nina arsutamyan portret

Մեր գյուղի եկեղեցին

Վազում էի, անընդհատ վազում: Առանց կանգ առնելու՝ առաջ էի վազում: Վազում էի դեպի դպրոց: Լսում էի: Լսում էի այդքան երազած եկեղեցու զանգերի ձայնը: Վերջապես հասա տեղ:

-Այո,՜ վերջապե՜ս:

Խոնարհվելով մտա եկեղեցի: Խաչակնքվեցի, նույնիսկ չեմ հիշում, թե քանի հատ մոմ գնեցի: Բայց հիշում եմ, որ ամեն մոմ վառելիս միայն ու միայն շնորհակալություն էի հայտնում…

-Շնորհակա՜լ եմ, Տե՛ր: Շնորհակալ եմ, որ վերջապես իմ և իմ գյուղացիների երազանքը կատարվեց:

Երկար ժամանակ նստած էի եկեղեցու նստարանին: Ժամանակն էր, որ տուն գնայի, բայց չգիտեմ ինչու, չէի կարողանում վեր կենալ նստարանից: Երևի նրանից էր, որ միշտ երազել եմ, որ գյուղում եկեղեցի ունենանք:

-Նինա՜: Այ քնկո՛տ, վե՛ր կաց, ուշացա՛ր դպրոցից,-արթնացնում էր մայրս:

-Արթնացել եմ, հիմա կգա՜մ,- քնաթաթախ, տխուր ձայնով ասացի ես:

Կրկին երազ էր: Կրկին ես արթնացա իմ ամենօրյա երազով, որը չի իրականանում: Հիշեցի տատիկիս խոսքերը. «Բալե՛ս, եթե ինչ-որ բան սրտանց ուզում ես, կլինի, մի՛ մտածիր»:

Դանդաղ քայլերով գնում էի դպրոց և ուշադիր նայում դիմացի փոքրիկ սարին (Յալին): Չէի տեսնում, չէի զգում, չէի լսում այդքան բաղձալի եկեղեցու ղողանջները: Այն ձայնը, որը պետք է լսեի դեռ շա՜տ վաղուց: Պետք է այդ ձայնը դառնար իմ լացի ձայնը կտրելու տարբերակներից մեկը: Բայց պետք է լինի իմ գյուղում եկեղեցի, որ միշտ ղողանջներ արձակի: Եվ իմ գյուղում փոքրիկ երեխաները լինեն այնտեղ՝ քահանայի մոտ հավաքված…