Ապրիլն ապրածը

Ռուբեն ու Օնիկ Մանուկյան եղբայրները միասին ապրիլյան ծանր օրերին ամենաթեժ գծում էին՝ Ջրակնում (Ջեբրայիլ): Նրանք երկվորյակ չեն, բայց ծառայել են միաժամանակ և նույն զորամասում: Զրուցում եմ Ռուբենի հետ:

-Ձեր մեջ կա տարիքային տարբերություն: Ինչպե՞ս ստացվեց, որ միաժամանակ և նույն զորամասում ծառայեցիք:

-Չնայած ես տարիքով փոքր եմ, բայց ավելի շուտ գնացի ծառայության, եղբայրս էլ հիվանդության պատճառով մեկ տարով տարկետման մեջ էր: Հետո զանգեցի, ասացի՝ ա՛յ տղա, մենա՞կ ես թողում ախպորդ, արի՛: Ու դրանից հետո երևի ինքն էլ ավելի վստահ դարձավ որոշման մեջ ու եկավ: Ես Ղարաբաղում էի ծառայում, ինքն էլ դիմում գրեց` բերեցին մոտս:

-Ինչպիսի՞ն էր բանակային կյանքը ձեզ համար:

-Իրականում ինչպես պատմում են, հեռվից լսում ու տեսնում ես՝ այդպես չի: Մինչև չես գնում, չես դառնում էդ ամեն ինչի մի մասնիկը, չես հասկանում ծառայության լրջությունը: Ամեն ինչ ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում:

-Երկուսով ծառայելը ի՞նչ դրական ու բացասական կողմեր ուներ:

-Դրական կողմերը շատ էին: Միշտ իրար հետ էինք, մեկս մյուսին թև ու թիկունք էինք ցանկացած պարագայում: Ծնողներն էլ ավելի հանգիստ էին: Բացասականն էլ այն էր, որ ոնց քեզ ես նայում, նույն ձևով էլ եղբորդ պետք է ուշադիր լինես, եթե պահը գա, իր արածների համար էլ պետք է պատասխանատվություն կրես: Դե՜, անկեղծ ասեմ՝ մեր միջի «նայողն» էլ ես էի:

-Միասին կռվել եք նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Պատրա՞ստ էիք արդյոք դրան և ի՞նչ զգացումներ ունեիք այդ օրերին:

-Ամեն ինչ շատ անսպասելի եղավ. չէինք սպասում այդ կարգի լուրջ կռվի: Բայց որ սկսվեց, արդեն ուզած-չուզած հավաքվեցինք, ամբողջովին կենտրոնացրինք մեր ուժերը ու կռվեցինք:

Այդ պահին արդեն ոչ մի բանի մասին չէինք մտածում: Մեզ մենակ հաղթանակ էր պետք: Կարելի է ասել, վախը թողած զորամասում, մենք բարձրացել էինք դիրքեր: Մարտական ոգին տեղն էր: Փախուստ չունեինք, բոլորս էլ մեր ուժերի չափով առաջ էինք գնում:

-Ինչպիսի՞ն էր ընդհանուր վիճակը ձեր դիրքերում:

-Առաջին, երկրորդ օրերին վատ էին պայմանները: Միայն զենք ու փամփուշտ կար, ու լարվածությունն էլ այնքան մեծ էր, որ մեզ մենակ դրանք էին պետք: Էդ էր մեր հացն ու ջուրը: Բայց հետո ջրի, ուտելիքի ու հագուստի հարցն էլ լուծվեց:

Ընկերներ ենք կորցրել ու լավ ընկեր հրամանատարներ… Հիմնականում տագնապը առաջանում էր, երբ մեր մարտական ամուր ոգի ունեցող հրամանատարները անհայտ կորած էին համարվում կամ զոհվում էին… Ամեն կորցրած ընկերոջ հետ մեզնից ինչ-որ բան ոնց որ պոկվեր, գնար: Մտնում էինք զորամաս ու ինքնաբերաբար իրենց էինք փնտրում, բայց…

Մենք էլ մեր մաշկի վրա ենք զգացել կյանքը կորցնելու վտանգը, սկսել ենք ավելի շատ գնահատել կյանքը ու դրա գինը իրոք հասկացել ենք:

-Որքան էլ ծանր ու դժվար շրջան էր բոլորիս համար, բայց սահմանին, ձեր ընկերների հետ ինչպե՞ս էիք փորձում ցրել լարվածությունը:

-Անկախ ամեն ինչից աշխատում էինք կատակներով տրամադրությունը բարձր պահել, որ գոնե հանգիստ ժամանակ շատ չմտածեինք իրավիճակի մասին: Հաճախ լրագրողներ էին գալիս, նկարահանում էին, խոսում էինք: Դա էլ էր շատ օգնում: Տանն էլ տեսնում ու մի քիչ հանգստանում էին, որ ամեն ինչ կարգին է:

-Ի՞նչ փոխեց բանակը ձեր մեջ, և ըստ ձեզ, ի՞նչ նշանակություն ունի այն յուրաքանչյուր տղայի կյանքում:

-Բանակը, իրոք, առանց չափազանցնելու, շատ բան է փոխում: Մարդու բնավորությունը, մտածելակերպը, ավելի հասունացած ես հետ գալիս, շատ հարցրերի սկսում ես ավելի հանգիստ ու լուրջ վերաբերվել: Բանակը տղայի համար ճիշտ տեղ է: Երբ ծառայում ես, ավելի կամային ես դառնում, կյանքի դժվարությունները հաղթահարել ես սովորում:

-Ձեր պապիկը զինվորական է եղել: Կցանկանայի՞ք շարունակել նրա ուղին:

-Ո՛չ (ասաց կտրականապես): Չեմ սիրում բանակային կյանքը, չեմ ցանկանա աշխատել այդ ոլորտում: Չնայած, Աստված չանի, եթե նորից իրավիճակը լարվի, ես էլ, եղբայրս էլ մեր ընկերների հետ պատրաստ ենք սահման գնալ:

-Ձեր եղբայրը մեդալի ու շնորհակալագրի է արժանացել: Մի փոքր պատմեք դրա մասին:

-Օնիկը «Դրաստամատ Կանայան» շքանշանի է արժանացել` այդ չորս օրը անձնվեր ծառայելու, ընկերներին փրկելու, ճիշտ կողմնորոշվելու ու իրավիճակը լավ գնահատելու համար: Քաջության համար…

Երբ մեր ընկերներից մեկը վիրավորվել էր չեզոք գոտում, Օնիկը, իրեն վտանգելով, մտել ու դուրս էր բերել վտանգավոր դիրքից: Բայց, ցավոք, մեր ընկերը չապրեց…

Բոլոր տղաներին խորհուրդ կտամ գնալ ու ծառայել: Չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել ծառայության, բանակի վերաբերյալ, բայց, հավատացե՛ք, ամեն տղա իր կյանքում պետք է անցնի այդ փուլը, որ կյանքի մնացած հատվածը ավելի ուժեղ անցկացնի:

Զինվորը չի քնում, նա միայն հանգստանում է…