Ani harutyunyan

Բարև, Վարդան

-Դե՛ կտեսնեք, մեր հավաքականը աշխարհի չեմպիոն ա դառնալու ու բոլորի բերանը փակի…

Վարդանը ամբողջ սրտով հավատում էր հավաքականի հաղթանակներին, երբեք ոչ մի խաղ բաց չէր թողնում…Վարդանը նաև հավատում էր Հայաստանի առաջնությանը, հավատում էր «Արարատ»-ին՝ իր ամենասիրելի թիմին: Նրա հետ նույն դպրոցում եմ սովորել։ Չնայած միշտ վիճում էինք, բայց առանց իրար բարևելու՝ օրներս չէր անցնում: Մեր հիմնական թեման ֆուտբոլն էր, Բարսելոնան: Թեև ինքն էլ է Բարսելոնայի երկրպագու, բայց հոգուս հետ խաղալու համար միշտ մի անուն կպցնում էր թիմին։ Նրա հետաքրքրությունները միայն ֆուտբոլով չէին սահմանափակվում. միշտ ամեն ինչից տեղեկացված էր։
Հիմա նա բանակում է: Իր ցանկությամբ որոշեց ծառայել Արցախում (նրա պապերը այնտեղից են)։ Նրա՝ բանակ գնալուց հետո մեկ կամ երկու անգամ ենք խոսել:

Նամակս հասցեագրում եմ Վարդանին ու մեր բոլոր զինվորներին։

«Բարև՛, զինվոր։ Մեզ մոտ շատ ցուրտ է։ Ամանորն էլ անցավ, ու էս անգամ էլ առանց քեզ։ Բայց մեկ է, ես ուրախ եմ․ քիչ մնաց սպասումիս։ Լսել եմ՝ այդտեղ՝ սահմանում էլ է ձմեռը եկել։ Ու գիտեմ նաև, որ ցրտին լուրջ չես վերաբերվում, էլ ուր մնաց ընկճվես։

Գիտե՞ս, ամեն անգամ տաք վառարանին մոտենալիս քո փոխարեն էլ եմ տաքանում։ Ամեն օր՝ ժամը 3-ին՝ իմ դասից վերադառնալու ժամին, փակի՛ր աչքերդ ու կզգաս իմ փոխանցած ջերմությունը։

Իմացե՞լ ես՝ այստեղ ամեն ոք քո մասին է խոսում, բոլորի ուշադրության կենտրոնում դու ես, ա՛յ զինվոր։ Ես էլ լսում ու հպարտությունից ամպերին եմ հասնում։

Հիմա շատ են գրում ու խոսում բանակի ու ծառայության մասին: Երևի շատերը գրում են, որ բանակը երկիրը պահող ուժն է: Ավելի ռոմանտիկները գրում են, որ երկու տարին մի հավերժություն է: Շատերն էլ գրում են հին-հին, սովորական տողեր…

Բայց ես այսօր չեմ ուզում գրել, թե ինչքան կարևոր ես դու, ինչքան սեր ու ժպիտներ եմ ուղարկում քեզ սառը քամու միջոցով։ Վերամբարձ խոսքերը թողել եմ մի ուրիշ անգամվա համար, չնայած դա երբեք էլ հարկավոր չէ քեզ, ինձ… Չեմ ուզում պատմել քեզ հայրենասիրության, անկախության մասին։ Այդ ամենը ամփոփված է քո մեջ, զինվորի կերպարի ու արիության մեջ։ Դրա կերտողը դու ես, էլ իմ պատմելը քեզ ի՞նչ։

Լսե՞լ ես՝ մայրդ քեզ կարոտել է, բայց ասեմ, իմացի՛ր, քո քաջ պահվածքը մոռացնել է տալիս այդ անտանելի զգացումը։

Վարդան, բայց լսո՞ւմ ես՝ դու մեզ ու մեր հավաքականին այստեղ էլ ես պետք, քեզ լա՛վ նայիր։

Կհանգստանաս, բայց չքնես։ Զգո՛ն եղիր։

Ես վստահում եմ քեզ, զինվո՛ր, վստահում եմ իմ, այն մյուս փոքրիկի ու փողոցում քայլող բոլորի կյանքը, դու էլ վստա՛հ եղիր՝ մեր ջերմ սերը կհասնի ու կտաքացնի քո սառած մատները»։