marat sirunyan

Ժաշքը

 (Մի սև օրվա երկու երես)
«Երգրաշա՞րժ… Ես գինամ էդ ժաշքնի մգըլօրս է էղի, էս էրգօրնի էղի…»

Այս է երկարաշարժը՝ չմարող մահվան տեսիլ, որն անցնում է սերնդե սերունդ ժառանգաբար՝ արյան ու գեների միջոցով… Անցնում է բոլոր զգայարանների միջոցով թե վերապրածի, թե դրանից շատ հետո ծնվածի: Վերապրածը անմիջապես տեսնում է դժոխային իրական պատկերը, լսում աղաղակներն ու մահվան ձայնը, զգում փլատակների տակ անհույս փտող դիակների հոտը, զգում հողի ու փոշու դառնահամը, իր իսկ ձեռքերով այս ու այն կողմ տանում սեփական տան մնացորդներն ու դրանց տակ գտնում ու գիրկն առնում մահացած կամ հոգին ավանդող հարազատին կամ ինչ-որ հրաշքով գտնում նրան ողջ… Ու կամ թաղում է իր հույսն ու հավատն այդ հարազատի հետ, կամ նրա հետ վերածնում դրանք:
Իսկ երկրաշարժ չվերապրածները լսում են այդ չարաբաստիկ եղելության մասին տարատիպիկ պատմություններ՝ մեկը մյուսից դաժան ու ցավալի, մտքում վերարտադրում դրանք՝ շոշափելով երկրաշարժի ժամանակ զոհված այս կամ այն հարազատի շիրմաքարն ու ռունգերին զգալով այրվող խնկի բույրը…

28 տարի է անցել, բայց դրա ականատեսները դեռ չեն մոռացել ու երևի երբեք էլ չեն մոռանա այդ օրվա տեսածը…

Պատմում է Գայանե Մարտիրոսյանը, Լոռու մարզի Լեռնավան գյուղի մեր հարևանուհին.

-Աշխատանքի գնալուց առաջ երկամյա աղջկաս տվել էի իր սիրելի տիկնիկը, մի գրիչ (երբ մեծերի ձեռքին տեսնում էր, ինքն էլ էր ուզում գրել) ու մեկ ռուբլի, ասելով, որ աշխատանքից վերադառնամ, միասին կգնանք խանութ… Երկրաշարժը եղավ, ես շնչակտուր հասա տուն ու սկսեցինք փլատակների տակ փնտրել երեխայիս: Գտանք նրան… Չորս կողմը քարեր էին ընկել, իսկ վրան հող էր լցվել, չգիտեմ՝ ինչ հրաշքով նրա վրա անգամ մի քերծվածք չկար: Երբ երեխայիս հանեցինք այնտեղից, ձեռքերի մեջ պինդ պահել էր տիկնիկն ու մեկ ռուբլին… Մոտ 20-30 րոպե ձայն չէր հանում, հետո, երբ լեզուն բացվեց, ասաց. «Մա՜մ, գրիչս մնաց»…

Պատմում է երկրաշարժի ականատեսը, հուզվում, վերապրում է զգացածը, աչքերն արցունքոտվում են.

-Է՜, էդ օրը… Մոռանալ չի լինի… Երբեք չեմ մոռանա այն պատկերը, որը տեսա հայրական գյուղիս` Ջրաշենի դպրոցում… Այն գրեթե ամբողջությամբ ավերվել էր, շատ երեխաներ էին զոհվել, անգամ կային դասարաններ, որոնց երեխաներից ոչ ոք ողջ չէր մնացել… Համարյա ամբողջ գյուղն այնտեղ էր, միասնացել էին բոլորը: Հիշում եմ, երբ բազմությունը լսում էր` գտա՜նք, անմիջապես, մի մարդու պես հսկայական քարերը, բետոնե սալիկները, որոնք հսկայական ծանրություն ունեին, գերբնական ուժով այս կամ այն կողմ էին տանում ու փրկում երեխային… ,- նորից հուզմունքը խեղդում է կոկորդը,- Մարդիկ կային, որոնք փլատակների տակից հանում էին իրենց երեխայի անշնչացած դին, դնում իրենց կողքին ու շտապում էին մյուս երեխաներին փրկելու:

* * *
Պատմում է մայրս իր հոր պատմածը.

«Գյուղի փողոցներից մեկով էի անցնում, երբ մի բեռնատար մեքենա կանգնեց կողքիս: Մեքենայից ծանոթ մեկն իջավ, գրկախառնվեցինք ու արցունքն աչքերին ասաց. «Խնդրում եմ՝ հետս արի. ոչ ոք չկա, որ նրա հետ թաղեմ հարազատներիս, գոնե դու արի…»: Երբ բարձրացա բեռնատարի վրա, տեսածս կյանքումս տեսած ամենադաժան ու հոգեհան տեսարաններից էր, որ երբեք չեմ մոռանա… Բեռնատարում դագաղներ էին, որոնց մեջ այդ մարդու ընտանիքի անդամներն ու հարազատներն էին…»,- Գրիշա պապս, որ ծագումով Ջրաշենից է և վաղուց ապրում էր Վանաշենում, երկրաշարժի օրվանից թողած տունն ու ընտանիքը, շտապել էր իր ծննդավայր ու շուրջ 40 օր մնացել էր այնտեղ:

Նման սարսափազդու պատմությունների պակաս չկա մարդկանց՝ երկրաշարժի հետ կապված հիշողություններում: Ես էլ այդ «աղետի գոտի» կոչված տարածքի բնակիչներից եմ ու ակամա այդ աղետի հետևանքների կրողներից: Ես էլ, ինչպես իմ տարեկից ու շրջանում բնակվող շատերը, չեմ հաճախել մանկապարտեզ, չեմ կարողանում այցելել իմ գյուղի մարզամշակութային որևէ կենտրոն, չեմ կարողացել այցելել այնպիսի դպրոց, որը կունենա լաբորատորիա, սպորտդահլիճ, հանդիսությունների սրահ: Իսկ գիտե՞ք՝ ինչու, որովհետև դրանք ուղղակի չկան… Գյուղի համայնապատկերից առհասարակ բացակայում են կարևոր նշանակության շինությունների մեծ մասը: Գյուղը չունի համայնքապետարան, մշակույթի կենտրոն, մանկապարտեզ, սպորտդահլիճ, բարեկարգ բուժկետ, գրադարան, կարևոր նշանակության կառույցներից թերևս գործում է միայն դպրոցը, այն էլ միայն դասասենյակներ ունի, ուրիշ ոչինչ:
Իսկ ավագ սերնդի ներկայացուցիչներից գրեթե բոլորը, որոնց տվել եմ այն հարցը, թե ինչ դրական գոնե մի փոփոխություն կա երկրաշարժից հետո, պատասխանել են՝ ոչ մի…

Եվ երևի թե իրոք, «ոչ մի», քանի որ այդ օրվանից այս կողմ համարյա ոչ մի լավ բան տեղի չի ունեցել, բացի իհարկե, անկախության հաստատումը: Արդյո՞ք սա էր մեր երազած անկախ պետությունը: Կամ ինչպես երկրաշարժը սեփական շահերին ծառայեցնողները, որոնց համար այն թալանի ու գրպանները տռզեցնելու միջոց էր: Այսօր էլ  ղեկավարության ու պաշտոնատար անձանց մեծ մասն է թալանում սեփական ժողովրդին ու երկիրը` համայնքների դիմակայունության բարձրացման կամ աղետի գոտիների վերականգման համար նախատեսված գումարների մեծ մասը ծառայեցնելով սեփական բյուջեի դիմակայունության ապահովմանն ու դրա ճեղքերի փակմանը: Շատ բան չի փոխվել:
Եվ չմոռանանք. որքան մի երկրաշարժից հեռանում ենք, այնքան մոտենում ենք նորին…