lida armenakyan

Հակադրությունների շղթան

Բարև: Երկար ընդմիջումից հետո վերադարձել եմ, որ էլի հետդ խոսեմ: Չգիտեմ, բացակայությունս նկատե՞լ ես, թե չէ, բայց ես արդեն հասցրել եմ կարոտել քեզ:

Եկել եմ մի քիչ խոսենք մեր հասարակությունից: Ուզում եմ խոսել այն հասարակության մասին, որ քննադատում ու անբարո է համարում աղջկան, որն ընտանիք է կազմել սևամորթի հետ, բայց միևնույն ժամանակ, նորմալ է համարում հայ տղամարդկանց ամուսնությունը ռուս գեղեցկուհիների հետ: Տես, թե միանգամից քանի խնդիր առաջ եկավ` ռասիզմ, սեքսիզմ… Ու որ մի քիչ էլ փորփրեմ, հավատա, ավելի անտանելի խնդիրներ կգտնեմ, բայց լավ, մոռացիր ու ժպտա: Ժպտա, որովհետև այդ հասարակության կողքին մի ավելի քաղաքակիրթ հասարակություն ունենք: Հասարակություն, որի համար նշանակություն չունի մաշկի գույնը, սեռական հայացքները, կրոնական պատկանելիությունը, ինչ-որ երկրացի լինելն ու էսպես շարունակ: Բայց և այնպես, պիտի հիշեցնեմ, որ ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ քեզ «ողջ-ողջ կթաղեն» իրենց խոսքերով, եթե ասենք, մազերդ կապույտ ներկես: Կամ թե գունավոր զուգագուլպա հագնես սպիտակ դասական վերնաշապիկի հետ ու կեդեր` սև էլեգանտ շրջազգեստի հետ:

Ապրում ենք մի հասարակության մեջ, որի համար վարդագույնը աղջկա գույն է, իսկ կապույտը` տղայի, մի հասարակության մեջ, որի համար ամոթ է, երբ տղամարդն օգնում է իր կնոջն, ու ամոթ է, երբ կինը ամուսնու հետ նստում է նույն սեղանի շուրջ ու զրուցում, կատակներ անում ամուսնու ընկերների հետ: Ախր, ո՞ւր մնաց մեր «հայու գենը», «խպարտ խայուխի» կարգավիճակը»… Լավ, հաա, կատակում եմ:

Գիտե՞ս` դա որ հասարակությունն է, հենց այն, որ խոսում է ազգային արժեքներից, հանդիմանում է երիտասարդին, ով հիմնը լսելիս ձեռքը չի դնում կրծքին, բայց անգիր գիտի ամեն մի տողն ու նշանակությունը, այն հասարակությունն է, որ ասում է, թե հայրենասեր է, սիրում է մեր լեզուն, մշակույթը և սոցկայքերում այս ամենի մասին գրում է ռուսատառ:

Բայց դու աչքերդ մի խոժոռիր, հիմա կհիշեցնեմ, որ այդ ամենի հետ մեկտեղ, ապրում ենք այն հասարակության մեջ, որը մեծարում է հայ զինվորին ու պատրաստ է օգնել նրան ցանկացած պահի: Ապրում ենք այնպիսի հասարակության մեջ, որը ձեռք է մեկնում հիվանդ ու միայնակ ծերունուն՝ փողոցն անցնելիս, վերցնում է ծանր տոպրակներն իրենից տարիքով մեծ մարդու ձեռքից, սառնամանիքին կանգնեցնում է մեքենան ու անծանոթին առաջարկում է տուն հասցնել: Այնպիսի հասարակության մեջ, որն ընկածդ պահին քեզ օգնում է, այլ ոչ թե գցում ու տրորում:

Մի տխրիր ու լավ մնա, հասարակության մի փոքր մասն էլ ես ու դու ենք կազմում, ու գուցե ամեն ինչ հենց մեզնից ու մեզնով պիտի փոխվի: