Մի կտոր Եղվարդ

Իմ Եղվարդը հին բնակավայր է: Առաջին  գրավոր տեղեկությունները կապված են 603 թվականի հայ-պարսկական պատերազմի (1735 թվականի հունիսին օսմանցիները ծանր պարտություն են տարել) և Մովսես Եղվարդեցի կաթողիկոսի հետ: Ծնվել ու ապրում եմ Եղվարդում կամ`

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

«Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք…»:
Դե հարազատը գուցե, բայց լավը… Եսիմ:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Քաղաքի անվան հետ կապված շատ ավանդազրույցներ կան` ես միայն երկուսը գիտեմ:
Ասում են` ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանում գտնվող մարդիկ անհամբեր սպասում են ջրի իջնելուն և երկրի երևալուն։ Որոշ ժամանակ անց, երբ նրանք տեսնում են Արայի լեռան ստորոտը, ուրախացած բացականչում են «եղև-արդ»: Դրանից հետո տեղը կոչվում է Եղվարդ:

Մյուսն էլ, թե… Եղվարդը ժամանակին շատ մեծ գյուղ է եղել, հողով առատ։ Նրա մի ծայրը հասել է Քանաքեռ, մյուսը՝ Աշտարակ: Ունեցել է չորս ջրանցք, որոնցից մեկը ջուր է առել Զանգվից, մյուսը՝ Բուժականից, երրորդը՝ Սաշլվից, չորրորդը՝ Քասախից: Գյուղի բոլոր հողերը ծածկված են եղել անտառներով ու այգիներով։ Եղել է ծաղկով, վարդով ու յուղով առատ։ Դրա համար էլ անունը դրել են Եղվարդ՝ եղ(յուղ)-վարդ:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Եղվարդի կենտրոնական մասից այն կողմ «գյուղամեջ» կոչվածն է սկսվում, չնայած նրան, որ քաղաք է: Անգամ մի զավեշտալի ու իրական դեպք է եղել «գյուղամեջ»-ի հետ կապված:
Քաղաքացիներից մեկը զանգահարում է քաղաքապետարան.
-Ալո, բարև Ձեզ: Գյուղապետը տեղո՞ւմ է:
-Բարև Ձեզ: Մերը գյուղապետ չէ` քաղաքապետ է,- քաղաքավարի, բայց մի քիչ էլ հեգնանքով պատասխանում է քարտուղարուհին:
-Բարի, իսկ տեղո՞ւմ է:
-Ոչ: Գնացել է գյուղամեջ:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Իսկ ինչո՞ւ գյուղամեջ… Դե որովհետև մարդիկ էստեղ փոքր-ինչ գյուղական կյանքով են ապրում:
Մեր տունը հեռու է կենտրոնական մասից ու մի քիչ կտրված է ավելորդ աղմուկից ու շարժից: Ավելի հանգիստ է թվում, բայց էստեղ` մեզ մոտ, մարդիկ ավելի զբաղված են լինում:

Մեր հարևանները, ինչպես և մենք, ապրում են սեփական տներում և ունեն իրենց սեփական այգիները, որտեղ անուշահամ մրգեր են աճում, որտեղ մի գողտրիկ անկյունում ցանցաճոճն է կախված, որտեղ ծառերի շվաքում կարող ես նստել ու գիրք կարդալ: Մեր հարևանները պահում են հավեր, կերակրում են խոզերին ու կովերին էլ արոտավայր են տանում:  Ու մեր հարևաններն առավոտյան, կեսօրին, երեկոյան և առհասարակ ցանկացած պահի, երբ ուզում են քայլել, գնում են մեր եկեղեցի, որովհետև ուրիշ ոչ մի հետաքրքիր ու, միևնույն ժամանակ, հանգիստ տեղ չկա քաղաքում:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Մեր եկեղեցին հին պատմություն ունի: Կառուցվել է 1301 թվականին:  Կառուցել է Ազիզբեկ Իշխանն իր կնոջ՝ Վախախի երազի հիման վրա։ Եկեղեցին կոչվում է դամբարան եկեղեցի, որովհետև այդտեղ ամփոփված է Ազիզբեկ Իշխանի որդու դին: Ներկայացնում եմ նկարը, բայց եկեղեցու տեսքով հիանալու համար առաջարկում եմ Եղվարդ այցելել:

Կյանքիս առաջին ու մասամբ կարևոր քայլերն արել եմ այստեղ և բացի այդ էլ, կյանքիս գլխավոր մարդիկ են այստեղ:

Եղվարդը կարելի է չսիրել, բայց այ, մարդկանց` դժվար: Ես կարծես չեմ սիրում քաղաքը, որը մի քանի կիլոմետր է հեռու մայրաքաղաքից, որի տեսարժան վայրերը մեկ կանգուն ու մի քանի ավերված եկեղեցիներն են, որտեղ չկան ժամանցի վայրեր ու որտեղ ընտրության հնարավորությունը այնքան սահմանափակ է, որքան ասենք, երկու գույնից ընտրություն կատարելն է լինում: Բայց սիրում եմ այստեղի իմ մարդկանց, ովքեր գուցե և պատահաբար, բայց ապրում են այստեղ` իմ, քո ու այն երրորդի Եղվարդում: Եղվարդը մերն է, մենք` Եղվարդինը:

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Լուսանկարը՝ Լիդա Արմենակյանի

Մանկությանս վառ հիշողություններն էլ են ինձ կապում Եղվարդի հետ: Մանկապարտեզ հաճախել եմ այստեղ, կրթություն ստացել` ևս, ինչպես նաև երաժշտական դպրոցում յոթ տարի գործիքի ստեղներին դիպչել ու հոգով լարերի հետ խաղալ եմ սովորել:

Անգույն Եղվարդը իմ գունավոր կյանքի ու առօրյայի մի մասն է, որը մի օր անպայման իմ կյանքից գունավոր է դառնալու: