anush mkrtchyan

Գրիչով կամ առանց դրա

Երբևէ մտածե՞լ ես, թե ինչ կլիներ, եթե մարդիկ չհայտնագործեին գրիչը: Բոլորը կսկսեին հավ կամ աքլոր պահել և անընդհատ դրանց փետուրները պոկել ու թաթախելով թանաքի մեջ գրել:

Կամ դպրոցում, որ հարցնեն` ինչի՞ տնային չես գրել, կպատասխանեիր, որ փետուրիս ծայրը քոռացել է: Հետաքրքիր կլիներ, չէ՞:

Բայց գիտե՞ք, որ այդ անշունչ «էակը» շատ խելացի է: Օրինակ, ուսուցչուհին դաս է հարցնում ընկերներիցս մեկին, ով չի սովորել, հետո բարկանում է, ասելով` «Նստի՛ր, երկուս», ու հենց գրիչը տանում է, որ «երկուսը» դնի մատյանի մեջ, գրիչը սկսում է չգրել: Մինչև ուսուցչուհին հասկանում է, որ իրեն նոր գրիչ է պետք, հնչում է զանգը, և ընկերս չի ստանում այդ չարաբաստիկ «երկուսը»: Վերջ, գրիչը փրկեց ընկերոջս…

Իսկ, եթե լուրջ, ապա այդ փոքրիկ սարքը կախարդական էակ է, և առհասարակ մեր շրջապատում շատ չնչին բաներ, երբեմն ուշադրության կարիք ունեն, և արժե մտածել, թե ինչ կլիներ, եթե դա չլիներ:

Գնալով կյանքը զարգանում է, ու մեր 100 դրամանոց գրիչներին փոխարինելու են գալիս գերհզոր գրիչներ: Ի՞նչ գիտենք, շատ հնարավոր է, որ տարիներ հետո գրիչը դառնա փետուրի պես հին: Բայց հիմա, շատ լավ կլիներ, որ իմ գրիչը այսքանը գրեր առանց ինձ: Կամ թեմատիկի ժամանակ, գրիչը դնեիր տողի վրա, ու այն լուծեր այդ անլուծելի թվացող առաջադրանքը:

Բայց չէ, էէէ…. Առանց գրչի էլ մի բան չի: Գրիչները իմ կյանքում թողել են մի անմոռանալի վերք: Դա իմ աջ ձեռքի միջնամատի վրայի կոշտուկն է, որը ինձ ամեն անգամ հիշեցնում է, որ դրա պատճառը գրիչը ուժեղ սեղմելն է:

Բայց մի գաղտնիք բացահայտեմ. ես աջն ու ձախը հենց այդ կոշտուկով եմ տարբերում:

Մինչ ես այսքանը գրում էի, կոշտուկ արդեն կարմրեց, ու ինձ թվում է, որ այն ավելի կմեծանա, եթե շարունակեմ: Այնպես որ, կարևորեք գրիչները և մի մոռացեք թույլ սեղմել կոշտուկներից խուսափելու համար: