Gayane Harutyunyan

Հրաժեշտի պահը

Գիշեր, խավար, խոր ու անսովոր լռություն: Գոռալու մի անսահման ցանկություն ունեմ: Ուզում եմ` բոլորը լսեն ինձ: Ուզում եմ լացել, բայց չգիտեմ` ինչու: Հույզերի մի ամբողջ հոսք է խառնվել իրար`ստեղծելով արգելքներ, խառնաշփոթ: Սիրտս գործող հրաբխի է նման, տենչում է ժայթքել, դուրս պրծնել: Գորշ ամպերի ձայները, քամու թեթևակի հոսքը, անցորդների ոտնաձայները…

Ծիծաղում ես ու միաժամանակ լալիս: Եկել էր հրաժեշտի պահը: Չգիտեի` ինչ անել. ժպտա՞լ, թե՞… Գիտեմ, հիմա բոլորդ մտածում եք` այսքան երիտասարդ և այսքան տխուր:

Դե, երևի բոլորն էլ տխրում են այդ պահին, երբ իրենց սիրելի հայրիկը իր ընտանիքին թողնում է մենակ, գնում արտերկիր աշխատելու, որպեսզի հոգա իր ընտանիքի մասին: Հայրս ցույց էր տալիս, որ տանից ուրախ է գնում, բայց տխուր էր, որովհետև իր ընտանիքին մենակ էր թողնում: Գիտի, որ գնում է իր ընտանիքի օրվա հացի գումարը վաստակելու, բայց մեկ է, տխուր էր:

Առաջին անգամ հայրս, որ գնաց արտերկիր աշխատելու, ես շատ փոքր էի` 3 տարեկան: Չէի հասկանում, թե ինչու են բոլորը տխուր: Մայրս պատմում է, որ ես կարոտից պառկել էի մի անկյունում ու քնել էի:

Օրեր էին լինում, որ դժվար էր զանգելը, և կարող է` օրերով չխոսեինք հայրիկի հետ, իսկ երբ զանգում էր, ես չէի կարողանում խոսել ու սկսում էի կարոտից լաց լինել:

Տարվա մեջ վեց ամիս հայրս տանը չէր լինում: Մենք մեծանում էինք, իսկ հայրս այդ դաժան ամիսներից հոգնած, տանջված և, կարելի է ասել, արդեն ծերացած տեսք ուներ: Այն ժամանակ գիտեին, որ աշխատում էին և մի բանի հասնում, իսկ հիմա մի չնչին գումար են տուն բերում ու չգիտեն` դրանով տան որ մի խնդիրը լուծել:

Մենք այն ժամանակ փոքր էինք, չէինք հասկանում թե ինչի համար են գնում, իսկ հիմա գիտենք, հասկանում ենք, որ այստեղ աշխատանք չկա, իսկ իրենք, իբրև սիրող հայր, ուզում են, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք: Մինչդեռ մենք ամենաշատը հենց իրենց կարիքն ունենք:

Կարող եմ ասել, որ տարբեր զգացողություններ եմ ունեցել, թե հանդիպման և թե բաժանման պահին: Փոքր ժամանակ երազում էր, թե երբ է հայրս տուն գալու ու մեզ համով կոնֆետներ բերելու, իսկ հիմա բոլորովին հակառակն է. հիմա երազում եմ, որ մի օր շուտ հայրս տուն գա ու մեր կողքին լինի:

Դեռ չգնացած, արդեն կարոտում էի: Արցունքները խեղդում էին կոկորդս, ուզում էի լացել, բայց ժպտում էի, թեկուզ հոգուս խորքում լացում էի, ուզում էի այնպես անել, որ հայրիկս ուրախ գնար տանից: Դե, ինքն էլ նույնն էր անում: Նայում էի ընտանիքիս և տխրում: Գիտեի` երկար ժամանակով չէր գնալու: Ընդամենը վեց ամսով: Երկա՞ր է, թե՞ երկար չէ: Ընտանիքիս համար այդ վեց ամիսը շատ երկար էր թվում, ասես տարիներ լինեին այդ օրերը:

Վերջ, հիմա արդեն եկավ ամենադաժան պահը: Հրաժեշտի պահն էր, որ չկարողացա զսպել ինձ և լացելով փաթաթվեցի հայրիկիս, իսկ արցունքներս գլորվում էին այտերիս վրայով: