Gayane Avagyan

Խնձորի այգին

Երևի ես երբեք էլ չէի կարդա այս ստեղծագործությունը, երևի երբեք էլ չէի նայի կինոնկարը, եթե չլինեին ընդունելության քննությունները: Մի ուրիշ անգամ, եթե ինձ ասեին՝ մի լավ բան ասա՝ կարդամ, հաստատ այս պատմվածքը չէի խորհուրդ տալու: Բայց հիմա շատ եմ սիրում այս պատմվածքը:

Սովորական առավոտ, սովորական օրերի նման, էլի: Հազիվ քնից արթնանալով` մոտեցա պատուհանին` տեսնելու, թե ինչ եղանակ է դրսում: Իմ օրվա տրամադրությունը հենց եղանակից էլ կախված է: Մոտեցա պատուհանին, քնաթաթախ վիճակում նույնիսկ չհասկացա, թե ինչպես գլուխս խփեցի պատուհանին: Ձեռքս գլխիս դրեցի ու սկսեցի նայել: Բախտս բերեց. դրսում տաք էր, թռչունները իրենց ձայնով ողջունեցին ինձ: Արև էր, ձյունը քիչ-քիչ հալվում էր: Բարձր տրամադրությամբ գնացի գիրքս վերցրի, նստեցի պատուհանի մոտ ու սկսեցի կարդալ: Գլուխս մեկ-մեկ բարձրացնում էի, նայում ներքևի այգուն. ինչ-որ ծառեր էին երևում, երևի խնձորենիներ էին: Զուգադիպություն` ձեռքումս էլ Ստեփան Զորյանի պատմվածքների ժողովածուն էր, ու ես պիտի կարդայի «Խնձորի այգին»: Ինչ-որ տարօրինակ տրամադրությամբ սկսեցի կարդալ: Հինգ էջ կարդալուց հետո այլևս հայացքս չբարձրացրի` տեսնելու համար դրսի եղանակը: Տարօրինակ է, բայց ուզում էի արագ վերջացնել պատմվածքը ու գարնանային տրամադրությամբ գնալ զբոսանքի: Բայց գրքի ընթերցումից հետո այլևս ոչ պատուհանից նայելու հավես կար, ոչ էլ, առավել ևս, զբոսնելու: Մինչև այս գիրքը կարդալը, երբեք չէի մտածի, որ մարդիկ ծայրահեղ վատ քայլերի են պատրաստ իրենց լավ լինելը ապահովելու համար:

Եթե չես կարդացել, անպայման կարդա, թեկուզ առաջին էջը, թեկուզ երկու տող, մեկ է՝ առաջին նախադասությունը կարդալուց հետո կարդալու ես մինչև վերջ: Իսկ եթե կարդացել ես, կամ էլ ֆիլմն ես նայել, շատ ավելի լավ, հուսով եմ՝ կհասկանաս շարադրածս: Բայց եթե ձեռքդ չի ընկել այդ պատմվածքը, կամ էլ պատահմամբ ֆիլմը չես տեսել էկրանին, ապա մի փոքր պատմեմ: Պատմվածքի գործողությունները պտտվում են Մարտին ապոր այգու շուրջ: Նրա այգին հայտնի է ամբողջ գավառում, և նա սիրով խնամում է իր խնձորի այգին: Երբ մահանում է Մարտին ապոր կինը, նրա ավագ աղջիկը` Նոյեմը, և փեսան` Արտուշը, ամեն ինչ անում են այգին ժառանգելու համար: Մարտին ապերը ամուսնանում է երկրորդ անգամ` Նունուֆարի հետ: Աղջիկը ոչ մի կերպ չի հարմարվում հոր ամուսնության հետ: Իսկ երբ իմանում է, որ հայրը զավակ է ունենալու, ամեն ինչ անում է, որ այգին կտակի միայն իրեն, անգամ պատճառ է դառնում խորթ մոր և նրա չծնված զավակի սպանությանը: Իսկ Մարտին ապերը, իմանալով աղջկա՝ իր երկրորդ կնոջ սպանության պատճառը դառնալու մասին, կտրատում է այգու բոլոր ծառերը: Սակայն նրան խելագար են կարծում և, ի վերջո, պատմվածքի վերջում այգին մնում է ավագ դստերը:

Այս փոքրիկ պատմվածքը ինձ ստիպեց մտածել նաև այս տեսակ մարդկանց մասին: Այս հերոսուհին և իր ամուսինը իրենց նպատակին հասան կեղծավորություն անելով, խաբելով, նույնիսկ արդեն հարազատ դարձած մարդու մահվան պատճառը դառնալով: Ինձ թվում է, որ կարդալիս մի միտք կպտտվի ուղեղումդ, ինձ մոտ այդպես է եղել. ինչպե՞ս կարող է մարդը շահի համար ամեն ստորաքարշության դիմել: Հետո, երբ ավելի ես խորանում, հասկանում ես, որ իրականում մարդկային արժեքները ավելի կարևոր են, քան հարստությունը, շահը, էլ ուր մնաց՝ մարդու կյանք խլելը շահի հասնելու համար: Այս մասին չէի մտածել մինչ կարդալս: Հիմա եմ սկսում մտածել, թե ինչպես են մարդիկ կարողանում ձևացնելով, խաբելով հասնել որևէ արդյունքի: Այնինչ քսանմեկերորդ դարը, ինչպես ասում է մեր շենքի ամենատարեց բնակիչը, ստելու, խաբելու դար չէ: Ամեն ինչ բոլորն ի վերջո իմանում են: Դե, այս պապիկը չգիտի, լավ է, որ մտքով էլ չի անցել, որ նման մարդիկ ամեն դարում էլ լինելու են: Եղել են և Զորյանի ժամանակ, և կան հիմա: Հուսով եմ, որ գոնե հետաքրքրություն առաջացավ ` պատմվածքը թերթելու: Ես այս պատմվածքից շատ բան սովորեցի, ծանոթացա նաև այս տեսակ մարդկանց հետ: Փորձեցի նույնիսկ հասկանալ նրանց, բայց ոչ մի կերպ նրանց արաքը չկարողացա արդարացնել:

Չէի ուզի, որ նյութիս մեջ նախընտրական տարրեր փընտրես, թեպետ, շատ փնտրելու դեպքում կարող է գտնես: Թե Զորյանն ինչ իմանար, որ իր ստեղծագործության գաղափարը` քծնելը, խաբելը, շահից դրդված ամեն ինչ անելը, այսօր էլ կլինի:

Առավոտվա տրամադրությունս միանգամից փոխվեց: Չէ, այս անգամ եղանակը մեղավոր չէր, և ոչ էլ դասերիս շատությունը: Մեղավորը այս փոքրիկ պատմվածքն էր, որը իր մեջ պարունակում էր այն ասելիքը, որի մասին մինչ այս չէի մտածել: