարհն էլ, մարդիկ էլ, էսօր սիրուց չէին ամաչում, էսօր բարքաձևերն էին վերացել… Իրենք մեկ էին դառնում… Աշխարհից թաքուն՝ իրենց աշխարհում. մինչև այդ արգելվածն արդեն իրենց սիրտն էր ջերմացնում, մերկ մարմիններն իրար էին ձուլվում ու համբույրների առատությունից հալվում էր գեղանին, ու իր կուսությունն էր արդեն խառնվում գիշերվա անթառամ բույրին ու հառնում վեր, դիպչում աստղերին, որ աղջկական ամաչկոտությամբ էին նայում երկնքից…

Գիշերն անցավ, հնձվորները, որ ձորակի մոտով էին անցնում, նայում էին տրորված խոտին ու ափսոսանքով անցնում… Ամբողջ օրն անցավ, իրար չտեսան: Ճար չեղավ գիշերը նորից ժամադրվելու… Աղջկա հոր սիրտը կասկած էր ընկել, ու էդ զգաց նաև տղեն: Հաջորդ օրը ծնողներին առավ ու աղջկա տուն էկան խնամախոս… Աղջկա հոր սիրտը, որը մինչև այդ էլ կասկածի կայծ էր ընկել, կատաղությունից բոցկլտաց… Չէ՜ ասավ ու չտվեց… Զարմացած ու վիրավորված տղի ընտանիքն էլ ելավ ու գնաց՝ խոսք դնելով, թե իրենց կողմից, թե էլ էդ տուն ոտ դնող լինի, իրենց պատիվը գետնին էղնի… Աղջիկը, որ մինչև այդ յոթ երկնքով անցել ու երջանկության մեջ էր ապրում, մեկից կտոր-կտոր էղավ, ու յոթ երկնքով, որ անցել էր, մեկեն ցած ընկավ, եղած մի իրական երկինքն էլ գլխին փուլ էկավ…

Ջահել սիրածների ընտանիքները թուր ու թվանք դառան, թշնամացան… Աստղերի չափ երազանքները մեկեն փշուր-փշուր եղան…

Ինչ լացեց ու աղաչեց, հոր սիրտը փափկեցնել չեղավ, տեղը ծեծն ու ջարդն ավելացավ, էդ ոչինչ… Օրեր ու ամիսներ անցան… Ոչ տղի հետ էղնելու ճար գտան, ոչ վերքերին դեղ… Դեկտեմբերի կեսն էր, ձունը քիչ թե շատ էկել էր, նորից էր գալիս… Աղջիկը հոր աչքից մի կերպ փախավ ու ճամփա ելավ, գնաց, ձորակին հասավ: Աչքը գցեց էդ կողմ, ու սիրտը հազար կտոր էղավ. ձուն էր ձորի մեջ, անմեղ, ճերմակ ձուն:

Իրեն հիշեց, իր անմեղ աղջկությունը… Դառնացավ, նորից մեռավ ու հետ եկավ, էլի գնաց… Գնաց-գնաց, լեռնոտ մուժի մեջ կորավ… Շատ էր անցել, թե քիչ, մի ճիչ լսվեց, ու երկու բարձր ժայռերի արանքում, ուր սառնորակ ջրի ակ կար, ձյան անարատ ճերմակը կարմիր դառավ… Մեռած տեղից գոզալն իրեն հիշեց, որ աղջկությունն էլ չկար… Ձուն էկավ, ուժեղ ձուն ու ծածկեց գյուղը… Օրեր անցան, աղջիկը չկար, շաբաթներ՝ չկար… Ոչ ինքը կար, ոչ՝ մի լուր… Տղեն էլ իմացավ, որ աղջիկը չկա, սիրտը լավ բան չվկայեց, բայց վախեցավ չար բան մտածել… Չնայած՝ էլ մտածելու ուրիշ բան չկար…

* * *

Գարնան հետ ոչխարի հոտը սարերը տանելու ժամանակն էլ եկավ: Հովիվը տարավ հոտն ու դեմ արեց սեգ ժայռերին, ինքը գնաց՝ տեսնի՝ պաղ ախպուրներ զուլա՞լ են, թե՞ հելե՝ չէ… Գնաց ու զարմանքն ու վախը մեկտեղ կդրավ… Աղջկա հոտած մարմինն էր աղբրի ակի մոտ ընկած… Հա՜յ, հարա՜յ… Էլ ի՞նչ օգուտ… Տարան թաղեցին, լաց եղա՜ն, թե՞ չէ ու… Մոռացան…

Է, տղին ի՞նչ… Էրիկմարդուն ի՞նչ կա. հարըրի հետ կպտտի, հարուր մեկերորդին կառնի… Առաջին էրիկ Ադամն իսկի չեղած տեղից երկու կնիկ ունեցավ…

Էն տղեն էլ կարգվավ… Մի օր էլ հունձի օրեր էին… Տղեն իր կնկա հետ արտի ճամփեն բռնին… Գնացին, հասան, քիչ ու շատ գործ արին, ծարավան: Կնիկն ուրիշ տեղից էր, պաղ աղպուրի տեղը չգիտեր, ու մարդը գնաց ջրի… Գնաց ու ժայռերի արանքը մտնելով՝ մոռացավ, թե գալն ինչի՞ էր… Նստավ աղբրի մոտ լացեց ու մղկտաց: Տարիները հիշեց, էն գիշերը, մեղավոր ըզգաց, լվացվելն էլ չմաքրեց: Արցունքներով հարմեց ջուրն էլ ու խռոված գնաց…

- Աղպուրը ցամքել էր…,- մռմռաց առանց կնկան նայելու, ու գերանդին անխղճորեն գլխատեց խոտերի մեջ թաքնված անթառամները…