Lilit Grigoryan

Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք

Հարցազրույց Դիլիջանի միջազգային դպրոցի շրջանավարտ Մարիամ Գրիգորյանի հետ: 

Ընկերուհիս՝ Մարիամը, այս տարի ավարտում է Դիլիջանի միջազգային դպրոցը: Որոշեցի խոսել նրա հետ դպրոցական տարիների մասին: Եվ զրույցս, կարծես, վերածվեց հարցազրույցի:
Նախ կարճ ասեմ, թե ինչ է Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC): «UWC Դիլիջան» քոլեջը 2014 թվականին բացված երկու նոր քոլեջներից մեկն է, բարեգործներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի և նրանց գործընկեր առանձին անհատների և կազմակերպությունների համատեղ նախագիծը: «UWC Դիլիջան» քոլեջը հետխորհրդային երկրների տարածքում UWC կրթական ցանցի առաջին միջազգային քոլեջն է և ներկայումս հյուրընկալել է 63 երկրներից, այդ թվում՝ Եվրոպայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից ժամանած աշակերտների: UWC-ում, ինչպես և մյուս քոլեջներում, ուսուցումը տարվում է անգլերենով և աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված Միջազգային բակալավրիատի դիպլոմ (IB Diploma) ուսումնական ծրագրով:

-Մարիամ, երկու ամսից դու ավարտում ես դպրոցը: Կասե՞ս, թե քեզ համար ինչ է UWC-ն: Քեզ ի՞նչ տվեց այն։

-UWC-ն կյանքիս ամենալավ բաներից մեկն է, մի անկրկնելի փորձություն: Բառերով բացատրելն անհնար է:

-Ինչպե՞ս որոշեցիր դիմել այդ դպրոց:

-Բոլորի մոտ կարծիք կա, թե այս դպրոցը հարուստների համար է: Մեր ավագ դպրոցից ինձանից մեկ տարով մեծ մի աղջիկ, որն այդքան էլ հարուստ խավից չէր, ընդունվեց: Հետաքրքրվեցի նրանից, իմացա, որ դպրոցը տրամադրում է նաև կրթաթոշակներ: Էդպես դիմեցի և ընդունվեցի:

-Քեզ համար դժվար չէ՞ր երկու տարի ապրել առանց ծնողների:

-Ես սովոր եմ մենակությանը: Ծնողներս գործի բերումով տանը շատ չէին լինում: Շատ ծրագրերով անգամ մեկ ամիս տանից հեռու եմ եղել: Դժվար չէր հարմարվելը: Ես էլ ամիսը մեկ անգամ գնում էի տուն: Այսինքն՝ կարելի է ասել՝ ծնողներս ավելի շատ էին զգում այդ կարոտը, քան ես։

-Որքանո՞վ փոխարինեց UWC-ի ընտանիքը քո սեփական ընտանիքին:

-Ճիշտ ասացիր, UWC-ի ընտանիքը: Մենք մի ընտանիք ենք: Իրականում այն չի կարող իմ ընտանիքին փոխարինել, ամեն մեկն իր տեղում է: Բայց էստեղ հասկացա, թե ինչ է իրական ընկերությունը, ձեռք բերեցի լավ ընկերներ:

-Կներկայացնե՞ս UWC-ում մեկ օրդ:

-Առավոտյան 07:30 արթնանում եմ, նախաճաշում, 8:15 սկսվում են մեր դասերը, ավարտվում՝ 15:15, դե էդ ընթացքում լանչ ունենք։ Հետո՝ զանազան խմբակներ: Էստեղ սովորեցի կիթառ ու դաշնամուր նվագել, թենիս խաղալ: Խմբակներից հետո ընթրում ենք, դաս անում ու քնում: Ընդհանուր առմամբ՝ օրս լեցուն է լինում, կյանքն այստեղ եռուն է։

-Ես գիտեմ, որ էդտեղ սովորում են տարբեր երկրներից եկած աշակերտներ, նաև թուրքեր: Լինո՞ւմ էին կոնֆլիկտներ ձեր մեջ:

-Հաա… Մարդկային հատկանիշները մեկ-մեկ կոնֆլիկտի տեղիք էին տալիս, բայց էստեղ հաշվի չեն առնում ազգը, մտածելակերպը, խտրականություն չկա: Դե, կոնֆլիկտներ էլ էնքան քիչ են լինում։

-Կպատմե՞ս դպրոցի խոհանոցի մասին:

-Մեր խոհանոցի կերակուրները շատ համեղ են: Դու ինքդ էլ եղել ես էստեղ, գիտես համը: Մենք ամեն շաբաթ գոնե մեկ օր ինչ-որ երկրի խոհանոցի մի ուտեստ էինք համտեսում: Շատ տպավորվել են մեքսիկական ու իտալական խոհանոցները։

-Մարիամ, էս երկու տարիդ մեկ բառով ո՞նց կբնութագրես:

-Օյ, դժվար բան ասացիր: Երևի՝ «արկած»:

-Ամենատպավորիչ օրը ո՞րն էր այս երկու տարիների ընթացքում:

-Մեր վերջին օրը: Մի քանի օր առաջ որոշեցինք բարձերով կռվել: Մեր կրտսեր ուսանողներին մի լավ ջրեցինք, լավ ուրախացանք: Հավես օր էր, կարոտով եմ հիշելու ամեն օրս:

-Ի՞նչ կմաղթես դիմորդներին ու ի՞նչ խորհուրդ կտաս:

-Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք: Այստեղ շինծու բաները չեն անցնում: Պոզիտի՛վ եղեք, ժպտացե՛ք, եղե՛ք պարզ ու անմիջական: Դիմելուց առաջ էլ ամբողջապես ծանոթացե՛ք Դիլիջանի դպրոցին ու անգլերենի վրա մեծ ուշադրություն դարձրեք: Բոլոր դիմորդներին հաջողություն եմ մաղթում: