Հարևաններ

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյանի

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյանի

-Դըխ՛կ, դըխ՛կ,- էլի դռան թակոցից ես արթնացա ու ինչպես ամեն առավոտ, լսեցի մեր հարևան Հռիփսիկ տոտայի` «Բարի լու՛յս, Աի՛դ ջան…» արտահայտությունը, որն ինձ դեռ վաղ տարիքից արթնացնում էր:

Արթնացա, հագնվեցի, գնացի հյուրասենյակ ու, ինչպես գրեթե ամեն առավոտ, տեսա նույն տեսարանը՝ սուրճի փոքրիկ սեղան՝ երկու գավաթ սուրճով, իսկ սեղանի շուրջ մայրս ու Հռիփսիկ «տոտան» սկսվելիք օրն են ծրագրում: Մեր հարևաններից ամենաշատը Հռիփսիկ տոտային եմ սիրում: Ասում են՝ փոքր տարիքում նրան «մամա» եմ ասել:

Ինչպես միշտ, արթնանալուց հետո ինձ ուղարկում են խանութ: Գիտեմ, որ շքամուտքից դուրս եմ գալու ու էլի տեսնեմ շենքի բոլոր տատիներին՝ նստարանին նստած, և իմ «Բա՛րև Ձեզ»-ին, լսելու եմ «Բարև, բալա՛ ջան» պատասխանը: Միշտ մտածել եմ, որ ոչ մի շենք չունի այդ տատիներից, որոնք արևի առաջին շողերը ելնելիս մինչև մայրամուտ նստում են շենքի բակում, ու ամփոփում օրվա անցուդարձը, շենքում կատարվող իրադարձությունները: Ինչևէ, շարունակեմ: Գնացի խանութ ու ճանապարհին տեսա մեր շենքի ամենաակտիվ երիտասարդին՝ Լիլիթին: Ինքն էլ է ռոք լսում, ու մենք իրար տեսնելիս միշտ թեմա ենք ունենում խոսելու:

Ըհը՜, էլի Արեգնազ տատին դուրս եկավ դիմացս: Բոլորը շենքում Արեգնազ տատիին ճանաչում են՝ չարչարված կին է, յոթ երեխաների մայր: Հա, ինչպես ամեն անգամ, Արեգնազ տատին ջերմ-ջերմ դասերիցս հարցրեց:
-Բարև Ձեզ:
-Բարև, Արման ջան, դասերդ լա՞վ են, սիրունացել, մեծացել ես…
-Լավ են, մերսի շատ:
Չգիտես ինչի` ամեն անգամ, երբ Արեգնազ տատին ինձ տեսնում է, ասում է, որ մեծացել եմ: Տեսնես` մարդ ամեն շաբաթ կարո՞ղ է մեծանալ:
Հա, քիչ էր մնում մոռանայի: Ասեմ, որ մեր հարևանների մեջ ուսանողներ էլ կան: Մտա մուտք ու տեսա, որ Անի քույրիկը դիպլոմը արդեն ստացել է ու տուն է գալիս:
Էլի երեկո, ու զբոսնելու ժամն է: Հեսա, էս էլ մեր իրավաբան հարևանը. հարևանները շատ են դիմում տարբեր իրավական հարցերով:
Հեսա էս էլ Լեռնիկ «ձաձան» ՝ Աբովյանի փոխքաղաքապետը: Խեղճ մարդ, շենքում ամեն մի թերության դեպքում իրեն են դիմում: Գիտե՞ք ինչ հետաքրքիր է տեսնել փոխքաղաքապետին, այսպես ասած, «առանց փողկապի»:
«Էս ինչա էս մուտքի ապակիների վիճակը, Լեռնիկ ջան, փոխել տուր, ի՞նչ կլինի»:
«Բա լույսերը, լույսերը, ամեն մի անձրևին կտրում են»:
«Մի լույսն ինչ ա` բակում չունենք: Մարդ գիշերը չի կարում քայլի»:
«Ջրերը, բա: Ամեն օր կտրում են»:
Ու ամեն անգամ Լեռնիկ «ձաձային» տեսնելիս նստարանին նստած տատիկները հիշում են նույն խնդիրները ու լսում. «Ամեն ինչ հերթով անում ենք, դրանց էլ կհասնենք, համբերեք»: Ու ամեն անգամ Լեռնիկ «ձաձայի» «Համբերեք»-ը բակի տատիկներին համբերելու ուժ է տալիս:
Իսկ գիտե՞ք՝ որն է իմ ամենասիրած հայկական ֆիլմը՝ «Թթենին»: Դեռ մանկուց շատ էի սիրում: Հիմա կասեք՝ էս ի՞նչ կապ ուներ մեր հարևանների հետ: Սպասեք, հիմա ասեմ: Մեր շենքի սիմվոլը երևի մեր բակի թթենին է, ու ինչպես ֆիլմում, այնպես էլ մեր բակում դեռ չի պարզվել, թե ո՞վ է տնկել այդ թթենին:
Երբ փոքր էինք, բոլորին հարցնում էինք, թե ով է տնկել այդ թթենին: Չգիտեմ, երևի հավես էր ամեն մեկից լսել մի բան:
Ռոզա տատին ասում էր, որ իր ամուսինն է տնկել: Իսկ երբ հարցնում էինք Ալվարդ տատիկին, ասում էր, որ հենց ինքն է տնկել: Երեխեքից մեկը ասում էր, որ տանը ասում են, որ իր պապիկն է տնկել: Հա, լավ, տեսնես` վերջը կիմանա՞նք, թե ով է տնկել:
Սա էլ մեր շենքը՝ իր հարևաններով: Երևի հասկացաք, որ շատ տարբեր հարևաններ ունենք: Ու ինչքան էլ մեծանամ, մեկ է՝ Հռիփսիկ «տոտայի» դռան թակոցից եմ արթնանալու, շքամուտքից դուրս եմ գալու ու տեսնեմ տատիկներին, իսկ ամռանը՝ թթենու վրայի երեխաներին:
Սիրում եմ մեր հարևաններին իրենց բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ, ու միշտ մնալու եմ այն կարծիքին, որ մեր հարևաններից ուրիշ տեղ չկա: Միայն մերոնք են, որոնք ապրում են քաղաք Աբովյանում: