Աղվերանի մեդիա ճամբար. Մեր խիղճը

Սովորական մարդիկ չեն լինում: Մենք դա չենք տեսնում, բայց ամեն մեկս մեր ներկայությամբ այս աշխարհը դարձնում ենք ուրիշ: Այդ մարդկանցից է Արմիկ տատը, ում ես հանդիպեցի նկարահանման ժամանակ: Իրենց մասին չեն գրում, չեն խոսում, որովհետև թվում է, թե նրանք հեչ «կարևոր չեն », բայց իրանք են էս աշխարհի խիղճը, աղոթքը: Գյումուշցի էր, ավելի ճիշտ՝ չարենցավանցի, բայց Գյումուշի բնակիչ էր դառնում ամռանը:

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Մեծ  հավատով կին էր: Ամուսնու հետ եկել էին այդ գյուղ, մի  փոքրիկ  տնակ կառուցել, բոստան-մոստան դրել ու ապրել: Տատի համար աշխարհի կենտրոնը իր բաղչեն էր: Հպարտանում էր 300 տարեկան մի  ծառով, որը բոստանի կենտրոնում էր: Տան մոտ էր գտնվում Սբ. Թադեոս եկեղեցին: Այդ եկեղեցին էր Արմիկ տատի հոգու «հանգստյան գոտին»: Պաշտում էր Թադեոսին:

-Ես մեռնեմ Թադեոսի զորությանը, իմ փրկիչն ա, իմ հավատն ա, իմ ամեն ինչն ա…

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Տատի աչքերը խորն էին: Տարիների պատմություն կար դրանց մեջ: Հավատն ու վախը Աստծո հանդեպ երևում էր ամեն մի բառից: Ամեն կիրակի գալիս էր Սբ. Թադեոս, խունկ ծխում, մոմ վառում, մաքրում կիսաքանդ եկեղեցին ու աղոթում:

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Հա, ի դեպ, աղոթքները թղթի վրա գրած ուներ, որ կիրակի օրերին նստեր եկեղեցու քարի վրա ու կարդար: Դեռ մանկուց աստվածապաշտ է եղել:

-Էն վախտ, որ Երևանի աղջիկ էի, Սուրբ Սարգսին էի հավատում:

Հաց էր թխել՝ «դուխովկով», մատներդ էլ հետը կուտեիր: Մտածում էի, որ մեծ տարիքում ավելի շատ ուշադրություն կարիք են ունենում, ու մենակությունը լավ բան չի, բայց հետո հասկացա, որ  Արմիկ տատիկին իր բնությունից ու եկեղեցուց կտրել պետք չի:

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Բակում ծլող ամեն մի թփի բացվելու պես տատն էլ էր ջահելանում, ու ոնց ինքն էր կապված այդ բնությանը, էնպես էլ այդ  բնությունն էր անբաժան իր  «արև»-ից: