Աշակերտների կրթվելու հնարավորությունները Գավառի տարածաշրջանում

Օրերս մասնակցեցի «ՀՀ մարզերի երիտասարդներն ունեն որակյալ կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները» թեմայով բանավեճին: Թեման առիթ դարձավ գնահատելու Գավառում կրթություն ստանալու մեր հնարավորությունները: Խոսքն այս դեպքում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մասին է: Բանավեճի ընթացքում մեր թիմը, որն ուներ «Համաձայն ենք» դիրքորոշումը, բերեց բազմաթիվ փաստեր, որոնք ցանկանում եմ ներկայացնել այստեղ:

Կարծում եմ, որ Գավառի տարածաշրջանում կան այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս մեր աշակերտներին մրցունակ լինել մայրաքաղաքում սովորող աշակերտների հետ: Իհարկե, մայրաքաղաքում կան այնպիսի դպրոցներ, որոնք, կարծում եմ, դուրս են մրցակցությունից՝ իրենց ունեցած նյութական և մասնագիտական հնարավորություններով: Դրանց թվին կարելի է դասել «Այբ» և «Ֆիզմաթ» դպրոցները, «Քվանտ» վարժարանը, Ֆրանսիական քոլեջը և այլն: Բայց հանրակրթական դպրոցների տված գիտելիքի առումով, կարծում եմ, մեր տարածաշրջանը չի զիջում մայրաքաղաքին:

Եթե կրթության որակի մասին դատենք համապետական մրցույթների արդյունքներով, ապա կարող ենք փաստել, որ մարզերի երեխաները նույնպես հաճախակի հաջողություններ են գրանցում: Այդպիսի մրցույթներից են՝ «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ», «Պատանի մաթեմաթիկոս» և այլ մրցույթները: Օրինակ՝ այս տարի «Մեղու» մրցույթի 4-րդ դասարանի 5 հաղթողներից 4-ը մարզերից են, որոնցից մեկը՝ Գավառի համար 4 հիմնական դպրոցից: Այս մրցույթներում Գավառի տարածաշրջանից ունեինք «Հատուկ մրցանակի» և «Լավագույն արդյունքի» արժանացած բազմաթիվ աշակերտներ:

Իհարկե, նշված մրցույթներում բարձր արդյունքներ ապահովելը միգուցե բավարար չէ կրթության որակի մասին դատելու համար, բայց դա էական նշանակություն ունի: 

Իսկ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր քաղաքում բազմաթիվ են: Ես և իմ հասակակից շատ երեխաներ մասնակցում ենք նմանատիպ դասընթացների: Մասնավորապես, Գավառում 2008թ.-ից Գեղարքունիքի և Ֆրանսիայի Իզերի մարզի համագործակցության շրջանակներում ամռան ամիսներին դպրոցակաների համար անցկացվում են ֆրանսերենի անվճար դասընթացներ: Դասընթացավարները «Ֆրանս Ֆորմասիոն Ինթերնեյշնել» կազմակերպության Եվրոպայում վերապատրաստված երիտասարդ մասնագետներն են:

2014-2016թթ. Գավառում իրականացվել են անգլերենի անվճար դասընթացներ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Գավառում աշակերտների համար բազմաթիվ դասընթացներ են կազմակերպվում «Վորլդ Վիժն Հայաստան» Գավառի ՏԾ-ի նախաձեռնությամբ կամ աջակցությամբ: Դրանք ընդգրկում են «Շահերի պաշտպանություն», «Նորարարություն և ստեղծարարություն», «Բանավիճելու հմտություններ» թեմաները և ոչ միայն:

Իսկ առցանց ուսուցման հնարավորությունները հասանելի են բոլորին: Այս նպատակով ինքս օգտվում եմ edx.org և coursera.org կայքերից:

Ամփոփելով՝ ասեմ, որ մեր տարածաշրջանում կան կրթվելու բազմաթիվ հնարավորություններ: Դրանցից օգտվելու համար անհրաժեշտ են ընդամենը ցանկություն ու աշխատասիրություն: