marat sirunyan

Լեռնավանի ավանդազրույցները. մաս 4

Ահա և շարքի վերջին պատմությունը:

Նախորդ պատմություններում դեպքերը տեղի էին ունենում մեր՝ Սպիտակի շրջանում, սակայն սատանան հո միայն մեր շրջանին չի՞ հատուկ, այն պետք է որ ամենուր լինի:


Եվ հենց այս պատմությունն էլ տեղի է ունեցել Արարատի մարզում, մոտ 1962 թվին: Այն ինձ ժամանակին պատմել է մայրական տատս՝ Նվադ Այվազյանը: Բարի ու հոգատար մի կին, որին սատանան ինչ ջանք էլ թափեր, ոչինչ էլ չէր կարողանա անել: Բայց նա մոտ 17-18 տարեկան աղջիկ էր, երբ այդ դեպքը պատահեց:

-Վանաշենից-Արարատ ոտքով, կարճ ճանապարհով, մածուն էինք տանում ծախելու: Մի պահ նստել էինք հանգստանալու, հանկարծ հեռվից, ոնց որ՝ սար ու ձորերից, անորոշ մի տեղից նվագի ձայներ լսեցինք: Հիշեցինք, որ պատմում էին, թե էդ կողմերում՝ սարերի մեջ սատանաներ կան ու հարսանիքներ են անում, թե խանգարես՝ լավ չի լինի: Էդ որ հիշեցինք, թողեցինք մածունն էլ, մերանն էլ ու մինչև տուն վախը սրտներումս փախանք՝ չլինի, թե էդ անտերները տեսած լինեն ու գան հետևներիցս… Մեզ պատմում էին, թե էդտեղ սատանաներ կան, չէինք հավատում, էդ օրը հավատացինք: Համ էլ ասում էին, թե շատ տգեղ, այլակերպ արարածներ են:

Տատիս պատմած այդ արարածների հետ կապված մի կարծիք էլ կա, որ հնարավոր է նրանք ոչ թե սատանաներ, այլ ինչ-որ թուրք-քրդական խմբեր, վայրի ցեղեր են եղել: 

Ավագ ընկերներիցս Արփինե Ղազարյանն էլ պատմում է իր պապի՝ Շիրակի մարզի Շիրակավան գյուի բնակիչ Մկրտիչ Հարությունյանի պատմածը.

-Պապս պատմում էր, որ իրենց գյուղում մի ժամանակ լուրեր էին տարածվել, թե գյուղում սատանա են տեսել: Իրենց հարևանի տղան էլ մի օր դաշտից տուն գալիս ինքն իր շողքը տեսել ու վախեցել է և որոշ ժամանակ անց, այդ վախի պատճառով մահացել: Պապս պատմում էր, որ այն ժամանակներում՝ սովետի տարիներին, շատ են խոսել ու պատմել չարքերի մասին, դե այն ժամանակ գիտությունը  զարգացած չի եղել ու ինչին չեն կարողացել գիտական բացատրություն տալ, վերագրել են չարքերին:

***

Բայց ինչպես այս, այնպես էլ մյուս պատմությունների տարօրինակ արարածների ով լինելը ոչ ոք չի կարող ասել: Ժողովուրդն իմաստուն է, և նրանց անվանել է ՝ սատանա: Իսկ թե ինչ է այդ «սատանան»՝  իրական-առեղծվածային բացասական կերպար, երևակայության արդյունք, հորինված կերպար, թե ինչ՝ դա ամենքն իրենք պետք է որոշեն: Եվ ինչպես ասում են՝ սատանան այնքան վախենալու չէ, որքան նրա անունը:
Բացի այդ, ինչպես նկատեցիք, գրեթե բոլոր պատմությունները տեղի էին ուեցել ԽՍՀՄ-ի ժամանակներում: Դա որևէ կապ ունի՞, թե՞ ոչ, թողնում եմ ձեր դատին: Իսկ պատմություններից գրեթե բոլորի հերոսներն այսօր չկան, և իրենց պատմություններն ինձ են հասել նրանց սերունդների միջոցով:

Համենայն դեպս, եթե հավատում եք կամ մի օր չարքերի հետ առնչվելու առիթ ստեղծվի. հիշեք այս պատմություններն ու նրանցում առկա մանրուք թվացող փաստերը. «Սատանան մանրուքներում է»: Եվ մի մոռացեք՝ ինչպես ժողովրդի պատմություններից է երևում՝ ավելի հաճախ նույն ինքը՝ սատանան է մարդկանցից վախենում: