jora petrosyan

Վարդենիսի «Պառվու ուլերն»

Վարդենիսը մի քաղաք է,  որն ունի իր ամենահետաքրքիր ճաշատեսակները, սովորույթներն ու ավանդազրույցները։ Այդպիսին է «Պառվու ուլեր»  ասվածը։ Երևի թե, ձեր մեջ հարց առաջացավ,  թե ի՞նչ է դա. միգուցե որևէ վարդենիսյան ուտեստ,  կամ մեկ ուրիշ նման բա՞ն։ Ո՛չ,  ո՛չ ու էլի ո՛չ։ Խոսքը վերաբերում է մի երևույթի,  որի ժամանակ ապրիլ ամսվա սկզբին եղանակը մի քանի օրով վատանում է՝ սկսվում է Վարդենիսի ձմեռվա բուք ու բորանը։ Այդ ամենը իհարկե ունի իր պատմությունը։

Եղել է մի տատիկ,  ով ունեցել է իր սեփական ուլիկները։  Նրանց կաթը վաճառելով  օրվա հացն է ձեռք բերել։  Կաթը վաճառելուց առաջ, զանգվածին միշտ ջուր է ավելացրել։ Մեկ օր տեսնելով, որ եղանակը բավականին տաքացել է,  իսկ սարերն էլ արդեն ներկվել են կանաչ,  որոշել է իր ուլերին տանել հանդերը՝ արածեցնելու։ Ինչպես միշտ,  այս անգամ նույնպես ամեն ինչ խաբուսիկ է եղել։ Այնտեղ հասնելուն պես  սկսվել է ուժեղ քամի,  որը ուղեկցվել է առատ ձնով։ Չկարողանալով պատսպարվել որևէ մի տեղ,  ձնախեղդ է եղել ինչպես տատիկը,  այնպես էլ ուլիկները։
Դե բնական  է,  որ սա լեգենդի կամ առակի նման մի բան է,  բայց բնականաբար դա ունի իր դաստիարակչական նշանակությունը։ Պետք չէ երբեք դիմել խարդախության հօգուտ շահի, որովհետև մի օր անպայման պատասխան կտաս դրա համար։ Իսկ ինչ մնում է նրան,  թե որքանով է այդ պատմությունը համապատասխանում իրականությանը,  ոչ ոք չգիտի, իսկ ապրիլ ամսվա եղանակային կտրուկ փոփոխությունների մասին կփաստեն հենց վարդենիսցիները…