lyusya balabekyan

Անկեղծ հարցազրույց տատիկիս հետ

Վաթսունհինգամյա տատիկս ժամանակից շուտ է ծերացել (քանի տարի է՝ բոլորս պայքարում ենք նրա հիվանդության դեմ): Երբ իմացավ, որ հարցազրույց պիտի վերցնեմ իրենից, մեջքն ուղղեց, հարմար նստեց ու սկսեց պատասխանել մի քանի հարցերիս՝ հիշողությունների գիրկն ընկնելով:

-Տա՜տ, կպատմե՞ս քո մանկության տարիների մասին: 

-Իսկապես անհոգ էինք: Հիշում եմ՝ Զատկի տոնին մեր թաղի երեխաներով «ձու» էինք խաղում, ուրախանում, հետո միասին ուտում՝ առանց իմ ու քո անելու: Հիշում եմ, որ ձմռան ցուրտ օրերին խմբվում էինք թոնրի շուրջը և ախորժակով ուտում մորս պատրաստած ճմուռը, որից համեղ բան աշխարհում չկա:

-Պատմիր, խնդրում եմ, ձեր գյուղի համախմբվածության մասին. չէ՞ որ գյուղի բնակիչներն ասես մի ընտանիքի անդամներ լինեն: 

-Այո՛, մի ընտանիքի պես էինք: Երբ մայրս մահացավ՝ շատ երիտասարդ տարիքում,- տատս սրբեց արցունքները,- փոքր եղբայրս մնաց իմ ու մեծ քրոջս հույսին: Ես սովորում էի յոթերորդ դասարանում: Հայրս ինձ կապում էր թոնրատան սնից, որ չընկնեմ, ու ես հաց էի թխում: Հարևանները տեսան ու հաջորդ օրվանից ինձ չթողին, որ հաց թխեմ. իրենք էին հերթով ամեն օր տաք հաց բերում: Նրանք կիսեցին մեր հոգսը, ու մենք ապրեցինք:

-Տա՛տ ջան, դու հավանաբար զգում ես հին ու նոր ժամանակների, գյուղի ու քաղաքի տարբերությունները: Որո՞նք են դրանք, որն է լավը, և որը՝ վատը:

-Մեր օրերում նամուս կար: Ամուսնացա, գյուղից քաղաք եկանք: Մեզ համար զարմանալի շատ բաներ կային, բայց ընտելացանք, մենք էլ փոխվեցինք: Երբ կիրակիները գյուղ էինք գնում, էրեխեքն ասում էին՝ քաղաքի հորքուրն եկավ:
Հիմա ամեն ինչ հեշտացել է: Մարդիկ, իրենց ծուլությունից ելնելով, նոր բաներ սկսեցին ստեղծել, օրինակ՝ ավտոմատ լվացքի մեքենան. դու քնիր, թող քո փոխարեն լվա:

-Ի՞նչ կմաղթես թոռնիկներիդ: 

-Ամենակարևորը՝ խաղաղ թող ապրեն: Խաղաղ երկնքի տակ՝ խաղաղ հոգով ու մտքով: Ազատամիտ սերունդ է մեծանում, թող մեծանա, բայց մի քիչ չափի մեջ լինի: Ես միշտ ասում եմ, որ պիտի պայքարենք արդարության համար, ճիշտ է՝ դժվար է, բայց մարդը պիտի արդար ապրի:

Գրկում եմ արդարամիտ տատիկիս ու զգում նրա տատիկական անուշ ու անկրկնելի բույրը: