արթուր համբարձումյան

Ինչ է նշանակում լինել տատիկ

Հարցազրույց տատիկիս` Արմենուհի Էքսերջյանի հետ

-Մի քիչ պատմիր քո մանկությունից, տատիկ:

-Ես մեր տան ամենափոքրն եմ և միակ աղջիկը: Ինձնից մեծ երեք եղբայր  ունեմ: Մանկուց ինձ տարբերել են որպես աղջիկ` ավելի ուշադիր էին: Երեք տարեկանից գնացել եմ մանկապարտեզ: Գնացել եմ այն մանկապարտեզը, որտեղ հետո գնացել են իմ թոռնիկները և իմ փոքր դուստրը: Մանկապարտեզը իմ հիշողության մեջ շատ լավ է մնացել` իր հանդեսներով, ամառային արձակուրդներին Ծաղկաձորի ճամբար տանելով: Հետո գնացել եմ մեր թաղամասի դպրոցը` Երևանի Գայի անվան դպրոցը: Լավ եմ սովորել, դպրոցից էլ լավ հիշողություններ ունեմ` դրական: Դպրոցը ավարտելուց հետո գնացել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ: Ավարտել եմ: Այդքան բան, մանկությունը և պատանեկությունը անցկացրել եմ սովորելով:

-Իսկ դու հիշո՞ւմ ես քո տատիկին:

-Իմ տատիկներից մեկը մեզ հետ էր ապրում, իսկ մյուսը` ուրիշ երկրում: Հիշում եմ: Քանի որ իմ ծնողները ժամանակին ներգաղթել են Բուլղարիա, և քառասունվեց  թվին, երբ հայրենադարձություն եղավ, իմ ծնողները եկել են Հայաստան, իսկ մայրիկիս ծնողները  մնացել են Բուլղարիայում: Նրանց հետ հիմնականում նամակագրական էր կապը, և երբեմն գնում էինք հյուր: Դա իմ Արմենուհի տատիկն էր, իսկ մյուս տատիկը ապրում էր մեզ հետ: Շատ լավ տատիկ էր, բարի,  շատ շնորհքով, ամեն ինչ կարողանում էր, համով-համով կերակրում էր: Ես աշխատում եմ շարունակել իրենց ավանդույթները:

-Ինչպիսի՞ն են եղել քո և տատիկիդ հարաբերությունները:

-Ինչպիսին բոլոր տատիկ-թոռնիկների հարաբերությունները:

-Իսկ այդքան տարիներ հետո դու հիմա ինչո՞վ ես նմանվում տատիկիդ:

-Ավելի շատ ես ծնողներիս մեջ եմ նմանություն գտնում: Իմ տատիկ-պապիկի հետ մենք լրիվ ուրիշ սերունդ ենք: Ես ավելի շատ ծնողներիս եմ շարունակում, քիչ հիշողություններ ունեմ: Հիմնականում` հոգատարություն:

-Ինչպիսի՞ զգացումներ ունեիր, երբ առաջին անգամ դարձար տատիկ, և տարբերվո՞ւմ էին այդ զգացումները մյուս անգամներից:

-Որախ էի: Առաջին հերթին դուստրերիս համար, որոնք մայր դարձան, և իմ ցանկությունն էր` օգնել, հենարան լինել իրենց, մեծացնել այդ բալիկներին, պատասխանատվության ինչ որ մաս վերցնել ինձ վրա: Բնականաբար, լավ, դրական, ուրախ:

-Բայց տարբերվո՞ւմ էին այդ զգացումները մյուս անգամներից:

-Չէ, ամեն մեկինն էլ յուրովի նույնն էր. ևս մի փոքրիկ երջանկություն և ուրախություն:

-Ինչո՞վ ես սիրում զբաղվել քո թոռնիկների հետ:

-Հիմնականում զրուցել, փազլ հավաքել, զբոսնել, ամեն մանկապարտեզ տանել-բերելուց ինչ-որ մի բան պատմել, երգել…

-Ե՞րբ է լինում, որ դու երջանկանում կամ վշտանում ես թոռնիկների համար կամ թոռնիկների պատճառով:

-Ամեն իրենց հաջողության հետ ես երջանկանում եմ, ամեն իրենց վատ արարքից, հիվանդ լինելուց կամ անհաջողությունից տխրում եմ, բայց աշխատում եմ միշտ դրական էմոցիաներով շրջապատեմ իրենց:

-Եվ դու որպես տատիկ ի՞նչ ես մաղթում մյուս տատիկներին:

-Երջանկություն: Թող ամեն տատիկ իր թոռնիկների հաջողություններով ուրախանա և հպարտանա: Իր խնամքի ու չարչարանքի արդյունքը  տեսնի: