Գայանե Հարությունյանի բոլոր հրապարակումները

gayane harutyunyan

Ինչու հրաժարվեցի իմ երազանքից

Երբեք չէի մտածի, որ օրերից մի օր կհրաժարվեմ երազանքիցս: Ինձ համար դրանից կարևոր ոչինչ չկար, ում հետ ինչից խոսում էի, անպայման պետք է նշեի այս բառերը՝ պար, պարարվեստ։ Երբ դեռ սովորում էի դպրոցում, մտածում էի, որ կավարտեմ, կգնամ երազանքիս հետևից, կընդունվեմ պարարվեստի բաժինը, ու երազանքս երևի կկատարվի: Բայց ստացվեց այնպես, որ ես հրաժարվեցի երազանքիցս, թեկուզ դա ինձ համար չափազանց դժվար էր։ Դժվար էր նրանով, որ այդ երազանքը արդեն իմն էր, ու չէի կարողանում այն բաց թողնել։

Մտածում էի՝ ինչ մասնագիտություն ընտրեմ, բայց համալսարանի մասին վատ բաներ էի լսում, որ գնացել են սովորելու, հետո փոշմանել են, աշխատանք չկա, անիմաստ ժամանակ են ծախսել։ Այդ խոսակցությունները ստիպեցին ինձ չգնալ համալսարան: Դպրոցը ավարտեցի, ու ամեն օր ասում էի՝ մամ, պիտի սովորեմ։ Հետաքրքրվեցինք, ու ես գնացի վարսավիրություն սովորելու: Առաջին օրը չափազանց դժվար էր, ինձ թվում էր, որ չէի կարողանա, մտածում էի՝ ինչու ընտրեցի հենց այս մասնագիտությունը, կարող է՝ էլ չգնամ, բայց դա միայն առաջին օրն էր։ Ստացվեց ճիշտ հակառակը, չէի պատկերացնում, անհավատալի էր։ Դեռ սովորում էի, երբ քեռիներիս հետ խոսելիս ինձ ասացին․

-Մենակ դու մասնագիտությամբ նմանվեցիր մեր պապիկին։

Ես միշտ ուզել եմ նմանվել հայրիկիս՝ համբերատար լինել, օգնել բոլորին՝ անկախ նրանից՝ ինձ կօգնեն, թե չէ, բայց հիմա մասնագիտությանս առումով կուզեմ նմանվել ուսուցչուհուս, որ նրա նման հիանալի կատարեմ գործս: Շնորհակալ եմ ուսուցչուհուս, որն ինձ սովորեցրեց իմ մասնագիտությունը։ Հիմա ես վաստակում եմ իմ գումարը։ Թեկուզ քիչ, բայց կարողանում եմ դա անել։ Արդեն պետք է ուրիշ երազանքներ ունենալ, որոնք ես կդարձնեմ նպատակ և առաջ կշարժվեմ՝ մինչև վերածեմ դրանք իրականության։

gayane harutyunyan

Վտանգավոր է

Սենյակիցս դուրս եկա և տեսա մայրիկիս՝ կարմրած աչքերով: Մի վայրկյանում մտքովս ամեն ինչ անցավ:

-Մամ, ի՞նչ ա եղել:

-Մորքուրին օձը կծել ա:

Օձը թունավոր գյուրզա էր: Մորաքրոջս ամուսինը նրան շտապ հասցրել էր Արարատի հիվանդանոց: Այնտեղ երկու հակաթույն էին ներարկել և տեղափոխել Երևան: Երևանում ասացին, որ երեք օրից վտանգն արդեն կանցնի: Բարեբախտաբար, այդպես էլ եղավ, և մորաքույրս հիմա քիչ-քիչ ապաքինվում է:

Զգույշ եղեք:

gayane harutyunyan

Սպաս

Շատ եմ սիրում հայկական խոհանոցը: Հայկական ուտեստները շատ համեղ են, դե, հատկապես, երբ մայրս է պատրաստում: Այսօր ուզում եմ պատմել սպասի մասին, որին անվանում են նաև ապուր կամ թանապուր: Այն պատրաստելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվում: Ես պատրաստման գործում այդքան էլ կարևոր դեր չեմ կատարում. ընդամենը կանգնում եմ գազօջախի մոտ ու խառնում սպասը: Ամբողջ գործը մայրս է անում, ես ընդամենը հետևում եմ:

Սպասի պատրաստման գործընթացը հետևյալն է: Սկզբում մածունը ջրով բացում ենք, որպեսզի ստանանք թան: Այնուհետև դրա մեջ ավելացնում ենք աղ, ալյուր և ձու: Դնում ենք գազօջախին և խառնում մինչև եռալը: Անդադար պետք է խառնել, թե չէ թանը «կկտրվի»: Հետո ձավարն ենք մաքրում և առանձին եփում: Եփելուց հետո այն խառնում ենք թանի հետ: Վերջում մանր-մանր կտրատում ենք գինձը և լցնում ապուրի մեջ: Կարող ենք գինձի փոխարեն ավելացնել ուրիշ կանաչի: Սպասը պատրաստ է:

Սա կարող ենք ուտել նաև սառը վիճակում, մանավանդ ամռան շոգին:

gayane harutyunyan

Ձմեռային երեկոներ

Ամեն օր նույն պատմությունը: Հիմա կմտածեք՝ ինչի՞ մասին է խոսքը: Հիմա կպատմեմ:

Ամեն օր երեխաներով հավաքվում ենք և սկսում խաղալ տարբեր խաղեր: Խաղերը շատ են, բայց դրանցից երկուսը շատ տարածված են։ Մեկը «Դուռակի» խաղն է, իսկ մյուսը՝ «Բլոտ»: Առաջ շատերի ընտանիքներում կար այս խաղերը խաղալու սովորույթ։ Առաջ պապս էր իր ընկերների հետ խաղում, հետո՝ հայրս, իսկ հիմա արդեն մենք։ Թեև հասկանում ենք, որ ամեն ինչ կրկնվում է, բայց կրկին խաղում ենք։

Այսօր, պատահմամբ, ես էլ ընկա այդ կրկնվող պատմության մեջ: Եղբայրս և պապս խաղում էին, ես միացա նրանց։ Պապս միշտ բոլորիս հաղթում է: Նա մեծացել է արդեն, բայց դեռ խաղում է: Խաղն ամեն օր դիտում եմ և արդեն գիտեմ, թե ինչպես են խաղում: Մտադրվել էի, որ պետք է հաղթեմ այդ խաղը, բայց երկու անգամ պարտվեցի:

Չգիտեմ՝ մի օր կավարտվի այդ խաղերը խաղալու ավանդույթը, թե ոչ, բայց համոզված եմ, որ այդ խաղերը համակարգչային խաղերից շատ ավելի լավն են, քան կարելի է պատկերացնել, որովհետև շփվում ես դիմացինիդ հետ: Միգուցե այդ խաղերը հնացել են, և այդքան էլ հետաքրքիր չեն մարդկանց, բայց մեզ համար զվարճալի և անփոխարինելի են, չէ՞ որ խաղալիս ընտանիքի անդամներով և ընկերներով նստում ենք մեկ սեղանի շուրջ և ժպտում՝ միմյանց դրական լիցքեր փոխանցելով:

Հիմա ձմեռ է, ցուրտ, գյուղերում ասես հանգստի, պարապության, սպասումի ամիսներ լինեն, ևսեղանի խաղերը, թղթախաղը օգնում է մարդկանց ժամանակ անցկացնել, շփվել իրար հետ:

gayane harutyunyan

Ձմեռային զորակոչ

Սկսվեց ձմեռաին զորակոչը: Եկան ծնողների դաժան ու չսիրելի օրերը, երբ պետք է գնան ծառայելու իրենց տղաները՝ իրենց ծնողների աչքերը թաց թողնելով: Գնան, որ պաշտպանեն մեզ բոլորիս:

Այս անգամ այդ բոլոր զինվորների շարքերում է նաև իմ եղբայր Մուշեղը: Նրան տեսնելուց միանգամից նկատեցի, որ եղբորս  ժպիտը կեղծ էր, չէր ուզում, որ ծնողները տեսնեն, թե ինքը դեռ չգնացած, արդեն կարոտում է ծնողներին: Գնացինք նրանց տուն, տեսնելով  հորեղբորս կարմրած աչքերը, ես էլ անկախ ինձանից, տխրեցի: Չգիտեի՝ ինչ անել, արցունքներս մի կերպ էի զսպում:

 Քիչ մնաց: Հաշված ժամեր հետո եղբայրս կգնա բանակ՝ մեզ մենակ թողնելով երկու տարով:

Թող իմ ապագա զինվոր եղբորը և մյուս բոլոր զինվորներին Աստված ամուր ձեռքերով պահի ու պահպանի:

Բարի ծառայություն ձեզ, սիրելի զինվոր եղբայրներ:

gayane harutyunyan

Երևի կկարողանամ

Ես ունեմ բոլորի համար շատ տարօրինակ մի ընկեր: Բոլորս էլ գիտենք, որ այս կյանքում հազվադեպ են հանդիպում անդավաճան ընկերներ, իսկ ես գտա այդ միակին, ով դարձավ ինձ համար ամենաանդավաճան ընկերը: Ես դեռ մանկուց երազել եմ լինել պարուհի և ամեն օր մտածում եմ. արդյոք կարո՞ղ եմ հասնել երազանքիս, թե ոչ: Իսկ այդ ցանկությունը ինձ մոտ առաջացել է 3 տարի առաջ, երբ սկսեցինք պարել: Ես հաճույքով էի պարում հայկական պարը, դա ինձ համար մի մեծ աշխարհ էր: Եվ արդեն 2 տարի առաջ գյուղում տարածվեց, որ մեր Լճափ գյուղի համագյուղացիները՝ Արփինեն և Սոֆին, սովորեցնում են հայկական պարեր: Ես սկսեցի հաճախել այդ պարի խմբակը: Սովորեցինք պարել և առաջին անգամ բեմ դուրս եկանք բերք ու բարիքի փառատոնի օրը: 

Պարը ինձ տվեց ավելին, քան ես պատկերացնում էի: Ես բարձրանում էի մեծ բեմեր և պարելիս մտովի ինձ պատկերացնում հայտնի պարուհի: Բայց այդ պահը երկար չտևեց: Քիչ-քիչ երեխաները դուրս էին գալիս պարի խմբից: Խումբը փակվեց: Ես ապրում էի պարելով: Ես համոզված էի, որ եթե մեր խումբը չփակվեր, մենք կհասնեինք շատ մեծ բարձունքների:

Բոլորի համար սովորական մի օր մեր գյուղ եկավ մի բարի և շատ հայտնի պարուսույց՝ Արծրուն Ղարիբյանը, ով մեր պարուսույցն էր լինելու: Նա շատ խիստ մարդու տպավորություն էր թողնում, բայց պարզվեց, որ հոգով ու սրտով շատ բարի ու կատակասեր մարդ է: Նա սովորեցրեց շատ պարեր, և ես վերադարձա բեմ: Երանի նորից գնայինք դպրոց, բարձրանայինք երկրորդ հարկ և սկսեինք պարել: Երանի գոնե մի անգամ էլ լսեմ մեր շատ սիրելի պարուսույցի այս ջերմ խոսքերը, որոնց այնքան շատ եմ կարոտել. «Ով լավ կատարի այս շարժումը, նրան «Գրանդ քենդի» կոնֆետ եմ բերելու»:

Շուտով ուսում ստանալու համար պետք է տեղափոխվեմ Երևան և հիմա արդեն պետք է կողմնորոշվեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել: Ես սիրում եմ պարը, իմ ազգային պարը և միշտ սիրելու եմ: Հայկական պարը ինձ համար մեծ ուժ է: Ես կարծում եմ, որ հայկական պարի միջոցով մարդկանց մեջ կարելի է, արթնացնել հայրենասիրություն: Ես կիրականացնեմ երազանքս և կդառնամ պարուհի: Կսովորեմ «Բերդ» պարային անսամբլում և երբ ավարտեմ ուսումս, անպայման պետք է հետ վերադառնամ հայրենի գյուղ, քանի որ ուզում եմ իմ գյուղի երեխաներին սովորեցնել ազգային պարը:

Վստա՛հ եմ, որ նրանցից շատերը անհամբեր սպասում են, թե երբ գյուղում կհայտնվի մի լավ պարուսույց, որ իրենք էլ պարի հաճախեն: Հուսով եմ կկարողանամ, ինձ մոտ կստացվի…

gayane harutyunyan

Սևան մեդիա ճամբար. Մեր գյուղի կանանց կյանքը

Գեղարքունիքի տարածաշրջանում կանանց կյանքը շատ դժվար է: Երբ գյուղացի տղամարդիկ մեկնում են արտերկիր` աշխատանքի, ամեն ինչ մնում է կանանց ուսերին: Նրանք կատարում են ոչ միայն կանանց բնորոշ տնային գործեր: Նրանք կատարում են տարբեր ու շատ դժվար գործեր: Կատարում են այն գործերը, որոնք պետք է կատարեն տղամարդիկ, թե հողագործություն, թե խոտ հնձել, թե’ մեքենայի վրա խոտ բարձել, և կանայք չեն խնայում իրենց: Դրա համար էլ շուտով ունենում են առողջական խնդիրներ: Կանանց գործը հեշտանում է այն ժամանակ, երբ տղամարդիկ տուն են վերադառնում: Բայց անկեղծ ասած, ձմռանը այդքան էլ շատ չեն գյուղի գործերը:

Կանայք երկար չեն հանգստանում: Տղամարդիկ ընդամենը 4 ամիս են մնում տանը: Գյուղում մնում են տղամարդկանց մոտ 20%-ը:

Այդ տղամարդիկ հավանաբար երազում են, կուզենան, որ գյուղի ամառը տեսնեն, Սևանում լողանան, նրանք տարիներ շարունակ չեն տեսել գյուղը ոչ ձմռանը, ուստի չեն տեսել նաև իրենց երեխաների մանկությունը, չարաճճիությունը և շատ կարևոր բաներ: Ես կասեմ, որ այդ նույն տանջանքը իմ ընտանիքն է կրում: Նույն իրավիճակում համ տանջվում ենք, համ էլ կատարում: Մայրիկս և հորեղբորս կինը ամեն գործ անում են, իսկ հիմա ունեն առողջական խնդիրներ:

Մենք` երեխաներս, էլ ենք նրանց հետ կատարում տղամարդկային տարբեր գործեր, բայց նրանք ավելի շատ են տանջվում, քան մենք, որովհետև մեր մայրերը ուզում են խնայել մեզ:

Կուզենայի այնպես լիներ, որ տղամարդկանց գոնե կեսը մնային գյուղում և անեին իրենց աշխատանքները Կուզենայի մեր կանանց տեսնել կանացի գործեր անելիս, սիրով շրջապատված, ավելի հանգիստ և առողջ, ոչ թե ժամանակից շուտ ծերացած:

Gayane Harutyunyan

Հրաժեշտի պահը

Գիշեր, խավար, խոր ու անսովոր լռություն: Գոռալու մի անսահման ցանկություն ունեմ: Ուզում եմ` բոլորը լսեն ինձ: Ուզում եմ լացել, բայց չգիտեմ` ինչու: Հույզերի մի ամբողջ հոսք է խառնվել իրար`ստեղծելով արգելքներ, խառնաշփոթ: Սիրտս գործող հրաբխի է նման, տենչում է ժայթքել, դուրս պրծնել: Գորշ ամպերի ձայները, քամու թեթևակի հոսքը, անցորդների ոտնաձայները…

Ծիծաղում ես ու միաժամանակ լալիս: Եկել էր հրաժեշտի պահը: Չգիտեի` ինչ անել. ժպտա՞լ, թե՞… Գիտեմ, հիմա բոլորդ մտածում եք` այսքան երիտասարդ և այսքան տխուր:

Դե, երևի բոլորն էլ տխրում են այդ պահին, երբ իրենց սիրելի հայրիկը իր ընտանիքին թողնում է մենակ, գնում արտերկիր աշխատելու, որպեսզի հոգա իր ընտանիքի մասին: Հայրս ցույց էր տալիս, որ տանից ուրախ է գնում, բայց տխուր էր, որովհետև իր ընտանիքին մենակ էր թողնում: Գիտի, որ գնում է իր ընտանիքի օրվա հացի գումարը վաստակելու, բայց մեկ է, տխուր էր:

Առաջին անգամ հայրս, որ գնաց արտերկիր աշխատելու, ես շատ փոքր էի` 3 տարեկան: Չէի հասկանում, թե ինչու են բոլորը տխուր: Մայրս պատմում է, որ ես կարոտից պառկել էի մի անկյունում ու քնել էի:

Օրեր էին լինում, որ դժվար էր զանգելը, և կարող է` օրերով չխոսեինք հայրիկի հետ, իսկ երբ զանգում էր, ես չէի կարողանում խոսել ու սկսում էի կարոտից լաց լինել:

Տարվա մեջ վեց ամիս հայրս տանը չէր լինում: Մենք մեծանում էինք, իսկ հայրս այդ դաժան ամիսներից հոգնած, տանջված և, կարելի է ասել, արդեն ծերացած տեսք ուներ: Այն ժամանակ գիտեին, որ աշխատում էին և մի բանի հասնում, իսկ հիմա մի չնչին գումար են տուն բերում ու չգիտեն` դրանով տան որ մի խնդիրը լուծել:

Մենք այն ժամանակ փոքր էինք, չէինք հասկանում թե ինչի համար են գնում, իսկ հիմա գիտենք, հասկանում ենք, որ այստեղ աշխատանք չկա, իսկ իրենք, իբրև սիրող հայր, ուզում են, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք: Մինչդեռ մենք ամենաշատը հենց իրենց կարիքն ունենք:

Կարող եմ ասել, որ տարբեր զգացողություններ եմ ունեցել, թե հանդիպման և թե բաժանման պահին: Փոքր ժամանակ երազում էր, թե երբ է հայրս տուն գալու ու մեզ համով կոնֆետներ բերելու, իսկ հիմա բոլորովին հակառակն է. հիմա երազում եմ, որ մի օր շուտ հայրս տուն գա ու մեր կողքին լինի:

Դեռ չգնացած, արդեն կարոտում էի: Արցունքները խեղդում էին կոկորդս, ուզում էի լացել, բայց ժպտում էի, թեկուզ հոգուս խորքում լացում էի, ուզում էի այնպես անել, որ հայրիկս ուրախ գնար տանից: Դե, ինքն էլ նույնն էր անում: Նայում էի ընտանիքիս և տխրում: Գիտեի` երկար ժամանակով չէր գնալու: Ընդամենը վեց ամսով: Երկա՞ր է, թե՞ երկար չէ: Ընտանիքիս համար այդ վեց ամիսը շատ երկար էր թվում, ասես տարիներ լինեին այդ օրերը:

Վերջ, հիմա արդեն եկավ ամենադաժան պահը: Հրաժեշտի պահն էր, որ չկարողացա զսպել ինձ և լացելով փաթաթվեցի հայրիկիս, իսկ արցունքներս գլորվում էին այտերիս վրայով: