anush hovhannisyan

Թե ինչպես հիվանդացա

Գիտե՞ք, արդեն մտածում եմ, որ աշնան գալը ու իմ հիվանդանալը չգրված օրենք է դարձել: Իմ նվնվալու սեզոնը սկսվեց հենց առաջին օրից: Սեպտեմբերի 1-ին հիվանդ էի ու երևի այսպիսի կարգախոս հորինեմ. «Ինչպես սկսեմ սեզոնը, այդպես էլ կավարտեմ»: Սա ինձ համար է ասված: Կիտրոնով թեյը դարձել է կյանքիս իմաստը: Աչքերս բացում եմ, արդեն ինձ է սպասում: Ու չասեմ, որ մի անգամ երազում էլ տեսա կիտրոնով թեյ: Այս մեկ ամսվա մեջ այնպես եմ հետը կապվել, որ դժվար կլինի մեր բաժանումը, չնայած եթե այս տեմպերով շարունակեմ, դժվար էլ բաժանվենք:

Պատմեմ թե ինչպես սկսվեցին իմ և հարբուխի «հարաբերությունները:

Սեպտեմբերի 21-ին, երբ դուրս էի եկել ֆոտոներ անելու, մնացի անձրևի տակ: Դե քանի որ շատ եմ սիրում անձրևի տակ զբոսնել, քայլերս չարագացան, բայց հասա տաղավարին, որտեղ պապիկները նստած նարդի էին խաղում: Դե քանի որ անձրև է, ինչո՞ւ չզրուցենք:

-Պապիկ ջան, ուզում եմ մի քիչ զրուցենք, այսօր անկախության օրն է:

-Ի՞նչ անկախություն, հը՞, ո՞ւր ա անկախություն: Հա, խոսամ, որ լավ նկարես, քցես տելեվզրի մեջ` խայտառակ լինե՞մ: Չեմ խոսա:

-Վայ, չէ, այ պապի ջան, ի՞նչ հեռուստացույց, ուղղակի զրուցենք, մինչև անձրևը կտրվի:

-Չէ, գնա ուրիշին գտի:
Բայց պապիկներից մեկը, ում աչքերի անասելի գեղեցկությունը չկարողացա անտեսել, սկսեց խոսել:

-Էհ, բալես, անկախությունը հիմա վերացել ա: Ո՞ւր ա: Դու զգո՞ւմ ես, որ անկախ ենք, չէ… Բա դա էր մեր էդքան տարվա երազանքը:

-Իյա… Էս չկարացա՞ր քեզ զսպես: Մի խոսա, այ տղա, գլխիդ կսարքեն,- միջամտեց խոսել չցանկացող ու, չգիտեմ ինչու, մարտական տրամադրված պապիկը:

Մտածեցի` ինչ անեմ, որ իմ մասին իրենց կարծիքը փոխեն և որոշեցի հյուրասիրել պապիկներին: Անձրևը դեռ չէր կտրվել, թրջվելով հասա մոտակա խանութը, բանան գնեցի և թրջվելով նույն ճանապարհով հետ եկա: Հյուրասիրեցի պապիկներին, կերան բանանը, բայց ապարդյուն: Ոչ մի բան էլ չփոխվեց, շարունակում էին լուռ իրենց նարդի խաղալ: Ես էլ որոշեցի պարզապես լուռ նստել մինչև անձրևը կտրվի:

Հաջորդ օրը` կիտրոնով թեյ, հարբուխ, մի տուփ անձեռոցիկ և իհարկե, նվնվոց…