Anna Andreasyan

Ե՞րբ մեծացանք

Հնչեց զարթուցիչը, որի ձայնը աշխարհում ամենաշատն եմ ատում: Բայց դե զարթուցիչն ի զորու չէր ինձ արթնացնելու: Ես լռեցրի նրան՝ մատի մի հպումով: Այդտեղ նրան օգնության եկավ մայրս: 

-Ան, վեր կաց, արդեն ժամը 8-ն ա (մայրիկները միշտ սիրում են մի կես ժամով չափազանցնել):

-Մամ, մի րոպեից վեր կկենամ:

Ու ես հաշվում եմ մտքում, բայց մի րոպեն դեռ չվերջացած՝  նորից քնում եմ ու ընկնում երազների մեջ: Ես ատում եմ, երբ ինձ իմ լավ ու հետաքրքիր երազից ընդհատում են: Բայց ինչ արած, պետք է դպրոց գնալ: Եվ այսպես՝ դաժան պայքար մղելով քնի դեմ՝ վերջապես վեր կացա: Սեպտեմբերի մեկն է՝ տոնական և ուրախ օր: Բայց գիտե՞ք, ես առավոտյան միայն մի բանի մասին եմ մտածում, թե երբ եմ տուն վերադառնալու, որ քնեմ (իհարկե, դա երբեք չի իրականանում): Ուղևորվեցի դպրոց, ճանապարհին անդադար կրկնելով ելույթիս խոսքերը: Արդեն բավական հեռվից լսվում էր երգերի ձայնը: Երբ մտա դպրոցի բակ՝ բոլորը, ըստ ավանդույթի, շուրջպար էին բռնել: Ես միացա նրանց՝ չմոռանալով խոսքերիս մասին, որ ինձ անդադար հուզում էին: Երբ շարված էինք, ամենաաշխույժ մասը շարքում առաջինների մոտ էր: Նրանք ոգևորված էին, հուզված, բայց մի բան հաստատ է՝ իրենց ծնողներին հուզվածությամբ երբեք չէին կարող գերազանցել: Այնպիսի տպավորություն էր՝ ասես նրանց առաջին զանգն էր, ոչ թե երեխաների:

Բոլորը շատախոսում էին, շնորհավորում մեկ-մեկու նոր ուսումնական տարվա առթիվ: Եվ լրացնում էինք երեք ամսվա բացը, որ իրար չէինք հանդիպել: Հետո ելույթներ, պարեր, բարեմաղթանքներ ու գովասանագրեր: Եվ այսպես ուրախ և բարձր տրամադրությամբ մուտք գործեցինք 11-րդ դասարան:

Ու ինչպես մեծահասակներն են ասում ամեն անգամ մեզ տեսնելիս՝ էս ե՞րբ մեծացանք: