Narek Soghoyan

Ժորա պապը

-Ի՞նչ ասեմ,- խորը շունչ քաշելով` ասաց Ժորա պապը,- դժվար է հիշել մանկությունը, եթե հիշեմ` կսկսեմ երազել, եթե երազեմ, մանկությունս հետ բերող կլինի՞: 

Պապը ծնվել է համաշխարհային պատերազմի տարիներին այն գյուղում, որ մինչև այսօր հերոսներ է տալիս` Հրազդան քաղաքի Աթարբեկյան գյուղում (այս գյուղին ուրիշ անուն չի սազում):
Ժորա պապի խորը կնճիռներից արդեն իսկ երևում են 74 տարվա հետքերը՝ լի դժվարությամբ ու, միևնույն ժամանակ, երջանկությամբ:

-Չորրորդ դասարան էի, հորիցս թաքուն թողեցի ուսումս ու սկսեցի աշխատել կոլխոզում: Յոթ երեխա էինք, ապրել էր պետք, ի՞նչ անեի: Բայց իսկապես՝ սուտը քառասուն օր է տևում, հայրս իմացավ ու բարկացավ: Ես էլ՝ ի՞նչ, և՛ ուզում էի աշխատել, և՛ սովորել: Ստիպված գնացի գիշերօթիկ դպրոց: Ախր, այստեղ էլ բախտս չբերեց. յոթերորդ դասարանում էի, բանակ տարան: Դե, Ժորա ջան, երեք տարի արի ու ծառայի: Անցան երեք տարիները: Վերադարձա տուն ու տեսա հերոս հորս, որն արդեն մեկ ոտքով էր: Վիրավորվել էր պատերազմում, բժիշկներն էլ փրկելու համար մի ոտքը կտրել էին: Երևի մեկ օր էլ չէր անցել, հայրս թե. «Ժորա ջան, ժամանակն է, որ ամուսնանաս»: Ընկերս ինձ ծանոթացրեց իր բարեկամուհիներից մեկի՝ Գոհարի հետ: Ո՞վ կմտածեր, որ հենց Գոհարն է դառնալու իմ կյանքի ամենամեծ նվերներից մեկը: Աստծուց այնքան շնորհակալ եմ Գոհարի համար:

Հորիցս հետո ես դարձա քույր-եղբայրներիս հայրը. երկու ընտանիք իմ ուսերին էր: Սկզբում դժվար էր, հետո, փառք Աստծո, անցա աշխատանքի տրիկոտաժի գործարանում, ու ամեն բան իր տեղն ընկավ:

Պապը եղել է քաղաքի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

-Աշխատանքից տուն էր գալիս թե չէ, դուրս էր գալիս ֆուտբոլ խաղալու,- ծիծաղում է կինը:

Պապն իրեն երջանիկ է համարում.

-Ունեմ ամեն ինչ՝ ընտանիք, երեխաներ, թոռներ ու ծոռներ: Սրանից էլ մեծ երջանկություն կա՞:

Ես անձամբ եմ տեսել նրա բանաստեղծությունների տետրը՝ հաստ ու լի էջերով, բայց պապն ասում է՝ ես բանաստեղծ չեմ:

Ամենամեծ երազանքը, որ ունի ընկերոջս պապը, խաղաղությունն է հայրենիքում:

-Բախտից այնքան գոհ եմ, միայն խաղաղություն եմ ուզում: