Ani avetisyan

Զինադադա՞ր

Դարեր հետո էլ պատմության գրքերում նման տողեր են տպվելու. 1994 թվականի մայիսի 11-ին կնքվեց կրակը դադարեցնելու պայմանագիր: Մայիսի 12-ին համաձայնագիրն ուժի մեջ մտավ:

Այսօրվա պես այն ժամանակ էլ աշակերտներն անգիր են անելու այս տողերը, չմոռանալու համար արագ-արագ կրկնելու են, հետո ստանան անհրաժեշտ թվանշանն ու մոռանան:

Բայց այսօր մայիսի 12-ն ու նրանից առաջ եկած-անցած օրերը դեռ շատերն են հիշում՝ ականատեսի իրավունքով: Իսկ մենք 3-ի համար պայքարող աշակերտի նման հայրենիք երևույթ-եզրույթն ենք հոլովում, փորձում գտնել դրա սահմանումը, հետո մոռանում, որ հայրենիքը պիտի երկիր դառնա: Իսկ երկիր բառը սահմանելն անհամեմատ ավելի բարդ է, քան հայրենիքը, այն էլ մեր դեպքում: Գիտե՞ք, մենք ամենաէական սահմանումները գտնում ենք ամենաանէական վայրերում՝ երթուղայինում, անգործ, բայց կարևոր հարցեր քննարկող մարդկանց ժողովներում, որին անպայմանորեն միանում են նարդին ու թղթախաղը, և հենց այդ ընթացքում էլ ծնվում են բոլոր հարցերի պատասխանները:

Կամ նա՝ օդանավակայանի ճանապարհը բռնած երիտասարդն ասում է, որ սիրում է իր հայրենիքը, իսկ ձեռքին մի մեծ ճամպրուկ կա. չէ՞որ հեռվից սերն ավելի ուժգին է: Հեռվում անգիրներն ավելի հեշտ են ստացվում սովորել: Բայց եթե անկեղծ՝ հեռվում նրանք միայն հայրենիքն են սահմանում, իսկ այստեղ՝ մեզ վրա ավելի ծանր գործ է դրված՝ հայրենիքը երկիր դարձնել: Արարատ-Գառնի-Գեղարդ-Նորավանք երթուղին հայրենիքի միայն մի մասին համապատասխանեցնել ու գտնել այն, ինչը կլրացնի, ամբողջական կդարձնի մաթեմատիկաֆիզիկական խնդրի լուծումը:

23 տարի առաջ կնքվեց զինադադար, որ սահմանաբաժան եղավ պատերազմի և պատերազմի մեջ, ուղղակի գրքերում երկրորդ պատերազմը փոխարինվեց խաղաղություն բառով, և խնդիրը լուծվեց: Ի՞նչ կա որ:

Շուշին Ստեփանակերտին միացնող ճանապարհի մոտ էր, երբ ազատամարտիկը, ում անունն այդպես էլ չիմացա, պատմում էր.

-Շուշիի ազատագրումից մի քանի օր հետո հասանք, տղերքի արյունը դեռ չէր չորացել…

Այդ ճանապարհին Դուշմանը յասամաններ պիտի տնկեր պատերազմից հետո, այդ ճանապարհը կյանքի ու մահվան արահետ էր քսանհինգ տարի առաջ, իսկ այսօր այն միայն ու միայն կյանքի ճանապարհ է: Բայց նրա խոսքերը կյանքի ու մահվան մասին մտածելու առիթ չէր, որ տալիս էր, ո՛չ, այն իրականում ապրելու պատգամ էր, զինադադարից հետո էլ չչորացող արյան վրա քայլելով ապրելու պատգամ:

Արցախը մի տեսակ չավարտվող պատերազմի երկիր է, Շուշին այդ պատերազմի մայրաքաղաքը, իսկ Ստեփանակերտը երբևէ տեսածս ամենախաղաղ պատերազմական քաղաքը:

Ստեփանակերտի փողոցներում աննպատակ ոչինչ չկար, ո՛չ գետնին պատահականորեն կամ դիտավորյալ ընկած աղբի կտոր, ո՛չ անգործ բազմություն, ո՛չ աղմուկ… Այնտեղ գերակշռողը զինվորական համազգեստով տղամարդիկ էին, իսկ ավտոմեքենաների հետ և դրանցից առավել՝զրահամեքենաներ: Որքան էլ փորձեցի՝ երևակայությունս չբավականացրեց Երևանի փողոցներում պատկերացնել այդ հանգստությունը՝ պատերազմի մեջ: Որքան էլ փորձեցի՝ զինադադարը փաստող ապացույցներ չգտա կռիվ-քաղաքի փողոցներում, ո՛չ էլ մարդկանց աչքերում…

Այնտեղ կյանքը պատերազմ էր, իսկ պատերազմը՝ կյանք, իսկ զինադադարը միջին վիճակն էր այդ ամենի, որն այդպես էլ չհամապատասխանեց իր անվանը: