Alla Davtyan

Հոգեբանը ավագ դպրոցում

Հարցազրույց 190 ավագ դպրոցի հոգեբան Ասյա Անտոնյանի հետ:

-Ինչպե՞ս որոշեցիք Ձեր աշխատանքը կատարել դպրոցում։

-Հիմնական գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ աշխատանքս կառուցում էի ընտանիքների հետ և ընթացքում հասկանում էի, որ շատ խնդիրների պատճառը չտեղեկացվածությունն է, այսինքն` որոշակի տարիքային օրինաչափություններից, հարաբերությունների օրինաչափություններից անտեղյակությունը, որը բերում է ընտանեկան խոչընդոտների, դժվարությունների, ոչ կոնստրուկտիվ կոնֆլիկտների: Այդպես միտք հղացավ, որ եթե կարողանամ կրթել ավագ դպրոցի աշակերտներին, տալ նրանց հարաբերությունների օրինաչափության, տարիքային օրինաչափության մասին տեղեկատվություն, հնարավոր կլինի ապահովել նրա ապագա ընտանիքում իր ճիշտ դերակատարությունը, որովհետև այսօրվա մեր սերունդը վաղվա ընտանիք կառուցողն է։ Այստեղից են դուրս գալիս ապագա մայրիկներն ու հայրիկները: Ճիշտ է, ոչ այդքան հաճախակի են մեր հանդիպումները, բայց յուրաքանչյուր հանդիպման ժամանակ փորձում եմ ինչ-որ մի զենք տալ, որը իրենք հետո կկարողանան օգտագործել իրենց ընտանիքի ճիշտ կառուցման համար։

-Ինչպե՞ս են տեղի ունենում հանդիպումները. շրջում եք դասարաններո՞վ, թե՞ իրենք են գալիս իրենց ցանկությամբ։

-Նախ, առաջին հանդիպմանը ես իմաստ գտա բացատրել առհասարակ հոգեբանի մասնագիտության որոշակի դրույթներ և գաղտնիության սկզբունքը, որովհետև երեխան, գտնվելով դպրոցում, որոշակի ձևով ունի անվստահության զգացում, որ իր ասածը դպրոցում որևէ մեկը կիմանա: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ այսօր հասարակությունը դեռևս չգիտի, թե ով է հոգեբանը, հոգեբույժը, հոգեթերապևտը։ Կարևոր խնդիր էր ներկայացնելը, որ հոգեբանը չի աշխատում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հետ, որովհետև մեր աշխատանքը հիմնականում մտածողության և ընկալումների հետ է կապված, երբ դա տեղից արդեն չկա կամ խախտված է, մենք արդեն գործ չունենք անելու։ Այսինքն` ստեղծվեց որոշակի դիրքորոշում ինձ ընկալելու հանդեպ, որը հնարավորություն տվեց սերտ համագործակցության։ Հանդիպումները լինում են անհատական խորհրդատվության շրջանակներում, նաև դասարանային։ Օրինակ, 10-րդ դասարանցիները անցնում են հասարակագիտություն, որտեղ ներառված է հոգեբանությունը` որպես առարկա։ Ես աշխատում եմ համատեղ դասեր ունենալ հասարակագիտության ուսուցիչների հետ և այդպես ներկայացնել հոգեբանությունը մասնագետի կողմից։ Իսկ առհասարակ, լինում են տարբեր թեմաներով հանդիպումներ, դասղեկների ժամեր, երբ տվյալ խնդիրները բարձրաձայնում են դասղեկները։ Ստեղծվում է մտերմիկ միջավայր, և ամենակարևորը` երեխաները սիրում են հաղորդակցվել հոգեբանի հետ։

-Ի՞նչ խնդիրներ է հիմնականում անհանգստացնում աշակերտներին, ի՞նչ հարցերով են դիմում։

-Թեմաները տարբեր են՝ սկսած ընտանեկան կոնֆլիկտներից մինչև միջանձնային, ընկերական հարաբերություններ։ Հարցերը լինում են թեթև՝ սկսած նրանից, թե ինչ ծաղիկ գնել մարտի 8-ին աղջկան, մինչև շատ խորը և ծանր հարցեր։ Հանդիպում ենք ունենում նաև ծնողների հետ, կազմակերպում սեմինարներ, որտեղ ներկայացվում է տվյալ տարիքի սպեցիֆիկ առանձնահատկությունները, որպեսզի ծնողն իմանա, որ իր տանը մեծանում է ճգնաժամ ապրող մեկը։ Ծնողները նույնպես հնարավորություն ունեն դիմել հոգեբանին և՛ իրենց անձնական հարցերով, և՛ երեխայի հետ կապված հարցերով, որովհետև երբ երեխան դուրս է գալիս ընտանիքից, ցանկալի է, որ այդ խնդիրները շտկված լինեն, տանը ջերմ հոգեբանական մթնոլորտ ստեղծվի։ Լինում է, որ ծնողն է խնդրում աշխատել երեխայի հետ, լինում է, որ դասղեկը, բայց ամենաարդյունավետ աշխատանքը լինում է այն ժամանակ, երբ դիմում է հենց ինքը՝ սովորողը։

-Դասարանային կոնսուլտացիայի ժամանակ, երբ զգում եք` աշակերտը խնդիր ունի, ի՞նչ եք անում այդ դեպքում։

-Լինում է այնպես, որ ընդհանուր տեստավորում ենք անցկացնում կամ որևէ զրույցի ընթացքում բացահայտում որևէ աշակերտի շատ ցածր ցուցանիշներ, օրինակ` ցածր ինքնագնահատական: Ընթացքում էլ զգում ես, որ երեխան որոշակի կաշկանդվածությամբ է հաղորդակցվում, և առաջարկում ես օգնություն։ Այդ առաջարկը պետք է լինի շատ զգույշ, որպեսզի նախ շատերը չտեսնեն, որ այդ երեխային դիմել ես ինչ-որ հարցով, որովհետև որպես կանոն` այդ երեխաները ունենում են կոմպլեքսներ, անգամ մեր հանդիպումները եղել են գաղտնի։ Լինում է, որ առաջարկում ես, բայց մերժում են, այդ դեպքում աշխատում ես խմբային ձևով։

-Իսկ այդ դեպքում կարողանո՞ւմ եք միայն խմբային աշխատանքով ցանկալի արդյունք ստանալ։

-Այդ դեպքում դիմում եմ ծնողին, բայց եթե չեմ արժանանում ծնողի կողմից որևէ վերաբերմունքի (այդպես եղել է, որ ծնողը համարել է, որ իր երեխան խնդիր չունի), այս դեպքում ճիշտ չէ, որ շարունակես պնդել։ Արդյունք լինում է, երբ ցանկություն է լինում աշխատանքի։

-Դպրոցում կա՞ն ծանր հոգեբանական խնդիրներ ունեցող սովորողներ։

-Կան, նրանց մեջ էլ կան այնպիսի երեխաներ, որ աշխատել չի լինում հենց իրենց ցանկության բացակայության պատճառով։ Բայց կան, եղել են և ինձ թվում է՝ միշտ էլ կլինեն, որովհետև դպրոցից դուրս են գալիս մեր կյանքի բոլոր շերտերը, սոցիալական հասարակության բոլոր շերտերը։

-Ձեր խոսքում նշեցիք, որ լինում եք նաև հասարակագիտության ժամերին, ի՞նչ եք կարծում, հոգեբանությունը որպես առանձին առարկա ուսումնասիրելու մասին։

-Կա հասարակագիտության ուսումնասիրության շրջանակներում, բայց լավ կլիներ, որ 11-րդ դասարանում էլ անցնեին, որովհետև մեկ տարի տարբերությունը երեխաների մոտ ևս նշանակություն ունի։

-Իսկ որպես առանձին առարկա՞։

-Որպես առանձին առարկա միշտ էլ ցանկալի կլիներ, որ ժամերը շատացնեին, բայց դա ուսումնական ծրագրի խնդիր է։ Ցանկալի կլինի, որովհետև դրա միջոցով շատ բան կփոխանցեինք աշակերտին, քանի որ ավելի շատ ժամանակ կունենայինք։ Դեռահասության, պատանեկության տարիքը այն տարիքն է, որ մենք պետք է զինվենք հոգեբանական զենքերով, որպեսզի ավելի արդյունավետ կառուցենք մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում։

-Հե՞շտ է աշխատել դեռահասների հետ։

-Ինձ համար` այո: Ես շատ եմ սիրում աշխատել դեռահասների հետ, սա այն շրջանն է, որտեղ, ճիշտ է, ինչքան բարձր է հուզականությունը, անկայուն հուզական վիճակները և այլն, բայց միևնույնն է` այստեղ շատ խորն են զգացմունքները։ Դժվարությունները լինում են թե՛ մանկական հոգեբանության մեջ, թե՛ ընտանեկան։ Այստեղ մենք գործ ունենք ավելի խորը խնդիրների հետ: Ինչքան աշխատում եմ դեռահասների հետ, այնքան ինձ ավելի դժվար է լինում փոքր տարիքի երեխաների հետ աշխատելը։