mariam tonoyan

Բժշկի սերը կամ սիրային եռանկյունի

«Գիտե՞ս ինչեր կան իմ մատների տակ

Երբ քո մարմինն է մարմինս գրկում

Կա ածխածին ու կալիում

Կա լուսածին ու նատրիում

Ցինկ կա, երկաթ, ջրածին

Կա յոդ, պղինձ ու բրոմ

Կա մարգանեց, կրածին

Բորակածին, թթվածին

Մարմինը ջուր է կիսով

Եվ հարուստ է աղերով

Օրգանական նյութերով

Միս կա, նաև ոսկորներ

Իսկ մաշկի տակ մկաններ

Դա է տառապանքը, իմ սեր»։

Շառլ Ազնավուր

25 տարեկան է, ապագա բժիշկ։ Շատ արագ է խոսում՝ արտիստիկ ժեստերով ու միմիկաներով, հաճախ դժվար է լինում արագության հոսքի մեջ նրա արտասանած բառերն իրարից զատել ու ըմբռնել։ Տոնայնությունը մեկ բարձրանում է, մեկ՝ իջնում, աշխուժորեն անցնում է մի թեմայից մյուսին՝ արվեստ, օտար լեզուներ, գրականություն, ֆիզիկա, ու ինչ տրամադրություն էլ ունենա, ձայնի հնչերանգից միշտ թվում է, թե ուրախ է։ Զարմանալի մարդ է Դավիթը (անունը փոխված է)։

Այս անգամ էլ, ինչպես մեր հերթական զրույցների ժամանակ, ապշեցնում էր իր հակասական, բայց միևնույն ժամանակ երկկողմանի ճշմարիտ փաստարկներով ու կարծիքներով.

-Ի՞նչ ես կարծում, եթե Ռոդենը չէր սիրում իր կնոջը՝ Ռոզային, այլ սիրում էր իր աշակերտուհի, օգնական, ապա սիրուհի Կամիլա Կլոդելին, ինչո՞ւ կյանքի վերջին ամիսներին օրինականացրեց իր և Ռոզայի ամուսնությունը,- հարցրեց նա իմ սիրելի քանդակագործի կյանքի մասին։

-Որովհետև նա սիրում էր Ռոզային, բայց սիրահարված էր Կամիլային։ Չե՞ս կարծում, որ սիրահարությունն ավելի կարճատև սեր է,- փորձում եմ պատասխանել ես։

-Ես կասեի՝ ընդամենը սիրային եռանկյունի։ Հիշո՞ւմ ես, որ Ռոզայի միակ ցանկությունն էր օրինական ամուսնությունը։ Ի վերջո նա քանդակագործի կինն էր, նույնիսկ երեխա ունեին, բայց դեռ կինը չէր ճանաչվել։ Կամիլան գիտեր, որ Ռոդենը չի բաժանվի իր երեխայի մորից, նա ամեն անգամ նույն պատասխանն էր ստանում. «Ես դեռ չեմ կարող լքել Ռոզային»։ Ռոդենի ու Ռոզայի ամուսնությունից հետո քիչ անց մահացավ Ռոզան, իսկ Կամիլան խելագարվեց, որովհետև ոչ թե սիրահարված էր, այլ սիրում էր Ռոդենին։ Մի՞թե Կամիլային ևս մինչև կյանքի վերջ չի սիրել Ռոդենը։ Երեքն էլ սիրել են, պարզապես մեկը ավելորդ է եղել։

-Ի՞նչ նկատի ունես։

-Սիրահարվածների օրգանիզմում ավելցուկով արտադրվում է դոֆամին, սերոտոնին, ադրենալին, էնդորֆին, որոնցից մեկը սրտխփոցի համար է պատասխանատու, մեկը կյանքի հանդեպ վառ գույներով տրամադրվելու, աշխարհին սեր տարածելու ցանկության, մեկը զրուցասիրության, խենթությունների, անքնության, տագնապի, սիրելիի կողքին ապահովության զգացումի։ Բայց այս բոլորը 2-6 ամսում անցնում են, տեղը զիջում սիրուն կամ դատարկությանը,-աշխուժորեն ու լայն ժպիտով բացատրում էր Դավիթը,- նրանց սիրային եռանկյունին տարիներ է ձգվել։

Նրա ժպտացող դեմքի վրայով մի ակնթարթ միայն աննկատ անցավ ափսոսանքի մի թույլ ալիք՝ խորքերի փոթորիկներից դուրս պրծած, որին հետո ես նշանակություն տվեցի։

-Ընդհանուր առմամբ սերը տխմարություն է,- շարունակեց նույն տոնով,- ի դեպ, ամուսնացավ…

«Ռոդենի՞ն նկատի ունի»,- նախ կարծեցի ես, բայց նկատելով, որ խուսափում է աչքերիս նայել, որ շփոթմունքը չնկատեմ, հասկացա, որ իր սիրած աղջիկն է ամուսնացել։

Ոչ մի բառով չդժգոհեց, ոչ մեկին չմեղադրեց, թույլ չտվեց, որ ներսում կատարվող իրարանցման որևէ դրվագ երևա իր աչքերի հայելուց, միայն մի նախադասությամբ մատնեց իրեն.

-Հիմա իմ փոխարեն մեկ ուրիշն է հիշելու, որ թեյն առանց շաքարի է խմում,- թափ տվեց ձեռքը ու մտածկոտ տարուբերեց գլուխը։

Վաղուց էր տարված նրանով, բայց ոչինչ չէր ասել նրան։ Ասում էր՝ դրա ժամանակն էլ կգա։

Հարցեր, հարցեր, հարցեր… Այնքա՜ն հարցեր էր տվել նրան, որպեսզի ավելի լավ ճանաչի, ամենի՛ց լավ ճանաչի։ Քանի՜ ոլորտների մեջ էր խորացել, որպեսզի ավելի հետաքրքիր զրուցակից դառնա այդ աղջկա համար, կարողանա չնչին բանով օգտակար լինել։ Գիտեր նրա ամեն նախասիրություն, օրվա գրաֆիկը, նախընտրելի գույնը՝ կանաչի համապատասխան երանգը, զգում էր՝ երբ է տրամադրությունը վատ, նրա մասին նոր տվյալները, նրա խոսքերը անհասկանալի ձեռագրով նշում էր իր փնթի նոթատետրում, անգիր էր անում ու ինձ հետ զրուցելիս նույնիսկ հաճախ մեջբերում էր՝ հմտորեն թաքցնելով սենտիմենտալությունը։

Ամենուր նա էր՝ իր գլխում, աչքերի առաջ, հեռախոսի մեջ, նույնիսկ ենթագիտակցական ու անգիտակցական մակարդակում։ Երբ ձանձրույթից ենթագիտակցաբար խզբզում էր թղթի վրա, դժվար չէր թղթի անկյուններում աղջկա անվան սկզբնատառը գտնել կամ ամբողջական անունը՝ ամենաաննկատ մասում…

Ինչո՞ւ հանկարծ Ռոդենից սկսեց խոսել։ Ինչո՞ւ Ռոդենը ամուսնացավ Ռոզայի և ոչ Կամիլայի հետ։ Ո՞վ էր սիրային եռանկյունում ավելորդը։ Կամիլան խելագարվե՞ց, ի՞նչ է դա նշանակում։ Չգիտեմ… Միգուցե, ընդհանուր առմամբ սերը տխմարությո՞ւն է։