Երիցուկը

Ես ձեզ խոստացել էի, չէ՞, որ կճշտեմ, թե ինչու հենց «Երիցուկ»։ Հա՜ , հա։ Ուրեմն ձեզ ենք ներկայացնում  մեր հարցազրույցը Թամարա Մանուկյանի հետ, ով ֆեյսբուքահայությանը ծանոթ է որպես «Երիցուկի օրագիրը» էջի ադմին կամ ուղղակի Երիցուկ։  

-Մի փոքր կխոսե՞ս քո մանկությունից, ինչպե՞ս ես այն հիշում, ինչ-որ հետաքրքի՞ր դեպքեր եղե՞լ են։

-Հիշում եմ, որ ընկերներ չեմ ունեցել։ Ես մենակ եմ եղել մանկությունից, մինչև հիմա էլ, իմ բնավորությունն է։ Սիրել եմ գրքերի նկարներ նայել։ Մինչև հիմա ես գնդակով խաղալ չգիտեմ։ Մի խոսքով, ես այդքան էլ հասարակական մարդ չեմ, կարելի է ասել, նույնիսկ՝ սոցիոպաթ եմ։ Դա իմ բնույթն է, ես սիրում եմ ինձնից ավելի մեծերի հետ շփվել։-Ուրա՞խ ես, որ ընկերներ չես ունեցել։

-Հիմա, որ հետ եմ նայում, մտածում եմ, որ ավելի լավ էր՝ ունենայի, որովհետև շատ մեծ բաց է մնացել այսօր, ես այսօր էլ, կարելի է ասել, ընկերներ չունեմ։ Հա, շատ ծանոթներ ունեմ, ում հետ կարելի է զրուցել, բայց «ունիվերսալ» ընկերներ, որ կարելի է ամեն ինչից խոսել, կիսվել՝ չէ, չունեմ։ Այդ բացը մնացել է, ու մինչև այսօր էլ չեմ կարողանում լրացնել։

-Որտե՞ղ է զգացվում այդ «բացը»։

-Հիմնականում գաղափարակիցներ չկան։ Ու ես ինքս սովորել եմ  արդեն. իմ բոլոր խնդիրները լուծողը ես եմ։ Կրողն էլ եմ ես, լուծողն էլ… Ու ստեղծողն էլ եմ ես։

-Հիշո՞ւմ ես, թե փոքր ժամանակ ինչ երազանքներ ես ունեցել։

-Փոքր ժամանակ երազում էի  փոքր տուն ունենայի, որ ես մենակ ապրեի, մինչև հիմա էլ ուզում եմ։ Ես մարդ եմ տուփի մեջ, ես բաց տարածություն չեմ սիրում, ինձ միշտ չորս պատ է պետք։ Փոքր ժամանակվանից զգացել եմ դա։ Մինչև հիմա էլ ես մարդկանց հետ շփվելու լիմիտ ունեմ, լիմիտը երբ որ սպառվում է, ես էլ չեմ կարողանում մարդկանց շրջապատում մնալ, ինձ մենակություն է պետք։ Մարդիկ կան, ում հետ կարող եմ մի ժամ շփվել, մարդիկ էլ կան, հիմնականում, ում ես ընտրել եմ, որ կյանքում ինձ հետ պետք է քայլեն, իրենց հետ շփման լիմիտը չի սպառվում։

-Որտե՞ղ ես սովորել, ի՞նչ մասնագիտություն ունես։

-Սկզբում ավարտեցի միջնակարգ դպրոցը, հետո վարժարանի ռուսական հոսքը, ապա խոհարարական դպրոցում սովորեցի։ Դրանից հետո «Ցանցերի կառավարում և անվտանգություն» սովորեցի, «Թվային ազդանշաններ», «Национальный открытый университет»-ում էլ եմ սովորել։

-Աշխատո՞ւմ ես կամ երբևէ աշխատած կա՞ս։ Աշխատանքային ի՞նչ հետաքրքիր դրվագներ կհիշես։

-Այս պահին չեմ աշխատում, բայց աշխատել եմ։ Ֆրեշների ու  բելգիական վաֆլիների կետում էի աշխատում հենց առաջին մասնագիտությամբս։

-Որտեղի՞ց կամ ինչպե՞ս է առաջացել խոհարարական ձիրքդ։

-Որ ասեմ` փոքր ժամանակ խառնվող եմ եղել մամայի կամ տատիկի գործերին՝ չէ, ուղղակի ես զգում եմ, որ եթե կարողանում եմ ինչ-որ բան պատրաստել, դա ինձ հաճույք է պատճառում, ու ես պատրաստ եմ տանն այդ բոլոր գործերն ինձ վրա վերցնել։

-Գիտենք, որ ֆեյսբուքում ունես «Երիցուկի օրագիրը» էջը։ Ուզում ենք իմանալ, թե ինչ նպատակով է ստեղծվել էջը, որտեղից է առաջացել «Երիցուկ» կեղծանունը։

-Մի ընկեր ունեի, չափից դուրս անկեղծ այն մարդկանցից մեկը, ով մարդուն կարող էր ասել, որ, օրինակ, այս բանը լավը չի քո մեջ, դու պետք է փոխես, ինքն ինձ ասում էր. «Դու երիցուկի ես նման. շատ պարզ «մեխանիզմ» ա քո մոտ, շատ մանկական բան կա քո մեջ»։ «Երիցուկը» տպվել էր ուղեղիս մեջ, ու երբ որ սկսեցի օրագիր գրել մի երկու-երեք տարի առաջ, մտածեցի, որ կարելի է օրագիրն ինչ-որ կերպ հանրայնացնել, որ մարդիկ տեսնեն, բայց իրականում չիմանան, թե ով է դա գրում. կարիք չկար անձնական կյանքս ի ցույց դնելու։ Բայց ընթացքում պահանջարկը շատացավ, ես զարմացա, թե ոնց կարող էր երկու հազար հոգի դա կարդար, ո՞ւմ մտքով էր անցնում դա կարդալ, ո՞ւմ ինչին էր պետք, թե Երիցուկն ինչ է գրում առհասարակ, ինչ է ինքը այսօր կերել կամ ինչ է մտածում այս կամ այն երևույթի մասին։ Ընթացքում ինձ նամակներ էին գալիս. «Ո՞վ ես դու իրականում, կուզենք քեզ ճանաչել, տեսնել քեզ», արդեն փոստով ինձ նվերներ էին գալիս։ Զգացի, որ մարդիկ ուզում են իմանալ, թե ով է իրենց դիմաց, ով է գրում։

-Իսկ, ըստ քեզ, ի՞նչն էր այդ հետաքրքրության պատճառը:

-Ես երևույթներն ավելի պարզ եմ մեկնաբանում, քան մարդիկ սիրում են դա անել։ Այսինքն՝ սերը վեհ չեմ ներկայացնում, սերը դա բնական բան է, ինչը կա ու կարող է պատահել բոլորիս հետ։ Ու այդպես ամեն ինչը կարելի է շատ պարզ մեկնաբանել։ Հենց երիցուկի մետաֆորան էլ պատահական չի, երիցուկն ամենապարզ ծաղիկն է։

-«Երիցուկի օրագիրը» էջում նկատեցինք, որ շատ գրառումներ կային օծանելիքների վերաբերյալ։ Չե՞ս կարծում, որ դա կարող է որպես գովազդ ընդունվել, կամ, միգուցե, զբաղվո՞ւմ ես օծանելիքի վաճառքով։

-Գովա՞զդ, չէ, ոչ մի գովազդ, ոչ մի վաճառք։ Ես ուղղակի օծանելիքի մանիա ունեմ։ Իմ շրջապատում շատ անգամ չեն գտնվել այնպիսի մարդիկ, որոնց հետ ես կխոսեի այդ թեմայով, ես որոշել եմ լսարանի հետ խոսել, ում որ կհետաքրքրի։

Ես այնպիսի բրենդների մասին եմ խոսել, որոնք, հավատացեք, իմ գովազդի կարիքը չունեն։ Ես խոսել եմ համաշխարհային բրենդների մասին, որ, կարծում եմ, ամեն երկրորդը տեղյակ է դրանց մասին։ Գովազդի առաջարկներ եղել են էջի հետ կապված, բայց չեմ համաձայնվել. ես գովազդ չեմ անում, էջը չի ստեղծվել կոմերցիոն նպատակով, էջն ստեղծվել է զուտ կիսվելու, գաղափարակից լսարան հավաքելու համար։-Իսկ եթե ֆինանսական կարիք լինի, այդ դեպքում գովազդ կտեղադրե՞ս։

-Եթե գովազդն իր կոնտեքստով համապատասխանի էջին, հնարավոր է։ Չգիտեմ, միգուցե ֆինանսապես չեմ պատկերացնում, թե ինչ գումարների մասին է խոսք գնում, բայց հաստատ փոքր գումարներով չի արվի, չարժի։

Միգուցե մեծ գումարների դեպքում գովազդեմ, բայց այդ ոլորտում Հայաստանում մեծ գումարներ չեն լինում։

-Այն փաստը, որ շատ մարդիկ քեզ լսում են ու շատերն էլ ընդունում կամ քո խորհուրդներով առաջ են շարժվում, քեզ առիթ տալի՞ս է մտածելու, որ դու ինչ-որ մեկից թեկուզ մի փոքր առավել ես։

-Չէ, դա ինձ առիթ է տալիս մտածելու, որ ես իմը գտել եմ։ Ես ուրախանում եմ, ես ընկերներ եմ գտնում, որ չեմ ունեցել։ Ես գտել եմ տարբերակ իրական գաղափարակիցներ գտնելու համար։ Ես գտնում եմ, որ այն մարդիկ, որոնք ինձ հետևում են, իմ ընկերներն են, ես էլ իրենցից եմ շատ անգամ խորհուրդներ լսում։

-Ներկա պահին կա՞ ինչ-որ մեկը, որին կարող ես քեզ մրցակից համարել։

-Չէ, այն ուղղությունը, որ ես եմ վերցրել, Հայաստանում չկա։ Այսինքն՝ մարդիկ կան, ովքեր գրում են պատմվածքներ, ստեղծագործում են, մարդիկ կան, ում մոտ դա իրոք լավ է ստացվում, բայց օրագրային ուղղությանը, օրագրային ժանրին ես երբեք չեմ հանդիպել Հայաստանում։ Որ լիներ՝ ավելի լավ կլիներ, մեկս մյուսին նայելով՝ կփորձեինք ավելի զարգացնել մեր ուղղությունը։ Ես, կոնկրետ, տեղում դոփում եմ։ Եթե իմ կողքին ավելի լավը լիներ, ես կփորձեի այնպես անել, որ մենք լավ մրցակիցներ լինեինք։

-Բացի օրագրից ուրիշ գրվածքներ էլ ունե՞ս։

-Հա, ժամանակին մի մեծ վիպակ էի գրել, որ ինձ էլ տային՝ չէի կարդա, այդքան մեծ, պատմվածքներ էլ ունեմ։ Բլոգ էլ եմ ունեցել, հիմա էլ կա, ուղղակի արդեն մեկ-երկու տարի կլինի, որ չեմ թարմացնում։ Ուղղակի զգացի, որ ես ավելի շատ եմ սիրում օրագրային գրառումներ անել ու իմ մասին գրել։ Ես իմ մասին էի ուզում գրել՝ առանց կեղծանունների, արդեն բոլորը գիտեին, թե ում մասին է խոսքը օրագրում։

Հիմնականում բոլոր պատմվածքներս կյանքում մենակ մարդկանց մասին են, մի հատ էլ մենակ կատվի մասին ունեմ։ Ունեի մի քանի բանաստեղծություններ, բայց զգացի, որ ես ինձ արձակի մեջ եմ սիրում։

-Հիմնականում բոլորին հետաքրքրում է այն փաստը, որ այդքան շուտ ես ամուսնացել (18 տարեկանում)։ Ինչպե՞ս կայացրեցիր այդ որոշումը և արդյո՞ք դրա հետ մեկտեղ քո կյանքում դժվարություններ չառաջացան։

-Այն մարդու հետ, ում հետ ես ամուսնացած եմ, մենք նախ և առաջ լավ ընկերներ ենք։ Մենք ապրում ենք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ուղղակի անհնար է գնալ ու միասին ապրել, դրա համար մենք ամուսնացանք, որից հետո, կարելի է ասել, ոչինչ չփոխվեց։ Այսինքն՝ այն ֆորմալ պատկերացումը, որ մարդ ամուսնացած է, արդեն տան կին է, ու իրեն ավելի ծանր է պահում, քան իրականում կա, ինձ մոտ այդ խնդիրը չկա։ Իմ առօրյան, կարելի է ասել, դրանից չի փոխվել, ես նույնիսկ հիմա ավելի ազատ եմ, քան մինչ ամուսնանալս, որովհետև ես ընտրել եմ այն մարդուն, ով առհասարակ ինձ չի սահմանափակել իմ գործողությունների մեջ։ Ինչն էլ  որ սահմանափակվել է, սահմանափակել եմ ես՝ ինքս, առանց ինչ-որ միջամտության։ Ինձ մոտ միայն մի բան է փոխվել. պատասխանատվության զգացումն է ավելի մեծացել։ Ես գտնում եմ, որ հիմա ես միայն ինձ համար չեմ պատասխանատու, իսկ դա շատ հաճելի զգացողություն է։

-Եթե կարելի է իմանալ, ինչպե՞ս ես ամուսնուդ հետ ծանոթացել։

Ընդհանուր ընկեր ունեինք, ով մեզ երկուսիս էլ հրավիրել էր թեյ խմելու։ Դրանից հետո մենք ամեն օր իրար տեսանք, ամեն օր։ Ես չէի պատկերացնում մի մարդում, ում ես ամեն օր կտեսնեի ու չէի հոգնի իրենից, բայց սա այդ դեպքը չէր։ Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ ես ուզում եմ իր հետ ապրել։

-Ըստ քեզ՝ քո հասակակից մյուս աղջիկներից ինչ-որ բանով տարբերվո՞ւմ ես։

-Իմ կարծիքով, մենք բոլորս ենք տարբերվում իրարից, որովհետև ոչ մեկս մյուսից առավել կամ պակաս չենք, ուղղակի խնդիրը մեր բնույթների մեջ է։ Մեր նյութը նույնն է, մեր բոլորիս նախնական բջիջը նույնն է, դրանից հետո՝ թե մենք ինչ ենք ավելացնում բջջի վրա, այ, դա՛ ենք մենք։

-Այդ դեպքում ո՞րն է քո հիմնական տարբերությունը, որ դու ավելացրել ես նախնական բջջիդ վրա։

-Ես իրոք հավատում եմ, որ բարությունն է փրկելու ամեն ինչ։ Գեղեցկությունը չէ, բարությունը, որովհետև հենց բարությունն է գեղեցիկ, իսկ շատ դեպքերում գեղեցիկը բարի չէ։

-Կարելի՞ է համարել, որ դա քո նշանաբանն է, թե՞ կա մեկ ուրիշը։

-Իմ կյանքի նշանաբանը երևի կարելի է համարել այն, որ ես երբեք ոչ մի նշանաբան մի տարուց ավել իմը չեմ համարում, որովհետև իրավիճակի հետ ինձ մոտ ամեն ինչ փոխվում է։ Ես ընդունում եմ, որ մարդն ամեն ինչի ընդունակ է. թե՛ լավ, թե՝ վատ։

-Դու քեզ համարո՞ւմ ես երջանիկ մարդ։ Եթե այո, ապա ի՞նչն էր քեզ պակասում, որն ունենալուց հետո քեզ սկսեցիր երջանիկ համարել։

Հա։ Երևի ինձ հենարանն էր պակասում, որ ես զգայի, որ մարդ կա, ում վրա ես կարող եմ հենվել ցանկացած իրավիճակում։ Ես գտել եմ այդպիսի մարդու։ Այն ամենն, ինչ հիմա ինձ պակասում է ավելի երջանիկ լինելու համար, ես կարող եմ ինքս ստեղծել։

-Որո՞նք են եղել քո կյանքի ամենաերջանիկ ու ամենատխուր օրերը։

-Ամենատխուր օրը. երբ ես ինչ-որ մրցույթի էի մասնակցում, հաղթողը պետք է Հնդկաստան գնար։ Ես արդեն, կոպիտ ասած, հավաքվել էի, մտովի ամեն ինչ պատկերացնում էի։ Ու ես չգնացի… Իմ փոխարեն ուրիշ մարդ գնաց։ Ու դա ոչ թե ամենատխուր, այլ երևի ամենա հիասթափությամբ լի օրն էր։ Ես այդ օրը հասկացա, որ իրականում պետք չի նախօրոք որևէ բան պլանավորել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա չի օգնում։

Ամենաերջանիկ օրը. երբ որ ամուսնացանք, գնացինք Վրաստան։ Առանց  որևէ նախնական պայմանավորվածության։ Այսօր որոշեցինք, գնացքի տոմսերը գնեցինք, գնացինք Վրաստան։ Առանց տուն գտնելու, առանց որևէ բանի։ Դա ամենաերջանիկ պահն էր. նախնական ոչ մի պայմանավորվածություն չկա, դու կարողանում ես այդ երջանկությունը ձեռք բերել։ Ու այդ պահին դու ոչ ուզում ես նկարվել, ոչ ինչ-որ մեկին դրա մասին պատմել, որովհետև դու երջանիկ ես ու չես ուզում կիսել երջանկությունդ։

-Ինչո՞ւ էիր համոզված, որ քիչ առաջ նշածդ մրցույթում հենց դու պետք է հաղթեիր։ Դո՞ւ էիր ամենալավ մասնակիցը, թե՞ կարծում էիր, որ մնացածն արժանի չէին հաղթանակի։

-Մոտ երեք-չորս հարյուր հոգի էին մասնակցում, ինչ-որ առաջադրանքներ էինք ստանում, դրանք կատարում, ներկայացնում։ Այդպես՝ յոթ առաջադրանք։ Ես գտնում էի, որ կամ ես պետք է հաղթեմ, կամ մի ուրիշ աղջիկ, որովհետև ես իր աշխատանքները շատ էի գնահատում, գտնում էի, որ մրցակցությունն իմ ու իր մեջ է։ Ու ինքը հաղթեց։ Ինձ համար ամենաահավորն այն էր, որ ես զգացի, որ ինքն այդ պահին ինձնից լավն էր։ Բայց մի պահ ուրախացա, որ ինքը հաղթեց, որովհետև եթե ինչ-որ անարժան մարդ հաղթեր, ես իրոք կհիասթափվեի։ Լավ էր՝ ինձնից ուժեղը հաղթեց։ Լավ էր, որ ես զգացի իմ սխալները։

-Կա՞ մի քայլ կամ ասված խոսք, որի համար զղջում ես ու հնարավորության դեպքում կուղղեիր այն։

-Իմ կարծիքով, ցանկացած միջանձնային հարաբերությունների մեջ սահման կա, որ մարդիկ չպետք է անցնեն, որովհետև եթե այդ սահմանն անցնում ես, հետո դժվար է նորից վստահելը։ Այդպես եղել է հենց իմ ու իմ սիրած մարդու մեջ։ Մենք սահմանն անցել ենք, այսինքն՝ իրար բաներ ենք ասել, որ չպետք է ասեինք (վատ բառերի մասին չի խոսքը), հիմա մենք վերականգնել ենք սահմանը, ու ես գիտեմ, որ այդպես չի կարելի։

-Այս պահին ի՞նչն ես համարում քո կյանքի ամենամեծ ձեռքբերումը։

-Որքան էլ որ տարօրինակ հնչի, բայց իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ այն, որ ես սիրելով ու սիրվելով հանդերձ իմ ազատ որոշումներ կայացնելու ունակությունը չեմ կորցրել։

-Ապագայի համար ի՞նչ նպատակներ ու երազանքներ ունես։

-Ուզում եմ սեփական սրճարան ունենալ։ Ամեն ինչն արդեն որոշել եմ. սեղանների սփռոցների գույնից սկսած, ջահերով, ճաշացանկով վերջացրած ամեն ինչ որոշել եմ։

-Ինչ-որ բան կցանկանա՞ս փոխանցել ընթերցողներին ու քո լսարանին։

-Կուզեմ ասել առհասարակ բոլոր մարդկանց, որ իրականում ամեն հանճարեղ բան շատ պարզ է, ու ոչ մի բարդության մեջ հանճարեղ ոչինչ չկա։ Պարզությունն է հանճար ծնում։