Մեր թաղը

20170218_185235-1-Արդեն մթնել էր: Թաղի երեխաներով նստած էինք մեր ավանդական «պոլուտրուբայի» վրա ու ինչպես միշտ, ինձ ասացին, որ արդեն տուն գնամ` ուշ է: Իրենք էլ գիտեին, որ չեմ սիրում իրենցից շուտ տուն գնալ ու միշտ համառում էի, բայց վերջիվերջո համառությունս դառնում էր լաց, որովհետև ստիպում էին ու տուն ուղարկում:

-Բարի գիշե՛ր, Թագուհի’…

Այս նախադասությունն էի միշտ ասում, որովհետև միայն Թագուլն էր ինձ պաշտպանում ու ուղեկցում մինչև տուն:

Ի՜նչ օրեր էին… Մեր թաղը ուրիշ էր, էլի: Հիմա, երբ հիշում եմ մեր ապրած հիանալի օրերը, չգիտեմ՝ տխրե՞մ, թե՞ ուրախանամ: Ինչ ասես, որ չենք արել, սկսած՝ հոգի կանչելուց մինչև սատկած կենդանիներ դիահերձելը: Հիմա կմտածեք՝ ինչ տարօրինակ թաղ ենք եղել: Հա՛, չեմ ժխտի այդ փաստը, բայց հենց այդ տարօրինակությունն էր մեզ կապում միմյանց հետ:

Ես մեր թաղի ամենափոքրն էի, ու հենց դրա պատճառով էին իրիկունները ինձ միշտ տուն ուղարկում։ Ճիշտ է՝ այն ժամանակ նեղանում էի, բայց հիմա հասկանում եմ, թե ինչքան ճիշտ էին, որովհետև հիմա էլ ես եմ փոքր երեխաներին ստիպում, որ շուտ գնան տուն։

Մենք միշտ ուզում էինք միասին լինել: Նույնիսկ չէինք ուզում տուն գնալ, մի րոպեով մտնում էինք «հաց ու պանիր» վերցնում ու էլի դուրս գալիս: Մեր ծնողները բարկանում էին, բայց մենք միևնույն է, նրանց չէինք լսում…

Մի անգամ, մեր սովորությանը համաձայն, գնացել էինք «Ծովերը» («Ծովերը» մեր գյուղի` Դսեղի մոտ գտնվող փոքրիկ լիճն է): Մի քիչ մնալուց հետո չդիմացանք ու մտանք ջուրը, որովհետև և՛ շատ շոգ էր, և՛ չէինք կարող դիմանալ գայթակղությանը: Հիշեցինք, որ տանը կարգադրել էին, որ ջուրը չմտնենք։ Որոշեցինք գաղտնի պահել…

Շատ էինք կապված միմյանց հետ, եթե մեկը տխուր էր լինում, մյուսներս էլ էինք տխրում, և հակառակը: Երևի տարին 12 ամիս միասին էինք լինում: Ամռանն ավելի հաճելի էր, որովհետև օրը երկար էր ու շատ էինք խաղում: Յուրաքանչյուր եղանակ իր հետաքրքրությունն ուներ: Գարնանը գնում էինք անտառ՝ նոր դուրս եկած ծաղիկները հավաքելու։ Միասին նշում էինք գարնանային բոլոր տոները: Ամռանը միշտ գնում էինք Մարց գետը ու «Ծովերը», կամ էլ թաղում «ջրուկի» էինք խաղում: Իսկ աշնանը, երբ արդեն անձրևներն սկսում էին, ծածկի տակ էինք հավաքվում ու տարբեր խաղեր խաղում: Ձմռանն էլ միշտ գնում էինք «Ղոբինը` սղալու»… Հիանալի պահեր էին: Հաճախ մտածում եմ, որ կարելի է մի արկածային վեպ գրել`«Մեր թաղի արկածները» վերնագրով:

10572006_659395347463142_5767521757214711626_oԻնչպես ասում են ծեր մարդիկ. «Հեյ գիդի, մեր ժամանակները»: Դե, այսպես անցյալով եմ խոսում, որովհետև արդեն իմ սիրելի թաղից մնացել եմ միայն ես: Արդեն բոլորը զբաղված են իրենց գործերով, մեկը սովորում է, մյուսը` ծառայում, ու այսպես շարունակ: Ճիշտ է՝ հիմա կապը պահպանում ենք սոցիալական կայքերի միջոցով, բայց հաստատ դա չի կարող փոխարինել մեր հին թաղին:

-Տաթո՛, էս տարի առաջին անգամ չգնացինք Մարցա գետը…

Երևի այսպես էլ ավարտվեց մեր թաղի պատմությունը…